Խախտելով միջազգային իրաւունքի բոլոր կանոնները, ինչպէս նաեւ 2020 թուականի նոյեմբերի 9-ի` Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողութիւնների դադարեցման մասին եռակողմ յայտարարութեան դրոյթները` երէկ` դեկտեմբերի 12-ին, մի խումբ, այսպէս կոչուած, բնապահպաններ ու լրագրողներ կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, ինչը շարունակւում է մինչ այժմ:
Պաշտօնական Պաքուի կողմից անմիջականօրէն կազմակերպուած այս սադրիչ գործողութիւնները միտուած են Արցախը հայաթափելու, այն իր կազմի մէջ բռնի կերպով ընդգրկելու մշակուած ծրագրերի իրականացմանը: 2020 թուականի նոյեմբերի 9-ից յետոյ Ազրպէյճանը, արհամարհելով իր իսկ կողմից ստորագրած Եռակողմ յայտարարութիւնը, ապօրինի կերպով զաւթել է Արցախի Հանրապետութեան բազմաթիւ տարածքներ, պարբերաբար գնդակոծել հայկական բնակավայրերը, սպաննել եւ ահաբեկել խաղաղ բնակչութեանը` ամէն կերպ խաթարելով նրա բնականոն կենսագործունէութիւնը: Բնապահպաններ ներկայացողների պահանջները եւ գործողութիւնները զուրկ են փաստարկուած հիմնաւորումներից, քանի որ Արցախի Հանրապետութեան կողմից նախորդ 30 տարիներին հարեւան ազրպէյճանական տարածքների ու այնտեղ ապրող բնակչութեան հանդէպ որեւէ կենսոլորտային սպառնալիք չի արձանագրուել, ինչը խօսում է Արցախի Հանրապետութեան` որպէս պատասխանատու եւ միջազգային իրաւունքի կանոնները յարգող ենթակայի մասին:
Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը փաստում է, որ Ազրպէյճանի ռազմաքաղաքական իշխանութիւնների այս գործելաոճը ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների, միջազգային պարտաւորութիւնների, միջազգային իրաւունքի սկզբունքների ու կանոնների կոպտագոյն խախտում է, որը սպառնում է Արցախին մարդասիրական ճգնաժամով` ցեղասպանութեան եզրին հասցնելով մեր ողջ ժողովրդին:
Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնները պարտաւոր են ձեռնարկել առարկայական եւ գործուն քայլեր` Արցախի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան միջեւ անխափան ցամաքային կապի վերականգնման եւ Արցախի Հանրապետութեան քաղաքացիների իրաւունքների պաշտպանութեան նպատակով:
Ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնութիւնից` որպէս 2020 թուականի նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան կողմ եւ տարածաշրջանում խաղաղութեան ու կայունութեան երաշխաւոր, անյապաղ միջոցներ ձեռնարկել սանձելու Ազրպէյճանի առաւելապաշտական նկրտումները, որոնք կասկածի տակ են դնում արցախահայութեան գոյութեան եւ իր հայրենի հողում ապրելու իրաւունքը, ինչպէս նաեւ ռուսական խաղաղապահ առաքելութեան հեղինակութիւնը:
Կոչ ենք անում միջազգային կառոյցներին եւ ՄԱԿ-ի անդամ երկրներին դատապարտել Ազրպէյճանի ցեղասպան քաղաքականութիւնը, իսկ կանխարգելման նպատակով հրատապ հրաւիրել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստ` գործնական քայլեր կիրառելու համար:
Դիմում ենք Հայաստանի եւ սփիւռքի մեր հայրենակիցներին` օգտագործել բոլոր հնարաւորութիւնները` տարբեր հարթակներում բարձրաձայնելու Ազրպէյճանի կողմից Արցախում ստեղծուած մարդասիրական աղէտի մասին, տէր կանգնելու արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեանն ու պատրաստ լինելու այդ ուղղութեամբ անհրաժեշտ գործողութիւններ իրականացնելու:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր պայքարը շարունակական է, հայրենի հողում ապրելու կամքը` անկոտրում:
13 դեկտեմբեր 2022
Ստեփանակերտ


