Երէկ Հայաստանի Ազգային ժողովը մերժեց ընդունիլ Հայաստանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցութեան ներկայացուցած յայտարարութիւնը Լաչինի միջանցքի փակման մասին: Այս առիթով խմբակցութիւնը հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը.
«Յարգելի՛ հայրենակիցներ
Ինչպէս յայտնի է, Ազրպէյճանը, խախտելով իր իսկ ստանձնած պարտաւորութիւնները եւ միջազգային մարդասիրական իրաւունքի բոլոր կանոնները, դեկտեմբերի 12-ից փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` ստեղծելով մարդասիրական ու անվտանգային ճգնաժամ: Դադարեցուել է նաեւ կազամատակարարումը: Սա թշնամի երկրի կողմից ճնշում է Հայաստանի ու Արցախի վրայ` նոր զիջումներ կորզելու եւ իր օրակարգը թելադրելու նպատակով:
Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցութիւնները նախաձեռնել էին Ազգային ժողովի արտահերթ նիստ` ստեղծուած իրավիճակը քննարկելու, Ազրպէյճանի յանցաւոր ու սադրիչ գործողութիւններին գնահատական տալու եւ Հայաստանի յանձնառութիւնը Արցախի Հանրապետութեան նկատմամբ ամրագրելու նպատակով:
Իշխող «Քաղաքացիական խմբակցութեան» կողմից այսօր տապալուել է մեր նախաձեռնութիւնը` այն պատճառաբանութեամբ, որ իրենք ունեն յայտարարութեան սեփական տարբերակը: Ազգային ժողովի ղեկավարութիւնը ընդդիմադիրների կողմից ներկայացուած յայտարարութեան նախագիծը ներառեց Ազգային ժողովի օրակարգ միայն իրենց կողմից ներկայացուած նախագիծը շրջանառութեան մէջ դնելուց յետոյ` խախտելով նախաձեռնութիւնների ներկայացման ժամանակագրութիւնը:
Մեզ համար յայտարարութեան ՔՊ-ական տարբերակն անընդունելի է, եւ մենք մերժել ենք դրա քննարկումը, քանի որ այն հակասում է Հայաստանի ու Արցախի շահերին եւ հետագայում օգտագործուելու է մեր դէմ:
«Քաղաքացիական պայմանագրի» համար մերժելի է Արցախն Ազրպէյճանի կազմում լինելը բացառելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքն ամրագրելու, Հայաստանի յանձնառութիւնը Արցախի նկատմամբ բարձրաձայնելու մեր մօտեցումները:
Իշխող ուժի յայտարարութեան ամբողջ իմաստն այն է, որ Հայաստանն Արցախի շուրջ ստեղծուած աղէտալի իրավիճակում, ըստ էութեան, անելիք չունի եւ թող Ռուսաստանի Դաշնութիւնը մտածի այդ մասին:
Դատելով ՔՊ-ականների փաստարկներից եւ իրենց յայտարարութեան հիմնաւորումներից` իրենք Արցախը տեսնում են Ազրպէյճանի կազմում ու Արցախի ժողովրդին համարում մեր թշնամի պետութեան բնակիչներ, որոնց ցեղասպանութիւնից փրկուելու համար առաջարկւում է լեզու գտնել Պաքուի վարչախմբի հետ:
Մենք դատապարտում ենք իշխող վարչախմբի կողմից վարուող զիջողական ու թշնամու օրակարգը սպասարկող քաղաքականութիւնը, որն ինչպէս 2020-ին, այնպէս էլ հիմա բերում է պատերազմ ու աղէտ:
Մենք յոյս ենք յայտնում, որ Հայաստան-Արցախ կեանքի ճանապարհը կը բացուի, մարդասիրական խնդիրները կը կարգաւորուեն:
Զօրակցում ենք ռուս խաղաղապահներին ու կոչ անում նրանց կիրառել բոլոր միջոցները Լաչինի միջանցքն ապաշրջափակելու եւ նմանատիպ երեւոյթներն այսուհետ թոյլ չտալու համար:
Համոզուած ենք, որ ազրպէյճանական սադրանքները շարունակական բնոյթ են կրելու: Դրանք կանխելու եւ անվտանգային նոր միջավայր ձեւաւորելու համար անհրաժեշտ են ներքաղաքական փոփոխութիւններ, իրական խաղաղութիւն ապահովելուն միտուած արտաքին քաղաքականութիւն, հայ ժողովրդի միասնականութիւն գլխաւոր հարցերում, նոր որակի պետական կառավարում, ազգային առաջնորդութիւն»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
«ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹԻՒՆ
14 դեկտեմբեր 2022