Շառաչուն Ապտակ Ազրպէյճանին, Միջազգային Հանրութիւնն Արցախի Հարցը Լուծուած Չի Համարում

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ». Շուշիում կազմակերպուած դիւանագէտների հաւաքը միանշանակ փաստեց, որ Արցախի հակամարտութեան լուծումը բաց է մնացել: Պաշտօնական Պաքուն այդ քայլով հերթական  անգամ ցանկանում էր յայտարարել, որ Արցախի ժողովրդի դէմ հրահրած յարձակումի արդիւնքում իրեն յաջողուել է լուծել արցախեան հիմնահարցը: Ու կրկին Ազրպէյճանը շառաչուն ապտակ ստացաւ հիմնահարցի խաղաղ կարգաւորման առաքելութիւն ստանձնած ԵԱՀԿ Մինսքի խմբի կողմից:

Շուշի այցելած` Ազրպէյճանում ներկայացուած 46 երկրի շարքում բացակայում էին Միացեալ Նահանգները, Ֆրանսան եւ Ռուսաստանը: Այստեղ պէտք է արձանագրել, որ վերջիններս լոկ համանախագահող երկրներ չեն, նրանք աշխարհի խոշորագոյն երկրներից են եւ ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդի մշտական երեք անդամները: Եթէ Միացեալ Նահանգների եւ Ֆրանսայի նման դիրքորոշումն այնքան էլ արտառոց չդիտուեց, ապա Ռուսաստանի դէպքում վիճակը մի փոքր այլ է: Այս երկիրը, հակամարտութեան մէջ ստանձնելով խաղաղապահի առաքելութիւնը, մինչ այս փորձում էր կտրուկ ժեսթեր չանել կողմերից որեւէ մէկի ուղղութեամբ: Սակայն ռուս դիւանագէտի` Շուշի չայցելելը հնարաւոր չէ չէզոք կեցուածք համարել: Ամենայն հաւանականութեամբ, Ռուսիան այդ կերպ իր դիրքորոշումը յայտնեց ընդամէնը մէկ ամիս առաջ նոյն Շուշիում Ալիեւի եւ Էրտողանի ստորագրած Շուշիի պաշտօնական յայտարարութեան, որում կողմերը յստակ ուղերձ էին յղել ռուսական կողմին, որ պատրաստւում են Ազրպէյճանում մեծացնել ոչ միայն թուրքական տնտեսական ներկայութիւնը, այլեւ` ռազմականը:

Էրտողանն աւելի ուշ խօսեց նաեւ Արցախի մօտ թուրքական ռազմաբազայի ստեղծման մասին: Այդ ամէնին Ռուսաստանի պատասխանը չուշացաւ: Բայց այստեղ էականն այն է, որ երկար տարիներ հիմնահարցի կարգաւորմամբ զբաղուող երկիրը, որը մինչեւ ուղն ու ծուծը տիրապետում է հակամարտութեանը, առարկայօրէն չէր կարող ազրպէյճանաթուրքական ռազմական յարձակումից յետոյ տարածաշրջանում ստեղծուած իրավիճակը համարել լուծում: Ազրպէյճանական լրատուամիջոցները շտապեցին յայտնել Մինսքի խմբի երկրների դիւանագէտների բացակայութեան մասին, սակայն այդ միջոցառումից բացակայել էին նաեւ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի եւս երկու մշտական անդամ` Մեծն Բրիտանիան եւ Գերմանիան: Դա արդէն լուրջ ուղերձ է Թուրքիային եւ Ազրպէյճանին: Վերջիններս համարւում են թուրքական այդ երկու պետութիւնների մշտական մերձաւոր գործընկերները: Նրանց այդ քայլը կարող է բացատրուել որպէս ՕԹԱՆ-ի միւս գործընկերների գործողութեան շարունակութիւն:

Հիւսիսատլանտեան դաշինքի պետութիւններն սկսել են աւելի կոշտ քայլեր անել ի պատասխան Թուրքիայի` Ռուսաստանի հետ մերձեցման: Կանխատեսւում է, որ առաջիկայում նման վերաբերմունքի դրսեւորումների նոր դէպքեր կը լինեն: Այստեղ լիովին օրինաչափ էր Հնդկաստանի դեսպանի բացակայութեան փաստը: Հնդկաստանի հետ ծայրայեղ վատ յարաբերութիւնների մէջ գտնուող Փաքիստանի հետ Ազրպէյճանի ռազմաքաղաքական աննախադէպ մերձեցումը եւ արցախեան երրորդ պատերազմում այդ երկրի գործուն մասնակցութիւնը չէին կարող չնկատուել Հայաստանի հետ աւանդաբար բարեկամական յարաբերութիւնների մէջ գտնուող այս խոշոր պետութեան կողմից:

Շուշիում կազմակերպուած դիւանագէտների հաւաքը վեր հանեց արցախեան հակամարտութեան ներկայիս իրական հանգրուանը: Այսօր արդէն միանշանակ կարող ենք պնդել, որ Ազրպէյճանին չի յաջողուի սանձազերծած յարձակումի արդիւնքները որակել որպէս հիմնահարցի կարգաւորում: Արցախի կարգավիճակի շուրջ բանակցութիւնների վերսկսումն այլ ընտրանք չունի: Ազգերի ինքնորոշման իրաւունքի հարցը լուծուած չէ, որը հակամարտութեան հիմքն է, իսկ առանց դրա անիմաստ կը լինի խօսել հիմնահարցի լուծուած լինելու մասին, իսկ այս վիճակում այն սառեցուած երկար մնալ չի կարող: Չնայած Ռուսիան յայտնել է, որ պատրաստ է ըստ անհրաժեշտութեան ցանկացած ժամկէտով ապահովել տարածքի խաղաղ կեանքը: Բայց ինչպէս Վլատիմիր Փութինն է բազմիցս յայտարարել` Արցախի խնդրի հիմքում ընկած է ցեղային գործօնը, եւ այն միայն տարածքի խնդիր չէ: Իսկ պատմութիւնից յայտնի է, որ ցեղային    հարցերը լուծւում են կամ այդ էթնոսի ոչնչացմամբ, կամ նրա ինքնորոշման իրաւունքի ճանաչմամբ:

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )