Զէնքը` Լուսանկարչական Գործիք. Դաւիթ Ղահրամանեան

Զրուցեց` ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆԸ

Պատերազմի գոյները լուսանկարների միջոցով աշխարհին ցուցադրած լուսանկարիչ, դերասան Դաւիթ Ղահրամանեանը «Ապառաժ»-ի հետ զրոյցում պատմում է 44-օրեայ պատերազմում իր ապրումների, արած հետեւութիւնների եւ ապագայ ծրագրերի մասին: Պատերազմին լուսանկարչական ոսպնեակով մասնակցած Դաւիթը որոշել է դերասանական գործունէութիւնն աւարտել ու զբաղուել լուսանկարչութեամբ, ֆոթոլրագրութեամբ:

Բոլորս էլ պիտի գնայինք, քանի որ պատերազմ է

Երբ առաջին պայթիւնները Ստեփանակերտում եղան, այդ ժամանակ քնած էի: Կինս արթնացրեց, ասաց, որ ձայներ են լսւում: Միանգամից հասկացայ, որ պատերազմ է սկսուել: Դուրս եկայ պատշգամբ, տեսայ, որ Շօշ գիւղի կողմից, որտեղ զինամթերքի պահեստներն են, ծուխ է ելնում: Հասկացայ, որ պայթեցրել են: Համացանցից փորձեցի լուր իմանալ, այդ պահին յստակ բան չկար, մօտ կէս ժամ յետոյ սկսեցին ինչ-որ բան գրել, Ջալալ Յարութիւնեանի ուղերձը կարդացի, որ պատերազմ է յայտարարուել: Իրերս վերցրի, տնեցիներին հրաժեշտ տուեցի, գնացի Երիտասարդութեան պալատ եւ տեսայ, որ ընկերներս կամաւոր եկել էին:

Լուսանկարը` Ալեքսանդր Խարչենկոյի

Քանի որ կռիւ է, բոլորս էլ պիտի գնայինք: Արդէն պատրաստւում էինք շարժուել դէպի դիրքեր, երբ զանգ ստացայ ԱՀ նախագահի մամուլի խօսնակ Վահրամ Պօղոսեանից, ասաց, որ նախագահի հրամանով որպէս լուսանկարիչ եմ աշխատելու:

Երբ մտածում ես առաջնագծում գտնուողների մասին, քո արածը խաղ ու պար է թւում

Առաջին օրերին ինձ մեղաւոր էի զգում, որ տղաների մօտ չեմ, յատկապէս որ նախապատրաստական դասընթացների ժամանակ նրանց հետ մտերմացել էի: Կողքից շատ էին ասում, որ իմ գործն էլ պակաս կարեւոր չէ: Յետոյ արդէն ես էլ հասկացայ, որ իմ առաքելութիւնը պատերազմի նկարները աշխարհին ցուցադրելն է: Եւ որոշեցի, որ եթէ լուսանկարչութեամբ եմ մասնակցում պատերազմին, ուրեմն պէտք է փորձեմ առաւելագոյնն անել: Աշխատում էի առաջինը լինել դէպքի վայրում եւ հնարաւորինս շուտ լուսանկարները փոխանցել:

Տարօրինակ բան էր հետս կատարւում պատերազմի առաջին օրերին, ես էլ չեմ հասկացել, թէ ինչպէս եմ լուսանկարել պատերազմի հետքերը: Բայց յետոյ, երբ սկսել եմ աւելի սառը դատել, հասկանալ` ի՛նչ է կատարւում, ահաւոր զգացողութիւն ունեցայ: Դժուար էր տեսնել զոհուած համաքաղաքացիներիդ` քո հարազատ քաղաքում, քո հարազատ վայրում: Այդ ժամանակ պահ էր լինում, որ քիչ էր մնում ուշաթափուէի: Օրինակ, մի շէնքի մօտ օդանաւի ռումբի հարուածից յետոյ լուսանկարելուց յանկարծ հասկացայ, որ չորս կողմս մարդու մարմնի տարբեր մասեր են: Գլխիս մէջ ամէն ինչ խառնուեց, բայց կարողացայ ինձ տիրապետել: Երբ կողքիդ արտասահմանից լրագրողներ, նկարողներ են կանգնած, փորձում ես, որպէս տեղացի, արցախցի, քեզ ամուր պահես:

Նոյնը Շուշիում կրկնուեց, Ղազանչեցոցի ռմբակոծութիւնից յետոյ: Այդ ժամանակ եկեղեցուց մի քանի հարիւր մեթր ներքեւ էինք: Դժուար էր քեզ տիրապետելը, երբ հասկանում ես, որ թիրախաւորւում է ուղղակի եկեղեցին: Անջատուած նկարում էի, մարդիկ դես ու դէն էին վազվզում, ինչ-որ բան էին փորձում դուրս հանել: Յետոյ արդէն վերլուծելով ես հասկանում սարսափի աստիճանը: Բայց երբ մտածում ես առաջնագծում գտնուողների մասին, քո արածը խաղ ու պար է թւում:

Ինքս ինձ խոստացել եմ, որ փրկածս Արցախի դրօշը նորից ծածանելու եմ Շուշիում

Ղազանչեցոցի ռմբակոծութեան ժամանակ Շուշիում էինք,  երբ դիմացի շէնքի աւերակների մէջ նկատեցի գետնին ընկած Արցախի դրօշը, այդ տեսարանը յուզմունքս կրկնապատկեց: Պահը շատ վտանգաւոր էր, քանի որ գիտակցում էինք, որ ամենայն հաւանականութեամբ կը լինի երկրորդ հարուած, սակայն դրօշը գետնին թողնել չէի ուզում: Շտապեցի ներս` դրօշը հանելու: Դրօշը ձեռքիս վազում էի դէպի վիրաւոր եկեղեցին եւ ամէն ակնթարթի սպասում էի պայթունի ալիքին, որը ինձ մի կողմ կը շպրտի: Շնչակտուր կանգնած նայում էի հեռուն` հասկանալու համար, թէ որտեղ ընկաւ հրթիռը, ANNA news-ի Ալեքսանդր Խարչենկոն արեց այս լուսանկարը:

Լուսանկարը` Ալեքսանդր Խարչենկոյի

Այնպէս էիր կանգնել, որ չնկարելը մեղք էր, յետոյ ասել է նա:

Թուրքի կեղտոտ մոյկից եւ հայի դաւադրութիւնից փրկուած դրօշը հիմա իմ տանն է: Խոստանում եմ այն մի օր անձամբ ծածանել Շուշիի անպարտ պարիսպներին:

Ետնաբեմում այլ բան էր կատարւում, ինչի մասին հանդիսատեսը տեղեակ չէր

Չգիտեմ, թէ ինչպէ՛ս են կարողացել մեր իշխանութիւնները համոզել, որ կասկածի նշոյլ էլ չկար: Պահեր կային, երբ լսում էի, որ իրավիճակը լաւ չէ: Բայց երբ քո վերնախաւը, զօրավարները, քո նախագահը, վարչապետն ասում են, որ ամէն ինչ լաւ է, մտածում ես, որ սա այն պահը չէ, այն իրավիճակը չէ, որ քեզ խաբեն, որովհետեւ երկրի լինել-չլինելու հարցն է դրուած: Ասում էին` յաղթելու ենք, յաղթում ենք: Ես էլ մի պահ ոգեւորուած էի:

Այլ է հեշթեկներ կարդալ, տարածել, լրիւութեամբ այլ` գնալ մարտական դիրք ու հասկանալ, որ զինուորներն ամէն ինչի պատրաստ են այս հողի համար: Նրանք են ինձ աւելի շատ յոյս տուել ու իմ վստահութիւնը նրանցից էր բխում: Բայց պարզւում է, որ նրանց էլ են յուսախաբ արել, իրենք էլ չէին հասկանում` ի՛նչ է կատարւում:  Բայց փաստօրէն ետնաբեմում այլ բան էր կատարւում, ինչի մասին հանդիսատեսը տեղեակ չէր:

Մինչեւ վերջին պահը, նոյնիսկ երբ Շուշիի մօտ էին, մտքովս չէր անցնում, որ Շուշին մեր վերահսկողութեան տակ չի լինի: Վերջին անգամ Շուշիի ներսում նոյեմբերի 5-ին եղայ. գնացել էինք ականանետորդներին նկարելու: Նրանք Ջդրդուզում էին, այնտեղից երեւում էր, թէ ճիշդ որտեղ է արկն ընկնում: Մի այլ կարգի սարսափ էր, որ հայկական գիւղը փրկելու համար հրետակոծում ես: Քարինտակում ամբողջութեամբ թուրքերն էին: Զինուորները ոգեւորուած էին, մէկը պատմում էր, որ իր ականանետով արդէն 100 հոգու սպաննել է, միւսը 150 հոգու մասին էին խօսում: Մտածում էի, այդ ինչքան շատ են, որ 100-ներով են խօսում:

Թուրքերը հանգիստ զբօսնելով իջնում էին Սղնախից դէպի Քարինտակ

Իմ կեանքին սպառնացող վտանգ երկու անգամ է եղել: Քարինտակի մատոյցներում էինք, Սղնախում արդէն թուրքերն էին: Այդ ժամանակ եմ ականատես եղել, թէ ինչպէ՛ս են 200-250 հոգանոց ազրպէյճանական ընտրանի յատուկ ջոկատայինները հանգիստ զբօսնելով Սղնախից իջնում: Ոչ մի կրակոց, ոչ մի հրետանու ձայն չեղաւ: Տեղի կամաւորների հրամանատարին հարցրեցի, թէ ինչո՞ւ կրակոց չկայ, ինչո՞ւ հրետանին կրակ չի թափում սրանց գլխին:

Պատասխանեցին, որ հրաման են ստացել յետ նահանջել եւ աւելի յարմար դիրքեր զբաղեցնել:

Հեռաւորութիւնն այնպիսին էր, որ ինքնաձիգով չէիր վնասի: Ժամը 6-ի կողմերն էր, ակնյայտ էր, որ բարձրանում են անտառ գիշերելու եւ լուսաբացին կը յարձակուեն Քարինտակի վրայ: Հէնց այդպէս էլ եղաւ. յաջորդ առաւօտ Քարինտակի համար արդէն մարտեր էին ընթանում ու Քարինտակն անցաւ նրանց վերահսկողութեան տակ: Այդ նոյն 200-250 հոգին, որոնց մեր աչքով տեսանք, գրաւել են Քարինտակը: Անտառի վրայ հրետակոծութիւն պիտի լինէր, որը չի արուել, իսկ դրա համար բաւարար քանակի հրետանի կար:

Յետ գալու ճանապարհին մեզանից 10 մեթր հեռաւորութեան վրայ արկ ընկաւ, հասցրինք պառկել գետնին, մօտակայ պատը փրկեց: Յետոյ մի անգամ էլ Ստեփանակերտում 70 մեթր հեռաւորութեան վրայ «Սմերչ»-ի հրթիռ պայթեց: Պայթիւնի ալիքը 1-2 մեթր յետ շպրտեց, վնասուածքներ չունեցայ, միայն ափսոսում էի, որ լուսանկարչական գործիքը հետս չէի վերցրել:

Եթէ լինէին ցանկութիւն ու համապատասխան որոշում կայացնող մարդիկ, Շուշին կը պահուէր

Նոյեմբերի 7-ին, նոյնիսկ 9-ին եմ Շուշի բարձրացել, ու այդ ժամանակ մարտական գործողութիւններ էին ընթանում Շուշիում: Մինչեւ ամսի 9-ի ժամը 15:00-ն ես Շուշիի մօտակայքում էին ու մինչ այդ ժամը վիրաւոր զինուորների էին դուրս բերում: Եթէ վիրաւորներ էին հանում, ուրեմն տղաները փորձում էին իրավիճակ փոխել:

Եթէ կազմակերպուէր, լինէր ցանկութիւն ու համապատասխան որոշում կայացնող մարդիկ, Շուշին կը պահուէր: Խօսքը զինուորականների մասին չէ, բոլոր զինուորականները պատրաստ էին մինչեւ արեան վերջին կաթիլը տալ մեր սահմանները պահելու համար: Պարզապէս ինչ-որ բան սխալ գնաց, որը ես շատերի նման դաւաճանութիւն եմ համարում:

Պատերազմից յետոյ սկսել եմ աւելի արժեւորել կեանքը

Սկսել եմ աւելի արժեւորել ապրած իւրաքանչիւր պահ, սիրել կողքիններին: Նաեւ հայրենիքն եմ սկսել աւելի շատ սիրել: Եթէ աւելի շատ սիրէինք հայրենիքը, դրանից կը բխէին աւելի ճիշդ քայլեր, ինչը մեզ ուժեղ կը պահէր: 1994թ.-ից յետոյ յետպատերազմեան ժամանակներում եմ մեծացել, միշտ պատերազմի թեման մեզ ուղեկցում էր, պարզապէս մենք դրանից դասեր չքաղեցինք:

Մենք չկարողացանք ուժեղանալ, խօսքը միայն զինատեսակների մասին չէ: Գոնէ հիմա, այս դժուար պայմաններում պէտք է փորձենք նորից վերածնուել ու փորձել գոնէ մեր երեխաներին մեզանից լաւը դաստիարակել:

Արտակի ու այլ տղաների վերջին լուսանկարները

Իրականում հրետանաւորները շատ ժամանակ չունէին, խնդրում, համոզում էի, որ նկարուեն: Այդ պահին մտքովս էլ չէր անցնում, որ հնարաւոր է նրանց վերջին լուսանկարները լինեն, վստահ էի, որ այդ տղաները յետ են գալու: Յետոյ լուրը լսում ես, հարազատները խնդրում են հէնց այդ լուսանկարը: Արտակից բացի` էլի տղաներ կան, որոնց իմ արած լուսանկարները յետոյ տեսայ Եղբայրական գերեզմանոցում, Եռաբլուրում:

Այդ նկարներում նրանք կեանքով լի են, ժպտում են: Լուսանկարելուց յետոյ մարդը քո համար հարազատ է դառնում, յետոյ շատ տխուր է, երբ հասկանում ես, որ  այլեւս չկայ:

Թողնելով Արցախը` նախ դաւաճանում ենք ինքներս մեզ, յետոյ նրանց, որոնք այս հողի համար արիւն են թափել

Ես պայքարելու եմ իմ հողի համար ու այս պայքարի ամենամեծ քայլն այն է, որ որոշել եմ` իմ երեխան պէտք է Ստեփանակերտում ծնուի, կրի հայկական անուն, սովորի հայկական դպրոցում, կրթուի որպէս լաւ հայ: Թողնելով Արցախը` ես համարում եմ, որ նախ դաւաճանում ենք ինքներս մեզ, յետոյ նրանց, որոնք այս հողի համար արիւն են թափել, որովհետեւ նրանք չգիտէին, թէ ի՛նչ է կատարւում իրենց թիկունքում: Նրանք վստահ էին, որ պահում են հողը ու պահել են:

Ի հարկէ շատ դժուար է: Ապագայի համար ոչ մի բան չենք ծրագրաւորում: Այս պահի դրութեամբ շշի մէջ ենք ապրում, խցանը մեր ձեռքին չէ, երբ ուզենան, այն կը փակեն:

Համակերպուել ու լռել չի կարելի

Իմ կարծիքով, մեր ինքնութեան, մեր հայ լինելու համար պայքարել է պէտք, թէ ինչպիսի՛ն է լինելու այդ պայքարը, ժամանակը ցոյց կը տայ: Այս պահի դրութեամբ համակերպուել ու լռել չի կարելի: Պէտք է ըմբոստանալ, լինի իշխանութիւնների, լինի ազրպէյճանցիների կամ ռուսների դէմ:

Ռուսաստանի հետ յարաբերութիւններում դիւանագիտական մակարդակում պէտք է պահել ոսկէ միջինը: Այսօրուայ դրութեամբ շօշափւում է ռուսերէնը պաշտօնական լեզու դարձնելու հարցը, ես չգիտեմ այդ քայլի իմաստը, անհեթեթութիւն եմ համարում: Ի հարկէ լաւ է, որ շատ լեզուներ իմանաս, բայց ռուսերէնն այնպիսի լեզու է, որ համատեղել կարելի է: Իսկ պետականօրէն քայլեր անելու իմաստը չեմ հասկանում:

Լուսանկարները` Դաւիթ Ղահրամանեանի ֆէյսպուքեան էջից

CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )