«Հայոց Ցեղասպանութիւն. Նախերգանք Եւ Յետգրութիւն: Հաղորդումներ Ամերիկեան Մամուլում (1890-1922 Թթ.)» (Գրքի Առաջին Հատորի Ամփոփ Վերլուծութիւն)

 

ՀԱՅԿ ՄԿՐՏՉԵԱՆ, ասպիրանտ
Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկ

Հասարակութեան լայն շրջանակներին հերթական անգամ առիթ ունենք ներկայացնելու աւստրալահայ գրականագէտ, հասարակական գործիչ Արա Քեթիպեանի կազմած «Հայոց ցեղասպանութիւն. նախերգանք եւ յետգրութիւն: Հաղորդումներ ամերիկեան մամուլում (1890-1922 թթ.)» երկհատոր ծաւալուն աշխատութիւնը:

Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրմամբ զբաղուող ցանկացած մասնագէտի եւ ազատ հետազօտողի համար այժմ հասանելի են վերոնշեալ ժամանակաշրջանում աշխարհի ամենահեղինակաւոր պարբերականներից մէկում հրատարակուած իրադարձութիւնների մասին հազարաւոր հաղորդումները, որոնք համակողմանիօրէն լոյս են սփռում տեղի ունեցած քաղաքական, տնտեսական, ընկերային-մշակութային զարգացումների վրայ:

Հիմնադրուած լինելով 1877 թուականին` «Տը Ուաշինկթըն փոսթ»-ը եղել եւ մնում է Միացեալ Նահանգներում նորութիւնների տարածման ամենաազդեցիկ եւ վստահելի տեղեկատուական աղբիւրներից մէկը: Այն մշտապէս արտացոլել եւ արտացոլում է Միացեալ Նահանգների ներքին եւ արտաքին քաղաքականութիւնը: Պարբերականը տեղեկատուութեան վստահելի աղբիւր է համարել Միացեալ Նահանգների ողջ հասարակութիւնը` սովորական  քաղաքացուց մինչեւ ամենազդեցիկ քաղաքական գործիչները, որոշում կայացնողները, հասարակական եւ բարեգործական կազմակերպութիւնները: Այստեղ հրատարակուած փաստերն ու վերլուծութիւններն ուղղակի եւ անուղղակի ազդեցութիւն են գործել բազմաթիւ իրողութիւնների հետագայ ընթացքի վրայ: Պարբերականում ներկայացուել են ժամանակի ազդեցիկ դիւանագէտների տեսակէտերը, պատմաքաղաքական վերլուծութիւնները, տարաբնոյթ իրադարձութիւններին առնչուող վկայութիւնները, մշակութային հաղորդագրութիւնները: Այդ ամէնը նպաստում էր տուեալ երեւոյթի, երկրի, ժողովրդի նկատմամբ ձեւաւորուող ամերիկացի ժողովրդի վերաբերմունքին, հնչեցուած խնդիրներին սատարելու ցանկութեանն ու գործընթացին, որի խօսուն ապացոյցներից էր նաեւ Հայոց ցեղասպանութեանն առնչուող տեղեկատուութեանը հետեւող արձագանգը:

1890-1922 թթ. «Տը Ուաշինկթըն փոսթ»-ի հաղորդումները մանրակրկիտ լուսաբանել են տարբեր ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարի ձգտումները, դրան հասնելու մօտեցումներն ու ռազմավարութիւնը: Այդ շարժումն ու նկրտումներն ամէն կերպ ճնշելու, արտաքին ուժերից թաքցնելու հարցում կայսրութիւնները չէին զլանում դիմել ամենադաժան միջոցների: Այս հարցում, թերեւս, բացարձակ առաջատարներից էր Օսմանեան կայսրութիւնը` յատկապէս երկրի քրիստոնեայ ազգաբնակչութեան հանդէպ իրականացուող, մեղմ ասած, խտրական քաղաքականութեամբ: Այդ տարիներին հրատարակուող «Տը Ուաշինկթըն փոսթ»-ի հաղորդումները յստակ արտացոլում էին ամերիկեան ժողովրդի վերաբերմունքն Օսմանեան կայսրութեան ցեղասպան քաղաքականութեան եւ հայ ժողովրդի բռնի տեղահանութիւնների  նկատմամբ: Հանրութեան կարծիքն ու բողոքն արտայայտւում էին բռնաճնշումների, կոտորածների դադարեցման եւ միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտաւորութիւնների իրականացմանն ուղղուած տարբեր կոչերով եւ գործողութիւններով: Պարբերականի հաղորդումներում տեղ է գտել անգամ Միացեալ Նահանգների նախագահ Թէոտոր Ռուզվելթի մեղադրանքը` Վուտրօ Ուիլսընին չէզոքութիւն պահպանելու վտանգաւոր քաղաքականութեան առնչութեամբ:

Մեր խնդրոյ առարկայ Արա Քեթիպեանի գրքի նախաբանում թուրքական քաղաքականութեան խորքային պատճառներին անդրադարձ է կատարել Ուաշինկթընի հայկական ազգային հիմնարկի ներկայացուցիչ Ռուբէն Ադալեանը: Նա իրաւամբ նկատել է, որ ինչպէս Օսմանեան կայսրութեան քրիստոնեայ այլ բնակիչների, այնպէս էլ հայերի հանդէպ խիստ խտրական քաղաքականութիւն էր իրականացւում: Այն յստակ արտայայտւում էր մի շարք օրէնքներով ու գործողութիւններով. ինչպէս քրիստոնեաների զէնք կրելու իրաւունքի արգելքը, դատարաններում որպէս վկայ հանդէս գալու իրաւունքից զրկուած լինելը եւ խիստ դաժան ու բազմաբնոյթ հարկային քաղաքականութիւնը: Այս առումով, ուշագրաւ են հարկային քաղաքականութեան վերաբերեալ «Տը Ուաշինկթըն փոսթ»-ի առանձին համարներում լոյս տեսած հաղորդումները, որտեղ մանրամասնօրէն բնութագրւում են հարկերի տեսակները, ձեւերը, հաւաքման եղանակները եւ ազգաբնակչութեան վրայ դրանց ազդեցութեանն առնչուող խնդիրները: Ըստ այդմ, քրիստոնեաները զրկուած էին պետական կառավարման եւ զինուորական կառոյցներում ներգրաւուելու իրաւունքից եւ կարող էին զբաղուել միայն մասնաւոր առեւտրային, ֆինանսական, գիւղատնտեսական գործունէութեամբ: Գիւղատնտեսութեան հետ կապուած եւս կային բազմաթիւ խնդիրներ, յատկապէս` տարբեր նշանակութեան հողերի օգտագործման իրաւունքի տեսանկիւնից: Որպէս հանրային բարիք արտադրող ազգաբնակչութիւն` հայերը յաճախ ստիպուած էին լինում կեանքի համար վտանգաւոր իրավիճակներում լքել իրենց բերրի, այգեգործական հողերը` թողնելով քոչուոր անասնապահութեամբ զբաղուող թուրք-քրտական խմբերին եւ վերաբնակուել կայսրութեան այլ, ոչ բարենպաստ տարածքներում: Այս իրողութիւնը, բնականաբար, նպաստում էր ժողովրդագրական կազմի իրական պատկերի ձեւախեղմանն ու ցեղային բնակչութեան թուի բեւեռների փոփոխութեանը: Դրա շնորհիւ մէկ այլ իրողութեան ձեւաւորման հիմք էր ստեղծւում: Ինչպէս ամերիկեան պարբերականն է նշում, Օսմանեան կայսրութիւնում հայերը ամենաարագն էին ընկալում եւ տիրապետում արդիւնաբերական յեղափոխութեան գաղտնիքներին ու գործիքներին, որի շնորհիւ կարողանում էին ստեղծել ազգային-ազատագրական պայքար իրականացնելու այլ ձեւեր, ինչպէս, օրինակ, տպարան հիմնելն ու տպագիր տեղեկատուութեան տարածելը կայսրութեան տարբեր հատուածներում: Ուշագրաւ է, որ միջազգային պարբերականը եւս անդրադառնում է այն հանգամանքին, որ հայերը պատժւում էին նաեւ գրաճանաչութեան համար:

Թէեւ գրքի միայն առաջին հատորը 25 տարի անընդմէջ տպագրուած հաղորդումների շարք է ընդգրկում, այսուհանդերձ, հարկ ենք համարում առանձնացնել եւ անդրադառնալ տարբեր տարիներին լոյս տեսած մի քանի առանցքային յօդուածների, որոնց շուրջ էլ կը փորձենք ներկայացնել մեր մեկնաբանութիւններն ու վերլուծութիւնները:

1890 թ. յունուար-դեկտեմբեր ամիսներին լոյս տեսած հաղորդումներից առանձնացրել ենք երկուսը: Ապրիլի 5-ին հրապարակուել է ամերիկացի ճանապարհորդ, Ազգային ճանապարհորդական միութեան անդամ Ռոպերթ Սթէյնի դասախօսութիւնը Հայաստանի մասին: Նա հետաքրքիր փաստեր է ներկայացրել Օսմանեան կայսրութեան քրիստոնեաների, մասնաւորապէս հայերի կրած հալածանքների, հարկային քաղաքականութեան, աղջիկների առեւանգման եւ այլ երեւոյթների մասին: Ընդ որում, աղջիկների, ինչպէս նաեւ երեխաների առեւանգումը թուրքերի եւ քրտերի շրջանում յայտնի «մարզաձեւ» էր համարւում: Թուրքական պահանջարկը բաւարարելու համար տարեկան 20.000 երեխայ էր առեւանգւում:

Մէկ այլ յօդուածով պարբերականը բարձրաձայնում է Պերլինի պայմանագրով քրիստոնէահպատակ ազգութիւնների, այդ թւում` հայերի հանդէպ սուլթանի ստանձնած պարտաւորութիւնները չկատարելը եւ բնակչութեան նկատմամբ շարունակուող հալածանքները դիմադրութեան եւ ապստամբութեան պատճառ էին դառնում:

1891 – 1892

Թէեւ 1891-1892 թթ. պարբերականում լոյս տեսած յօդուածների քանակը զիջում է հետագայ տարիներին հրատարակուածներին, սակայն շատ հետաքրքիր տեղեկութիւններ են հաղորդւում Ամերիկայի քաղաքացիական պատերազմում հայերի դերի ու մասնակցութեան մասին: Օրինակ, յօդուածագիրը նշում է, որ երբ սկսուեցին քաղաքացիական բախումները, տասը անձից բաղկացած հայկական համայնքից վեցը մասնակցում էր պատերազմին:

1893

1893 թ. հաղորդումներում, ի թիւս մշտապէս արծարծուող թեմաների, հետաքրքիր է աշխարհահռչակ ծովանկարիչ Յովհաննէս Այվազովսկու մասին յօդուածը, որտեղ նա ներկայացւում է իբրեւ ժամանակի բացառիկ վարպետներից մէկը, որի կտաւները ցուցադրւում են ոչ միայն ռուսական ցարի եւ տաճկական սուլթանի պալատներում, այլեւ` ժամանակի նշանաւոր պատկերասրահներում:

Մէկ այլ յօդուածում Ուաշինկթընի գրական շրջանակներում յայտնի գիտնական Համբարձում Տէր Կարապետեանը պարբերականին տուած հարցազրոյցում բարձրաձայնում է քրիստոնեաների հանդէպ իրականացուող հալածանքների մասին, որոնցից յատկապէս առանձնացնում է արական սեռի ներկայացուցիչների դիմաց գանձուող պարտադիր հարկատեսակը: Վերջինս նաեւ անդրադառնում է օտարերկրեայ միսիոնարների գործունէութեանը` այն համարելով հայ քրիստոնեաների միասնականութիւնը խաթարող լուրջ գործօն:

Կարեւոր է ընդգծել, որ չնայած Ամերիկայում հայկական համայնքը նոր էր ձեւաւորւում, այնուամենայնիւ արդէն փորձեր էին արւում ամերիկեան հասարակութեան ուշադրութիւնը հրաւիրելու դէպի հայրենազրկուած ու ծանրագոյն վիճակում յայտնուած հայերի ճակատագրին: Սա կարելի է դիտարկել իբրեւ Հայկական հարցի ուղղութեամբ իրականացուող լոպիստական գործունէութեան ամենասկզբնական փուլը:

1894

1894 թ. «Տը Ուաշինկթըն փոսթ»-ի հաղորդումները փորձել ենք դիտարկել մի քանի տեսանկիւնից.  առաջինը, որ նկատելի է բազմաթիւ յօդուածներում, Միացեալ Նահանգների քաղաքացիութիւն ստացած հայերի ձերբակալումներն էին Օսմանեան կայսրութիւն վերադառնալուն պէս: Այդ ձերբակալութիւններն, անկախ քաղաքացիների ծագումից, լուրջ անհանգստութիւնների տեղիք էին տալիս Միացեալ Նահանգների քաղաքական եւ հասարակական գործիչների շրջանում: Ամերիկացիները սպառնում էին նոյնիսկ ռազմանաւեր ուղարկել իրենց քաղաքացիների պաշտպանութեան համար: 1894 թ. հոկտեմբերի 30-ի համարում խմբագիր Ճուլիա Հովն անդրադառնում է հայերի արտագաղթի եւ օսմանեան քաղաքացիութիւնից հրաժարուելու հիմնական պատճառներին, հակադրւում օսմանեան իշխանութեան պնդումներին, թէ Թուրքիան հանդուրժողականութեան օրինակ է, եւ խօսք չի կարող լինել հայերի նկատմամբ հետապնդումների մասին: Ըստ նրա, օսմանեան տեսակէտը, թէ ամերիկեան քաղաքացիութիւն ստացած հայերը յեղափոխականներ են, իրականութեան հետ որեւէ աղերս ունենալ չի կարող: Իսկ ամերիկա-թուրքական յարաբերութիւններում անհրաժեշտ է այնպիսի համաձայնագիր կնքել, որը չի խոչընդոտի այդ մարդկանց մուտքը կայսրութիւն:

1894 թ. պարբերաբար տեղեկութիւններ են տպագրուել նաեւ Սասունում կազմակերպուած հայ բնակչութեան կոտորածների վերաբերեալ: Կարծիքներ են հնչեցուել նաեւ այդ դէպքերն ուսումնասիրելու նպատակով աշխատանքային խումբ ձեւաւորելու բարդ, երկարատեւ եւ անօգուտ աշխատանքների մասին: Սասունի դէպքերի բացայայտման օգտին իր անթաքոյց հետաքրքրութիւնն է ցուցաբերել նաեւ ամերիկեան կառավարութիւնը: Պարբերականի նոյն թուականի դեկտեմբերի 10-ի համարում հրատարակուել է Միացեալ Նահանգների նկատմամբ ֆրանսական դիւանագիտութեան հեգնական դիրքորոշումը, նշելով, որ որոշակի միտումներ կան ենթադրելու, թէ Ամերիկան ցանկանում է դառնալ «Եւրոպայի 7-րդ գերտէրութիւնը»:

1895 – 1896

1895-96 թթ. հաղորդումները բազմաբնոյթ են քաղաքական իրադարձութիւնների, աշխարհաքաղաքական շահերի, մարդասիրական աջակցութեան ծաւալների մեծացման, շարունակուող եւ նոր տարածքներ ու ծաւալներ ընդգրկող կոտորածների մասին: 1896 թ. ընթացքում առանձնայատուկ ուշադրութեան են արժանանում Կարմիր խաչի կողմից իրականացուող մարդասիրական գործունէութեան ընթացքն ու ազդեցութեան աշխարհագրութիւնը: Մարդասիրական աջակցութեան օգտին էին հանդէս գալիս հասարակ ամերիկացիներն ու ժամանակի ազդեցիկ քաղաքական գործիչները: Նման լայնածաւալ գործունէութիւնն ամբողջութեամբ համակարգում էր Կարմիր խաչի հիմնադիր նախագահ տիկին Քլարա Պարթոնը, որի շնորհիւ Միացեալ Նահանգների բազմաթիւ մեծ ու փոքր քաղաքներում հսկայական գումարներ էին հաւաքւում եւ տուժածներին օգնելու նպատակով բժիշկների խմբեր կազմւում: Յատկապէս մասնագիտական ներուժի` բժիշկների խմբերի գործուղումն Օսմանեան կայսրութիւն` զգալի աջակցութիւն էր տարբեր պատճառներով առողջական ծանր վիճակում յայտնուած բնակչութեան կարիքները հոգալու համար: Մի շարք հաղորդումների հաւաստմամբ, Օսմանեան կայսրութիւնը փորձ էր անում ամէն կերպ խոչընդոտել մարդասիրական առաքելութեան ժամանումը: Պատճառն առաքելութեան գործունէութեան լայն աշխարհագրութիւնն էր, որի միջոցով կարող էին բացայայտուել հայերի դէմ բռնութիւնների իրական վիճակն ամէն գնով թաքցնելու կայսրութեան ծրագիրները: Չնայած հետագայում, տիկին Պարթոնի վկայութեամբ, մարդասիրական առաքելութիւնը Կ. Պոլսում բաւականին լաւ ընդունելութեան էր արժանացել եւ յաջողութեամբ իրականացրել ստանձնած խնդիրները` խտրականութիւն չդնելով հայերի կամ թուրքերի, մահմետականների կամ քրիստոնեաների միջեւ: Այնուամենայնիւ, պէտք է նշենք, որ մարդասիրական գործունէութիւնը երբեմն նաեւ վնասակար ազդեցութիւն էր ունենում: Յաճախ հաւաքուած կանխիկ գումարն օգնութեան  նպատակով բաժանւում էր քրիստոնեաներին եւ այդ մասին լաւ տեղեկացուած քրտական խմբաւորումներն ու թուրք հարկահաւաքները նրանց կրկին կողոպտելու հնարաւորութիւն էին ստանում: Հալածանքներից եւ թալանից զատ` պարբերականի համարներում ներկայացւում էին նաեւ արժանապատուութիւնը պաշտպանող կանանց հերոսական պայքարի դրուագներ, անհաւասար ապստամբութեան վերաբերեալ տեղեկութիւններ, ինչպէս նաեւ` կայսրութեան մայրաքաղաքում օտարերկրեայ դիւանագիտական ներկայացուցչութիւնների ուշադրութիւնը գրաւող տարբեր ցոյցերի կազմակերպման դրուագներ:

Երիտթուրքերի կողմից իրականացուած յեղափոխութիւնից շատ չանցած, 1909 թուականին, քրիստոնեաների զանգուածային սպանութիւններ ու տեղահանութիւն է սկսւում նաեւ կայսրութեան միջերկրածովեան հատուածներում, մասնաւորապէս` Ատանայում, Հաճընում, Մերսինում: Տեղի ունեցած կոտորածների պատճառով զոհերի թիւն անցնում էր տասնեակ հազարները: 1909 թ. ապրիլի 17-ից սկսած` ամէն օր նոր կոտորածներ էին կազմակերպւում: Ատանայի զանգուածային ջարդերի, մարդկանց խոշտանգումների, քաղաքի հրկիզման եւ դրան յաջորդած ծանրագոյն իրավիճակի մասին պարբերականին պատկերաւոր տեղեկութիւններ էր փոխանցել միսիոնարական ներկայացուցչութեան անդամներից տիկին Քրիստին` նկարագրելով տարբեր տարիքային խմբերի մօտ յայտնաբերուած հրազէնային վնասուածքներն ու այրուածքները: Ապաստան գտնելով միսիոնարական առաքելութիւն իրականացնող կազմակերպութիւնների եւ անհատների տներում` ականատեսը հաղորդում էր, որ հազիւ էին կարողանում զսպել մարդկանց տառապանքների, լացի ձայները, որոնց աչքի առաջ հրկիզւում էին տներն ու խոշտանգւում հարազատները: Տիկին Քրիստին նշում է, թէ իրենք չէին կարող պատկերացնել, որ Նիւ Եորքից ստացուած դեղորայքն այդքան շուտ կարող էր սպառուել: Ատանայում, Մերսինում եւ այլուր տեղի ունեցած կոտորածների վկաներ են դարձել նաեւ եւրոպական տէրութիւնների, մասնաւորապէս իտալական ռազմանաւերի ծառայողները, որոնք գետի հունով դէպի բաց ծով թափուող անթիւ դիակներ էին տեսնում:

Պարբերականի 1914 թ. յօդուածներում հիմնականում անդրադարձ էր կատարւում ժամանակի գերտէրութիւնների ձեռնարկած գործողութիւնների, պատերազմին նախապատրաստուելու վերաբերեալ: Մասնաւորապէս նշւում էր, որ Թալէաթի հրահանգով բռնի ուժով հաւաքագրւում եւ ռազմաճակատ էին ուղարկւում չափահաս տարիքի բոլոր տղամարդիկ:

Գրքի վերջին բաժնում զետեղուած յօդուածներն ու տեղեկութիւնները փաստում էին 1915 թ. իրադարձութիւնների` կայսրութեան տարբեր հատուածներում կազմակերպուող զանգուածային ջարդերի, բռնագաղթի, դրանց ծաւալների, իրականացման մեթոտների եւ ձեւերի դաժանութիւնների մասին: Իսկ յօդուածներից մէկում փորձ էր արւում բնութագրել թուրքի անհատական եւ հաւաքական կերպարները` որպէս վատ կառավարիչ, ոչ բարենորոգիչ եւ բացասական այլ յատկանիշներով: Թուրքը ներկայացւում էր իբրեւ «պատմական անոմալիա»: Հեղինակի բնութագրմամբ` իբրեւ անհատ, նա շատ սիրալիր է, բայց բաւական է մի փոքր իշխանութիւն տալ` դառնում է անկառավարելի:

Կարեւոր տեղեկութիւններ են գրանցուել նաեւ 1915 թ. զանգուածային բռնութիւնների կանխարգելման հարցում դեսպան Մորկենթաուի գործադրած հսկայական ջանքերի վերաբերեալ: Յատկապէս շեշտւում է ողջ մնացած հայերին Ամերիկա տեղափոխելու նպատակով գումար հաւաքելու խնդիրը: Հայ բնակչութեանը կոտորածից փրկելու մէկ այլ դրուագ է նկարագրւում 1915 թ. դեկտեմբերի 26-ի համարում, որտեղ ներկայացւում են Մուսա Լերան 40-օրեայ հերոսամարտն ու շրջապատուած լերան տարածքից 4000 հայերի փրկութիւնը:

Այսպիսով, պարբերականի հրապարակումները եւս փաստում են, որ Թուրքիային յաջողուեց Ա. Աշխարհամարտի քողի ներքոյ աւարտին հասցնել դեռեւս 1894-1896 թթ. սկսած ցեղային հայ բնակչութեան եւ նրա ստեղծած մշակութային ժառանգութեան ցեղասպանութիւնն ու բռնի տեղահանումը, որի պատճառով զոհուեց աւելի քան 1,5 միլիոն մարդ, իսկ հրաշքով կենդանի մնացածները զրկուեցին իրենց պատմական հայրենիքում ապրելու իրաւունքից:

«Հայոց ցեղասպանութիւն. նախերգանք եւ յետգրութիւն: Հաղորդումներ ամերիկեան մամուլում (1890-1922 թթ.)», «Ուաշինկթըն Փոսթ»-ի երկրորդ հատորն ընդգրկում է 1916-1922 թթ. իրադարձութիւնների վերաբերեալ համակողմանի տեղեկութիւններ ու մեկնաբանութիւններ, իսկ 1922 թ. դեկտեմբերի 31-ի համարի վերջին նախադասութիւնը կ՛ուզենայինք ներկայացնել առանց թարգմանութեան.

… Armenia has disappeared, absorbed by Turkey.

Such has been the world in 1922.

 

 

CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )