Պատրաստեց ՅԱՍՄԻԿ ՊՕՂՈՍԵԱՆ
«Հայը պիտի մնայ որպէս հին հերոսական ազգ…»
… Լիանա Ոսկանեանի ընտանիքում հերոսական պատմութիւնները շատ են: Եւ նրանց տոհմի պատմութեան մէջ` բոլորի սրտի մի թանկ անկիւնում կայ Ներսէս Վազգէնի Զախարեանի անունը: Մի խիզախ հայորդի, որ ազգի պայքարին միացել էր պատանի տարիքից: Միացաւ ազատամարտիկներին եւ կռուեց Բեկոր Աշոտի ջոկատում: Մինչ այդ Ներսէս Զախարեանը Պաքուի եւ Սումկայիթի հայերի տեղահանութեան եւ թշնամու ցեղասպան գործողութիւնների ժամանակ մասնակցել է օդանաւակայանից ծերերին ու երեխաներին տեղափոխելու եւ անհրաժեշտ օգնութիւն ցուցաբերելու աշխատանքներին:
Լիանա Ոսկանեանը յիշում է ազգի համար այդ օրհասական օրերը, եւ անգամ իրենց ընտանիքի կրած դժուարութիւնների մասին պատմութիւնները չեն ստուերում քեռու` Ներսէսի հերոսական կերպարը… որովհետեւ հէնց ծանրագոյն իրավիճակներում է բացայայտւում մարդու հոգեւոր նկարագիրը: Իսկ Ներսէս Զախարեանը հայրենասէր, իրեն ծնած հողը պաշտող եւ յանուն նրա կեանքը չխնայող տեսակներից էր…
– Մայրս նեարդային խանգարում ունէր 88-ից ի վեր… Պաքուի, Սումկայիթի կոտորածից, երկրաշարժից ընկճախտ էր տարել եւ դա շատ ծանր էր ազդել իր վրայ: Շուրջ 30 տարի անկողնային էր: Այդ դժնդակ օրերին քեռուս խնդրեց, որ մեզ էլ հանէր Արցախից:
Քեռիս միանշանակ դէմ էր. ասաց.
– Եթէ դուք գնաք, ես ո՞ւմ համար պիտի կռուեմ:
Ձեւաւորուել էին կամաւորական ջոկատներ:
Ամէն անգամ անտառ գալիս մայրիկին «յաջող» էր անում, մենք էլ նկուղում էինք պատսպարւում:
… Մի օր «Ուազ» մեքենայով եկաւ, որով պարկեր էր տեղափոխում: Մայրս ասաց.
– Ներսէս ջան, ի՞նչ ես տանում:
Ասաց.
– Շաքարաւազ, ալիւր…
Յիշում եմ, թէ ինչպէս մայրս մի փոքր ափսէ տուեց ու ասեց.
– Ներսէս, մի քիչ լցրո՛ւ, երեխաները քանի օր է` թէյ չեն խմել, գոնէ էսօր թէյ խմեն…
Չտուեց:
Ասաց.
– Դուք կը սպասէք, անտառում տղաները սոված են…
Այսպէս կարող էր վարուել միայն իսկական զինուորը: Ներսէս Զախարեանը խիզախ մարտիկ էր, որ սահմանում էր մարդկային եւ բարոյագիտական ի՛ր կանոնները, մանաւանդ` պատերազմի դաշտում, երբ պէտք էր ընկերների կողքին լինէր: Ոչ մի հանգամանք չէր կարող նրան ստիպել, որ յետ կանգնի կռուի դաշտից:
Լիանա Ոսկանեանի պատմութիւններից եւս մէկը բացայայտում է ասուածի ճշմարտութիւնը.
– Իր ձեռքով էր նռնակներ պատրաստում: Մի օր պայթել էր ձեռքում… Վիրաւոր ձեռքը կապկպած` եկել էր, որ մայրիկիս «յաջող» անի ու էլի գնայ… Մայրս ասեց.
– Գոնէ ապաքինուիր, նոր գնա՛…
Ներսէսն ասաց.
– Ես մի ձեռքով էլ կարող եմ տղերքին մի բանով օգնել:
Վեց ընկերներ էին… Մենակ ինքն էր զոհուել…
Հիմա ընկերների ընտանիքում, եթէ տղայ ժառանգներ կան, նրանց շարքում հաստատ Ներսէս էլ կայ… Իրենց ընկերոջ պատուին Ներսէս են անուանել…
Ես էլ եմ տղայիս անունը Ներսէս դրել…
… Մի օր խանութ էինք մտել: Ներսէսս շոքոլատ ուզեց, բայց չգնեցի, ասացի.
– Ներսէ՛ս, հիմա դրա ժամանակը չէ… Շրջուեցի ես, որ գնամ, տեսայ քեռուս մարտական ընկերն էլ է խանութում… Գետնին ծնկած ու երեխայիս գրկած` լացում էր:
Նա մի քանի շոքոլատ տուեց երեխայիս ձեռքը ու շրջուեց-գնաց` առանց մի բառ ասելու…
Այսպիսի պատմութիւնները մեր ընտանիքի կեանքում շատ են:
Ամէն տարի մահուան օրն ու ծննդեան օրը, մինչեւ մեր գերեզման գնալն արդէն մարտական ընկերները այցելում են նրա շիրիմին:
… Քեռիս զոհուեց Ստեփանակերտի մատոյցներում` 1991 թուականի դեկտեմբերի 15-ին: Յետոյ արդէն` 1992-ին կազմաւորուեց հայոց բանակը… Բեկոր Աշոտի ջոկատից էր… Եթէ Բեկորի ջոկատի զոհուածների նկարը տեսնէք, Բեկորի կողքի տղան հէնց Ներսէսն է…
… Լիանա Ոսկանեանի քեռու անմահանալուց յետոյ նրա կիսատ թողած կռիւը որոշեց շարունակել հօրեղբայրը` Կամօ Սաղաթէլեանը.
– Մեր հերոսական հողը պիտի չմնայ թշնամուն,- սա նրա համար պարզապէս խօսք չէր, այլ` դաւանանք, պատմում է Լիանան:- Հօրեղբայրս այդ ժամանակ ծառայում էր Ռուսաստանում: Քեռուս զոհուելուց յետոյ եկաւ, որ այստեղ` մեր կողքին լինի: Եկել էր ու առաջինը տատիկիս տուն էր գնացել, որ Ներսէսի շորերը վերցնի ու գնայ պատերազմի դաշտ:
Տատիկս չէր տուել: Ասել էր.
– Չեմ տայ, այդ հագուստները դու էլ կրես… գիտես, թէ իմ տղայի հետ ինչ է եղել, չեմ տայ…
Հօրեղբայրս շատ նեղսրտած` գնացել էր: Չիմացաւ, որ տատիկս չէր ուզում, որ Ներսէսի շորերը յանկարծ դառնան խորհրդանիշ, եւ իր հետ էլ մի վատ բան պատահի:
Հօրեղբայրս գնաց պատերազմ: Նա անդրդուելի էր իր որոշման մէջ:
… Ամիսներ անց զոհուեց նաեւ հօրեղբայրս: 40 օր մնացել էին շրջափակման մէջ…
Հարսնացու ունէր: Պատրաստւում էին նշանադրութեան: Եւ հէնց նախապէս որոշուած օրն էլ գտանք մեր հօրեղբօրորդին: Սիրած աղջկայ անունը ձեռքին էր դաջել… Այդպէս ենք կարողացել իրեն գտնել եւ յուղարկաւորել…
Եւ այս պատմութիւնները միայն մէկ ընտանիքի յիշողութիւն չեն: Դրանք դառնում են ազգի յիշողութիւն եւ փոխանցւում սերունդներին: Ամէն դրուագ յիշեցում է այն մասին, որ հայրենասիրութիւնը դաստիարակութիւն չէ, այլ ծինային յիշողութիւն նախնիների, հողի մասին: Իսկ հող նշանակում է հայրենիք, որից ինչքան էլ հեռու գտնուես, միեւնոյնն է, արթնանալու է ոգին, երբ հայրենիքը վտանգի մէջ լինի ու կանչի:
Լիանա Ոսկանեանի ընտանիքի ժառանգը` երկրորդ քեռու Ներսէս անունով որդին հէնց այդ ծինային յիշողութեան կրողն է:
– … Մի քեռի էլ ունեմ: Տղայ ունի` անունը Ներսէս… Ռուսաստանում մարմնամարզի վարպետ է` իր անուանն արժանի: Վերջին պատերազմի ժամանակ զանգել էր, որ վերադառնայ եւ գնայ պատերազմի դաշտ: Տատիկս նրա մտադրութիւնը լսել էր ու անհանգստացել, պարզապէս խենթացել էր, որովհետեւ մեր տոհմի միակ ժառանգն է: Բայց եկաւ` ի հեճուկս տատիկիս բոլոր խնդրանքներին ու աղերսներին… Եկաւ ու գնաց Բերձոր: Չթողեցին սահմանն անցնի, քանի որ Ռուսաստանի քաղաքացի էր: Հիմա դիմել է, որ Հայաստանի քաղաքացիութեան անձնագիր ստանայ, որ երբ հարկ լինի, կանգնի մեր զինուորների կողքին: Պատերազմի ամբողջ ընթացքում ոչ մի օր անտարբեր չի եղել. անընդհատ զինուորներին ու առաջնագծին անհրաժեշտ սարքաւորումներ է բերել-հասցրել:
Այսպիսին է արցախցին`տոկուն եւ նուիրեալ:
2020 թուականին սկսուեց արցախեան երրորդ պատերազմը: Այդ ժամանակ Լիանա Ոսկանեանի փոքր աղջիկը 27 օրական էր: Ամուսինը մեկնել էր Ռուսաստանի Դաշնութիւն` արտագնայ աշխատանքի, որպէսզի կարողանար հասցնել բազմանդամ ընտանիքի խնամքի ծախսերը: Բայց պատերազմի լուրն առնելուն պէս վերադարձել էր: Ինչքանով հասցրել էր, իր մօտ եղած գումարով զինուորների համար պահածոներ էր գնել ու եկել:
– Չէի կարող մնալ այնտեղ ու ինձ համար հանգիստ աշխատել:
Յետոյ ո՞նց եմ մարդկանց աչքերին նայելու,- այսպիսին էր եղել նրա պատասխանը կնոջն ու հարազատներին…
… Լիանա Ոսկանեանի հետ նամակագրութիւն-զրոյցը բացայայտում է արցախցու եւ արցախցու մասին: Այնքա՜ն ուժ ու կորով կայ ամէն մի պատմութեան մէջ: Մի պահ նոյնիսկ մոռանում ես, որ սա զրոյց է շրջափակուած Արցախի, ամէն օր ու ժամ գոյապայքար մղող, լինելու իրաւունքի համար կռիւ տուող, թշնամու պարտադրած կեանքի ծանրագոյն պայմանները յաղթահարող Արցախի մեր հայրենակիցների մասին:
Ո՞րն է այն կենսական ուժը, որն արցախցուն մղում է ապրել ու պայքարել: Հերոսական անցեա՞լը: Թերեւս: Որովհետեւ այստեղ` այս հողում հերոսներ ունի գրեթէ իւրաքանչիւր ընտանիք: Արցախցին այսօր փորձում է յաղթահարել հերթական ծանր փորձութիւնը: Այստեղ էլի՛ են ծնուելու հայ սերունդներ… Եւ արցախցին գիտի, որ հէնց մեզանից է կախուած վաղուայ հայ սերունդների ապագան: Ու այդ վաղուայ սերնդի շարքերում լինելու է Լիանա Ոսկանեանի` արդէն վեցերորդ երեխան, որ ծնուելու է շուտով: Մայրն արդէն անունն էլ է ընտրել` Աւետիս` ի պատիւ ազգային հերոսի…
– Պատերազմի ժամանակ Մոնթէն եկաւ Արցախ, ինքն իրեն կոչեց Աւետիս ու յաղթեց: Իմ տղան ազգային հերոսի երկրորդ անունն է կրելու:
Մի զարմանալի բան ասեմ. ես երազ եմ տեսել. մայրս ինձ ճանապարհ է ցոյց տուել, ասել է, որ այս երեխան իւրայատուկ է լինելու: Եւ ես այս երազը վերագրում եմ նրան, որ իմ ապագայ փոքրիկն ու իր սերունդն, իրօք, իւրայատուկ են լինելու եւ հայ ժողովրդին լուսաւոր ճանապարհով են տանելու, դառնալու են մեր նոր կեանքի սկիզբը:
… Մանկուց պայքարի մէջ եմ: Ինձ ուժ է տալիս իմ քեռու անկոտրում կերպարը:
Ինքը ինձ համար մի մեծ սրբութիւն է, հպարտութիւն: Ես տղայիս` Ներսէսիս միշտ ասում եմ, եթէ այնպէս չապրեցիր, որ այդ անունին արժանի լինես, փոխելու եմ անունդ:
Հաստատ մեր ցեղում Ներսէս քեռուցս յետոյ մենակ ես եմ, որ մի քիչ ծուռ եմ: Նրա թողած գաղափարներն առաջնային տեղ ունեն իմ կեանքում: Այսօր մեզնից է կախուած մեր երեխաների վաղուայ ապագան:
Բայց, ինչպէս դուք ասացիք, այդ հոգով պիտի ծնուեն: Արցախցիներն անկոտրում են:
Գիտեմ, որ չեն կոտրուելու, մինչեւ վերջ գնալու են: Աղօթում եմ, որ Աստուած հային խոհեմութիւն տայ: Վստահ եմ` եթէ հայը ոտքի կանգնեց եւ միաբանուեց, անպարտելի է լինելու…
Հայի ոգին ոչ մի ազգ չունի… Մեր փրկութիւնը միասնութեան մէջ է: Եթէ իրարից բաժան-բաժան եղած մնանք, կ’ոչնչանանք,- սրանք արցախցի հայուհու, մայրիկի խօսքեր են, որոնք լսելով` ակամայ մտաբերում եմ Յովհաննէս Շիրազի տողերը.
«Բռունցքուելն է յաւերժութիւնն Հայաստանի», ահա շիրազեան պատգամը աշխարհացրիւ հայութեանը:
– Ո՞րն է այն գաղափարը, որի շուրջ այսօր պիտի միաբանուի աշխարհի հայութիւնը, մանաւանդ, այսօրուայ այնպիսի աշխարհում, երբ մենք պատմութեան ընթացքում բազմիցս մենակ մնացինք մեր տառապանքի մէջ: Այդպէս է եւ այսօր:
Եւ Լիանա Ոսկանեանի պատասխանում հայի նուիրական իղձերն են ամփոփուած, որտեղ նորից տեսնում եմ այն զարմանալի ոգին, որ դեռ պիտի արթնանայ մեր մէջ, եւ մենք կարողանանք պահպանել մեր երկիրը…
– Մեզ կը փրկի միայն միասնութիւնը, Արցախը պիտի միանայ Հայաստանին… երբ ընտանիքիդ որեւէ անդամի հետ մի վատ բան է լինում, այդ ուրիշի սիրտը չի ցաւում, այլ քո՛նն է վառւում… Հայը հային չմիացաւ, վերջը կործանումն է:
Աշխարհի պատմութեան մէջ հայը պիտի մնայ հին հերոս ազգ, ոչ թէ` վախկոտ ու իր հայրենիքը կորցրած, վաճառած հին ազգ:
Դժուար կը լինի համախմբելը: Բայց իմ պայքարը` որպէս արցախցի ու մայր, իմ հայրենիքում ապրելն է: Մեր հայրերը, մեզ հայրենիք են նուիրել, երազում եմ, որ երեխաներս էլ իմանան` ինչ է հայրենիքը: Գիտեմ, պայքարը շատ դժուար է լինելու: Բայց տեսնելու ենք յաղթանակը:
Կը տեսնենք, որովհետեւ գիտեմ, որ մեր Աստուածը կենդանի Աստուածն է, այս ամէնը փորձութիւններ են սթափուելու եւ համախմբուելու համար: Մենք մենակ ենք: Բայց երբ մենակ ես մնում, յոյսդ քո վրայ պիտի դնես ու գործես:
(Շար. 2 եւ վերջ)