ԱՄՈՍ ՉԱՓԼ

Տեղացիներն ասում են` իրավիճակը հասել է օրհասական վիճակի, երբ Ազրպէյճանը էլ աւելի է սեղմել շրջափակման օղակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Այս ընթացքում տեղում արդէն երկու հայ երեխայ է մահացել:
«Չեմ ուզում գոյները մթագնել, բայց այս պահին խոհանոցում ունեմ միայն մի փոքր հնդկաձաւար», ասում է լրագրող Մարութ Վանեանը, որ յուլիսի 18-ին իր բնակարանի նկարով կիսուեց «Ազատութեան» հետ:
Վանեանը 100 հազարից աւելի հայերից մէկն է, որ շրջափակուած է Լեռնային Ղարաբաղում:

Դեկտեմբերից սկսուած` շրջափակումը կտրուկ սրուեց վերջին ամսուայ ընթացքում` կանգնեցնելով Արցախը զանգուածային մարդասիրական ճգնաժամի եզրին:
Նախկինում Կարմիր խաչի միջազգային առաքելութիւնը թոյլտուութիւն ունէր դէպի Լեռնային Ղարաբաղ անհրաժեշտ իրեր տանել եւ առողջական լուրջ խնդիրներով հիւանդներին Հայաստան հասցնել:
Պաքուն արդարացնում է ճանապարհի շրջափակումը` պնդելով, որ «Հայաստանից եկող Կարմիր խաչի մեքենաներում յայտնաբերուել են տարբեր տեսակի մաքսանենգ ապրանքներ»` բջջային հեռախօսներ, ծխախոտ, պենզին:

Մարդասիրական կազմակերպութիւնը պատասխանել է. «Կարմիր խաչին պատկանող մեքենայի մէջ ոչ մի չարտօնուած իր չի յայտնաբերուել»: Միաժամանակ յաւելել են. «Մենք ափսոսում ենք, որ առանց մեր իմացութեան` չորս վարձու վարորդներ փորձել են որոշ առեւտրային ապրանքներ տեղափոխել Կարմիր խաչի տարբերանշանի մեքենաներով»:

«Անցած շաբաթը շրջափակման ամենածանր ժամանակահատուածն էր», ասում է Վանեանը: Բացի ալքոհոլից` հանրախանութներում որեւէ բան չկայ, փոքր պիզնեսներն ու խանութները պարզապէս փակուել են, իսկ տէրերը` գնացել տուն: «Հացն անգամ, որը պէտք է լինի իւրաքանչիւր հայի սեղանին օրական երեք անգամ, դժուար է գտնել: Պէտք է ժամերով հերթ կանգնես փռի առջեւ, որպէսզի երկու կտոր հաց գնես», ասաց նա:
Լեռնային Ղարաբաղի հիւսիսում յուլիսի 8-ին ինքնաշարժից երկու երեխայի դի են յայտնաբերել, մինչեւ նրանց մայրը ոտքով գնացել էր մօտակայ քաղաք` ձէթի եւ շաքարաւազի կտրօն ստանալու: Մանկահասակ երեխաները` 6-ամեայ աղջիկն եւ նրա 3-ամեայ եղբայրը, ըստ երեւոյթին, դուրս էին եկել փողոց` փնտռելու իրենց մօրը, յետոյ տեղաւորուել չկողպուած մեքենայում: Թէ ճիշդ ինչի՛ց էր վրայ հասել երեխաների մահը, դեռ յստակ չէ:

Օրէցօր աճող յուսահատութեան խորապատկերին, յուլիսի 14-ին Ստեփանակերտում հազարաւոր մարդիկ հաւաքուել էին` բողոքելու շրջափակման դէմ:
«Ինչի՞ն էք սպասում,¬ բանախօսներից մէկը հռետորական հարց ուղղեց միջազգային հանրութեանը: – Արդեօք դուք պէտք է ամէն օր դիակնե՞ր տեսնէք այս հրապարակում` նախքան պատասխանը»:

Պաքուն Լեռնային Ղարաբաղի տէ ֆաքթօ կառավարութեանը համարում է «Միջազգայնօրէն ճանաչուած իր տարածքի անօրինական բռնագրաւողներ եւ կոչ է անում Ստեփանակերտի ղեկավարութեանը հեռանալ իշխանութիւնից:
Ազրպէյճանը միաժամանակ պնդում է, որ հայերին «կը տրամադրուեն Ազրպէյճանի քաղաքացիների բոլոր իրաւունքները» Պաքուի վերահսկողութեան պայմանով: Պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ հայերի մի քանի դաժան սպանութիւնները, սակայն, որոնց պատասխանատուութիւնը կրում են ազրպէյճանցի զինուորները, շատերին է ստիպում կասկածել Պաքուի պատրաստակամութեանը:

Վանեանը պատմում է, որ արցախցիները դեռ բացայայտ չեն խօսում Ղարաբաղից հեռանալու, Հայաստան մեկնելու մասին, «սակայն շատերը հասկանում են, որ ներկայիս պայմաններում չեն կարող երեխայի խնամել: Ի վերջոյ, երեխաներին անհրաժեշտ են վիթամիններ եւ երջանիկ կեանք»: Բայց կան նաեւ մարդիկ, ասում է լրագրողը, «որոնք պատրաստ են միայն կանաչեղէն ուտել, քանի դեռ ապրում են իրենց տանը, քանի դեռ պատերազմ չկայ», յոյս ունենալով, որ իրավիճակը կը կարգաւորուի:

Լեռնային Ղարաբաղի տէ ֆաքթօ նախագահ Արայիկ Յարութիւնեանը յուլիսի 17-ին ասել է. «Եթէ Արցախի ժողովրդի համար իրավիճակը մէկ շաբաթուայ ընթացքում չվերադառնայ քիչ թէ շատ կայունութեան միջազգային միջամտութեան ներքոյ, ապա մենք կը դիմենք աւելի կոշտ գործողութիւնների թէ՛ Արցախում, թէ՛ դրանից դուրս»:
Թէ հնարաւոր ի՛նչ քայլերի մասին է խօսքը, Յարութիւնեանը չի յստակեցրել:

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»
Լուսանկարները` Մարութ Վանեանի


