Հիմնուելով ՄԱԿ-ի Կանոնադրութեան, ՄԱԿ-ի 1948 թուականի Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրի, ՄԱԿ-ի 1948 թուականի «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին» ուխտի, «Մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների պաշտպանութեան մասին» 1950 թուականի եւրոպական ուխտի, «Ցեղային խտրականութեան բոլոր ձեւերի վերացման մասին» 1965 թուականի միջազգային ուխտի եւ Մարդու իրաւունքների միջազգային իրաւունքի եւ Մարդասիրական իրաւունքի բնագաւառում այլ միջազգային պայմանագրերի, ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի 1974 թուականի «Նախայարձակման սահմանումը» որոշման, ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի 2005 թուականի «Բնակչութիւնը ցեղասպանութիւնից, ցեղային զտումներից եւ մարդկութեան դէմ յանցագործութիւններից պաշտպանելու պարտաւորութեան մասին» բանաձեւի, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին» 1991 թուականի սեպտեմբերի 2-ի հռչակագրի, 1991 թուականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան (ԼՂՀ) Անկախութեան մասին համաժողովրդական հանրաքուէի արդիւնքների, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Անկախութեան հիմունքների մասին» 1992 թուականի յունուարի 6-ի օրէնքի, ԼՂՀ Գերագոյն խորհրդի «ԼՂՀ պետական անկախութեան հռչակագրի բնագիրը հաստատելու մասին» 1992 թուականի յունուարի 6-ի որոշման, հակամարտ կողմերի միջեւ 1994 թուականի մայիսի 12-ի «Կրակի եւ ռազմական գործողութիւնների լիարժէք դադարեցման մասին» համաձայնագրի, 1995 թուականի մարտի 31-ին ԵԱՀԿ ղեկավար կազմի առաջին հանդիպման ընդունած փաստաթղթի, 2020 թուականի նոյեմբերի 9-ի` Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողութիւնների դադարեցման մասին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ազրպէյճանի կողմից ստորագրուած Եռակողմ յայտարարութեան, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի 2022 թուականի դեկտեմբերի 21-ի որոշման, Եւրոպական խորհրդարանի 2023 թուականի յունուարի 19-ի «Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետեւանքների մասին» բանաձեւը, ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի 2023 թուականի փետրուարի 22-ի (վերահաստատուած յուլիսի 6-ին) որոշումների, Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2023 թուականի յունիսի 22-ի բանաձեւի վրայ.
Խստօրէն դատապարտելով, որ ազրպէյճանական կողմն առայսօր պարբերաբար խախտում է 2020 թուականի նոյեմբերի 9-ի Եռակողմ յայտարարութեան դրոյթները.
Ուշադրութիւն հրաւիրելով, որ մինչեւ հիմա Ազրպէյճանը չի կատարել հայ ռազմագերիների եւ պատանդառուած քաղաքացիական անձանց ազատ արձակելու իր պարտաւորութիւնները եւ ամէն կերպ խոչընդոտում է ներքին տեղահանուած անձանց վերադարձը Լեռնային Ղարաբաղ ու յարակից շրջաններ, ինչը, ըստ Յայտարարութեան դրոյթների, պէտք է տեղի ունենար ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագոյն յանձնակատարի հսկողութեան ներքոյ.
Եռակողմ յայտարարութեան ստորագրումից յետոյ անցած ժամանակահատուածում Ազրպէյճանի կողմից Արցախի խաղաղ բնակչութեանը սպառնացող վտանգները ոչ միայն չեն նուազել, այլեւ զգալիօրէն աւելացել են: Այս կապակցութեամբ արձանագրում ենք հետեւեալ իրողութիւնները.
– Ազրպէյճանը, Հայաստանի հետ միաժամանակ, 1992 թուականի յունուարի 30-ին, անդամագրուելով Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան խորհրդակցութեանը (ԵԱՀԽ, 1995 թուականից` ԵԱՀԿ), ստանձնել է պարտաւորութիւններ:
ԵԱՀԽ-ն ճանաչել է այդ երկրների ինքնիշխանութիւնը, պայմանով, որ նրանք, իրենց հերթին, ընդունում են Լեռնային Ղարաբաղի պատկանելութեան հարցում եղած տարաձայնութիւնների փաստը եւ համաձայնւում են, որ Լեռնային Ղարաբաղի ապագայ կարգավիճակը որոշուելու է միջազգային համաժողովում, որը տեղի է ունենալու ԵԱՀԽ-ի հովանու ներքոյ: Երկու պետութիւններն էլ տուել են իրենց համաձայնութիւնը` խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու պարտաւորութիւն ստանձնելով:
Ազրպէյճանը խախտելով ստանձնած պարտաւորութիւնները` սանձազերծել է լայնածաւալ նախայարձակում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան դէմ: Կազմակերպելով իր ինքնապաշտպանութիւնը, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութիւնն արժանի դիմադրութիւն ցոյց տուեց եւ պաշտպանեց իր անկախութիւնը 1992-1994 թուականներին Ազրպէյճանի նախաձեռնած պատերազմում: 1994 թուականի մայիսին Ազրպէյճանն ստիպուած էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հետ ստորագրել «Կրակի եւ ռազմական գործողութիւնների լիարժէք դադարեցման մասին» համաձայնագիր, որը ճանաչուած էր միջազգային հանրութեան կողմից:
– Ազրպէյճանի Հանրապետութիւնը, խախտելով միջազգային իրաւունքի բոլոր կանոնները եւ խափանելով ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութեան հովանու ներքոյ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման բազմամեայ բանակցութիւնների գործընթացը, 2016 թուականի ապրիլի 2-ին վերստին լայնածաւալ ռազմական նախայարձակում է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան դէմ, որը դադարեցուել է Ոուսաստանի Դաշնութեան միջամտութեամբ:
– Չնայած հրադադարի վերաբերեալ ձեռք բերուած պայմանաւորուածութեանը, Ազրպէյճանը, Թուրքիայի համակողմանի աջակցութեամբ եւ ռազմական գործողութիւնների անմիջական կառավարմամբ, Մերձաւոր Արեւելքի տարբեր երկրներից հազարաւոր վարձկան ահաբեկիչների ներգրաւմամբ` 2020 թուականի սեպտեմբերի 27-ին կրկին դիմել է լայնածաւալ ռազմական նախայարձակումի
Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան դէմ, որը դադարեցուել է 2020 թուականի նոյեմբերի 9-ին «Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողութիւնների դադարեցման մասին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ազրպէյճանի ղեկավարների կողմից» Եռակողմ յայտարարութեան ստորագրման արդիւնքում:
– Ազրպէյճանի ռազմաքաղաքական ղեկավարութեան հրահանգով եւ համակարգմամբ 2022 թուականի դեկտեմբերի 12-ին մի խումբ ազրպէյճանցիներ, «բնապահպանների» անուան տակ Շուշի-Քարինտակ ճանապարհի խաչմերուկում մուտք են գործել Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ առաքելութեան պատասխանատուութեան գօտի եւ արգելափակել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ու Հայաստանի Հանրապետութիւնների միջեւ գործող միակ ցամաքային Լաչինի միջանցքը, նաեւ խափանելով այդ տարածքով ուժանիւթի` կազի եւ ելեկտրականութեան մատակարարումը:
– 2022 թուականի դեկտեմբերի 21-ին Մարդու իրաւունքների եւրոպական դատարանն ընդունել է որոշում, որով Ազրպէյճանին պարտաւորեցւում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ եւ բաւարար միջոցները` ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնութիւն ստանալու կարիք ունեցող ծանր հիւանդ անձանց տեղաշարժը:
– 2023 թուականի փետրուարի 22-ին ՄԱԿ Արդարադատութեան միջազգային դատարանն ընդունել է որոշում առ այն, որ Ազրպէյճանը պարտաւոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ եւ բաւարար միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց, փոխադրական միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժի ապահովման համար` երկու ուղղութիւններով, որը վերահաստատուել է յուլիսի 6-ին:
– Արհամարհելով 2020 թուականի նոյեմբերի 9-ի Եռակողմ յայտարարութեամբ ամրագրուած դրոյթները, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի 2022 թուականի դեկտեմբերի 21-ի եւ ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի 2023 թուականի փետրուարի 22-ի եւ յուլիսի 6-ին վերահաստատուած որոշումները, Ազրպէյճանը սոյն թուականի ապրիլի 23-ին, ապօրինաբար անցակէտ է տեղադրել միջանցքում` խորացնելով շրջափակումը, իսկ յունիսի 15-ից ամբողջութեամբ պաշարման մէջ առնելով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութիւնը:
– Այսօրինակ հակամարդկային գործողութիւնների հետեւանքով Արցախում բնակուող 120 հազար խաղաղ բնակիչները (այդ թւում 30.000 երեխաներ) յայտնուել են Ազրպէյճանի կողմից ցեղային զտումների իրական վտանգի առջեւ, շուրջ 30 հազար բռնի տեղահանուածներ էլ մինչ այժմ չեն կարողանում վերադառնալ իրենց մշտական բնակութեան վայրեր:
– Հետապնդելով Արցախը հայաթափելու եւ ուժի կիրառմամբ այն իր կազմի մէջ բռնակցելու անթաքոյց նպատակ եւ, անպատժելիութեան պայմաններում խախտելով միջազգային իրաւունքի գործող կանոնները, Ազրպէյճանը հետեւողականօրէն ապօրինի կերպով զաւթում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան նորանոր տարածքներ, պարբերաբար գնդակոծում հայկական բնակավայրերը, սպանում եւ ահաբեկում խաղաղ բնակչութեանը, ամէն կերպ խաթարում նրա բնականոն կենսագործունէութիւնը` անտանելի դարձնելով մարդկանց կեանքը, միեւնոյն ժամանակ իրականացնում է հայկական պատմամշակութային ժառանգութեան նկատմամբ վանտալիզմի աքթեր:
Ահազանգելով, որ Ազրպէյճանի կողմից պաշարման ենթարկուած Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան բնակչութիւնը կանգնած է ՀԱՅՐԵՆԱԶՐԿՈՒԵԼՈՒ եւ Ազրպէյճանի իշխանութիւնների կողմից իրականացուող ՑԵՂԱՍՊԱՆ գործողութիւնների վտանգի առջեւ.
Հաշուի առնելով Արցախի բնակչութեան նկատմամբ Ազրպէյճանի կողմից իրականացուող ցեղասպան քաղաքականութիւնը եւ նրա բնակչութեան առջեւ ծառացած լրջագոյն գոյաբանական սպառնալիքները` Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան Ազգային ժողովը` Արցախի ժողովրդի առաջնային լիազօրութեամբ օժտուած բարձրագոյն ներկայացուցչական մարմինը, արտայայտելով հանրապետութեան ողջ բնակչութեան կամքն ու դիրքորոշումը,
ՈՒՂԵՐՁՈՎ ԴԻՄՈՒՄ Է
ՄԱԿ-ի անդամ պետութիւններին եւ
ԿՈՉ Է ԱՆՈՒՄ
Առաջնորդուելով ՄԱԿ-ի կանոնադրութեամբ ամրագրուած ազգերի ինքնորոշման իրաւունքի սկզբունքով, հիմք ընդունելով 1991 թուականի սեպտեմբերի 2-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին» հռչակագիրը, Անկախութեան մասին 1991 թուականի դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքուէի արդիւնքները, ԼՂՀ Գերագոյն խորհրդի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Անկախութեան հիմունքների մասին» 1992 թուականի յունուարի 6-ի օրէնքը, ԼՂՀ Գերագոյն խորհրդի «ԼՂՀ պետական անկախութեան հռչակագրի բնագիրը հաստատելու մասին» 1992 թուականի յունուարի 6-ի որոշումը, ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան անկախութիւնը.
– Անհերքելի է, որ կան ճանաչման համար բոլոր անհրաժեշտ հիմքերը: Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութիւնն իր ինքնորոշման իրաւունքն իրականացրել` չխաթարելով Ազրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը, չխախտելով ԽՍՀՄ Սահմանադրութեան համապատասխան դրոյթները, «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետութիւնների դուրս գալու մասին» 1990 թուականի ապրիլի 3-ի օրէնքի սահմանումը, համաձայն որի «Ինքնավար հանրապետութիւններն ու ինքնավար կազմաւորումներն իրաւունք ունեն ինքնուրոյնաբար վճռելու միութեան մէջ կամ նրա կազմից դուրս եկող միութենական հանրապետութիւնում մնալու հարցը, ինչպէս նաեւ կարգաւորելու սեփական պետական իրաւական կարգավիճակի խնդիրը», միջազգային իրաւունքի բոլոր կանոնները.
– Առաւել քան համոզուած ենք, որ ՄԱԿ-ի անդամ պետութիւնների կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան ճանաչումը մեր ժողովրդի համար կը դառնայ անվտանգութեան վստահելի երաշխիք, կը նպաստի իր պատմական հայրենիքում նրա բնականոն կենսագործունէութեան համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպէս նաեւ հարաւկովկասեան տարածաշրջանում կայունութեան, երկարաժամկէտ ու հաստատուն խաղաղութեան ապահովմանը.
– Խորապէս համոզուած ենք, որ վերահաս ողբերգութիւնը կանխելու միակ միջոցը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետութեան անկախութեան ճանաչումն է` ՃԱՆԱՉՈՒՄ ՅԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹԵԱՆ սկզբունքի հիման վրայ:
27 յուլիս 2023
Ստեփանակերտ