Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնը տարածած է յայտարարութիւն մը Մարաղայի կոտորածի 30-րդ տարելիցին առիթով` նշելով, որ Հայաստանի Հանրապետութիւնը կը վերահաստատէ իր յանձնառութիւնը` ապահովելու Արցախի ժողովուրդին` իր հայրենիքին մէջ ազատ, անվտանգ եւ արժանապատիւ կեանքի իրաւունքը, եւ կ՛ընդգծէ միջազգային հանրութեան ջանքերուն հրատապութիւնը` կանխելու Լեռնային Ղարաբաղի հայութեան գոյութենական անվտանգութեան համար սպառնալիքները: Այս մասին կը տեղեկացնեն Հայաստանի արտաքին գործոց նախարարութենէն:
Յայտարարութեան մէջ նշուած է.
«30 տարի առաջ` 1992 թուականի ապրիլի 10-ին, Ազրպէյճանի զինուած ուժերի կողմից իրականացուեց Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա աւանում խաղաղ բնակչութեան` իր դաժանութեամբ աննախադէպ կոտորածը, որի հետեւանքով շուրջ 5000 բնակչութիւն ունեցող հայկական բնակավայրն ամբողջութեամբ հայաթափուեց:
Մարաղայում իրականացուած պատերազմական յանցագործութիւնները փաստագրուած են մարդու իրաւունքներով զբաղուող միջազգային կազմակերպութիւնների, ներառեալ` «Հիումըն Ռայց Ուոչ» եւ «Էմնըսթի Ինթըրնեշընըլ» իրաւապաշտպան կազմակերպութիւնների զեկոյցներում, որոնք վկայում են, որ հայերի դէմ իրագործուած ոճրագործութիւնների հետեւանքով 50 հոգի դաժանաբար սպաննուել է, այդ թւում` 30 կին, իսկ 29 կին եւ 9 երեխայ պատանդ են վերցուել, որոնցից 19 հոգու ճակատագիրն առայսօր անյայտ է մնում:
Մարաղայի կոտորածը, որը դարձաւ Սումկայիթում, Կիրովապատում եւ Պաքւում կազմակերպուած հայերի ջարդերի շարունակութիւնը, Ազրպէյճանի իշխանութիւնների կողմից հայերի նկատմամբ ատելութեան եւ ցեղային զտումների քաղաքականութեան հերթական դրսեւորումն էր:
Ազրպէյճանի հայաշատ քաղաքներում եւ Լեռնային Ղարաբաղում հայերի կոտորածների կազմակերպիչների եւ իրականացնողների անպատժելիութիւնը, նրանց հերոսացումը եւ տարիներ ի վեր վարուող հայատեացութեան քաղաքականութիւնը հիմք դարձան նոր զանգուածային ոճրագործութիւնների իրագործման:
Ներկայումս ազրպէյճանական զինուած ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում հայ քաղաքացիական բնակչութեան շարունակական թիրախաւորումն ու մարդկային ճգնաժամ ստեղծելուն ուղղուած գործողութիւնները, ինչպէս նաեւ մարտի 24-ից Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատուութեան գօտի ներխուժումը, որի հետեւանքով աւելի քան 400 անձ ստիպուած տեղահանուեց, վկայում են պաշտօնական Պաքուի իրական նպատակի մասին` ամբողջական ցեղային զտումների ենթարկել Արցախը:
Այսօր մենք յարգանքի տուրք ենք մատուցում Մարաղայի կոտորածների զոհերի յիշատակին: Հայաստանի Հանրապետութիւնը վերահաստատում է իր յանձնառութիւնը` ապահովելու Արցախի ժողովրդի` իր հայրենիքում ազատ, անվտանգ եւ արժանապատիւ կեանքի իրաւունքը, եւ ընդգծում միջազգային հանրութեան ջանքերի հրատապութիւնը` կանխելու Լեռնային Ղարաբաղի հայութեան գոյութենական անվտանգութեան համար սպառնալիքները»: