
ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
Քառասունչորս տարի առաջ, ճիշդ այս օրերին մեր ողջ ընտանիքը Միլանոյից վերադառնում էր մեր բնակատեղին` Հռոմ: Մեզ հրաժեշտ տալիս Միլանոյի երկաթուղային կայարանում ազնուասիրտ, մեծ հայրենասէր, մեր ընտանիքի լաւագոյն բարեկամ Մարտիրոս Պալըգճեանի եղբայր Օննիկը զգուշացրեց.
– Հենրի՛կ, Մարտիրոսը գալ շաբաթ ձեզի հիւր պիտի գայ, քաղաքէն չբացակայիք:
Գրեթէ երեք ամիս մենք Իտալիայում ենք, եւ ոչ մի լուր չկար, թէ ե՞րբ են պատկան մարմինները մեզ թոյլ տալու մեկնել Ամերիկա:
Հռոմի Լեւոնեան վարժարանի տեսուչ, երիտասարդական կորովով լի հայր Յովսէփ վարդապետը իսկական ուղեկցողի դեր էր կատարում: Իր շուրջը հաւաքելով Միացեալ Նահանգներ մեկնող հայաստանցիներին, իր հաշուոյն, ամէն շաբաթ որեւէ տեսարժան վայր էր մեզ տանում: Արդէն երկու անգամ եղել էինք Վատիկանում: Նրա շնորհիւ մենք ներկայ եղանք նաեւ Ս. Յարութեան տօնի արարողութեանը Սուրբ Պետրոս հրապարակում: Եւ ուր էլ որ տանում էր աննման վարդապետը, չէր թողնում, որ մենք տոմսակ գնենք, աւելի՛ն, անկախ նրանից թէ քանի հոգի էր խմբում, բոլորին կերակրում էր համեղ սենտուիչներով եւ աննման փիցցայով:
Մենք որոշել էինք այդ շաբաթ օրը որեւէ տեղ չգնալ: Սիրտս վկայում էր, որ Մարտիրոսը կը գայ, կամ էլ կը հեռաձայնի:
– Հեն ջան, արդէն կէսօր է, չեմ կարծում, որ Մարտիրոսը կարող է գալ: Հայր Յովսէփը այսօր մեզ մի լաւ տեղ է տանելու, ընդամէնը երեք ժամ է տեւելու գնալ-գալը: Արի` հաւաքուենք, գնանք, հը~, ի՞նչ ես ասում, հօ էսօր չեկա՞ւ,- ասաց Մարիետան:
– Եթէ յարմար ես գտնում, գնանք:
– Գնացի՜նք,- ոգեւորուած ասաց Մարիետան,- միայն թէ թոյլ տուէք գնալ Մարիայի մօտ (Մարիան մեր դրացին է, մայրութիւն անել է սովորում Մարիետայից` երկու տարեկան աղջկան հոգ տանելու համար), եւ ասեմ, որ ուշադիր լինի, Մարտիրոսը կարող է գալ: Եւ եթէ գայ, թող նրան ներս առնի, սուրճ-մուրճ տայ, մինչեւ մենք վերադառնանք:
Լեւոնեան վարժարանի բակում սպասում ենք, որ ժողովուրդը հաւաքուի, որն ինչպէս միշտ ուշանում է: Սիրտս անհանգիստ է: Խնդրում եմ Հռոմի թեմի առաջնորդ Ներսէս վրդ. Սէթեանին` թոյլ տալ հեռաձայնել Մարիային: Եւ չեմ սխալւում:
Հէնց մենք դռնից դուրս ենք գալիս` յայտնւում է Մարտիրոսը:
– Եկել է՜, եկել է ձեր բարեկամը,- բարձրաձայնում է Մարիան:
– Ժողովո՛ւրդ, ետ ենք գնում, շո՛ւտ, շուտ արէք, Մարտիրոսը եկել է,- ասում եմ ակնապիշ հայեացքով ինձ նայող Մարիետային:
Հայր Սէթեանը դժկամութեամբ ընդունեց մեր բացակայութեան փաստը: Պարզւում
է, որ նա մտադրուել է երեկոյեան մեզ տանել Լեւոնեան վարժարանին պատկանող ամարանոցը` ընթրիքի:
– Հա՛յր սուրբ, թոյլ մի՛ տուէք, որպէսզի Անասեանները գնան, մենք ի՞նչ ենք անելու առանց նրանց,- ասում է երիտասարդ մայր Նինան:
– Ես ի՞նչ կրնամ ընել, տղա՜ք.., հաւանաբար իսկապէս կարեւոր է: Ամօթ չըլլայ հարցնելը, պարոն Անասեան, ո՞վ է եկողը եւ ուրկէ՞ եկած է, ուրիշ երկրէ՞ է:
– Այո՜, շատ կարեւոր է, հա՛յր սուրբ,- ասաց հայրիկս,- ձեր ծննդավայրէն է, Պոլիսէն:
– Օ՜, ի՞նչ կ՛ըսէք… եթէ այդքան կարեւոր է, գացէք… Տղա՛ք, շուտ թաքսի մը կանչեցէք, անկէ ետք մենք ալ կը շարժինք:
– Հենրիկ եւ Մարիետա,- շրջուելով դէպի մեզ,- շարունակում է հայր Սէթեանը,- այս կիրակի Վատիկանի ռատիոյէն մեր պատարագի օրն է: Չըլլայ, որ բացակայիք: Բոլոր մեներգները Մարիետան պիտի երգէ:
– Հա՛յր սուրբ, մենք էլ ենք ուզում ներկայ լինել այդ պատարագին,- ասում է իրանահայ Վահագը:
– Շա՛տ աղէկ, ցանկը կազմեցէք եւ իրիկուան տուէք ինծի:
Այդ վայրկեանին խմբից քիչ հեռու կանգնեց Ֆիաթ մակնիշի չորս նստատեղով թաքսին:
– Ինծի ձգեցէք,- ասաց սուրբ հայրը եւ արագօրէն մօտեցաւ մեքենային:
Չգիտեմ` ինչպէ՛ս համոզեց վարորդին` վեց անձի սպասարկելու համար, վերջինս դուրս ելաւ մեքենայից, ձեռքով նշան արեց, որպէսզի մօտենանք մեքենային: 15-20 րոպէ անց մեր շէնքի առջեւում էինք:
– Մի՛ շտապէք, հանգիստ իջէք, հայր սուրբը վճարել է, երջանիկ եղէք,- ասաց վարորդը:
Այստեղ նպատակայարմար եմ համարում նշել շատ կարեւոր մի հանգամանք: Թէ՛ հայր Սէթեանը եւ թէ՛ մնացեալ հոգեւոր հայրերը առանձնակի ուշադրութիւն էին դարձնում մեր ընտանիքի նկատմամբ: Եւ անշուշտ այդ ամէնը աննկատ չէր անցնում մեզ շրջապատող գաղթական հայերի ուշադրութիւնից: Տեսնելով սուրբ հայրերի ընդգծուած վերաբերմունքը մեր ընտանիքի, յատկապէս հայրիկիս` երբեմնի Վենետիկի Մխիթարեանների սան, նշանաւոր պատմաբան, հայագէտ Յակոբ Անասեանի նկատմամբ, կամայ թէ ակամայ, նրանք էլ էին ընդգծուած յարգանք ցուցաբերում մեր բազմանդամ ընտանիքի նկատմամբ:
… Մտնում ենք Մարիայի բնակարանը: Ի՞նչ տեսնենք, որ լաւ լինի. Մարտիրոսը ծնկներին առած Մարիայի պզտիկին` հաճելի զրոյցով են բռնուած: Ես գիտէի, որ Մարտիրոսը աշխատանքի բերումով քիչ-միչ իտալերէն գիտէր:
Վերջին անգամ Մարտիրոսին տեսել ենք նախորդ տարուայ ամրանը` Երեւանի մեր տանը: Մանկան հոգու տէր անձնաւորութիւն է նա: Զաւակներ չունի ու խելքը գնում է մեր տղաների համար: Կինը` Տիրուհին, երեխայի պէս է վարւում այդ յաղթանդամ տղամարդու հետ: Նրանց «կռիւը» Մարտիրոսի օրը երեք տուփ սիկարեթ ծխելու հարցն է: Այստեղ էլ տաքուկ տեղ է գտել: Մարիան էլ է մոլի ծխող:
– Լաւ էլ գտել էք իրար,- առանց բարեւ- բարի լոյսի ասում եմ ես:
Մարտիրոսը մէկ առ մէկ փաթաթուում է ամէնքիս հետ, ու արցունքները հոսում են
աչքերից: Ընդհանրապէս շատ փխրուն սիրտ ունի այդ յիսնամեայ տղամարդը: Աննկարագրելի հայրենասէր է ու անհանդուրժող` արտագաղթողների նկատմամբ:
– Այդպէս հա՜…, վերջը ելաք Հայաստանէն: Վե՜րջ, վե՛րջ, ա՛լ պիտի չխօսիմ այդ մասին, եղածը եղած է: Հայաստանի մէջ շատ խօսած ենք այդ նիւթի շուրջ:
– Ինչո՞ւ լուր չտուիր գալուդ օրուան մասին, կու գայինք, կը դիմաւորէինք,- ասում է մայրիկս:
– Ի՞նչ պէտք կար, ճանըմ: Թաքսիի վարորդին հասցէն տուի, անմիջապէս բերաւ, տեղ հասցուց:
Տասը օր մնաց մեր բնակարանում Մարտիրոսը: Երանելի, հրաշալի օրեր: Գաղափարի մարդ էր նա: Ինք եւ Պերճ Գամպարոսեան քանիցս «ծեծ կերած» են Պոլսի ոստիկանատանը` գաւառներից ծպտուած հայեր Պոլիս բերելու համար: Նրա եւ գիտնական հայրիկիս զրոյցները Երեւանի մեր բնակարանում օրեր էին տեւում: Մինչ մենք կնոջ հետ ընթրում էինք ճաշասենեակում, նա առանձնանում էր հայրիկիս հետ նրա աշխատասենեակում, ու ժամեր շարունակ զիտական հարցեր էին շօշափում:
Զարմանալի է` Մարտիրոսը Իտալիայում չի եղել, ուստի մենք ենք ուղեկցողի դեր կատարում: Եթէ պատահում է, որ ամբողջ ընտանիքով նրա հետ լինենք, նա միշտ կարողանում է առատաձեռն վճարումով թաքսի ապահովել բոլորիս համար: Մենք արդէն երեք ամիս է, որ Իտալիայում ենք: Չհաշուած Յովսէփ վարդապետի շրջապտոյտները` մենք էլ, մեր հերթին, վեր ու վար ենք արել Հռոմը, իսկ Լունափարք մանկական չքնաղ այգին տղաներիս ամէնօրեայ զբաղմունքի վայրն է, եւ իրենք են ինքնուրոյն այգի գնում-գալիս:
– Վաղը կիրակի է, Մարտիրո՛ս: Հայկական պատարագի օրն է: Ամիսը անգամ մը Վատիկանը կենդանի կատարումով հայկական պատարագ կը սփռէ Եւրոպայի համար: Կ՛ուզե՞ս միանալ մեզի, Մարիետան ալ պիտի երգէ,- ասում եմ ես:
– Ատ ի՛նչ խօսք է, Հենրի՛կ, ի՞նչ հարցում է, բարեկամս, անշո՜ւշտ կ՛ուզեմ:
– Ուրախացուցիր ամէնուս եղբայրս: Համա չմոռնաս «ճիտին պարտքը»` ամէնուս համար թաքսի ապահովելը:
– Ատ խնդիր չէ, Հենրի՛կ…, աս ի՜նչ բարի ժողովուրդ են եղեր սա իտալացիները, բնաւ միտքէս չէր անցներ:
– Քիչ մը կանուխ հոն պիտի ըլլանք, որպէսզի քու անունդ ալ արձանագրենք: Պատարագէն ետք աղուոր տեղ մը կ՛երթանք ճաշելու: Հայտէ՜, հայտէ՛, շարժուեցէք, տղա՛ք: Հայր Սէթեանն է այսօր պատարագիչը: Ան կը սիրէ պատարագէն առաջ յանձնարարութիւններ տալ, եւ, որքան որ գիտեմ, կ՛ուզէ այսօրուան պատարագը ձայնագրել եւ ապագային օգտագործել, երբ մենք հոս չենք ըլլար:
Դուրս ենք գալիս փողոց: Մեր ճարպիկ Մարտիրոսը իր գործի վարպետն է: Կանգնեցնում է թաքսին, վարորդի հետ մի քանի նախադասութիւն փոխանակում եւ`
– Հայտէ՜, հայտէ՛, շուտ մը նստեցէք,- ուրախացած, որ կարողացել է համոզել վարորդին, որպէսզի բոլորիս վերցնի:
Հիանալի պատարագի արարողութիւն էր: Մարիետան «սպաննեց» ամէնքիս իր հոգեթով, սրտմաշուկ երգեցողութեամբ: Մեր ետեւում կանգնած Մարտիրոսը թաշկինակը
չէր հեռացնում աչքերից:
Պատարագից յետոյ ամէնքս մէկտեղ լսեցինք ձայնագրութիւնը: Հիանալի էր, բնաւ չես ասի, որ այն կատարուած է ափի մեծութեան մի փոքրիկ ձայնագրիչով:
– Ապրի՜ք, շա՛տ ապրիք, տղա՛ք, ես քասեթ ալ կրնամ շինել, եթէ անշուշտ մեր Մարիետան եւ Հենրիկը արտօնեն,- կատակով ասաց հայր Սէթեանը,- իսկ հիմա, սիրելի՛ բարեկամներս, դուք այսօր իմ հիւրս էք: Ձեզի պիտի տանիմ մեր վարժարանի ամարանոցը: Տղաքը մասնաւոր պատրաստութիւն տեսած են ձեզի հիւրասիրելու համար: Որեւէ խօսք կամ առարկութիւն չեմ ուզեր: Ամէնքդ ալ կը տեղաւորուիք օթոյիս մէջ:
Ճանապարհին, չգիտեմ` ինչից դրդուած, Մարտիրոսը հարց տուեց վարդապետին.
– Հա՛յր սուրբ, դուք Կոմիտաս չէ՞ք երգեր:
– Բարեկամս, ես լաւ գիտեմ, որ Պոլսոյ մէջ միայն Կոմիտաս կ՛երգուի: Մենք Եկմալեան կ՛երգենք, քանի մը կտորներ ալ` Այտընեանէն: Հիմա տեղ հասնինք, վերջը կը խօսինք նման հարցերու շուրջ: Հիմա քիչ մը արագ վարեմ օթոս, որպէսզի ձեր տղաքը կարենան արեւուն տակ լողաւազան մտնել:
Փառահեղ ժամանակ անցկացրինք Լեւոնեան վարժարանի ամարանոցում, երեք մեծերը իրար գլխի` հայ ազգի ճակատագիրն էին որոշում: Նոյն գիշերը հեռաձայն եկաւ Վալանսից, Երեւանի մեր դրացի Անահիտից, որի ընտանիքին 1972 թուին Մոսկուայից ճանապարհել էի Ֆրանսա: Վերջինս լսել էր Վատիկանի ռատիոյից հաղորդուող պատարագի երգեցողութիւնը եւ չափազանց ազդուել էր Մարիետայի ձայնը լսելով:
Մարտիրոսից առաջ Անահիտն իր չորսանդամ ընտանիքով Վալանսից մեքենայով էր եկել մեզ հիւրութեան ու մէկ շաբաթ ապրել մեզ հետ, մի սենեակում:
– Ի՞նչ հիւրանոց, ես աղբարիկիս քովէն տեղ չեմ երթար,- ասաց Անահիտը,- գետինը կը պառկիմ, ես հոս եկայ, որ օթե՞լը իջնամ, Գէո՛րգ,- դիմելով ամուսնուն` աւելացրեց,- եթէ կ՛ուզես, աղջիկներուդ առ եւ օթել գնա:
Ի հարկէ Գէորգը ոչ մի տեղ էլ չգնաց, եւ մենք` տասը հոգի, մէկ սենեակում, ինչպէս քոյր-եղբայր, յատակին պառկելով, գիշերներ լուսացրինք` յիշելով մեր երեւանեան անցած-գնացած քաղցր, ինչո՞ւ չէ, նաեւ ցաւոտ օրերը:
Եկաւ Մարտիրոսին ճանապարհելու օրը: Մեր բարեկամը Անահիտի նման հոգաց մեր բոլոր ծախսերը: Եկած օրն արդէն մեզ էր վերադարձրել նախորդ տարի Երեւանում իրեն պահ տրուած մեր ոսկեղէնները, Արմէնիս ջութակը եւ մի քանի հարիւր տոլարը:
Փխրուն հոգու տէր Մարտիրոսը մեզ էլ լացացրեց բաժանման պահին: Նոյնը հիմա ինձ` այս տողերը գրի առնելիս…
– Սա ձախ ոտքդ մէյ մը անցուր նոր մոտելի կօշիկին մէջ,- ասում էր Մարտիրոսը ամէն անգամ Պոլսի իր գործարանի աշխատասենեակը մտնելիս:
Ափսո՜ս, ինքը չկարողացաւ ներկայ լինել իր պաշտած «ՍԱՅԱԹ ՆՈՎԱ» երգչախմբի 2001 թուականի` իմ հեղինակային համերգին, որը համատեղ որոշմամբ նուիրուեց մեծ հայրենասէր Մարտիրոս Պալըգճեանի անմահ յիշատակին: