Ռազմական Գործողութիւնները Հիւսիսային Իրանում եւ Քրիստոնեայ Բնակչութեան (Հայերի եւ Ասորիների) Կոտորածները 1914-1916թթ.

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր

Առաջին աշխարհամարտի նախօրեակին, ըստ գերմանական եւ թուրքական հրամանատարութիւնների մշակած ծրագրի, ռազմական գործողութիւններ էին նախատեսւել նաեւ Իրանում, որի տարածքը Գերմանիան եւ Թուրքիան մտադիր էին օգտագործել որպէս միջանցք՝ Պաքուի նաւթային շրջաններն ու այնուհետեւ Միջին Ասիան գրաւելու համար: Ուստի Հիւսիսային Իրանը եւս վերածուեց հակամարտող երկու ճամբարների ռազմական գործողութիւնների թատերաբեմի:

«Թուրքերու ընդհանուր ծրագիրն էր,- գրում է Ա. Խատիսեանը,- գրաւել Պաթում-Պաքու երկաթուղագիծը, տիրել Պաքուի նաւթահանքերուն, փոխադրել զօրքերը Թուրքէստան եւ այնտեղէն սպառնալ Անգլիոյ: Միաժամանակ անոնք կը շարունակէին մօտենալ Ալեքսանդրապոլին, որպէսզի այնտեղէն երթան Պաքու, Ջուլֆա, Պարսկաստան, իսկ այդ տեղէն ալ սպառնալ Պաղտատի՝ անգլիացիներուն»:

Միւս կողմից, երբ Թուրքիան նոյնիսկ դեռեւս չէր մտել պատերազմի մէջ, թուրքական հրամանատարութիւնն իր զօրքերը տեղակայեց Վանի, Սարայի, Բաշկալէի եւ Շամդինանի տարածքներում:

Դրան ի պատասխան` ռուսական հրամանատարութիւնն էլ 1914 թ. նոյեմբերի 20-ին, զօր. Ֆ. Չերնոզուբովի գլխաւորութեամբ, զօրքեր մտցրեց Իրան: Ռազմական յաջող գործողութիւնների շնորհիւ ռուսական բանակը շուտով գրաւեց Խոյը, Ուրմիան եւ Թաւրիզը: Իրանական կառավարութիւնը Մոսթոֆի-օլ-Մամալեքի գլխաւորութեամբ, որն իշխանութեան էր եկել 1914 թ. օգոստոսին, իր դժգոհութիւնն յայտնեց ռուսական զօրքերի` Իրան ներթափանցելու կապակցութեամբ: Յատկանշելի է, որ նախքան ռուսական զօրքերի` Իրանի տարածք մտնելը` 1914 թ. նոյեմբերի 14-ին, Ուրմիայում Ռուսաստանի փոխհիւպատոս Վեդենսկին հեռագրեց, որ թուրքերը նպատակ ունեն գրաւելու Ուրմիայի շրջանը՝ այդտեղից երկու ուղղութիւններով՝ Խոյ–Ջուլֆա եւ Սոլդուզ–Սաուջբուլաղ, հետագայում Թաւրիզի շրջան մուտք գործելու համար: Այս պայմաններում ռուսական հրամանատարութիւնը դիմեց հակաթուրքական մի այնպիսի ուժի աջակցութեանը, որպիսին Ուրմիայում եւ նրա շրջակայքում ապրող 70000 ասորիներն էին: Աւելի ուշ ռուսական զօրքերը գրաւեցին Խոյը, Ուրմիան եւ Թաւրիզը: Նրանց օգնում էին ասորիները, որոնց վիճակն անգամ մինչեւ պատերազմը իրօք անտանելի էր: Դա էր պատճառը, որ նեստորական ասորիների մեծ մասն ընդունել էր ուղղափառ կրօն՝ յոյսով, որ Ռուսաստանն օգնութեան ձեռք կը մեկնի: Յանուն դրա ասորիները խոստացել էին ռուսական հրամանատարութեան տրամադրութեան տակ դնել 40000 զինեալ: Ասորիների ռուսական կողմնորոշմանը Թեհրանը պատասխանեց թշնամական գործողութիւններով՝ համագործակցելով թուրքերի եւ քրտերի հետ: Վերջինները 1914 թ. սեպտեմբերին Ուրմիայի շրջանում հրդեհեցին աւելի քան 30 հայկական եւ ասորական գիւղեր: Այսպէս իրեն չէզոք երկիր յայտարարած Իրանի տարածքում 1914 թ. նոյեմբերի 2-ին իրականացուեցին ասորիների ջարդեր:

Ասորիների կոտորածների մասին գոյութիւն ունի փաստ, որ 1914 թ. աւարտին թուրքական զօրքերը Ուրմիայի շրջանում աւերեցին եւ հրդեհեցին ասորական 98 գիւղ, 500 հոգի սպաննուեց, 800 կին եւ աղջիկ առեւանգուեցին: 700 մարդ գլխատւեց ասորական Հաւթւան գիւղում, 5000 ասորի քշուեց թուրքական հարեմները :

«….Ռուսական զօրքերի` Սալմաստ հասնելուց մի քանի օր առաջ քրտերն ու թուրքերը, – գրում է «Նիւ Եորք թայմզ»-ը իր 1915 թ. ապրիլի 29-ի համարում,- «հաւաքեցին հայ եւ ասորի տղամարդկանց. 400-ին ուղարկեցին Խոսրովա, իսկ միւս 400-ին՝ Հաւթւան: Նրանցից ոչ մէկը ողջ չմնաց»»:

Նոյն «Նիւ Եորք թայմզ»-ը նշում է. «20-30.000-ի չափ նեստորական ասորիներ եւ հայեր զանգւածաբար հեռացան Իրանական Ազրպէյճանից: Աւելի քան 1500 հոգի կոտորուեց, 2000-ի չափ մահացան հիւանդութիւններից»:

Յատկանշելի է «Մշակ»-ում մէջբերուած «Նիւ Եորք թայմզ»-ի հետեւեալ վկայութիւնը եւս. «Միայն հայերը չեն, որ անբախտ են, ասորիներին նոյնպէս ոչնչացրեցին եւ իւրաքանչիւր տասներորդին հնձեցին»: Իսկ «Atlantic Monthly»-ն նկատել է. «Վեց ամսւայ ընթացքում երիտթուրքերն արեցին այնքան, որքան չէին կարողացել անել հին թուրքերը վեց դարում: Հազարաւոր ասորիներ անհետացան» :

Նման պայմաններում եւ նոյնիսկ մինչ այդ Մոսթոֆի-օլ-Մամալեքը բողոքի նոտա է յղում Ռուսաստանի դեսպանութեանը, որում յայտնում էր, թէ Իրանի կառավարութիւնը մտադիր է պահպանել իր չէզոք դիրքը՝ հեռու մնալով պատերազմի մէջ ներքաշւելուց, ուստի Իրանի կառավարութիւնը խնդրում է Ռուսաստանին, որ իր զօրքերը յետ կանչի իրանական տարածքներից, որով էլ ապացուցած կը լինի իր յարգանքը Իրանի չէզոքութեան նկատմամբ: Մոսթոֆի-օլ-Մամալեքը շեշտադրում էր նաեւ այն հանգամանքը որ Ռուսաստանի դրական պատասխանը պատճառ կըդառնա, որ օսմանեան բանակը եւս հեռու մնայ երկրի տարածքներից եւ նոյնպէս հաշւի նստի Իրանի չէզոքութեան հետ, ինչը իբր խոստացել է օսմանցի աւագ դեսպանը : «Թեհրանից հեռագրում են,- գրում է «Այգ»-ը,- որ սեպտ. 21-ին պարսկական կառավարութիւնը դիմել է Ռուսաց Միսսիային մի յայտագրով, որի մէջ ասում է, թէ Պարսկաստանը ուզում է խուսափել համաշխարհային պատերազմին մասնակցելու կործանարար հետեւանքներից՝ չէզոքութիւն յայտարարելով: Նա խնդրում է, որ Ռուսաստանը օգնի իրեն այս գործում` իր զօրքերը յետ կանչելով Ատրպատականից, որպիսի դէպքում Թուրքաց դեսպանն իբր թէ երաշխաւորում է, որ Թուրքիան կը յարգի Պարսկաստանի չէզոքութիւնը»: Մինչդեռ նոյն համարում «Այգ»-ը, վկայակոչելով Պետրոգրադի հաղորդումը, նշում է, որ «Մինիստրական խորհուրդը Սազանովի նախագահութեամբ վճռել է մերժել Պարսկաստանի առաջարկը՝ ռուսական զօրքերը յետ տանելու: Այդ մասին յայտնուել է Պարսից կառավարութեանը` հասկացնելով, որ ռուս զօրքի ներկայութիւնն անհրաժեշտ է պաշտպանելու համար օտարահպատակների շահերը եւ հաստատելու ներքին կարգը»:

Իրանի չէզոքութեան դիրքորոշման հանդէպ հակամարտող ուժերի կողմից դրսեւորւող արհամարհանքին բազմիցս անդրադարձելեն ժամանակի թերթերը: Ընդդիմադիր «Նոբահար»-ը յատկապէս «Ի վերջոյ ո՞ւր է գնում Իրանը» խորագրի ներքոյ գրում էր. «….Թուրքիայի գործողութիւններն Ատրպատականում, Քերմանշահում եւ Արաբստանում եւ ապա՝ ռուսական պետութեան սանձարձակութիւններն Ատրպատականում, Ղազւինում, Համադանում ու Թեհրանում առերեւոյթ արիւնալի մրցասպարէզ են եղել չէզոք Իրանում, բայց խորքում ապացուցում են, որ մինչեւ Իրանն ի զօրու չլինի ինքնահաստատման ու գործնապէս երաշխաւորելու իր չէզոքութեան պահպանումը, անհնարին է նրա ինքնուրոյն քաղաքականութեան գործադրումը»: Իրանի կառավարութեան ջանքերը՝ գործադրւած չէզոքութեան դիրքորոշման հարցում, յատկապէս գերմանա-թուրքական ուժերի կողմից դրական կեցւածքի ապահովումը, սակայն, ապարդիւնէին, քանզի մայրաքաղաք Թեհրանում աշխատող թուրքական, գերմանական եւ աւստրիական դեսպանատներն իրենց քմահաճ քայլերն ու քարոզչութիւնն էին առաջ մղում: Զորօրինակ.«….Տաճկական դեսպանի ստացած «Սրբազան պատերազմ» գրգռող 30.000 կեղծ «ֆեթւա»-ների ցրումը Թեհրանում կառավարութեան կողմից արգելուեց: Ինչպէս հաղորդում են, այդ թռուցիկները կ՛ուղարկուեն գաւառներ:

Գաղտնի հաւաքումները շարունակւում են աւելի յաճախ բազմամարդ: Կառավարութիւնը …. գաղտնի հսկողութիւն է նշանակել տաճիկ եւ գերման դեսպանատների մօտ, որպէսզի զէնքի ցրումն արգելւի: …. Այժմ էլ աւստրիական դեսպանատուննէ սկսել զէնքերի ցրումը….: Վերոյիշեալ երեք դեսպանատները ամէն միջոց գործ են դնում` խլրտումներ առաջացնելու, եւ այդ նպատակով կաշառում են կառավարական պաշտօնեաներին: Նոյնիսկ մինիստրներից 3-ը, որոնք նոյնպէս կաշառուած են, աշխատում են գործել նրանց ծրագրով եւ ամէն հարցում թեքւում են նրանց կողմը….»:

Այս կապակցութեամբ պարսկալեզու «Նոբահար» թերթը իր 1915 թւի մայիսի 4-ի համարում այսպէս է բնութագրել Գերմանիայի հիւպատոսի միջամտութիւնները. «….Գերմանիայի նոր հիւպատոսը, որը Թուրքիայից Սպահան է գործուղղուել, ճանապարհին ամէնուր հակաքարոզչութիւն է ծաւալել Ռուսաստանի ու Անգլիայի դէմ եւ ազգաբնակչութեանն իրազեկում է, թէ իբր լոռերը, քրտերը եւ միւս ցեղերը հաստատակամօրէն հովանաւորում են օսմանցիներին….»:
Արեւմտեան Հայաստանում ռուսների առաջխաղացումը եւ Հիւսիսային Իրան ռուսական զօրքերի մուտքը խանդավառութեամբ են ընդունւում տեղի ասորի եւ հայ բնակչութեան շրջանում: Նրանք դիմում են ռուսական զօրքերի հրամանատար Իւդենիչին` առաջարկելով կամաւորական ջոկատներ ստեղծել, խնդրելով ապահովել այդ ջոկատները զէնքով ու զինամթերքով: Ռուսական զօրքերին աջակցելուց զատ` նման քայլը տւեալ դէպքում տեղի հայ բնակչութեան կողմից ինքնապաշտպանական բնոյթ էր կրում, քանի որ թուրքական զօրքերի ներխուժումը նշանակում էր Հայոց ցեղասպանութեան շարունակութիւն Իրանի տարածքում: Ընդհանուր առմամբ 1914-1918 թթ. թուրքական բանակների քանիցս ներխուժումների հետեւանքով Պարսկահայքի տարածքում զոհւել են հազարաւոր հայեր, իսկ մեծագոյն մասը հարկադրւած գաղթել է Արեւելեան Հայաստանի կամ Պարսկաստանի տարբեր վայրեր: Հրապարակւող փաստաթղթերը լուսաբանում են 1914 թ. դեկտեմբեր եւ 1915 թ. յունուար ամիսներին Պարսկաստան ներխուժած թուրքական զօրքերի գազանութիւնները հայ եւ ասորի բնակչութեան նկատմամբ:

Յայտնի է, որ Առաջին աշխարհամարտի ժամանակ (1914-1918թթ.) օսմանեան բանակները երկու անգամ մուտք են գործել չէզոք Պարսկաստան, հրահրել խժդժութիւններ, կազմակերպել կապուտ-կողոպուտ եւ ջարդեր Ատրպատականի շրջաններում՝ Ուրմիայի, Սալմաստի, Խոյի, Մակուի եւ Ղարադաղի (Դզմար), Ս. Թադէի վանքում, ապա, մուտք գործելով նաեւ Թաւրիզ, պատանդներ վերցրել հայ բնակչութիւնից, ինչին պիտի հետեւէր Թաւրիզի հայութեան եւ քրիստոնեաների կոտորածը… : Յատկանշելի է, որ օսմանեան բանակի ոտնձգութիւնների մասին Իրանի ԱԳՆ փաստաթղթերի տարբեր արխիւներում մատնանշւում են նաեւ 1909 թւականի ներխուժումները Ատրպատականի սահմանակից քաղաքներ :

Թուրքական զօրքերի` Հիւսիսային Պարսկաստան ներխուժման եւ տեղի քրիստոնեայ բնակչութեան ոչնչացման մասին վկայում է նաեւ Էրզրումում գերմանացի հիւպատոս Շոհբներ-Ռիխտերը, որը Գերմանիայի ռեյխսկանցլեր Բետմահ-Հոլվեգին 1916 թ. դեկտեմբերի 4-ին գրած նամակում նշում էր. «Հիւսիսային Իրան Խալիլ բէյի արշաւանքի նպատակն էր հաշւեյարդար տեսնել հայկական եւ ասորական գնդերի նկատմամբ եւ արտաքսել Հիւսիսային Պարսկաստանից հայ, ասորի եւ պարսիկ բնակչութեանը: Խալիլ բէյի արշաւանքը թուրքերի նկատմամբ խոր ատելութեան առաջացման պատճառ դարձաւ»:
Հիւսիսային Պարսկաստանում հայ բնակչութեան դէմ թուրքական զօրքերի գործադրած բնաջնջման քաղաքականութիւնը վերլուծելիս հայ պատմաբան Ս. Պօղոսեանը, վկայաբերելով անգլիական մամուլը, նոյնիսկ նշում է, որ «Մեծ եղեռնը սկսւեց ոչ թէ արեւմտահայերի, այլ արեւելահայերի եւ պարսկահայերի ջարդերով: Դրա վկայութիւններից մէկն է, որ, ի տարբերութիւն Ապտուլ Համիտի, երիտթուրքերը ծրագրել էին իրականացնել ոչ միայն արեւմտահայերի (թուրքահայերի), այլեւ արեւելահայերի (ռուսահայերի ու պարսկահայերի) ոչնչացում, այսինքն՝ խօսքը ողջ հայութեան ամբողջական բնաջնջման մասին էր՝ անկախ հպատակութիւնից: 1914 թ. վերջերին եաթաղանի զոհ են դառնում Պարսկահայքի, Ատրպատականի, Պասենի, Արտւինի, Արտահանի եւ մի քանի ուրիշ գաւառների հայերը» :

«1914-ի վերջին,- շարունակում է Ստ. Պօղոսեանը, -գործողութեան մէջ դրուեց Ուրմիայի նեստորական ասորիների բնաջնջման ծրագիրը: Խնդիր էր դրուած վերացնել այն բոլոր ոչ թուրք տարրերին, որոնք անջատում էին թուրքերին Բաքւի եւ Իրանական Ազրպէյճանի թուրք-թաթարական բնակչութիւնից»:
«Ցեղասպանութեան ժամանակակիցների եւ ուսումնասիրողների տեսադաշտում եղել է հիմնականում արեւմտահայոց Գողգոթայի եւ Արեւմտեան Հայաստանի հայազրկման փաստը: Երիտթուրքական վարչակարգը դրել էր ընդհանրապէս հայ ժողովրդի ոչնչացման հարցը: Ցեղասպանութիւնն ընդգրկել էր ե՛ւ Արեւմտեան Հայաստանը, ե՛ւ Պարսկաստանի հայաբնակ վայրերը, ե՛ւ Արեւելեան Հայաստանը: Կոտորածների առաջին զոհերը 1914 թ. վերջերից դառնում են Ատրպատականի հայերը՝ կապուած վերոյիշեալ շրջաններ թուրքական զօրքերի ներխուժման հետ»:
Այսպիսով՝ հայերի ցեղասպանութեան գործադրումը սկսւել էր երիտթուրքական կլիկի` 1915 թ. ապրիլի 15-ի տխրահռչակ հրամանագրից ամիսներ առաջ, եւ դրա առաջին զոհերը դարձան Թուրքիայի քաղաքացի չհանդիսացող հայերը: Այդ իրողութիւնը չեն ժխտում նաեւ իրենք՝ թուրքերը:

Փանթուրքիզմի գաղափարախօսներից Թեքին Ալփի կարծիքով՝ Իրանի բնակչութեան 1/3-ը թուրքական արիւն ունէր եւ պէտք է վերադառնար իր ցեղակիցների գիրկը: Իսկ դրա համար պարտադիր պայման էր այդ տարածքներից նաեւ հայերի անհետացումը: Թուրքերը մեծ թուով հայերի, արաբների, անգամ պարսիկների արիւն հեղեցին պարսկական տարածքներում: «Ես սեփական աչքերով տեսայ,- գրում է ռուսական առաջին բանակի փոխհրամանատար Կ.Մատիկեանը,-հարիւրաւոր ծածկւած դիակներ` ընկած փոսերում, գարշահոտութիւն, որ վարակել էր օդը, տեսայ գլուխը հատած դիակներ, քարերի վրայ կացինով կտրուած ձեռներ, սրունքներ, պոկուած մատներ, դուրս քաշուած գանգեր, դիակներ փլատակների եւ տասնեակ զոհուածներ ցանկապատերի տակ…Սպանութիւններ կատարուել են հայկական շատ գիւղերում» :

1915 թ. յունւարին, երբ Կովկասեան ճակատում թուրքական բանակը յարձակողական գործողութիւններ էր ծաւալել, նրան միացած «Համիդիէն» եւ չեթէները կենտրոնացան Ալաշկերտի դաշտում եւ սկսեցին հայերին կոտորել: Այդ կոտորածները տարածւելով հասան Վանի նահանգ եւ Ուրմիա լճի շրջանները: «Էնւերի փեսան՝ արիւնարբու Ճեւտեթ, եւ ազգայնական Խալիլը, թրքական բանակի գլուխն անցած, ասպատակեցին Հիւսիսային Պարսկաստան, եւ հայկական ու ասորական գիւղերը իրենց յարձակումներուն թիրախ հանդիսացան: Գիշատիչներէ հալածական թռչուններու նման հայերը փախուստ կու տային ամէն ուղղութեամբ՝ ապաստան գտնելու համար….» :

Այս իրադարձութիւնների մասին Սիմոն Վրացեանը 1915 թ. յունւարի 1(14)-ին Թիֆլիսից ՀՅԴ Ամերիկայի կենտրոնական կոմիտէին յղած նամակում գրում էր. «….Այդ պանիկայի միջոցին հրաման է տրւում Պարսկաստանի եւ Ալաշկերտի զօրամասերին յետ քաշուել, սկսում է յետ գալ եւ Ատրպատականի ռուս զօրքը, որի հետ գաղթում են Աղբակի եւ Սալմաստի հայերը: Կարիք կա՞յ ասելու, թէ ինչ ահռելի կացութեան մէջ ընկել է այդ ժողովուրդը այս ցրտին: Գաղթում են եւ Թաւրիզից, որը անցել է թուրքերի ձեռքը» :

Այս մասին կրկին խոստովանել են հէնց իրենք` ջարդարար թուրքերը. «….Պարսկաստան ներխուժող թրքական բանակի հրամանատար Խալիլ բէյը 1914-ի վերջերին եւ 1915 թ.-ի սկզբին, երբ պարտութիւն կրեց հայ կամաւորական գնդերից (Անդրանիկի գլխաւորութեամբ ‒Դ.Մ.) եւ ռուս բանակից, անցաւ Վան եւ այնտեղ Ջեւդեթին (Վանի կուսակալ) յայտնեց, որ «մաքրել» է Ուրմիայի եւ Սալմաստի քրիստոնեաներին, Ջեւդեթն էլ պատրաստուել էր «մաքրելու» Վանի եւ Վասպուրականի հայերին»: «Մաքրման» այսպիսի բազմաթիւ գործողութիւնների են դիմել թէ՛ քրտերը եւ թէ՛ թուրքերը, երբ, յատկապէս հայ կամաւորականներից պարտութիւն կրելով, դրա վրէժը լուծում էին հայ ազգաբնակչութիւնից, որն էլ ստիպւած գաղթում էր իրանական տարածք, որն աւելի ապահով էր համարւում: Այդ մասին վկայել են իրանական աղբիւրները եւս, երբ «1914-1915թթ. հազարաւոր հայ գաղթականներ «մուսիօ քեռիի» գլխաւորութեամբ Արեւմտահայաստանից Սալմաստ են գաղթել»:
Խալիլ բէյի մատնանշած պարտութիւնը վերաբերում է Դիլմանի հռչակաւոր ճակատամարտին, որի ժամանակ «….իրեն փայլուն կերպով դրսեւորեց Անդրանիկը 1915 թ.-ի ապրիլին, որտեղ նրա ջոկատը ջախջախեց Խալիլ բէյի կորպուսը եւ կանխեց Իրանական Ազրպէյճանից գերմանա-թուրքական զօրքերի` Անդրկովկաս ներխուժելու վտանգը» :

Անդրէ Ամուրեանը (Տէր-Օհանեան) իր փաստարկները հիմնաւորել է իր տրամադրութեան տակ ունեցած փաստագրութիւն-արխիւով, որում օրը օրին արձանագրւած են թուրքական ներխուժող բանակի այն բոլոր անիրաւութիւնները, սպանութիւններն ու սադրանքները, որոնք տեղի են nւնեցել պարսկական Ատրպատականում: Այդ փաստագրութեան հեղինակը Թաւրիզի ֆրանսիական միսիոնարութեան պետ հայր Պ. Ֆրանսէնն է, որը պատերազմի ժամանակ նշանակուել էր հիւպատոս Սպանիայի եւ Հոլանտիայի` հովանաւորելու համար Ատրպատականի քրիստոնեայ տարրերին:

Ուրմիայի ֆրանսիական միսիոնարութեան կոյսերը օրը օրին օրագիր են կազմել եւ տեղեկագրել Թաւրիզ՝ հայր Պ. Ֆրանսէնին, որը դիմումներ է կատարել ու միջոցներ ձեռք առել` փրկելու անմեղ տարրերին, որոնք զոհն էին թուրքական վայրագութիւնների: Այսպէս, օրինակ, թուրքերը ներխուժում են Ուրմիայի ֆրանսիական միսիոնարների շէնքը եւ եկեղեցու բակում սպաննում նրա պետ հայր Սոնտագին: Նրա արեան հետքը պահւում է տարիներ շարունակ, ապա յուշարձան է կանգնեցւում անմեղ նահատակի արեան հետքի վրայ:

Հայր Պ. Ֆրանսէնի վկայութիւնները խիստ արժէքաւոր են նրանով, որ վկաները օտարազգի են՝ ֆրանսիացի, հոլանտացի, սպանացի, եւ օրը օրին արձանագրել են անցուդարձը: Սա վերստին ապացուցում է Մեծ Եղեռնի սկսուելը ոչ թէ արեւմտահայերի, այլ արեւելահայերի եւ ի մասնաւորի պարսկահայերի ջարդերով:

Այստեղ կը ցանկանայինք կարճ ակնարկով անդրադառնալ Ուրմիայի, Խոյի, Սալմաստի եւ շրջանի կոտորածներից հրաշքով ազատուածների վկայութիւններին, քանի որ նրանք ժամանակին ականատես են եղել թուրքական գազանութիւններին: Այսպէս` Խոյ գաւառի Թաղեր գիւղից Շուշանիկ Բէյութեանցը գրում է.«1914-ի դեկտեմբերեան նահանջին, երբ ռուսները Բաշկալայէն (Աղբակ) եւ Ատրպատականէն կը քաշւին, ռուսները տեղական հայերը իրենց հետ կը տեղափոխեն Կովկաս, եւ Սալմաստի, Ուրմի շրջաններու նման Խոյն ալ գաղթի կը դիմէ: Դեկտեմբերի վերջերը ռուսները յայտարարեցին, որ իրենք յետ կը դառնան, եւ հայերն ալ պէտք է իրենց հետ նահանջեն (ուրիշ պատմողներ կը պատմեն, թէ կամաւորները կըպարտաւորեցնեն նահանջել չկոտորուելու համար): 200 տունէ բաղկացած հայ թաղամասը բռնեց գաղթի ճամբան: Գիւղին մէջ մնացին միայն մի քանի ծերեր, որոնցմէ 3-ը սպաննուած են, միւսները կան»:

Իսկ Յակոբ Խորոզեանցը` Սալմաստ գաւառի Հաւթւան գիւղից, 1916 թ. վկայել է հետեւեալը. «1914 թ. դեկտեմբերի սկզբները Սոմայի շրջանի քիւրտերը Ամիրխանի ցեղապետ Ջահանգիր Աղայի առաջնորդութեամբ յարձակեցան Մահլամ եւ Սառնա զուտ հայաբնակ գիւղերուն վրայ եւ հրդեհեցին խոտի դէզերը եւ յառաջացան դէպի այդ գիւղերը, սակայն գիւղացիներու եւ ռուսներու բուռն ընդդիմութեան հանդիպելով՝ կը փախչին: Դեկտեմբերի 18-ին, երբ ռուսները տաճկական սահմաններէն յետ նահանջեցին, ժողովուրդը իրենց հետ արտագաղթել տուին դէպի Կովկաս: Տուները մեծ մասամբ այրւած են կամ փայտերը վառելու համար քանդւած: Վառւած է [են] Շէյթան-Աւայի դպրոցը, դատերու սրահը, Ս. Աստւածածին եկեղեցին (ուխտատեղի): Այրողները տեղական թուրքեր են: Ամբողջ Սալմաստի շրջանին եկեղեցիները աւարի են տւած, զանգակատուները ջարդւած կամ գնդակներով ծակոտուած են:

Հաւթւան՝ 650 տուն, Խոսրովա՝ ասորաբնակ, որի մէջ կայ 20 տուն հայ բնակչութիւն, Սաւրա՝ 180 տուն հայ բնկ., Հին քաղաք՝ 125 տուն հայ, Սառնա՝ 180 զուտ հայաբնակ, Մահլամ՝ 270 տուն զուտ հայաբնակ, Շէյթանաւա՝ 15 տուն հայ, Դրիշկ՝ 35 տուն հայ, Քօչամիշ՝ 25 տուն հայ, Քալաշան՝ 20 տուն, Փայաջուկ՝ 400 զուտ հայաբնակ, Ղալասար՝ 200 տուն զուտ հայաբնակ, Ախտախանա՝ 80 տուն հայ, Ղզլջամա՝ 60 տուն, Սարամերիկ՝ 85 տուն, Վարդան՝ 12 տուն, Ուլա՝ 6 տուն, Գիւլիզան՝ 4 տուն, Փաթաւոր՝ 3 տուն, բոլոր վերոյիշեալ գիւղերը գաղթի ճամբան բռնեցին դեկտեմբերի 20-24-ի ընթացքին: Այդ ատենները Աղբակի շրջանի հայերն ալ ռուսներու հետ նահանջեցին եւ Սալմաստ եկան, որոնք սալմաստցիներու հետ Կովկաս անցան, մի մասը տեղացիներու հետ միասին Սալմաստի շրջանը մնացին[մնաց]: Ատոնցմէ 700 հոգի, գլխաւորաբար տղամարդիկ, ջարդւեցան չարաչար տանջանքներով, ոմանց վիզը դրան շէմքին վրայ դրած՝ նաջախով (կացին) կտրած են, ոմանց՝ գնդակահարած, ոմանց՝ անդամահատած եւ տանջանքներով սպաննած, ուրիշներուն ողջ-ողջ այգիներու պատերու տակ են թաղած: Ջարդը տեղի ունեցած է թուրք հրամանատար Խալիլ բէյի հրամանով:

Զօրքերուն մասնակցեցան Սոմայի Թիմուր աղայի եւ Ջահանգիր աղայի քիւրտերը եւ հայերու ունեցած ամբողջ ստացուածքը թալանեցին:

Տեղացի թուրքերը կին ու երեխաներ պահած են (պատմողը պահողներուն անունները չիյիշեր), մի տան մէջ հաւաքած, կողոպտած, հազար ու մի անարգանքի ենթարկած են եւ ապա, ռուս զօրքի վերադարձին, վերստին, ազատւած՝ Կովկաս են անցած»:
Վերոգրեալ վկայութեան դիպուկ փաստարկ է նաեւ հետեւեալ մէջբերումը «Կաւկազ» թերթից. «Խոսրովան մի մեծ գիւղ էր, ունէր 500 ընտանիք, այժմ լրիւ ամայացել է»:

1915 թ. փետրուարի 14-ի գիշերը Խոսրովա եւ Մահլամ գիւղերում սպաննուեց 707 հայ: Այդ մասին կրկին Կ. Մատիկեանը գրում է Կովկասեան բանակի հրամանատարութեանը. «Մինչեւ ամսի 14-ը հայերը շնորհիւ պարսիկների մնացել էին անվնաս: Բայց թուրքական կառավարութիւնը ….սպառնաց պատժել բոլոր այն պարսիկներին, ովքեր կը թաքցնէին քրիստոնեաներին…. Գայմագամ Ռուստամ բէյը հրամայեց քրտերին ու զինւորներին պարսիկների տներից հանել քրիստոնեաներին եւ սպաննել նրանց թաքցնողներին: Հրամանը կատարուեց անմիջապէս….հայերին տարան Հարիւան եւ Խոսրովա գիւղերը, որտեղ էլ ….տանջանքներով սպաննեցին….» :

Յաջորդ վկայութիւնը Մկրտիչ քհն. Տէր Պետրոսեանինն է՝ Ուրմիա գաւառի Մահմադքեար, Նաղադէ եւ Գեարդաբադ գիւղերի կոտորածների մասին. «1.Մահմադքեար եւ Նաղադէ գիւղերուն մասին- Պաշտօնավարութեանս վայրը՝ Սուլդուզ գաւառամասը, 1914 թ. դեկտեմբերի 7-ին Մուսուլի կողմի Դիզէի ըսւած քիւրդ աշիրէթներու եւ թուրք բաշիբոզուկ զօրքերու կողմանէ յարձակումի ենթարկուեցաւ: Սուլդուզի եւ Ուրմիայի շրջանի մէջ եղած ռուս զօրքերը, որոնք, թռուցիկ խումբեր կազմած, այդ կողմերն էին, ընդառաջեցին: Հետեւանքը այն եղաւ, որ ռուսները նահանջեցին դէպի Ուրմիա, իսկ քուրդ խուժանը թալանի տւաւ Մահմադքեար հայ եւ ասորի գիւղը (մօտ 80 ծուխ ունեցող, կէսը հայ են, կէսը՝ասորի), քշեցին տարան տաւար, ոչխար եւ տնային կահ-կարասիներ:
Հետեւեալ օրը յարձակեցան Նաղադէ գիւղին վրայ, չթալանեցին, միայն ձիաւորներով տեղաւորւեցան հայ հարուստներուն տուները: Վերջիններս, զգուշանալով, որ յարձակում գործողները կարող են սպանութիւններ, առեւանգումներ եւ բռնաբարութիւններ գործել, կ՛ապաստանին իրենց հարեւան քիւրտերուն տուները: Ձիաւորները մօտ 5 օր կուտեն, կը փչացնեն հայ հարուստներուն ունեցած-չունեցածը եւ կը տանին բոլոր պղնձեղէնները, սամաւարները, կանացի զարդերը եւ այլն: Մենք այդ մասին բողոքեցինք Սոուջ-Բուլաղի մէջ եղած թուրքերու հրամանատարին, այն հրամայած էր վանեցի Ճեմալ էֆենտիին, որ թալանուած իրեղէնները յետ տորւին, եւ հայերու հետ խաղաղ ապրին: Ճեմալ էֆենտին իրեն եղած հրամանի հիման վրայ կանչեց ինձ եւ հայ ակսակալներուն (ծերերուն) եւ խօսքը ինծի ուղղելով՝ըսաւ. «Փափազ էֆենտի, ժողովուրդիդ կը յայտարարես, որ իրենց գործին կենան, երկրագործը իր գործին երթայ, առեւտրականը՝ իր առեւտուրին, ես եղած անկարգութիւններուն վերջ կուտամ: Ըսէ՛ք, որ միամիտ մնան տեղի հայերը, եթէ անոնք կը կասկածին կոտորածէն, մի՞թէ մեր երկիրը քրիստոնեայ չկար կոտորէինք, որ գայինք այստեղ քրիստոնեաներ կոտորելու»: Այդ խօսքերուն վրայ մենք հանգստացած դուրս եկանք:

Այնուհետեւ քիւրտ աշիրէթներուն եռուզեռը աւելի սաստկացաւ: Նոյն Ճեմալ էֆենտիին հրամանով ոստիկանները ամէն օր կուգային եւ կը պահանջէին հաց, իւղ, գառ, ոչխար, բրինձ, տեղաշորեր, հեշտաեռ պղնձէ կաթսաներ: Ամէն ինչ, որ կը տանէին, վերադարձնել չկար: Նորէն դիմումներ եղան նոյն Ճեմալ էֆենտիին, բայց ապարդիւն, որով վերադարձայ Ուրմի՝ իմ ծննդավայրը, դեկտեմբերի 13-ին:
2. Ուրմիի Գեարդաբադ գիւղին մասին. 1914թ. դեկտեմբեր 13-ին ներկայացայ Ուրմիայի առաջնորդական փոխանորդ Խորէն վարդապետ Լազարեանին եւ պատմեցի եղած անցուդարձի մասին: Դեկտեմբերի 19-ին ես մեր գիւղն էի, երբ առաջնորդին նամակը ստացայ, որով գրած էր՝ նամակս առնելուդ պէս աշխատեցէք րոպէ առաջ ձեր հոգին ազատել, որովհետեւ ռուսական զօրքը կը նահանջէ: Ամէն ինչ թողեցինք, դուրս եկանք: Մենք Դիլմանի, Խոյի վրայով 14 օրւայ ընթացքին հազիւ հասանք Ջուլֆա՝ շնորհիւ սոսկալի ցեխին: Յղի կանայք վիժեցին երեխաները, քանի՜-քանի՜ երեխաներ տեսայ, որ ձիւնի վրայ էին ձգուած:

Գաղթողներս 7-8000 հոգի էինք: Մեր գիւղը 150 տուն ունէր, բոլորը մեզ հետ գաղթեցին, միայն 46 հոգի գիւղը մնացին, մնացածներէն 14 հոգի սպանւած են, որոնցմէ 4-ը` տղամարդ, 3-ը՝ կին, 2-ը՝ պատանի, 2-ը՝ աղջիկ:

Սպաննուածներէն դրւագ մը: Մայր մը իր երկու աղջիկները իրենց մեծ մօրը (տատ) մօտ կը թողու, կը փախչի: Մեծ մայրը, երկու երեխաներն առած, գիւղի հարուստներէն մէկուն թոնիրին մէջը կը պահուըտի: Թալանչիները կը նկատեն, որ թոնիրին մէջ մարդիկ կան, կը քարկոծեն եւ այնքան քարերով կը հարուածեն, մինչեւ 3-ն ալ շունչը կը փչեն:

Ուրմիայի հարաւային կողմը եղած հայ եւ ասորի ժողովուրդը չէր կարողացած գաղթել: Ասոնք կը հաւաքւին Ուրմիայի ամերիկեան միսիոներներու հովանաւորութեան ներքոյ: Անոնք բոլորն ալ կ՛ազատուին կոտորածէն: Միսիոներներու մօտ ապաստանած էին 16000 հայ, ասորի, որոնք գլխաւորապէս միսիոներներու հաշուին կ՛ապրէին: Տուներու մէջ այնքան էին հաւաքւած, իրար վրայ դիզւած, որ վարակիչ հիւանդութիւնները ծայր առին այնպէս, որ մեռնողներուն թիւը օրական 10-16 հոգիի հասաւ»:

Տուեալ իրադարձութիւնների մասին ամերիկեան գործակալ Թ. Ալէնը տեղեկագիր է ներկայացրել, որը, բացի ասորիներից, ուղղակիօրէն առնչւում է նաեւ պարսկահայերի ջարդերին: Մինչեւ Առաջին աշխարհամարտի սկիզբը ռուսական զօրքերը գրաւել էին Ատրպատականի հիւսիսը: Գրեթէ նոյն ժամանակ «Համիդիէն» յարձակւեց Մարգաւարի եւ Թարգաւարի պարսկական գիւղերի վրայ: Ռուսական զօրքերի հետ այդ գիւղերի բնակիչները գաղթեցին Ուրմիա: Հոկտեմբերին թուրքերը յարձակւեցին Ուրմիա քաղաքի վրայ: Սակայն Բլրի ճակատամարտում թուրքերն ու քրդերը պարտւեցին եւ նահանջեցին: Բայց թուրքերին յաջողուեց առաջանալ: Դեկտեմբերի 31-ին զօրքերն ընդհանուր նահանջի հրաման ստացան: Ասորիները նոյնպէս հեռացան. նրանց զգալի մասը ճանապարհին մեռաւ: Մօտ 800 ասորի ոչնչացուեց տեղում: Յարձակման ենթարկուեցին նաեւ հայերը: Թուրքերը գրաւեցին քաղաքն ու Ուրմիայի հարթավայրը: 1915 թ. յունւարի 1-ից մայիսի 24-ը «Բոլոր քրիստոնէական գիւղերն ու մուսուլմանական գիւղերում բնակւող քրիստոնեաները թալանւեցին, տղամարդիկ սպաննուեցին, կանայք անարգուեցին, մօտ 200 աղջիկ գերեվարուեց: Շատերին ստիպեցին մահմեդականանալ, հազարաւորները մահացան հիւանդութիւններից»: 1915 թ. մայիսի 24-ին ռուսները վերադարձան, նրանց հետ՝ նաեւ ասորիները: Օգոստոսին ռուսները նորից նահանջեցին: Թուրքիայում բնակւող ասորիները, հայերին միացած, փախան Վանում եւ Մարմարայում ռուսական բանակի գրաւած շրջանները: Հետագայում, ռուսական բանակի հետ նահանջելով, հայ գաղթականները հաստատւում են Խոյ, Սալմաստ եւ
Ուրմիա գաւառներում :

Ուրմիայի հայերին եւ ասորիներին օժանդակող կոմիտէի նախագահ, քահանայ Ու. Շէյդը վկայում է, որ Պարսկաստանի հիւսիսարեւմտեան շրջաններում կատարւած ջարդերի ամբողջ պատասխանատւութիւնն ընկնում է թուրքերի վրայ. նրանք էին կոտորած ու թալան իրականացնողները :

Սալմաստի Սաւրա գիւղից Սիմոն Ղազարեանի վկայութիւնը 1916 թ.-ին. «Դեկտ.-ին` ռուսներու նահանջին ատեն, ինչպէս Սալմաստի միւս գիւղերը, մեր գիւղն ալ նահանջեց: 400 տուն բնակչութիւնը վայրկենապէս գաղթի ճամբան բռնեց, 200-է աւելի անկարող ճամբորդելու, ծերեր եւ մի քանի ընտանիքներ ամբողջովին գիւղը մնացին, ամբողջ կանայք հաւաքւած են մի տան մէջ՝ թալանւած, բռնաբարւած, մեծ մասին կոտորած են, իսկ միւսները՝ փախուստի դիմած: Սաւրայէն Ջուլֆա մինչեւ ծունկերնիս ձիւնի, ցեխի մէջ թաթախւած կը ճամբորդէինք: Շատերը մեռան, մեր տղան ցրտահար եղաւ, թաղեցինք ձեան մէջ, ճամբաներս շարունակեցինք: Ողջ մնացողները մեծ մասամբ Երկիր են վերադարձեր» :

1915 թ. ռուսական բանակը, որն առաջացել էր մինչեւ Սուլդուզ, Սոուջբուլաղ, թերեւս առ ի զգուշութիւն կրկին յետ է նահանջում մինչեւ Ուրմիա: Տեղի հայ եւ ասորի բնակչութիւնը կասկածում էր, որ ռուսներն այդ շրջանից եւս կարող են նահանջել դէպի Սալմաստ, ուստի մեծագոյն մասը, թողնելով տունուտեղ, հապճեպ գաղթում է դէպի Սալմաստ, Ջուլֆա, Թաւրիզ եւ այլուր… Դեռեւս 1914 թ. աշնանից առգոյ էին ռուսական նահանջի նախանշանները, որի մասին եւս «Այգ»-ը իր 1914 թ. հոկտեմբերեան համարում ահազանգ է հնչեցրել «Դրութիւնը Ուրմիայում» խորագրի ներքոյ` ընդգծելով, որ«….Իրօք, եթէ ռուսական զօրքը այստեղից շարժւի, Ուրմիան կորած է. այդ դէպքում մանաւանդ քրիստոնեայ ազգաբնակչութեան ապագան կը դառնայ ահաւոր» :

Վերոգրեալի ապացոյց է նաեւ ստորեւ մէջբերւող՝ Սալմաստի Ղալասար գիւղի բնակիչ Թագուհի Օհաննէսի Վարդանեանի վկայութիւնը. «1915 թ. յունւարի 5-ին ռուսները Բաշկալէի կողմերէն նահանջելու ատեն կամաւորներու հետ միասին մեզ տեղահան ըրին, որպէսզի ետեւէն եկող թիւրքերը կոտորած չսարքէին: Մենք մինչեւ անգամ ճանապարհի հաց վերցնել չկարողացանք: Ամէն ինչ գիւղը մնաց, որը մեր գաղթելէն յետոյ թալանած են: Գիւղը մնացին ամէն տունէն մի, երկու կամ աւելի անձինք, 18 հատ գեղեցիկ կին ու աղջիկ առեւանգւած են, անպատււած, 9-է աւելի կին, երեխայ եւ մարդ անհետ կորած են: Անցեալ 1915-ի գարնան, երբ մեր մարդիկ Ղալասար գացին, այնտեղ տեսած են ջրհորի եզերքին ձգւած արիւնոտ սղոց մը. ջրհորը նայած գտած են 7-ը դիակ, որոնցմէ 4-ը՝ տղամարդու, 3-ը՝ կնոջ: Սղոցով կտրւած գլուխներէն 6-ը դիակներու մօտ ձգւած էին, միայն մէկին գլուխը չեն գտած….» :

1915 թ. սկզբների Ատրպատականի հայութեան կոտորածների վառ վկայութիւն է ներկայացրել անգլիացի հռչակաւոր պատմաբան Առնոլդ Ջ. Թոյնբին հայոց ջարդերին նւիրւած իր հանրածանօթ «Մի ազգի սպանութիւնը» գրքում: Գրքի տւեալ հատւածը, որը ներկայացւում է ստորեւ, անգլերէնից թարգմանաբար մէջբերել է Անդրէ Ամուրեանը. «Հաֆթւանում եւ Սալմաստում առանց գլուխների 850 դիակներ գտնւեցին՝ միայն հորերից եւ ջրամբարներից հանւած: Ինչո՞ւ: ՈՐՈՎՀԵՏԵՒ ՀՐԱՄԱՅՈՂ ՊԱՇՏՕՆԵԱՆ ՄԻ ԳԻՆ ԷՐ ԴՐԵԼ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ԱՄԷՆ ՄԻ ԳԼԽԻ ՀԱՄԱՐ: Միայն Հաֆթւանից 500-ից աւելի կանայք եւ աղջիկներ են ուղարկւած Սոուջբուլաղի քիւրդերին: Եթէ կարող էք, երեւակայեցէք այս դժբախտ արարածների բախտը: Դիլմանի քրիստոնեաներից մի մեծ խումբ բանտ նետւեց եւ պարտադրւեցին, որ իսլամանան: Տղամարդկանց թլփատեցին: Ուրմիոյ շրջակայքի ամենահարուստ գիւղը՝ Գիւլփարջան, հիմնայատակ կործանւեց, տղամարդիկ սպանւեցին, գեղեցկադէմ կանայք եւ աղջիկները առնւեցին, նոյնը պատահեց Բաբառուդին: Հարիւրաւոր կանայք խորունկ գետը նետւեցին, երբ տեսան, որ իրենց քոյրերից շատերը աւազակախմբերի կողմից բռնաբարւում էին օրը ցերեկով, ճամբի մէջտեղը: Նոյնը եղաւ նաեւ Սուլդուզի շրջանի Միանդոաբում:

Այս խժդժութիւնները ահռելի են թւում օտարներին, բայց թուրքերի համար բոլորովին թեթեւ էին նկատւում, ինչ որ մօտերս կատարում էին իրենց հողամասի վրայ….» :

«Դրօշակ», թիվ 5 (1651), մայիս, 2021 թ.

 

CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )