ԵՐԵՒԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԷՆՊՐԵՍ: Հայաստան է եկել օտարերկրացի բժիշկների առաքելութիւն` Ֆրեզնոյում Հայաստանի պատուաւոր հիւպատոս Պերճ Աբգարեանի գլխաւորութեամբ: Օտարերկրացի մասնագէտները տեղի բժիշկների հետ փորձի փոխանակում են իրականացնում, անհրաժեշտ խորհրդատուութիւն, աջակցութիւն տրամադրում նաեւ կոնկրէտ բուժառուների հետ կապուած: Մասնագէտները պատրաստ են ըստ անհրաժեշտութեան աջակցել նաեւ Լեռնային Ղարաբաղի դէմ ադրբեջանական վերջին ռազմական գործողութիւնների հետեւանքով տուժած քաղաքացիների բուժման հարցում:
«Արմենպրես»-ն այս թեմայով զրուցել է Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետութեան պատուաւոր հիւպատոս Պերճ Աբգարեանի հետ:
ԱՄՆ-ից բժիշկների առաքելութիւնը` հիւպատոսութեան նախաձեռնութեամբ, պատուաւոր հիւպատոս Պերճ Աբգարեանի գլխաւորութեամբ, Հայաստան է գալիս ամէն տարի` 2015 թուականից սկսած: Այս տարի առաքելութիւնն այստեղ կը լինեն մինչեւ հոկտեմբերի 7-ը:
«Մեզ համար հոգեկան մեծ գոհունակութիւն է ամէն տարի գալ եւ մեր քոյրերին ու եղբայրներին օգտակար լինել: Յատկապէս 2020 թուականի պատերազմից յետոյ շեշտակի կարեւորուեց առաքելութիւնը, որ մենք անպայման թէ օգտակար լինենք, թէ աշխարհին ցոյց տանք, որ սփիւռքն ու Հայաստանը միասին են` աւելի ամրապնդուած»,-ասաց Աբգարեանը:
Լեռնային Ղարաբաղի դէմ Ադրբեջանի վերջին լայնամասշտաբ ագրեսիան մեծ անհանգստութիւն է առաջացրել, սակայն հիւպատոսի վստահեցմամբ` հէնց այս պայմաններում գալն ու հայրենիքին օգտակար լինելու անհրաժեշտութիւնն աւելի է ընդգծուել: Նոյնիսկ օտարազգի բժիշկներն ասել են, որ չեն վարանի գալ Հայաստան:
Այս տարի հիւպատոսութեան հովանավարութեամբ բժշկական առաքելութեանը զուգահեռ առաջին անգամ անցկացւում է նաեւ չորսօրեայ միջազգային բժշկական համագումար` Երեւանի պետական բժշկական համալսարանի հետ համագործակցութեամբ, Արմէն Մուրադեանի եւ Գեւորգ Թամամեանի հետ միասին: Համագումարին մասնակցում են մասնագէտներ` Յորդանանից, Իսրայէլից, ԱՄՆ տարբեր նահանգներից: Նպատակ կայ համագումարը յաջորդ տարիներին եւս շարունակական դարձնել: Համագումարի մասնակից բժիշկները համագումարի շրջանակում ելոյթներից բացի նաեւ համապատասխան հիւանդանոցներում շփւում են տեղի բժիշկների հետ, փորձի փոխանակում անում, բուժառուների հետ կապուած խորհրդակցութիւն անում:
Հայաստան են եկել ֆիզիոթերապեւտներ, շտապօգնութեան բժիշկ, ատամնաբոյժներ, ինֆեկցիոնիստներ, ակնաբոյժներ, բուժքոյրեր եւ այլ մասնագէտներ, նրանց մի մասը հիւանդանոցներում է, միւսը մասնակցում է համագումարին:
Թէ ի՞նչն է ամէն տարի օտարերկրացի բժիշկներին բերում Հայաստան` Աբգարեանն ասաց. «Առաջին օրուանից սկսած` իրենք Հայաստան գալով` տեսել են հայերի ջերմ ընդունելութիւնը, մեր հիւրընկալ ոգին, տեղի մասնագէտների հարազատ մօտեցումն իրենց նկատմամբ: Ամէն տարի եկածների 90-95 տոկոսը յաջորդ տարի կրկին ցանկանում է գալ»,-ասաց պատուաւոր հիւպատոսը:
Աբգարեանը վստահեցրեց, որը Հայաստան եկած բժիշկներն ըստ անհրաժեշտութեան կ’աջակցեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանուած, ադրբեջանական ագրեսիայից տուժած անձանց բուժման հարցում: Պատուաւոր հիւպատոսը արտգործնախարութեան եւ Առողջապահութեան նախարարութեան հետ եւս խօսել է:
«Մեզ հետ բերել ենք դեղորայք, բոլորն առանց վարանելու կը տրամադրենք: Ինչի կարիք, որ կայ, պատրաստ ենք օգտակար լինել: Լեռնային Ղարաբաղից եկող մեր քոյրերին, եղբայրներին պատրաստ ենք օգտակար լինել»,-նշեց Աբգարեանը:
Նա վստահեցրեց` պատրաստ են լինել այնտեղ, որտեղ կարիքը կայ, սակայն կ’աշխատեն գերատեսչութիւնների, յատկապէս Առողջապահութեան նախարարութեան հետ համագործակցուած:
Բժշկական առաքելութիւնը 2020 թուականից ի վեր կենտրոնացել է յատկապէս վիրաւոր զինծառայողների կարիքների վրայ, ըստ այդմ էլ ընտրում են առաքելութեան կազմի մասնագէտներին:
«Շատէրը մտածում են, թէ բժշկական առաքելութիւնը միայն երկու շաբաթուայ համար է, դա ճիշտ մօտեցում չէ: Իրենք տեղի բժիշկների հետ կապ են պահում, տարուայ ընթացքում միշտ շփման մէջ են: Տարիների ընթացքում կապերն աւելի են ընդլայնւում»,-ասաց Աբգարեանը:
Խօսելով ամէն տարի Հայաստան եկող բժշկական առաքելութեան ուղերձի մասին` պատուաւոր հիւպատոս Աբգարեանը նշեց` հիմնական ուղերձն այն է, որ սփիւռքն ու հայրենիքը միասին են: «Հայրենիքը միայնակ չէ, դժուարին օրեր է ապրում, բայց սփիւռքը ոտքի է կանգնած` աշխարհին ցոյց տալու, որ մենք չենք կարող անտարբեր գտնուել եւ մեզ համար հայրենիքը առաջին տեղում է: Մենք մեր պատմութեան ընթացքում դժուարութիւններ միշտ տեսել ենք եւ պէտք է միշտ կանգուն մնանք միանալով: Մէկ բռունցք դառնալով` պէտք է յաղթահարենք բոլոր դժուարութիւնները, միասնականութեան մէջ յատուկ ուժ կայ, ինչը գօտեպնդում է, որ մենք յաղթահարենք բոլոր դժուարութիւնները»,-ասաց Աբգարեանը:
27 Սեպտեմբեր 2023