Ա՜խ, Տունս, Տունս

ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ
Ամերիկահայ Գրողների միութեան անդամ

Առաջին անգամ աշխարհում տեսայ իմ առաւօտն է
այնտեղ մնացել, երկինք ու բարտի, ճառագայթ
ու լոյս, իմ հողի հոտն է այնտեղ մնացել:

Վահագն Դաւթեան

Համակարգիչիս դէմքն էի բացել, նրա էջի յատակին «Ա՜խ, տունս, տունս» եւ «Երգչուհիի Գոհար Յովհաննիսեան» գրուած էր: Երգում էր Գոհարը, «երգ» էր դարձել Գոհարը: Ողբ չէր նրա երգը, կարօտի ցաւ էր նրա երգը: Ակները փակ, համակ ոգի դարձած աղջիկ, երեւի տեսնում էր պապի նկարագրած տունը, իրենց  գերդաստանի փլած տունը: Երգում էր Գոհարը, աշնան հովիկներից դողացող վայրի նարկիզների օրօրի նման` դողում իրանը, լացող ուռենիների վարսերի շշունջի նման հեւում էր  լանջը, նրա ներսում սիրտն էր հզօր զարկում, հայոց փլած տների կարօտի՜ կանչ: Միայն հայը անզուսպ կարօտի ցաւ  ունի իր երկրին, փլած տներին, ուր գնաց «Ա՜խ, տունս տունս» կանչեց: Գոհա՜ր աղջիկ, քու երգը երկրից հայրենազուրկ  եղած մարդկանց փլած տներն են, հայրենիքից հեռացածների կողպած տները, նրանց նման դու էլ կանչում ես` «Ա՜խ, տունս, տունս»: Օտար երկրո՛ւմ ծնուած աղջիկ, քու ծիներում գերդաստանիդ տան կարօտի ցաւն է, քու երգը մրմունջի ցաւ է, քու երգը Զանգեզուրի անտառների բացատների մանուշակների դէմքերից կաթած առաւօտեան ցօղի լացի արցունքն է, նման է երկրիդ ծովերի ալիքների մռնչիւնին, քու երկրի քերթողների ողբաձայն կանչին:

Հայոց երգի արքայ Կոմիտաս վարդապետ, Քութահեայի լաճ, կաթողիկոսի առաջ կանգնած  երգել «Լոյս զուարթ» շարականը, փոքրիկ Կոմիտասի երգի հնչիւնների դիւթանքի ու նրա յուզաթաթախ կատարման ազդեցութիւնից լացել էր կաթողիկոսը: Շուտ ենք լացում, նոյնիսկ` գեղեցիկին ու ճշմարտութեան լոյսին, աշխարհի մեծեր լալկան ցեղին չեն սիրում: Մեր նախնիները ո՛չ լալկան եւ ո՛չ էլ վախկոտ են եղել, վկա՛յ մեր պատմիչների  պատումները … Լսե՞լ էք վարդապետի երգերի ձայնագրութիւնները: Նրա երգը հայրենի երկրի խորունկ վիհերի արձագանգ է, հողի մշակների հորովելները, հայոց սարերի ձիւնի ժպիտը, հարսանեաց  հանդէսների, հայոց նախնիների մեհեանների տաղերը, բնութեան գողտրիկ երգերը, իր անշէջ անուան հետ հայու սրտերի տրոփիւնի, դարերին գնացող երգեր են: Վարդապետը գնաց իր երկրի  շէներ, ժողվեց երեք հազար երգեր, մաքրեց նրանց հնչիւնները, յանձնեց ցեղի պահոցին: Ցաւ ունէր աշխարհին ասելու, որ հայոց շէներից հաւաքած երգերը հազար-հազար տարիներ առաջ ցեղի ձայնն էին, լեռնական վայրենի մարդկանց երգի հետ առնչութիւններ չունէին: Ֆրանսա, թատերասրահ,  բեմ է բարձրանում սքեմաւոր մի վարդապետ, չունէր ձեռքին պահած նուագելու գործիք: Վարդապետը աթոռին նստել, ծոցագրպանից հանել էր եղէգնեայ մի սրինգ, փչել սրինգը, թռչունի դայլալի, ծառերի սօսափիւնի, ծովի ալիքների մեղմիկ սահանքի, խմբերգների, երգերի, պարերի, թմբուկի զարկերի, ցորեանի ծովակների երեսն համբուրող հովիկների շշիւնը ծորել սրինգի փողից… ոտքի էր դահլիճը, ծափահարում: Ֆրանսացի երգարուեստի գիտակ մը բեմ բարձրացել, գրկել նրան, յայտարարել, որ վարդապետը հայոց շինականների երգն էր հնչեցրել: Վարդապետը բարձրացել էր Եւրոպայի ուրիշ երկրների բեմեր, իր երգչախումբը երգել էր վարդապետի ձայնագրած հայ ու քիւրտ շէների մարդկանց երգած երգերը, չէ՜ ասել էին, նրանց հնչիւնները նմանութիւն չունեն հայոց շէների ռանչպարների երգերին:

Սակայն վարդապետը փլած սիրտ ունէր, անցել` հայոց շէների աւերուած տների կողքով, նայել, հոգին էր ալեկոծուել ձմրան բուքի ահագնացած շաչիւնի նման, մոլորած սրտով երգերի խօսքեր գրել, հնչիւններ կապել նրանց վրայ, փլած տներում վայրի հաւքերի սէրը երգել`

Սիրտս նման է էն փլած տներ,
Կոտրել է սիւներ, խախտել գերաններ,
Բուն պիտի դնեն մէջ վայրի հաւքեր:
…………………………….
Անտունի սիրտն է պղտոր ու մոլոր,
Տօ լաճ տնաւեր:

Համակարգիչ, Արմենակ Շահմուրատեանը երգում էր վարդապետի յօրինած ամենանշանաւոր գլուխ գործոց երգը` «Անտունի»-ին, երգահաններ, երաժիշտներ աւանդել էին, որ եթէ վարդապետը միայն «Անտունի»-ն յօրինած լինէր, նոյնքան համբաւաւոր կը լինէր: Հայրենի երկրի ճամբաներում, Մերձաւոր Արեւելքի երկրների ճամբաներում պղտոր սրտերում անտուն թափառող մանչերի ճիչը երգեց` «Տօ՛, լա՜ճ տնաւեր»:

Վերանկախացաւ հայոց երկրի մի փոքրիկ կտորը, կռիւ եղաւ տուշմանի հետ, տուն վերադարձաւ «մեծ»-ի կամքով օտարուած Արցախը, բացուեցին իրենց կառավարական տան դռները, կառավարութիւն, նախարարներ, նախագահ եղաւ: Անողոք հայ մարդիկ կողոպտեցին եօթանասուն տարիների երկրի մարդկանց արարումը: Առանց աշխատանքի բազում հայրեր վաճառեցին իրենց տները, կողպեցին տների դռները, մանչերին տարան ուրիշ երկրներ, «Անտուն» դարձան, փոքրերը մեր, «մեր տունը, մեր տունը» կանչեցին: Ուրիշ երկրների հողին  տուն պատեցին, անցիր նրանց կողքով, ծիրանի ծառն է նրանց պատշգամբերին ծիրանի լոյս  վառում, տան բակերում խաղողն է կարմիր ծիծաղում: «Հայ» ծաղիկը ուրիշ հողում չի բուսնի, պատանիներ, մեծեր «Ա՜խ, մեր տունը, տունը» սկսեցին կանչել: Փոքրերին տարան երկիր, մկրտեցին հայու լոյսով լեցուն, իրենց բոլոր կաթողիկոսների միւռոնների խառնուրդով, իրենց հանդերի ծաղիկների բոյրով օծել մանկանց հոգիները, որ «Հայ»-ը այնտեղ խօսի, «Ծիրանի ծառ», «Կաքաւիկ»,  «Լորիկ», «Հորովելներ», «Պարեր» իրենց վարդապետի «Անտունի» երգեր, իրենց երգահանների երկրին նուիրուած երգեր հնչէին:

Նոր հողմեր էին փչում չարի կայսրութիւնում, արտօնել փոքր տնտեսութիւններ վարել, արտադրածը վաճառել նաեւ պետական ձեռնարկութիւններում: Մի անհատ արտադրող յաճախ էր իր դրած գործի արտադրանքը յանձնում մեր ձեռնարկութիւնում վաճառելու, ձեռնարկութեան անունը` «Էրզրում»: Խնդրել էի` ինչո՞ւ էր իր գործի անունը «Էրզրում» անուանել: «Պղտորել» էր դէմքը, պատմել, որ Էրզրումը պապի ծննդավայրն է եղել: Փոքր տղեկ եղած ատեն պապը պատմել նրան իր ծննդավայր քաղաքի ու  ընդհանրապէս իրենց վաղ կեանքի ու արհաւիրքի տարիների մասին: Յորդորել` յարմար առիթի այցելել իրենց տունը, յաճախ հառաչել` «Ա՜խ, տունս, տունս»:

Երկու տղամարդիկ պտոյտ են գալիս Էրզրում-Կարին քաղաքի փողոցներով, նրանցից աւելի երիտասարդը փողոցների տների ճակատներին էր նայում: Երկյարկանի մի տան առաջին յարկի խանութի  ճակատին հայերէն գրութիւն էր, պապի անուն ազգանուն, պապի նկարագրած տունն էր: Իրեն հետ Կարին եկած թուրքերէն իմացող ընկերոջ հետ մտել խանութ, մի փոքր զրոյցից յետոյ հարցրել` «Այս տունը ո՞ւմ տունն է», թուրք խանութպանը պատասխանել էր, որ իրենց տունն է: Խնդրել էր դուրս գալ, ցոյց էր տուել Մեսրոպի տառերով գրութիւնը, ասել էր, որ այն իր պապի անունով տունն է: Թուրքը մի պահ շուարել էր, աւելացրել, որ այն գնել էր մի քիւրտից, հրաւիրել տուն բարձրանալ: Լեռնային քիւրտեր, անողոք մարդիկ,  թուրք աւազակների ու բնակիչների հետ սպաննել էին հայերին, հիմա քիւրտերը զղջում են, նոյնիսկ ներողութիւն խնդրել են կատարուածի համար, իսկ թուրքերը` երբեք: Քարէ սանդուխներով բարձրացել էր պապի տուն… պապի ստուերն էր դռանը դիմաւորել իրեն, ներս մտել իր գերդաստանի քառասուն մեծ ու փոքրերի ստուերներ սեղանն էին բոլորել, թեւերը տարածել գրկելու նրանց, չէ՜ ստուերներ էին, մոլորած մարդ, փլած հոգով մարդ, աշխարհից խռոված մարդ, շտապ իջել ցած, «Ա՜խ, պապիս տունը, պապիս տունը» մրմնջալով, փախչել է թուրքից: Շատեր փախչել են թուրքից, փախչել է` նրանց ստուերներից, Արմենակ հայրս էլ մանչերի հետ փախչել էր  թուրքից…

Հայկական կամաւորական գունդի լեգէոնական կապորալ Արմենակ Լագիսեան, Մուսա Լերան հերոսամարտին, Կիլիկիայի ազատութեան մարտերին եւ Արարայի ճակատամարտին մասնակցած մուսալեռցու սրտին Հայկ նահապետի ծիների արիւնն էր հոսում: Հայաստանը հայերին կանչում էր երկիր վերադառնալ: Արմենակ կնոջ ու քրոջ եւ չորս զաւակների հետ Հայաստան էր  ներգաղթել, բնակեցրել էին Զանգեզուրի Շուռնուխի գիւղի Փայտամշակման գործարանի բանուորական աւանում: 1949 թուականի յունիս ամիս 30, ուշ գիշեր, բանաւանի բնակիչ Պապայեան ընտանիքին էին աքսոր տարել: Նոյն օրը ինձ գործուղած էին եղել` «Կապան-Ղափան», փայտամշակման գործարանի դրամատան հաշուի գործառնութիւնները կատարելու ու գործարանի աշխատողների աշխատավարձը վճարելու համար կանխիկ գումար ստանալու: Նոյն օրը գործարանի արտադրանքը Կապան ուղարկելու բեռնատար մեքենայ նստած` ուղեւորւում էի Կապան: Ինքնաշարժի խճուղի: Հանդիպել էինք աքսոր գնացող շարան-շարան բեռնատար ինքնաշարժների, տղամարդիկ լուռ նստել էին, երկար վարսերը երեսներին իջած կանայք ողբաձայն լացում, փոքր տղաներ ու աղջիկներ «ՏՈ՜ՒՆ» եմ ուզում» կանչում էին, մայրերի ծունկերին ընկած հառաչով լացում, վա՜յ նրանց հայրերին, որոնք դեռ մի քանի տարի առաջ վերադարձել էին նրանց երկրի համար մղուած մարտերից, այդ կռւում շատերը զոհուել էին… Այդ հասարակարգը չունէր բարոյական կերպար:

Ընտանիքներով աքսորում էին զանգեզուրցիներին, որոնք 1915-20 թուականներին քաջերին վայել կռուով պարտութեան մատնել էին տասնմէկերորդ Կարմիր բանակին, իրենց լեռներից վռնտել ռուսին, թուրքին, Զանգեզուրում ստեղծել` «Զանգեզուրի Լեռնահայաստան պետութիւն»: Աքսոր ինքնաշարժով, ապա հայերի դաժան աքսոր, կարաւաններ կազմած, քայլել էին երկրի ու Մերձաւոր Արեւելքի ճամբաներով, աշխարհում առաջին ցեղասպանութիւն, հայրենի երկրի ճամբաներով անթաղ մնացած մահացածներ, նրա ճամբաներով թափառող տղաներ ու հրեշտակային աղջնակներ, թուրքերը նրանց տուն տանում` կին, հովիւ ու աղախին լինում… Դրամատան գործարքներս աւարտելուց յետոյ գնացել էր կառախումբի կայարան, բարձրաձայն լաց ու կոծ, պաղատանքի կոչեր, բեռնակառքերի բաց դռներին ողբացող կանայք ու տղամարդիկ, այդ հողի մշակները դեռ նոր իրենց արտերից քաղած ցորեանի նոր բերքը տարել մթերակայաններ, որ հաց ուտէին այդ անորոք մարդիկ: Լացելով ու հառաչելով հեռացել, մինչեւ հիմա այդ մանկանց ողբը, կանանց ու տղամարդկանց ցաւը իմ մտքի գանձարանում է մնացել: Այս էլ 1915 թուականի ողբերգութիւնն նման էր: Յունիս 14, յիշատակութեան օր  սահմանուել:

Թեւերս կամուրջ արած, եկէք տանեմ ձեզ իմ գիւղի տուն: Հասել էինք Եօղունօլուգ գիւղ, առաւօտ կանուխ էր, խնդրել էի սպասել, մինչեւ արեգակը հասնէր իմ հայրենի Եօղունօլուգ գիւղի բարձր բլուրի գագաթը, արծաթանում էր լուսաբացը, կարմրում էր գիւղի արեւելեան կողմի բարձր բլուրը, կարմիր արեւի դէմքին իջել էին առիւծի բաշերի նման ճառագայթներ: Ծնրադրել էի արեւին, ցեղի Արա աստուծոյ վառած կանթեղն էր այն: Տասներեք տարիներ տեսել արեւի լուսաբացի առաւօտը, մանուկ հոգիս հրճուել նրա տեսքով, այն պահ տուել հոգուս գանձարան: Կէտէկ թաղի ճամբայով քայլում էինք դէպի աղբիւր: Չկային խմելու ջուր վերցնելու անագապղնձեայ ծորակները, աղբիւրի ետնամասի «առիւծ»-ի բերանից ջուր էր յորդում յատակի աւազանիկ, անասունները եւ նորաբնակները նոյն աւազանիկից ջուր էին խմում: Դադարել էր աղբիւր հոսող ջրի հոսքը: Թուրքեր ասել էին, որ իրենց գիւղերից գնացածների անէծքն էր այն: Վագըֆցիների մեծամասնութիւնը, միւս հինգ գիւղերից մի քանի ընտանիքներ, որոնցից` հօրաքրոջ ընտանիքը, թողել էին իրենց շէները թուրքին: Նրա աւագ տղայ Սեդրակը իջել էր ակի փոսորակ, մաքրել խոտերն ու արմատները, շոյել, մաքրել ջրի ակները, վճիտ ջուր էր ժայթքել դէմքին, նորէն ջուր հոսել էր աղբիւր, թուրք բնակիչները ապշել, Աստուծոյ բաշխած շնորհք համարել էին այն:

Անյագ նայում էի սպիտակ երեսով աղբիւրին, գիւղի մանչերի հետ ինչքա՜ն վազվզել էի նրա սրբատաշ սալերով տանիքին: Նրա թիկունքին համախումբ բնակած Ադամեանների գերդաստանի տներ էին: Ուղեկիցներիս պատմում եմ գիւղի կանգուն անցեալը, նայում` թախձալից փլած դէմքիս, ցաւի մրմունջի արցունքի շիթեր: Ճանապարհի խաչմերուկից հիւսիս Վերի թաղն էր, ներքեւը` Խէրէպըքքէկ թաղ: Խաչմերուկի խաչման կէտում կանգուն էր գիւղի քարակոփ, բարձր եկեղեցին, կանգուն էր եկեղեցին, նրա սալայատակ տանիքին թուրքի մզկիթ ու մինարեթ էր: Պահեստ եղել, Անտիոքի պաշտօնեան պատուիրել էր մաքրել եկեղեցին, բանալին հօրաքրոջս յանձնել` աղօթելու այնտեղ: Գոհա՛ր, ա՜խ մռնչանք հայոց շէների նախնիների մի քանի հազար փլած տներին, փլած եկեղեցիներին, որտեղ հայը աղօթեց իր Աստծոյն, շա՜տ աղօթեց… Միայն «Հայը» նրանից ոչինչ ստացաւ… քարոտ երկիր, քարից հաց քամող մարդիկ: Ուղեկցողներիս էի պատմել, որ եկեղեցու առաստաղից հոսող կամարները ուռենու նման լացում էին իրենց վարդապետի խաչելութիւնը: Փլած էր եկեղեցիի ներսը, պատերից բացի` ոչինչ, պատի մէջ  պազալթ քարէ աւազանիկ, որի ջրում էի մկրտուել: Աւերուած էր եկեղեցու չորս բոլոր գերեզմանատունը, փլած էր դպրոցի «Տունը», դիտեցի աւեր դպրոցը, որտեղ հայերէն գիր ու կարդալ էի սովորել, երգչուհի Գոհար` «Ա՜խ, դպրոցս, դպրոցիս տունը, փլած տունս» ինչպէ՜ս չկանչեմ: Եօղունօլուգի գիւղամիջեան գլխաւոր ճամբայ, ձախին երկյարկանի, մուտքի կամարով կիսափուլ տուն, նրա դիմացի նեղլիկ ճամբայով գնում եմ մեր տուն: Դարպասն էր փլած, նրա կամարի փլած սիւները աշխարհին կանչում էին ճշմարտութիւն դաւանել, այս ցեղի մարդկանց տները, հողը, առաւօտեան արեգակը վերադարձնել տէրերին: Իմ տան բակը, պատշգամբն էր փլել գերաններն էին կքել, բակում թոնիրն էր փլել, կարծես` ահա մայրիկս հաց թխում, երկրորդ յարկ բարձրանալու քարէ աստիճանները փլել էին, Պօղոս մեծ հայրիկս, նրա էլ հայր Լագգըս Սարգիսի տունն էր փլել…   Ծունկի իջայ` կարկամած թեւերս բացած, կանչեցի այնտեղ ծնուածներին, որոնցից ես էի միայն ողջ: Լագիսեանների փլած տան պատկեր, փլած պատեր, փլել էր իմ սիրտը, իմ հոգին, իմ յուշերի պատկերները, անէացել էի, հառաչում, կանչում բոլորի անունները, կանչում աշխարհին այս ցեղի հողը, առաւօտը, լոյսը, արեգակը, տուները ինչպէ՜ս տուին ուրիշին, վերջապէս ե՞րբ պիտի դաւանեն ճշմարտութիւն: Թացացել էր ձեռքիս թաշկինակը, նրանով սրբեցի դեռեւս հաց բուրող, մայրիկիս ժպիտը բուրող քանդուած թոնիրի պատերը, սրբեցի դարպասի փլած սիւները, սրբեցի տուն բարձրացող փլած աստիճանները, փլած տան պատերը, սրբեցի Լագիսեանների ոտքերի հետքերը:

Գոհա՛ր աղջիկ, իմ փլած տունն էլ երգեցի՞ր` «Ա՜խ հայոց փլած տներ, հայոց փլած վանքեր, հայոց փլած հող, մարած լոյս, մարած առաւօտ, գիղի բլուրին մեռած կարմիր արեգակ»:

Սեպտեմբեր, 2020
Կլենտէյլ

CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )