… Արամը, ինչպէս ասում են, «պինդ տղամարդ» էր: Ոչ ոք նրա արցունքը չէր տեսել: Ապրում էր անհոգ, երջանիկ: Հոգի էր տալիս հայ երգի համար: Նրա սրտին չափազանց մօտ էին հայկական ժողովրդական եւ գուսանական երգերը: «Կերած-խմած» մարդու համբաւ «վաստակած» Արամին լաւ էին ճանաչում Երեւանի մեծ ու փոքր ճաշարաններում: Նրան լաւ գիտէին նաեւ երաժշտախմբերի երաժիշտները, որոնք միշտ սիրով էին կատարում իրենց մշտական յաճախորդի պատուէրները, մանաւանդ որ առատօրէն վարձատրւում էին դրա համար:
Օրերից մի օր հայկական արեւահամ քոնեակից հարբած Արամը քիչ մնաց ձեռնամարտի բռնուէր ճաշարանի երաժիշտների հետ.
– Ի՞նչ, ուրեմն դուք իմ պատուէրը չկատարէք հա՞…- սրահով մէկ բղաւում էր նա,- կռունկ, մռունկ չգիտեմ, դադարեցրէք…, չէ՞ որ ես ձեզ պատուիրեցի «Էսօր Արազն ես գնացել» երգը…
Էս աղմուկի վրայ ջութակահարը դադարեցնում է նուագը ու մօտենում «Կռունկ»-ը պատուիրած ամերիկահայ հիւրին.
– Ներեցէք, պարո՛ն… էս խառն վիճակում «Կռունկ» նուագել չի լինի… մէկ «Կռունկ»-ն է մեղք, մէկ էլ Կոմիտասը… թող հանդարտուի իրավիճակը, յետոյ կը կատարեմ:
– Չհասկցայ, տղա՛ս, այս խառնակ վիճակը «Կռունկ»-ին համա՞ր է… վազ անցանք, եղբա՛յր, պէտք չկայ կռունկ-մռունկին, թող պարոնին ուզածը ըլլայ… այսպէ՞ս կը յարգեն հոս Մեծն Կոմիտասը… ամօ՜թ:
Իսկ Արամի սեղանի մօտ հետեւեալ զրոյցն էր ընթանում.
– Արա՛մ ջան, ախր… ա՜յ… տեսնա՞ս կը, այ է՜ն սեղանին էրկու մարդ կայ նստած, իտոնցմէ մէկը Ամերիկայէն է, թուրիսթ, էնիկ է խնդրէ «Կռունկ» նուագել,- փորձում էր արդարանալ երաժշտախմբի լենինականցի ղեկավարը:
– «Կռունկ»-ն ի՞նչ ա տօ՜… հե՜չ ճաշակ չունեն էս մարդիկ, բա մարդ էլ ճաշարանում «Կռո՜ւնկ» կը լսի,- շարունակում էր բարձրաձայնել Արամը:
Մի քանի վայրկեան լռելուց յետոյ, արդէն փոքր-ինչ սթափ վիճակում Արամը շարունակեց.
– Լա՜ւ, հասկացայ, մի քիչ լաւ չստացուեց, տղա՛յ ջան, գնա նրանց հրաւիրի իմ սեղանի մօտ, թէ որ մերժեցին, մի շիշ շամփանսկի կը դնէք իրենց սեղանին, եղա՞ւ…
Ամերիկահայ հիւրն ու իր ընկերը մերժեցին Արամի հրաւէրը ու ոչ էլ օգտուեցին շամփայն գինուց:
Երկուստեք` խորը լռութիւն ու հիասթափութիւն: Մէկ էլ երաժշտախումբը սկսեց նուագել Արամի պատուիրած` «Էսօր Արազն ես գնացել» երգը: Շանթահար եղածի պէս Արամը վեր ցատկեց տեղից ու արագօրէն մօտենալով երաժշտախմբին` դադարեցնել տուեց մեղեդու կատարումը ու դանդաղ քայլերով մօտեցաւ ամերիկահայի սեղանին: Մի քանի վայրկեան լուռ նայեց դիմացինի ժպտուն աչքերի մէջ ու առանց մէկ բառ իսկ արտաբերելու` վերադարձաւ իր սեղանի մօտ:
Մի քանի վայրկեան անց Արամը նկատեց, որ ամերիկահայն ու իր ընկերը պատրաստւում են լքել սրահը: Մի պահ ցանկացաւ մօտենալ նրանց ու ներողութիւն խնդրել` երեկոն այս կամ այն կերպ փչացնելու համար, բայց ինքնասիրութիւնը թոյլ չտուեց: Ինչպէ՞ս… ինքը` Արամը, ներողութիւ՞ն խնդրի… բա մարդիկ ի՞նչ կ՛ասեն…
Նա չգիտէր, որ մեծահոգի ամերիկահայը մի հարուած էլ էր պատրաստել իր համար:
Սրահից դուրս գալիս ամերիկահայը զատուեց ընկերոջից ու մօտեցաւ Արամի սեղանին.
– Ես չեմ գիտեր, բարեկա՛մս, թէ անունդ ի՞նչ է, բայց ես կրնամ ըսել իմ անունս` Բիւզանդ Պէրպէրեան, մասնագիտութեամբ իրաւաբան:
Այս ասելուց յետոյ նա իր գրպանից հանեց այցեքարտը եւ մեկնելով Արամին` շարունակեց.
– Երբեւէ պէտք կրնաս ունենալ, մեծ աշխարհ է… եւ մէկ բան յիշէ, եղբա՛յրս, ով Կոմիտաս չի սիրեր` ան հայ չի կրնար ըլլալ…
Մինչ մեր Արամը ուշքի կը գար, երկու ընկերներն արդէն դրսում էին:
… Եղաւ այնպէս, որ ազգականների թելադրանքով ու կնոջ յորդորներից յոգնած, Արամը, ինչպէս բազում հայ ընտանիքներ, կնոջն ու երեխաներին վերցրած, եկաւ ու հասաւ Ամերիկա, Լոս Անճելըս: Ինչպէս սովորաբար լինում է նորեկների պարագային, երեւանեան հովերով տարուած, դեռ աշխատանքի չանցած, այստեղ էլ իրեն տուեց խմիչքին: Դրամի հարց չունէր մեր հերոսը, ամբողջ կեանքը առեւտրի նախարարութիւնում էր աշխատել որպէս աւագ հսկիչ: Սկզբում, որպէս նոր ժամանած մարդ, հայկական ճաշարաններ ու ամերիկեան երեկոյեան զբօսավայրեր յաճախելու բազմաթիւ հրաւէրներ ունեցաւ:
Ի վերջոյ, ինչպէս ոմանց, յաջողութիւնը ընկերացաւ նաեւ Արամին: Բարեկամների օգնութեամբ շահաւէտ մի գործ գտաւ ու սկսեց ապրել արթմնի խաղաղ կեանքով:
Մշտապէս ասող-խօսող, զուարթ բնաւորութեան տէր Արամը թօշնել էր կարծես, դարձել լռակեաց: Այժմ արդէն դէպքից-դէպք էր լինում ճաշարաններում, սովորաբար` պարտաւորուած հանգամանքով (կնունք, ծնունդ, հարսանիք եւ այլն):
Պատահեց, որ Երեւանից իր մանկութեան ընկերը եկաւ Ամերիկա: Այս անգամ ինքն էր ուղեկցողի դերում բնականաբար, այցելում են հայկական ճաշարան: Հազիւ էր Արամը ընկերոջ յետ մտել ճաշարանի նախասրահ, իր ականջին հասան «Կռունկ»-ի հնչիւնները` ջութակի քաղցրալուր հնչողութեամբ:
… Արամը տեղում քարացաւ, կարծես վերացաւ աշխարհից ու իրեն զգաց եթերային անսահմանութեան մէջ: Մինչ մեղեդին կ՛աւարտուէր, երկու ձեռքով գլուխը բռնած, հայեացքը դէպի առաստաղը, գամուած մնաց մինչեւ մեղեդու կատարման աւարտը, որից յետոյ աներեւոյթ ուժի հրումից փլուեց պատահած աթոռին ու… աչքերից սկսեցին հոսել արցունքները` առատօրէն, երեսնիվար…
– Արա՛մ…, Արա՜մ, քեզ ի՞նչ պատահեց, եղբա՛յր,- անհանգստացած հարցրեց բարեկամը:
– Ոչի՜նչ, ոչինչ, Ռուպօ ջան,- արցունքների միջից հազիւ կարողացաւ պատասխանել Արամը,- պարզապէս յիշեցի երեւանեան մի դէպք… այս ի՜նչ հոգեցունց, հոգի, սիրտ քանդող, չէ՜, չէ՛, հոգի բզկտող մեղեդի է «Կռունկ»-ը: Նախկինում երբեք չէի զգացել դրա ուժը: Երեւի պէտք էր, որ պանդուխտ դառնայի, որպէսզի կարողանայի զգալ ու հասկանալ, թէ ի՜նչ հանճարեղ երգ է «Կռունկ»-ը…, որը, իրօք, մեզ նմանների համար է ստեղծուած…
– Դու, կարծում եմ, բաւական հոգեկան ապրում ունեցար, գուցէ դուրս գանք ու գնանք մի ուրիշ տեղ, որ դու մի քիչ ցրուես ու թարմանաս:
– Ո՜չ…, ի՞նչ ես ասում, Ռուպի՛կ ջան, ես պարտք ունեմ մէկին տալիք: Այսօր ճիշդ ժամանակն է…
– Ի՞նչ պարտք, Արա՛մ ջան, հիմա՞ յիշեցիր, բա դրա ժամանա՞կն է:
– Դու չգիտես, Ռուպօ՛ ջան, ես քեզ յետոյ կը պատմեմ… վառել ա ինձ… իսկ հիմա գնա ներս եւ ջութակահարին բեր ինձ մօտ, նրանք ինձ լաւ գիտեն: Մինչեւ վերադառնաս, ես մի հիւրի եմ հրաւիրելու:
Ռուպիկի հեռանալուց յետոյ Արամը դրամապանակի միջից հանեց խնամքով պահուած իրաւաբան Բիւզանդ Պէրպէրեանի այցեքարտը ու բջջայինով կապուեց իրաւաբանի հետ.
– Այո՜…, այո՜, կը լսեմ, ո՞վ կրնաք ըլլալ:
– Պարո՛ն Բիւզանդ, ե՜ս եմ, ե՜ս…, դուք իմ ձայնը չէք լսել… ես…
– Հոն կեցիր, բարեկա՛մս, մի՛ շարունակէր, հասկցա՜յ, հասկցայ… դուն Երեւանի ճաշարանին Կոմիտասի «Կռո՜ւնկ»-ն ես, այս ասելն ու սրտաբուխ, ինքնամոռաց խնդուքը մէկ եղաւ:
– Այո՜, այո՜, պարո՛ն Պէրպէրեան, ես եմ, անունս Արամ է, Արամ: Ինչպէ՞ս յիշեցիք, պարո՛ն Բիւզանդ:
– Ծօ՛, «պարոն» ի՞նչ ըսել է: Բիւզանդ ըսէ` լմննայ, մենք ընկերներ չե՞նք…
Ամերիկահայ իրաւաբանի այդքան անմիջական, անկեղծ վերաբերմունքից չափազանց ազդուած ու յուզուած, Արամը անմիջապէս, առանց երկար-բարակ բացատրութեան, անցաւ «գրոհի».
– Բիւզա՛նդ ջան, այժմ մանկութեան ընկերոջս հետ գտնւում ենք Պեւըրլի Հիլզ չհասած, Սանսեթ պողոտայի վրայ գտնուող նորաբաց «Տուշպա» անունը կրող ճաշարանում: Նա նոր է եկել Երեւանից եւ շատ հետաքրքիր տեղեկութիւններ ունի տալիք, մանաւանդ` թաւշեայ յեղափոխութեան հետ կապուած: Շատ ենք խնդրում միանալ մեզ:
– Սիրո՛վ, Արա՛մ ջան, միայն թէ ինծի երկվայրկեան ժամանակ տուր, ճշդեմ տեսնեմ կինս ի՞նչ ընելիքներ ունի:
Անշուշտ երկվայրկեանը մի քիչ երկարեց, սակայն պատասխանը դրական էր.
– Արա՛մ ջան, բարեկա՛մս, սխալ բա՞ն մը ըրած կ՛ըլլամ, եթէ կինս ալ հետս բերեմ, ան Հայաստանով շատ հետաքրքրուած է: Կարծեմ «Տուշպա» ըսիր ճաշարանին անունը, այնպէս չէ՞…
– Այո՜, այո՛, ոչ մէկ սխալ բան չկայ, Բիւզանդ ջան, աւելի կը գեղեցկանայ մեր սեղանը ձեր կնոջ ներկայութեամբ: Ուրեմն` «Տուշպա», Պեւըրլի Հիլզ չհասած, ձախ թեւի վրայ:
– Մեզմէ հեռու չէ, 15-20 վայրկեանէն հոն կ՛ըլլանք:
Մինչ հիւրերի գալը` Արամը ջութակահարին «կարգադրեց».
– Հէնց կը տեսնես, որ մենք սրահ ենք մտնում, անմիջապէս կ՛անցնես «Կռունկ»-ին, եղա՞ւ…
Կէս ժամն արդէն անցել էր, երբ ժամանեցին Պէրպէրեան ամուսինները:
– Կը ներես, բարեկա՛մս, ճամբան շատ խճողուած էր, այսօր` ուրբաթ եւ` իրիկուան ժամուն, եւ… Սանսեթ պողոտայ, ան ալ` Հոլիվուտի մէջ,- առանց շունչ առնելու` իրար ետեւից շարեց եւրոպական ցայտուն, պլպլան քոսթիւմով, պերճ արտաքինով իրաւաբանը ու փաթաթուեց մեր Արամին.
– Ծօ՛, աս ի՜նչ արագ կ՛անցնին տարիները, կարծես երէկ էր, որ Երեւան էինք…, անանկ չէ՞, Արա՛մ…
– Այո՜, այո՛, շատ արագ են թռչում օրերը, իսկ հիմա եկէք` մտնենք ներս, ժամանակ չկորցնենք, յետոյ շատ նիւթ կ՛ունենանք զրուցելու:
Հազիւ էին մի քանի քայլ արել մեր հիւրերը սրահից ներս, խոր լռութեան մէջ, կիսամութ սրահում սկսեց հնչել Կոմիտասի գլուխ-գործոց «Կռունկ»-ը` մենակատար ջութակահարի մեղմից էլ մեղմ կատարմամբ:
Մերոնք, ի տես սրահի բոլոր այցելուների, այդպէս կանգնած մնացին մինչեւ աւարտուեց երաժշտութիւնը:
… Ճերմակ անձեռոցիկները ձախ ձեռքի դաստակին գցած երեք մատուցողներ տեղաւորեցին մեր հիւրերին` աղանդերներով գերծանրաբեռ սեղանի շուրջ:
… Որեւէ խօսք կամ արտայայտութիւն` անցած պատմութեան վերաբերեալ. ի մտոյ, բոլորի համար էլ լռելը լաւագոյն դեղամիջոցն էր…
Խնճոյքն ու հայկական պարը թեւածեցին մինչեւ առաւօտեան ժամերը:
… Այդ օրուանից յետոյ Արամը եւ Բիւզանդը դարձան մտերիմ բարեկամներ, եւ երբեւէ խօսք չեղաւ նրանց միջեւ անցածի մասին: Իսկ «Տուշպա» ճաշարանում ամէն մի հայ ամէն երեկոյ հարցնում էր.
– Կռո՜ւնկ, մեր աշխարհէն խապրիկ մը չունի՞ս…