Ձեզ Քարտ Պլանշ Չենք Տուել

Սոյն յօդուածը իրանական «Քէյհան» օրաթերթի սեպտեմբերի 28-ի «Առաջնորդող»-ն է: «Քէյհան»-ը Իրանի հոգեւոր առաջնորդին եւ անվտանգային կառոյցներին մօտ կանգնած պարբերական է, որի գլխաւոր խմբագրին անձամբ նշանակում է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթ. Ալի Խամենէին: Վստահօրէն կարելի է պնդել, որ այս յօդուածը ներկայացնում է Իրանի հոգեւոր առաջնորդի աշխատակազմի եւ անվտանգային կառոյցների մօտեցումներն ու դիրքորոշումները` ՀՀ հարաւային սահմաններում ծաւալուող իրադարձութիւնների վերաբերեալ:

Յօդուածի հեղինակ Սաատօլլահ Զառէին «Նուր» ռազմավարական ուսումնասիրութիւնների ուղեղային կենտրոնի ղեկավարն է, որ եղել է Իրանի իսլամական յեղափոխութեան պահապանների զօրախմբի արտասահմանեան ռազմական գործողութիւնների զօրքերի նախկին հրամանատար զօրավար-տեղակալ Ղասեմ Սոլէյմանիի մտերիմներից: Յօդուածագրի դիրքն ինքնին յուշում է յօդուածում հնչած մտքերի կարեւորութեան մասին:

Ձեզ Քարտ Պլանշ Չենք Տուել

Այն, ինչ այժմ տեղի է ունենում Իրանի հիւսիսարեւմտեան սահմաններին, Միացեալ Նահանգների, Թուրքիայի, Ազրպէյճանի, Հայաստանի եւ Իսրայէլի միջեւ անտեսանելի դաշինքի ձեւաւորում է, որի նպատակն է աշխարհաքաղաքական տեղաշարժ առաջացնել Իրանի եւ Ռուսաստանի դէմ` ռազմավարական հետեւանքներով: Այս կապակցութեամբ կան մի քանի դիտարկումներ.

1.- Ազրպէյճանի Հանրապետութեան ռազմական ուժերը փակել են Գորիս-կապան Ճանապարհը Հայաստանում եւ թոյլ չեն տալիս իրանական բեռնատարներին անցնելու Հայաստանով, ինչը Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան ոտնահարում է, եւ եթէ այն շարունակուի, ի վերջոյ կը նուազեցնի Իրանի դերը տարածաշրջանում: Միեւնոյն ժամանակ հիւսիսային սահմաններին լարուածութիւնը կարող է տարածուել մինչեւ Կասպից ծովի աւազանը:

Այս փոխազդեցութիւններին զուգահեռ,  զանգուածային լրատուամիջոցները եւ ոչ պաշտօնական շրջանակները, որոնք իրականում Ազրպէյճանի Հանրապետութեան պաշտօնական տեսակէտն են արտայայտում, թշնամական եւ նոյնիսկ մանկական բառապաշար են օգտագործում (Իրանի դէմ): Մինչդեռ մենք, նուաստացնել չցանկանալով, չենք կարող համեմատել այս հանրապետութեան չափերը Իրանի չափերի եւ այն ամէնի հետ, ինչը չափում է աշխարհագրական միաւորը: Որովհետեւ դա փղի եւ մրջիւնի համեմատութիւն է: Հետեւաբար կարելի է եզրակացնել, որ այս բոլորի ետեւում կայ չարամիտ մի հոսանք, որն Ազրպէյճանի Հանրապետութիւնում ոմանց թոյլ է տալիս յոխորտալ:

2.- Իրանի եւ Հայաստանի միջեւ 21 քմ սահմանի վերացում, որը հաւանաբար, տեղի կ՛ունենայ Հայաստանի Սիւնիքի մարզի Ազրպէյճանին յանձնումով, բարդացնելու է Իրանի աշխարհաքաղաքական դիրքը Կովկասում: Հաշուի առնելով Թուրքիայի ցեղապաշտական հակումները եւ Կասպից ծովի արեւելեան ու արեւմտեան ափերի նկատմամբ նրա նկրտումները, ինչպէս նաեւ` վերջին երեք տասնամեակների ընթացքում Իսրայէլի ազդեցութիւնը Ազրպէյճանի եւ Հայաստանի հանրապետութիւններում, որն ունի նաեւ ռազմական բնոյթ եւ այս տխրահռչակ վարչակարգին վերածել է վերոնշեալ հանրապետութիւնների զէնքի գլխաւոր մատակարարներից մէկին, ինչպէս եւ նոյնիսկ, ամերիկեան զէնքի վաճառքը դրանց պայմանաւորուած է այդ վարչակարգին (Իսրայէլ) ռազմական գնումներով եւ հաշուի առնելով Իրանի Իսլամական Հանրապետութեան սահմաններին ճգնաժամ ստեղծելու Միացեալ Նահանգների լուրջ ջանքերը, Իրանի հիւսիսային սահմաններում աշխարհաքաղաքական զարգացումների վրայ աչք փակելը, լուրջ մարտահրաւէրներ եւ սպառնալիքներ կ՛առաջացնեն մեր երկրի համար: Հետեւաբար պէտք չէ թոյլատրուի, որ Ազրպէյճանի Հանրապետութիւնը մեկնաբանի այս անհամաչափ եւ դաւադրական զարգացումները «երկու պետութիւնների միջեւ համաձայնութիւն» սահմանումով եւ յաւակնի այս հարցում սեփական ինքնիշխանութեան դրսեւորմանը: Որովհետեւ բարիդրացիական յարաբերութիւնները եւ երրորդ կողմի շահերը, որոնք միջազգայնօրէն ընդունուած սկզբունք են եւ ամրագրուած են բոլոր հռչակագրերում, այստեղ լիովին խախտուած են:

Երկար ժամանակ է, ինչ Միացեալ Նահանգները ձգտում է տարածաշրջանի որոշակի շրջանում աշխարհքաղաքական առանցքային փոփոխութիւններ իրականացնել եւ այնուհետեւ այն կեանքի կոչել տարածաշրջանի այլ հատուածներում: Ուստի, եթէ այստեղ փոփոխութիւններ տեղի ունենան, ապա ամբողջ տարածաշրջանը բախուելու է աշխարհաքաղաքական սպառնալիքների:

3.- Այս ընդհանուրի պարունակում Հայաստանի կառավարութիւնը եւ անձամբ Փաշինեանը, որը նախորդ կառավարութեան համեմատ համարւում է արեւմտամէտ, միացել է Միացեալ Նահանգներ-Թուրքիա նախագծին` յոյս ունենալով, որ քաղաքական եւ տնտեսական օգուտներ կը ստանայ, մինչդեռ սա դաւաճանութիւն է երկրին:

Փաշինեանի կառավարութիւնը, կառչելով Միացեալ Նահանգների եւ Թուրքիայի խոստումներից առ այն, որ եթէ Սիւնիքի մարզը զիջի Ազրպէյճանին, ապա կարող է խաղաղ եւ սերտ յարաբերութիւններ ունենալ Ազրպէյճանի Հանրապետութեան եւ Թուրքիայի հետ` Սիւնիքի փոխարէն ստանալով ԼՂՀ-ն, միացել է այս դաւադիր ծրագրին` յոյս ունենալով ամրապնդել սեփական իշխանութիւնը:

Սա` այն դէպքում, երբ հայերի եւ թուրքերի միջեւ կան հարիւրամեայ հարցեր, որոնք չեն կարող լուծուել մէկ քաղաքական համաձայնութեամբ եւ, միւս կողմից, այս պարունակում Հայաստանը տալիս է աշխարհաքաղաքական նշանակութեան երկու կէտ` ստանալով իրագործման որեւէ երաշխիք չունեցող խոստում` ամրապնդելու այն աշխարհագրական դիրքը, որն արդէն ունի: Այս գործարքում Հայաստանը կորցնում է իր հարեւանութիւնն Իրանի հետ, որը կարող է օգտագործել Թուրքիայի, Ազրպէյճանի կամ Վրաստանի կողմից սպառնալիքի դէպքում ու, նաեւ, թշնամուն է զիջում ռազմավարական նշանակութեան մի մարզ, որն ունի տարանցիկ նշանակութիւն: Մինչդեռ այս աշխարհաքաղաքական եւ աշխարհառազմավարական վնասը չի կարող փոխհատուցուել որեւէ տնտեսական կամ քաղաքական խոստումով: Հայաստանն, ի դիմաց, ստանում է հիւսիսային Ղարաբաղի (ԼՂՀ-ի տարածքի 1/3-րդ մասը) կայացման խոստումը, մինչդեռ, երբ Սիւնիքն ամրագրուի որպէս Ազրպէյճանի Հանրապետութեան նահանգ, ապա հիւսիսային Ղարաբաղի վրայ Պաքուի յարձակումն անխուսափելի է լինելու, եւ Հայաստանը հեշտութեամբ կորցնելու է հայաբնակ այս տարածքը եւ ամբողջութեամբ ու վերջնականապէս շրջափակուելու է թշնամիներով:

Փաստօրէն Փաշինեանը իրականացնում է պատմական դաւաճանութիւն եւ մշտական ճգնաժամ` Հայաստանի Հանրապետութեան դէմ:

4.- Շատ վերլուծաբաններ պնդում են, որ Էրտողանն ու իր կուսակցութիւնը, իսլամիստական եւ ռուսոֆիլական խուսանաւումների ժամանակաշրջանից յետոյ, աստիճանաբար ցոյց են տալիս իրենց իրական դէմքը, որը ոչ մի կապ չունի իսլամիզմի կամ արեւելասիրութեան հետ: Այս տեսարանում թուրքական կառավարութիւնը` որպէս ՕԹԱՆ-ի անդամ, իրականում իրականացնում է աւանդական առաքելութիւնը` եւրոպա-ամերիկեան այս դաշնագրի ազդեցութիւնը տարածել ինչպէս Ռուսաստանի, այնպէս էլ Իրանի ազդեցութեան տիրոյթների` այսինքն Կենտրոնական Ասիայի վրայ: Իսկ այս ընթացքում, Միացեալ Նահանգներն, յենուելով Ռեճեփ Թայիփ Էրտողանի ցեղապաշտական գաղափարների վրայ եւ փաստօրէն շահագործելով նրան` փորձում է ռազմավարական դիրքի հասնել Կասպից ծովի արեւմուտքում եւ, իրականում, Հարաւային Կովկասում: Միացեալ Նահանգները,  ընդլայնելով գաղտնի յարաբերութիւնները Ազրպէյճանի ու Հայաստանի Հանրապետութիւնների հետ, եւ ժամանակաւորապէս լուծելով նրանց միջեւ թշնամական յարաբերութիւնները (Ազրպէյճանին ժամանակաւոր զսպման եւ Հայաստանին գայթակղման մեթոդով), ձգտում է թուլացնել իր երկու թշնամիների (Իրանի եւ Ռուսաստանի) դիրքերը Հարաւային Կովկասի տարածաշրջանում եւ Կասպից ծովի արեւմտեան ափին:

Այս պարունակում Միացեալ Նահանգներ ուղղակի եւ ակնյայտ ներկայութեան փոխարէն`  օգտագործում է Իսրայէլի մօտ 30 տարուայ անվտանգային յարաբերութիւնների ներուժը Ազրպէյճանի եւ Հայաստանի հանրապետութիւնների հետ: Թէեւ ստոյգ տուեալներ չկան, սակայն բազմաթիւ զեկոյցներ վկայում են Իսրայէլի վարչակարգի յատկապէս Ազրպէյճանի Հանրապետութիւնում անվտանգային աճող ներկայութեան մասին, որը կենտրոնացած է «Կապալայի օդուժի խարսխի» առանցքի շուրջ: Ազրպէյճանում Իսրայէլի անվտանգութեան ուժերի թիւը 500-ից 1000 է, մինչդեռ այս յանցաւոր վարչակարգը վերջին տասնամեակում զգալի ազդեցութիւն է ձեռք բերել Ազրպէյճանի Հանրապետութեան եւ Իլհամ Ալիեււի ընտանիքի վրայ: Այնպէս որ, սիոնիստ առաջնորդները Ազպէյճանն անուանել են «Իսրայէլի Լիբանան» եւ յայտարարել, որ այս կերպ իրենք կարող են Իրանի Իսլամական Հանրապետութեանը ներգրաւել սահմանների անվտանգութեան երկարաժամկէտ մարտահրաւէրի դաշտ եւ նուազեցնել նրա ազդեցութիւնը տարածաշրջանում: Ի հարկէ պարզ է, որ այդ պնդումները սկզբունքօրէն հեռու են իրականութիւն դառնալու հնարաւորութիւնից:

5.- Թուրքիայի եւ Ազրպէյճանի կառավարութիւնները մեծ ռիսքերի են դիմում, որոնք կարող են առաջինը հէնց իրենց ներքաշել գոյութեան ճգնաժամի մէջ: Ալիեւի կառավարութիւնը վեց միլիոն շիայ բնակչութեան դէմ յանդիման է կանգնած, որոնք, անկասկած, սերտօրէն կապուած են շիայական կենտրոնի (Իրան) հետ, իսկ Էրտողանի կառավարութիւնը Թուրքիայում` մօտ 23 միլիոն ալեւիի շիայի: Իրանի Իսլամական Հանրապետութիւնը երբեք չի ցանկացել օգտագործել այդ հնարաւորութիւնները` Էրտողանին կամ Ալիեւին պատժելու համար: Ի տարբերութիւն նրանց, եւ հիմնուելով մեր բարոյական սկզբունքների վրայ, մենք մշտապէս յարգել ենք բարիդրացիական յարաբերութիւններն այն աստիճան, որ երկու անգամից աւելի փրկել ենք այս երկու ընտանիքների իշխանութիւնը կործանումից:

Իլհամ Ալիեւը, անշուշտ, յիշում է, որ Իրանի եւ Ռուսաստանի անվտանգութեան համատեղ համագործակցութիւնը տապալեց Ճորճ Սորոսի գլխաւորած` Ազրպէյճանի կառավարութեան դէմ ամերիկեան թաւշեայ յեղափոխութիւնը, եւ, հիմնականում, ձախողեց տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի կառավարութիւնների փոփոխութեան ամերիկեան նախագիծը: Էրտողանը եւս յիշում է, որ Իրանն ու զօրավար Սոլէյմանիի անձն էին, որ կանխեցին Միացեալ Նահանգների աջակցութեամբ իր եւ իր գլխաւորած կուսակցութեան դէմ յեղաշրջումը: Այնպէս, որ, մենք ոչ միայն երբեք որեւէ գործողութիւն չենք ձեռնարկել Թուրքիայի եւ Ազրպէյճանի կառավարութիւնների դէմ, այլ, ընդհակառակը, միշտ աջակցել ենք նրանց:

Թէ՛ Էրտողանը, թէ՛ Ալիեւը գիտեն, որ Իրանի ձեռքերը փակ չեն այս դաւադրութիւնը տապալելու համար, եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան մատի մէկ շարժումը կարող է նրանց համար ցաւալիօրէն տապալել այս դաւադրական նախագիծը:

Իրանի հիւսիսային սահմանին տեղի ունեցող իրադարձութիւններից ամերիկա-իսրայէլական դաւադրութեան հոտ է գալիս, որոնցում Էրտողանը մի կերպ, իսկ Ալիեւը` մէկ այլ կերպ, խաղի են բռնուել: Բայց սա խաղ չէ Իրանի եւ Ռուսաստանի համար, որը կարող են անտեսել: Նրանք (Ալեւը եւ Էրտողանը) պէտք է իմանան, որ «եղբայրներին յարգելը» Էրտողանին եւ Ալիեւին տրուած քարտ պլանշ չէ:

 

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )