Անբարոյ Մարդու Գեղջկական Խորամանկութիւնը

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

Յունիսի 8-ի նախընտրական հանդիպման ժամանակ Նիկոլը հայ ժողովրդին «ցնցեց» իր «մեծ զոհաբերութեան» պատրաստակամութեամբ: Նա յայտարարեց, որ պատրաստ է ազրպէյճանական բանտերում պահուող գերիների ազատման դիմաց գերութեան ուղարկել իր որդուն: Բնութեան կողմից օժտուած լինելով միայն ամբոխավարութեան փեշակով` այս անուղղելին երեւի հաշուարկ էր արել, որ դրանով խիստ յուզելու է դեռեւս իրեն հաւատացող պարզ մարդկանց եւ պահպանելու է այդ մոլորեալ փոքրամասնութեան քուէն: Իրականում գերիների ճակատագրի հարցում անտարբերութիւնը, ինչ-որ բան անելու անճարակութիւնը եւ թուրքի հետ որեւէ խնդիր ի շահ հայ ժողովրդի լուծելու կամազուրկ հոգեվիճակը ընտրութիւնների շեմին իր համար խիստ խոցելի հանգամանքներ են, եւ այս գաւառական «շուստրիութեամբ» նա սոսկ ցանկանում է ձեւ անել, որ խիստ մտահոգ է դժոխքում գտնուող մեր հայրենակիցների ճակատագրով:

Հիմա` Հայր Աբրահամի օրինակով իր որդուն մատաղ անելու պատրաստակամութեան մասին:

Հասկանալի է, որ Ազրպէյճանում գտնուող հայ ռազմագերիները իւրատեսակ պատանդ են Ալիեւի ձեռքում` Հայաստանի անձնատուական իշխանութեանը նորանոր զիջումներ պարտադրելու համար, եւ` ոչ միայն: Ալիեւը քրէական յանցանքներ թխելով` փորձում է նրանց ներկայացնել որպէս պատերազմական յանցագործների, նրանց մեծ մասի հայաստանցի լինելը մատուցուելու է որպէս վարձկանութեան փաստ, իսկ հակամարտութիւնը ոչ թէ որպէս Արցախի ինքնորոշման գործընթաց, այլ` Հայաստանի կողմից յարձակում, Ազրպէյճանի օրինական տարածքի զաւթման փորձ եւ էլի ուրիշ բաներ: Ալիեւը լաւ հասկանում է, որ Հայաստանի հակազգային, դաւաճանական իշխանութիւնը, բնական օրինաչափութեան համաձայն, չի կարող յաւերժ լինել, նրան փոխարինելու է գալու ազգային իշխանութիւնը, որն էլ, առողջ տրամաբանութեան համաձայն, միջազգային ատեաններ է հասցնելու ազրպէյճանա-թուրքական բազմաթիւ յանցագործութիւնների փաստերը, մասնաւորապէս` եւ միջազգային ահաբեկչական ուժերի ներգրաւումը ռազմական գործողութիւնների մէջ: Պատահականութիւն չէ, որ Ալիեւը պատրաստւում է դատավարական շոու սարքել գերեվարուած լիբանանցի մեր հայրենակցի հարցով: Այլ խօսքով, Ալիեւը, իր թշնամու պէս ձեռնծալ նստելու փոխարէն, այսօր քաղաքական հակայարձակում է պատրաստում` «Լաւագոյն պաշտպանութիւնը յարձակումն է» սկզբունքի համաձայն:

Իսկ այժմ այն մասին, թէ ինչո՞ւ Ալիեւը, «չուտելով Նիկոլի շաղ տուած կուտը», հայ գերիներին պէտք չէ վերադարձնի ու փոխարէնը` Աշոտիկին տանի Պաքու: Այդ դէպքում նա ինչպէ՞ս աշխարհին բացատրի, թէ հայ ռազմագերիների փոխարէն` ինչո՛ւ է գերութեան մէջ պահում անմեղ մարդու, այն էլ` հարեւան երկրի բարձրագոյն աթոռը գրաւող պաշտօնեայի զաւակին: Ենթադրում եմ, որ Նիկոլի հերթական այս պարզունակ ճարպկութիւնը գուցէ մի փոքր զուարճացնի նրան, բայց հաստատ նորից հրճուանքի առիթ կ՛ընձեռի, որ Ալլահն այս տեսակ «թշնամու» պարգեւեց իրեն:

Միւս կողմից` ի հարկէ Նիկոլը հասկանում է, որ նման փոխանակութիւն, նոյնիսկ` մէկը-մէկի դէմ պայմանով, չի կարող լինել: Իր տխուր մանկութեան տարիներին գուցէ նա մասնակցել է փոխանակումների, երբ, օրինակ, կարելի էր պարսատիկը փոխանակել հոլի հետ, բայց սա ի հարկէ այդ դէպքը չէ: Ակնյայտ է, որ ժողովրդի նկատմամբ սիրոյ ու զոհաբերութեան այս հերթական բեմադրութեան վարագոյրի ետեւում նոյն ստոր կեղծիքն է ու դեմագոգիան` ամբոխային սրուած յոյզերը կրկին անգամ շահագործելու անբարոյ նպատակը:

Ասեմ սակայն, որ այս մասին գրելուս գլխաւոր նպատակը վերն ասուածը չէր, այլ` ուշադրութիւն հրաւիրելը հանգամանքի վրայ, որ քաղաքական էժան խաղերի մէջ հերթական անգամ այս արարածը ներքաշում է իր ընտանիքի անդամներին: Եթէ Նիկոլը ունենար բարոյականութիւն, ապա հաւանաբար օժտուած կը լինէր նաեւ իւրաքանչիւր հայի համար նուիրական այն գիտակցութեամբ, որ ընտանիքը սրբութիւն է, եւ երբեք չի կարելի հարազատներին, կամ անգամ նրանց անունը դարձնել կեղտոտ խաղերի խաղաքարտ: Նա կ՛իմանար, որ հայ մարդը, եթէ նոյնիսկ դրսում սրիկայ է, շեմից ներս մտնելով` դառնում է ուրիշ, նա ձգտում է բարոյական դաստիարակութիւն տալ իր երեխաներին, կրթուած տեսնել, ազնիւ, մաքուր ապագայ ստեղծել նրանց համար: Նիկոլ արարածի ընտանիքը անցնող երեք տարիներին անընդհատ նրա պղտոր գործերի մէջ է, մշտապէս ընկերային ցանցերով հակահարուած է տալիս հայրիկին քննադատողներին, դատ է յարուցում նրանց դէմ, այդ տան տիրուհին մօտ չորս հարիւր քիլոմեթր հեռու է գործուղւում ամուսնու կողմից, որ մէկ ամիս նստի զինուորականների մէջ` ինչ-որ կարեւոր յանձնարարութիւններ կատարելու համար: Դէ, իսկ Աշոտիկը, այս անհեթեթութեան  հեքիաթի արքայազնն է, որ ժամանակ առ ժամանակ անակնկալօրէն յայտնւում է իրադարձութիւնների էջերին ու նորից անհետանում է: Եթէ Նիկոլի կողքին ընտանիք, սրբութիւն հասկացող մարդ կայ, խորհուրդ կը տամ, որ հայի բարոյականութեան այս պարզ կանոնները բացատրեն` յանուն նպատակի միջոցների մէջ խտրութիւն չդնող այդ հազուագիւտ ծնունդին: Ինչ վերաբերում է մանր խորամանկութիւններին, ապա այս հարցում խորհրդի կարիք չկայ, մի քիչ էլ կը դիմանանք, խեղկատակութեան վերջին արարը մօտենում է աւարտին:

 

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )