Ստորեւ «Հայաստան» դաշինքի յայտարարութիւնը` Հայոց բանակի հիմնադրութեան 30-ամեակին առիթով.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայոց բանակը երեսուն տարեկան է: Մեր բանակի ծնունդը ժամանակի հրամայականն էր. այն ձեւաւորուեց ազատագրական պայքարի բովում, կոփուեց ու կայացաւ` պաշտպանելով մեր նորանկախ պետականութիւնը, երաշխաւորելով մեր անվտանգութիւնն ու արձանագրելով յաղթանակներ:
Անցնող երեսուն տարիներին մեր բանակը վայելել է համայն հայութեան սէրն ու ակնածանքը, արժանապատուութեամբ ու հպարտութեամբ ամրացրել մեր հաւաքական ոգին:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայոց բանակը, լինելով մեր անկախ պետականութեան անբաժան մասը, անցնում է փորձութիւնների միջով, դիմագրաւում ծանր մարտահրաւէրներ: Մեր պետութեան խոցուած մէջքն անկարելի է շտկել առանց կազմակերպուած ու մարտունակ բանակի:
Մենք հաւատում ենք, որ միասին վերակերտելու ենք մեր բանակի ոգին ու մարտունակութիւնը, արժանապատիւ խաղաղութիւն ենք հաստատելու մեր հայրենիքում, անառիկ ենք պահելու մեր սահմանը: Մենք պարտք ենք իրենց արեամբ մեր հողը սրբացրած հայ զինուորին, հայոց մայրերին եւ պատասխանատու սերունդների առջեւ: Հայոց պետականութեան զօրացմանը պիտի լծուենք ազգովի, միասնական կամքով ու վճռականութեամբ:
Տօնդ շնորհաւո՛ր, Հայո՛ց բանակ: Փա՛ռք մեր հերոսներին, հայ սպային, հայ զինուորին: Մենք միասին կերտելու ենք նոր յաղթանակներ:
«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ
28 յունուար 2022


