ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Այլ կերպ երեւի թէ, ոչ, երեւի չէ, այլ հաստատապէս հնարաւոր չէ պատկերացնել Գէորգ Հաճեանին դէպի յաւերժութիւն տանող իր երկնային ճանապարհին: Այդպիսին էր նա իր, աւաղ, կարճատեւ երկրային կեանքի իւրաքանչիւր ժամի, երբ կամայ, թէ ակամայ լռութեան պահերին անգամ երգը վարար, անսպառ յորդում էր նրա լուսաշող հայեացքից` ողողելով ունկնդրի ողջ էութիւնը:
Ասում եմ դա ոչ գեղեցիկ խօսքի համար: Ամենեւին: Քաւ լիցի: Ինքս անձամբ քանիցս ապրել եմ այդ զգացողութիւնը` վայելելով Գէորգի հետ հանդիպելու, զրուցելու, նրա ձայնի, անգամ լռութեան պահի երգեցիկ հնչերանգներին ունկ դնելու մեծագոյն հաճոյքը:
Մեր բոլոր հանդիպումներն էլ կայացել են բացառապէս Արցախի Հանրապետութիւնում, որտեղ ահա աւելի քան քառորդ դար է, ինչ ապրում եմ ընտանեօք հանդերձ, եւ որի քաղաքացին կոչուելու մեծագոյն պատիւն եմ կրում անանց հպարտութեամբ: Որքան յիշում եմ, առաջին անգամ հանդիպել ենք շատ տարիներ առաջ` բերդաքաղաք Շուշիում, Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու բակում: Մինչ այդ բացառապէս լրահոսից տեղեակ էի իր մասին: Անկեղծ ասած` ինձ առաւելապէս հետաքրքրում էր մեր ազգանունների նոյնականութիւնը` Հաճեան: Ո՞վ է մեր տոհմից, ում չեմ ճանաչում, եւ որ նման համբաւ է վայելում հայ երգարուեստում` մտածում էի ես: Յետագայում է միայն, որ քմծիծաղում էի ինքս իմ վաղեմի միամիտ պատկերացման ու համոզման վրայ, թէ քանի որ Հաճեան է, ուրեմն իմ հայրենի Գիւրջեւան գիւղի Հաճանց բազմաճիւղ տոհմից է: Ի դէպ, այդ թիւր պատկերացումն ունէի լուսահոգի բանաստեղծ Վահրամ Հաճեանի արմատների մասին: Երբ առաջին եւ, աւաղ, վերջին անգամ հանդիպեցինք ու մեզ ծանօթացրին 1988-ի աշնանը Երեւանում` բանաստեղծ Ռազմիկ Դաւոյեանի ստեղծագործական երեկոյին, «Ես Սիրիայից եմ, արմատներով` Կիլիկիայից», ներկայացաւ նա, «Ես` Շամախու կողմերից», ասացի:
Գրեթէ նոյն բեմագիրն ունեցաւ նաեւ Գէորգի հետ իմ առաջին հանդիպումը: Պարզուեց, որ նա ծնունդով Այնճար գիւղաքաղաքից է, որ գտնւում է Լիբանանի Պեքաա հովտում, իսկ հեռու նախնեաց արմատներով` Կիլիկիայից: Այսինքն Շամախու կողմերի մեր գիւղի Հաճեաններից չէ: Սակայն ծննդավայրերի այդ իրօք վիթխարի տարածական հեռաւորութիւնը, ինչպէս եւ մեր տոհմերի ծագումնաբանական տարբերութիւնը չխանգարեցին ու երեւի թէ չէին էլ կարող խանգարել, որպէսզի մի տեսակ ջերմ զգացողութեամբ համակուէինք իրար հանդէպ, որ յետագայում վերածուեց բառիս բուն իմաստով կարծես իրական ազգականների` եղբայրների հոգեհարազատութեան: Երեւի թէ նրանից էր, որ հէնց այդտեղ` Շուշիի մեր առաջին հանդիպմանը Գէորգն անսպասելի ինձ կնքեց նոր անունով: «Ամօղլի», ասաց նա: Որքան էլ օտարահունչ էր բառը, բայց հոգեկան ջերմութեան ալիք առաջ բերեց իմ մէջ, քանզի, ըստ էութեան, թարգմանաբար նշանակում է ոչ այլ ինչ, քան` հօրեղբօրորդի: Այդուհետ, երբ ու որտեղ էլ որ հանդիպէինք, բարեւից առաջ «Ամօղլի» անունն էր հնչում նրա շուրթերից` դառնալով մեր ազգակցական հոգեհարազատութեան առհաւատչեայ ազդանշան: Հէնց այդ հիմքով է, որ երբ Ստեփանակերտում մեր հանդիպումներից մէկի ժամանակ ծանօթացրեց իր սիրասուն կնոջ հետ, ես գեղեցկատես տիկին Ֆրիտային, իր իսկ եւ Գէորգի նշանացի ժպտուն համաձայնութեամբ, սկսեցի կոչել Հաճանց հարս:
Գէորգի հետ մեր հետագայ հանդիպումները, ինչ խօսք, պարբերական ու յաճախակի չէին եւ հիմնականում պայմանաւորուած էին Արցախ կատարած նրա այցերով, որոնց ընթացքում երբեմն յաջողւում էր հանդիպել, այլեւս մերձաւոր հարազատի իրաւունքով ողջագուրուել, զրուցել: Իսկ մեր զրոյցների հիմնական առանցքը երգն ու երաժշտութիւնն էր, իր ազատութեան համար մարտնչող, իր պետական անկախութիւնը կերտող Արցախը, հայրենի սահմանները պաշտպանող մեր հերոս դիրքապահները, արցախեան բնակավայրերի, առանձնապէս հեռաւոր, ծայրամասային գիւղերի բնակիչները, վայրեր, ուր յաճախակի այցելում էր նա` հանդէս գալով համերգային ելոյթներով:
Գէորգ Հաճեանը նուիրեալն էր մայր հայրենիքի` քաղաքական հանգամանքների պարտադրանքով իրարից արտաքուստ անջատ, առանձին-առանձին անկախ ազգային պետականութիւն կերտող Հայաստանի եւ Արցախի: Բարձրեալ Աստուած եւ հայրենիքը նրա համար այն գերակայ մեծութիւններն էին, որոնց ենթակայ էին միւս բոլոր արժէքները` ընտանիք, կին ու զաւակ եւ այլն:
Յայտնի գրողի խօսքով ասած` հայու հայ էր իր հոգու եւ սրտի ողջ խորութեամբ ու վեհութեամբ, երգչի անզուգական տաղանդով ու անսպառ եռանդով, քրիստոնէական անհուն հաւատքով, Հայ Յեղափոխական դաշնակցութեան հաւատարիմ ու անձնուէր գաղափարակրի հաւատամքով, յանուն հայրենեաց անձնազոհութեան պատրաստակամութեամբ: Ուստի եւ, որքան էլ որ առերերեւոյթ անսպասելի թուար, ամենեւին զարմանալի չէին Գէորգի` որպէս աշխարհազօրային մարտիկի, մասնակցութիւնն Արցախի պաշտպանութեանը ՀՅԴ կամաւորական զօրաջոկատի կազմում` 2020 թուականի սեպտեմբերի 27-ին Ազրպէյճանի սանձազերծած պատերազմում:
Երեւի թէ աւելորդ են երեւակայութեան ճիգերը յստակ, իրապատում պատկերացնելու համար Գէորգ Հաճեան երգչի եւ հայրենեաց պաշտպան ազատամարտիկի խրոխտ կեցուածքը ռազմի դաշտում` զինուորական համազգեստով, հրազէնը ձեռքին եւ, ինչպէս շփման գծում յարաբերական հրադադարի ու թուացեալ խաղաղութեան տարիներին էր, դարձեալ ոգեկոչող հայրենաշունչ երգը շրթերին:
… Մարտը, որ հոկտեմբերի 6-ին ռազմավարական կարեւորագոյն նշանակութեան բարձունքի ազատագրման համար խիզախաբար մղում էր Գէորգն իր դաշնակցական զինակիցների հետ միասին, առաւել քան ծանր էր: Աւա՜ղ, այդ օրը` միեւնոյն հոկտեմբերի 6-ին, Հաճեանների մեր աշխարհասփիւռ տոհմը միաժամանակ կորցրեց իր երկու անձնուէր զաւակներին` Գէորգ Հաճեանին եւ կրտսեր որդուս` Արցախի պաշտպանութեանը նոյնպէս կամաւորագրուած, մասնագիտութեամբ ու աշխատանքային գործունէութեամբ դիւանագէտ Երուանդ Հաճեանին (աւագ որդիս` ազատամարտիկ Նորայր Հաճեանը, նահատակուել էր տարիներ առաջ` ապրիլեան քառօրեայ պատերազմում)… Կրտսեր որդուս` Երուանդի եւ հօրեղբօրորդուս` Գէորգի ու նրա հետ միասին զինակից ընկերների` ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտի հրամանատար Մհեր Յարութիւնեանի եւ միեւնոյն վաշտի ազատամարտիկ Քրիստափոր Արթինի նահատակութեան գոյժերն ինձ հասան միայն յաջորդ օրը` հոկտեմբերի 7-ին… Որդուս մարմինը մայր հողին յանձնեցինք Ստեփանակերտի գերեզմանոցում` աւագ եղբօր մօտ, իսկ Գէորգին եւ իր երկու զինակիցներին վերջին հրաժեշտը տուեցինք շատ օրեր անց` Երեւանում…
… Ընդունուած է ասել` երբ խօսում են թնդանօթները, մուսաները լռում են: Բայց ահա Գէորգ Հաճեանն իր կարճատեւ, անչափ վաղաժամ ընդհատուած կեանքի օրինակով ապացուցեց հակառակը. պատերազմի դաժան թոհուբոհում անգամ երբեք չլռեց նրա մուսան: Նա երգում էր նաեւ թնդանօթների թնդիւնների ներքոյ` խրամատներում լինէր, թէ խրամատներից դուրս մարտի նետուելիս: Եւ այսօր էլ` իր երկրային կեանքի հերոսական աւարտից ամիսներ անց, նա` այլեւս յաւերժութեան ճամբորդ, անմահութեան իր երկնակամարից դարձեալ մեզ հետ է, ոչ այլ կերպ, այլ ինչպէս սովորաբար` միայն ու միայն հայրենեաց երգը շրթերին:
Խոնարհումս քեզ` Գէորգ, իմ Ամօղլի, իմ հօրեղբօրորդի:
10 յունիսի, 2021թ.
ք. Ստեփանակերտ
Արցախի Հանրապետութիւն