Մինչ հանրութեան ուշադրութիւնը կենտրոնացած է Արցախի եւ Հայաստանի շուրջ ստեղծուած անվտանգային ծանրագոյն վիճակի վրայ, իշխանութիւններն, օգտուելով այդ հանգամանքից, արձանագրեցին ժողովրդավարութեան հերթական ակնյայտ նահանջը:
Անցնող շաբաթուայ ընթացքում սահմանադրական անկախ մարմինների ղեկավար պաշտօններում ընտրուել են օրուայ իշխանութիւնների հետ ուղղակի փոխկապակցուած անձինք` Կենտրոնական ընտրական յանձնաժողովում եւ Բարձրագոյն դատական խորհրդում:
Ժողովրդավարութեան սկզբունքի յստակ պահանջներից է բխում, որ նման կառոյցները պէտք է համալրուեն իրապէս անկախ, արհեստավարժ ու քաղաքականապէս չէզոք թեկնածուներով: Չնայած այս պահանջներին` մէկ քաղաքական միաւոր առաջադրեց ու ընտրեց հէնց նոյն քաղաքական միաւորի անդամների` ձեւական ընթացակարգով, նախքան ընտրութիւնն էլ ապահովելով անկուսակցականի կարգավիճակը:
Յատկանշական է, որ Կենտրոնական ընտրական յանձնաժողովի նախագահ է ընտրուել այն անձը, ով օրուայ իշխանութիւնների ներկայացուցիչ է հանդէս եկել 2021 թուականի արտահերթ ընտրութիւններում Կենտրոնական ընտրական յանձնաժողովում եւ կուսակցութեան աշխուժ անդամ է եղել, ինչը Կենտրոնական ընտրական յանձնաժողովի նախագահի պաշտօնի դէպքում աննախադէպ է:
Միաժամանակ Բարձրագոյն դատական խորհրդի նախագահը մի քանի ամիս առաջ ընտրուել էր իշխող կուսակցութեան ղեկավար պաշտօններից մէկում: Նման քաղաքականութեան իրացման նպատակն ակնյայտ է. անկախ սահմանադրական մարմինները ծառայեցնել մէկ քաղաքական միաւորի շահերին եւ ամբողջութեամբ խաթարել անկախութեան երաշխիքները:
Խիստ անհանգստացնող է, որ ժողովրդավարութեան այսպիսի նահանջի փաստերին որեւէ կերպ չեն արձագանգել միջազգային կառոյցները, որոնք հանդէս էին գալիս ժողովրդավարական արժէքների պաշտպանութեամբ մեր երկրում:
«ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹԻՒՆ
10 հոկտեմբեր 2022


