Պետութեան գոյութիւնն ազգի յարատեւման հիմնական երաշխիքներից է: Այդ առումով պետութիւնը չի կարող ինքնանպատակ լինել: Պետական համակարգի հիմնական առաքելութիւնը համապատասխան միջավայրի ստեղծումն է, որտեղ պէտք է ապահովուի ազգի բնականոն զարգացման եւ բարգաւաճման գործընթացը: Հայկական իրականութեան մէջ 30 տարի առաջ անկախ պետականութեան վերակերտման ակունքներում, ելնելով պետութիւն ունենալու հայութեան մէջ գոյութիւն ունեցող իտէալական երեւոյթից, պետութեան գոյութիւնը ոմանց մօտ դարձաւ գերնպատակ:
Այդ երեւոյթը յատկապէս դրսեւորուեց Հայաստանի Հանրապետութեան հռչակագրում տեղ գտած դրոյթների կազմման օրերին, որտեղ ի վերջոյ յաղթեց պետութեան` ազգային գաղափարախօսութեան եւ իտէալների իրագործման կողմնակից թեւը: Իսկ այդ գաղափարախօսութեան ընդդիմախօսները, որոնք հետագայում ենթարկուեցին օտարամուտ եւ ապազգային հոսանքների ազդեցութեանը, միշտ էլ եւ դեռ այսօր էլ հակադրում են հայկական պետութեան գոյութիւնը ազգայինին, յատկապէս` ղարաբաղեան եւ Ցեղասպանութեան հիմնախնդիրներում:
Ըստ նրանց, Հայաստանը ժողովրդավարական «պասթիոն» դառնալով եւ տարածաշրջանում բարիդրացիական խաղաղութեան քարոզներով կա՛մ պիտի յաղթահարի հզօր պետութիւն դառնալու մարտահրաւէրը, կա՛մ էլ լինի ազգային հարցը, այդ թւում` արցախեան հիմնահարցը, Ցեղասպանութիւնը եւ հայկական պահանջատիրութիւնը ներկայացնող պետութիւն, որի պարագայում հնարաւոր չէ առաջինը` հզօր պետութեան գոյութիւնը:
Արցախեան վերջին պատերազմում կրած պարտութիւնից յետոյ, այժմ եւս մեծ թափով հրապարակ է նետւում նշուած տեսութիւնը` այս անգամ այն ծառայեցնելով թուրքական շահերին: Ահա թէ որտեղ է պետութեան գոյութիւնը դառնում ինքնանպատակ, ազգայինը դուրս է մղւում պետութեան օրակարգից, դառնում պահպանողական, յետադիմական գաղափարախօսութիւն: Իսկ ժողովրդավարութիւն, խաղաղութիւն, արդարութիւն «համեմունքները» դառնում են գերնպատակներ, որով փորձում են թունաւորել ժողովրդի ուղեղը: Արդեօ՞ք Թուրքիային ծառայող այս երեւոյթը նախօրօք ծրագրուած գործընթաց չէ:
Սեպտեմբեր ամսում «գաղափարական անկման շեմին» խորագրով խմբագրական սիւնակում անդրադարձել էինք, թէ ինչպէ՛ս ապաշնորհութեան եւ անկարողութեան պատճառով պարտութիւն կրածները փորձում են մեղքը պարտկելու համար գաղափարական յենակէտ գտնել ապազգային գաղափարախօսութեան ջատագովների մօտ: Նոյնը շարունակւում է այսօր: Արցախեան հարցը հայկական պետութեան ուսերից թօթափելու քաղաքականութեան ջատագովներից մէկի` Ժիրայր Լիպարիտեանի ներկայութիւնը, աշխուժ հանդիպումները եւ ապազգային սերմերի տարածումը այդ պարտութեան արդարացման միջոց է, իսկ հետագայում` պարտուողական մտածելակերպով թուրքերին հնազանդուելու քաղաքականութեան սկիզբ:
Ամէն կերպ պէտք է խոչընդոտել, չթոյլատրել ազգադաւ այդ մտայնութեամբ սերուած գաղափարների ներթափանցումն Արցախ: Մենք դեռ պատերազմի մէջ ենք, այն չի աւարտուել, եւ գալու է այն օրը, որ հայ ժողովուրդը, եթէ հարկ լինի, նաեւ զէնքի ուժով տէր է կանգնելու իր իրաւունքներին: Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի, պահանջատիրութեան կենտրոնը պէտք է դառնայ Արցախը, իսկ Արցախում տէր-պետրոսեանական, լիպարիտեանական եւ նրանց հոգեզաւակ փաշինեանական պարտուողական գաղափարների տարածումը համազօր է դասալքութեան: