Իրանի Իսլամական Հանրապետութեան ղեկավարութիւնը` ի դէմս երկրի նախագահի, զգուշացրել է, որ իրենց համար անընդունելի է տարածաշրջանի, մասնաւորապէս` Ազրպէյճանի եւ Հայաստանի ճանաչուած սահմանների ցանկացած փոփոխութիւն, դա Թեհրանի կարմիր գիծն է:
Աւելին, ըստ տեղեկութիւնների, սեպտեմբերի 21-ին կայանալիք արտահերթ նիստում Իրանի Իսլամական խորհրդարանը կը քննարկի Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ սահմանային լարուածութեան հարցը:
Ին՞չ սպասել, այս եւ այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է Թեհրանի «Ալիք» օրաթերթի կայքէջի (Alikonline-ի) պատասխանատու-խմբագիր Արամ Շահնազարեանի հետ:
– Վերջին իրադարձութիւններից յետոյ Թուրքիայի եւ յատկապէս` Ազրպէյճանի հասցէին օգտագործուող բառապաշարը կտրուկ խստացել է: Պաշտօնական Թեհրանի դիրքորոշումը մնացել է անփոփոխ, այն է` Իրանը դէմ է եւ թոյլ չի տալու տարածաշրջանում սահմանների որեւէ փոփոխութիւն: ԱԳՆ պաշտօնական յայտարարութիւնները, ինչպէս նաեւ պաշտօնատար այլ անձանց յայտարարութիւնները տեղաւորւում են հէնց այդ սահմանում: Սոցցանցերում եւ լրատուական-փորձագիտական շրջանակներում, սակայն, վիճակն այլ է: Խօսւում է կտրուկ, ես կ’ասէի` կոշտ արձագանքի անհրաժեշտութեան մասին: Յստակ նշւում է, որ ազրպէյճանաթուրքական դաշինքի գործողութիւնները ոչ միայն ուղղուած են Հայաստանի, այլ նաեւ` Իրանի դէմ, ինչն էլ պահանջում է Իրանի համարժէք եւ համաչափ արձագանքը:
Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանի այսօրուայ նիստին, կարելի է ենթադրել, որ լուրջ քննարկում է ծաւալուելու: Այդ մասին է վկայում նախօրէին խորհրդարանի Ազգային անվտանգութեան եւ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Վահիդ Ջալալզադէի յայտարարութիւնն առ այն, որ Իրանը պատմական մղձաւանջի կը վերածի տարածաշրջանի սահմանները փոխելու մասին մտածողների երազանքը:
Այդուհանդերձ, պէտք է նշեմ, որ չպէտք է Իրանի խորհրդարանի կողմից չափազանց կոշտ յայտարարութեան կամ էլ գործնական ինչ-որ որոշման ակնկալիք ունենալ, քանի որ նման որոշումները կայացւում են բոլորովին այլ ատեաններում եւ մակարդակում:
– Իրանում ինչ թեմաներ են գեներացւում, որոնք դեռ հայաստանեան շրջանակներում չեն քննարկւում:
– Վերջին իրադարձութիւնների ֆօնին ամենահետաքրքիր թեման, որին հանդիպել եմ, դա Նախիջեւանի թեման է: Փորձագիտական որոշակի շրջանակներ խօսում են Իրանի կողմից Նախիջեւանը գրաւելու անհրաժեշտութեան մասին: Ըստ նրանց` եթէ Իրանը գրաւի Նախիջեւանը, ապա դա վերջնականապէս կը թաղի տարածաշրջանում պանթուրքիստական նկրտումներն ու վերջ կը դնի ազրպէյճանաթուրքական ծաւալապաշտական ծրագրերին:
– Մօտ մէկ տարի առաջ մեզ հետ զրոյցում ասացիք, որ Սիւնիքի հարցով Իրանն իրադարձութիւններին կը ներգրաւուի այնքան, որքան դա կը պահանջի եւ կը ցանկանայ Հայաստանը: Նման պահանջ եղե՞լ է ՀՀ-ի կողմից, ի՞նչ էք կարծում:
– Դեռեւս նոյն կարծիքին եմ: Սակայն, պէտք է նշեմ, որ վերջին պատերազմով պայմանաւորուած, որոշակի բանէր փոխուել են: Անկասկած, եթէ ազրպէյճանաթուրքական դաշինքը փորձի վերսկսել Հայաստանի դէմ ռազմական գործողութիւնները եւ ցանկացած գնով առաջ տանի, այսպէս կոչուած, , «Զանգեզուրի միջանցքի» կեանքի կոչման իր ծրագիրը, ապա Իրանն իր անվտանգային եւ աշխարհաքաղաքական շահերից ելնելով` կարող է կտրուկ քայլեր ձեռնարկել:
– Մէկ այլ առիթով Դուք նաեւ նշել էիք, որ իրանական փորձագիտական շրջանակները փորձում են գեներացնել տեսակէտը` եթէ պիտի Մեղրիի միջանցք տրուի Ազրպէյճանի եւ Նախիջեւանի միջեւ կապ հաստատելու համար, այդ դէպքում պէտք է համարժէք եւ համաչափ մի միջանցք էլ տրուի Նախիջեւանի տարածքով, որպէսզի Իրանը կարողանայ կապ ունենալ ՀՀ–ի հետ, ինչու՞ չէ` ՀՀ–ի վրայով դէպի հիւսիս, որը յարաբերականօրէն «խաղաղութեան միջանցք» են անուանել: Այս առումով ի՞նչ է փոխուել:
– Արդէն առիթ ունեցայ նշելու, որ իրանական փորձագիտական շրջանակներում խօսւում է Իրանի կողմից Նախիջեւանը գրաւելու եւ տարածաշրջանում պանթուրքիստական նկրտումներին վերջ տալու անհրաժեշտութեան մասին: Հէնց այս գաղափարի շրջանակում քննարկւում է նաեւ Նախիջեւանի վրայով Հայաստանի հետ աւելի դիւրին եւ կարճ կապի հնարաւորութեան մասին:
– Իրանը պատրա՞ստ է դառնալ ՀՀ-ի դաշնակիցը, ունենալ ռազմական աւելի խորը համագործակցութիւն, ՀՀ-ում ժամանակ առ ժամանակ այս թեման ակտիւանում է:
– Գիտէք, դա չափազանց բարդ եւ բազմաշերտ թեմա է: Աշխարհում հնարաւոր չէ գտնել որեւէ երկու երկրի, որոնք հէնց այնպէս, մի գիշերում, մի ամսում կամ էլ մի տարում դառնում են դաշնակից գործընկերներ եւ կտրուկ խորացնում են ռազմական ոլորտում համագործակցութիւնը: Այնպէս որ, այս պահին խօսել Հայաստանի եւ Իրանի միջեւ նման դաշնակցային յարաբերութիւնների ձեւաւորման հնարաւորութեան մասին, իրատեսական չէ: Դա իմ կարծիքն է:
– Իսկ Իրան-Ազրպէյճան յարաբերութիւններն այսօր ի՞նչ մակարդակի են, ի՞նչ չերեւացող կամ տողատակային խնդիրներ կան այդտեղ:
– Կողմերը փորձում են նորմալ յարաբերութիւններ պահպանել: Սակայն ակնյայտ է մի բան․ երկու երկրներն էլ միմեանց դիտարկում են` որպէս սպառնալիք: Դա փաստ է, որը հերքել չի կարելի: Բաւական է յիշեցնել, թէ ոչ պաշտօնական մակարդակով կողմերն ինչպիսի հակաքարոզչութեամբ են զբաղւում միմեանց դէմ:
– Մօտ մէկ տարի առաջ Իրանը եւ Չինաստանը 25 տարուայ համագործակցութեան պայմանագիր կնքեցին, որը լուրջ փաստաթուղթ է թէ՛ ռազմաքաղաքական, թէ՛ տնտեսական առումով, եւ, ըստ մասնագէտների` կարող է մեծ փոփոխութիւններ մտցնել Մերձաւոր Արեւելքի, մասնաւորապէս, Պարսից ծոցի ռազմաքաղաքական եւ տնտեսական հաշուարկներում եւ իրադարձութիւններում: Այս առումո՞վ ինչ ունենք:
– Գործընթացը շարունակւում է: Գիտէք, այդ մասին քիչ է խօսւում եւ գաղտնիութիւնը մեծ է: Սակայն ակնյայտ է, որ երկու կողմերն էլ փորձում են հնարաւորինս արագացնել գործընթացը: Դա բխում է երկու երկրների անմիջական շահերից` հաշուի առնելով, մասնաւորապէս, Արեւմուտքի հետ նրանց լարուած յարաբերութիւնները: ՇՀԿ-ին Իրանի անդամակցումը պէտք է դիտարկել հէնց այդ գործընթացի շրջանակում: Այսքանը: