ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԵԱՆ
ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան հիմնարկի առաջատար գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ
Վերջերս Կլենտէյլի Սուրբ Աստուածածին եկեղեցում վերջին հրաժեշտը տուեցին սփիւռքահայ կրթական եւ հասարակական գործիչ, դամասկահայութեան նուիրեալ, հայ լեզուի մշակ, հայոց լեզուի վաստակաշատ ուսուցչուհի, մուսալեռցի Մարի Ֆիլհաննէսեան-Պապիկեանին:
Մարի Ֆիլհաննէսեանը ծնուել է 1923 թ. մարտի 26-ին, Մուսա Լերան Պիթիաս գիւղում, Յովհաննէս եւ Վարդուհի Ֆիլհաննէսեանների ընտանիքում: Պիթիասը շրջանի ամենազարգացած բնակավայրն էր, սերտ կապեր ունէր արտաքին աշխարհի հետ: Պիթիաս են այցելել ժամանակի յայտնի մտաւորականներ, որոնք շատ դէպքերում հիւրընկալուել են Ֆիլհաննէսեանների ընտանիքում: Պատահական չէ, որ հայ մշակոյթի եւ լեզուի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրութեան շնորհիւ հայրը որոշել է Մարիին 14 տարեկանում ուղարկել Կիպրոս` ուսանելու Մելգոնեան վարժարանում: Մարի Ֆիլհաննէսեանը դարձաւ կրթօճախի առաջին փուլի շրջանաւարտներից մէկը: 1939 թ. երբ սուէտահայութիւնը վերջնականապէս լքեց Ալեքսանտրեթի սանճաքը, քանի որ ֆրանսական մանտաթային իշխանութիւնների համաձայնութեամբ այն յանձնուեց Թուրքիայի Հանրապետութեանը, Ֆիլհաննէսեանների ընտանիքը հաստատուեց նախ Այնճարում (որը ֆրանսացիները կառուցեցին սանճաքից հեռացած մուսալեռցիների համար), իսկ յետոյ` Դամասկոսում: Կիպրոսում ուսանելուց յետոյ Մարի Ֆիլհաննէսէանը 1942 թ. վերադարձաւ Դամասկոս, որտեղ սկսեց աշխուժ մասնակցութիւն ունենալ հայ համայնքի ազգային կեանքի մէջ: Նա մասնակցել է բազմաթիւ մշակութային, այդ թւում` թատերական միջոցառումների` իր ներդրումն ունենալով դամասկահայ համայնքի ազգային կեանքի կայացմանը:
1940-ականներից ի վեր Մարի Ֆիլհաննէսեանն սկսում է պաշտօնավարել Դամասկոսի Միացեալ վարժարանում` որպէս հայոց լեզուի եւ պատմութեան ուսուցչուհի: 1952 թ. ամուսնանում է դամասկահայ հասարակական գործիչ Սարգիս Պապիկեանի հետ: Միացեալ վարժարանում Մարի Պապիկեանն աշխատում է մինչեւ 1963 թ., որից յետոյ մինչեւ 1970-ականները շարունակում է հայոց լեզուի ուսուցչութիւնը Դամասկոսի Զաւարեան վարժարանում: 1979 թ. Մ. Պապիկեանն առաջին անգամ այցելում է Խորհրդային Հայաստան, ծանօթանում հայաստանեան մշակութային եւ հասարակական կեանքին, հանդիպում բարեկամներին:
Մարի Պապիկեանը զգալի ջանքեր է գործադրել նաեւ Հայաստան-սփիւռք կապերի ամրապնդման հարցում, Սիրիայում մասնակցել Հայաստանից ժամանած մշակութային գործիչների հետ հանդիպումներին, դամասկահայ աշակերտներին ու հանրութեանը ծանօթացրել հայաստանցի գրողների ստեղծագործութիւններին: Նա մօտ երեք տասնամեակ իրեն նուիրել է ուսուցչութեանը: Յընթացս, աշխուժ հասարակական գործունէութիւն է ծաւալել ՀՕՄ-ում` մօտ յիսուն տարի եւ մօտ 30 տարի եղել է Սիրիահայ օգնութեան խաչի (ՍՕԽ) Դամասկոսի մասնաճիւղի ատենապետը, հոգ տարել համայնքում աջակցութեան կարիք ունեցող մարդկանց: Մարի Պապիկեանը շօշափելի գործունէութիւն է ծաւալել նաեւ Համազգային մշակութային միութեան շրջանակներում ազգային տօների եւ կարեւոր իրադարձութիւնների առիթով (ապրիլի 24, մայրերի, Վարդանանց, Թարգմանչաց եւ այլ տօներ), որպէս կանոն, հանդէս եկել դասախօսութիւններով, իր սաների մասնակցութեամբ կազմակերպել բեմադրութիւններ, ասմունքել հայ գրողների ստեղծագործութիւնները: Նա տպագրուել է նաեւ Սիրիայի հայկական հրատարակութիւններում:
2004 թ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. վեհափառը Մարի Պապիկեանին պարգեւատրել է, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով` իր բազմամեայ կրթական-դաստիարակչական գործունէութեան համար: Մարի Պապիկեանը Սիրիահայ օգնութեան խաչի կողմից մի շարք անգամներ պարգեւատրուել է: Առաջին անգամ 1977 թ.-ին, 1982 թ.-ին` Դամասկոսում ՍՕԽ-ի յիսունամեակի առիթով, իսկ 1994 թ.-ին` ՀՕՄ-ում իր յիսունամեայ գործունէութեան առիթով:
Մարի Պապիկեանն ունէր մուսալեռցու անկոտրում կամք: Նա ազգային ու անձնական դժուարութիւնները յաղթահարելու իր փիլիսոփայութիւնն ունէր, սկզբունքների մէջ անդաւաճան էր, բնաւորութեամբ` բարեսէր: Միշտ ցաւով էր յիշում հայրենի Մուսա Լերան կորուստը, բայց չէր կորցնում լաւատեսութիւնը: Խրախուսում էր, երբ գրագէտ հայերէնով էին խօսում, եւ չէր հանդուրժում հայերէնի աղաւաղումը: Չէր մոռանում հարազատ Մուսա Լերան բարբառը: Մինչեւ իր կեանքի վերջը արտասանում էր հայ գրողների ստեղծագործութիւններ` իրեն յատուկ անաղարտ հայերէնով ու գեղեցիկ առոգանութեամբ: Հայրենիքի եւ հայոց լեզուի նկատմամբ անսահման սէրը նա փոխանցեց նաեւ իր զաւակներն ու թոռներին: Նաեւ փայլուն կերպով տիրապետում էր ազգային խոհանոցի գաղտնիքներն ու պատմութիւնը:
Մարի Պապիկեանը բացառիկ ներդրում է ունեցել սփիւռքում հայապահպանութեան, հայկական ազգային ինքնութեան պահպանման, հայ սերունդների կրթութեան ու դաստիարակութեան, Սիրիայում հայկական ազգային, հասարակական եւ մշակութային կեանքի զարգացման գործում: Իր անձով քաջալերել է բազմաթիւ երիտասարդների հայ մնալ, սիրել ու սովորել մայրենի լեզուն, հայ մշակոյթն ու պատմութիւնը: Նրա ընտանեկան ջերմ յարկի տակ հիւրընկալուել են Հայաստանից ժամանած բազմաթիւ հիւրեր ու հայաստանցի ուսանողներ, որոնց շրջապատել է հոգատարութեամբ: Մարի Պապիկեանը կարողանում էր իր շուրջը ստեղծել մի անբացատրելի ջերմ ու հարազատ մթնոլորտ, նրա զրոյցները մարդու ու կեանքի, Հայաստանից դուրս հայ մնալու, հայ մշակոյթն ու ոգին պահպանելու մասին էին: Մինչեւ կեանքի վերջը Մարի Պապիկեանն աշխուժօրէն հետեւել է հայ մամուլին, հայկական մշակութային ու գրական կեանքին, ոգեւորուել Հայաստանի առաջընթացով, մտահոգուել դժուարութիւնների համար, ի ցոյց դրել հայապահպանութեան այն վտանգները, որ կան Հայաստանից դուրս ապրելու դէպքում:
Մարի Պապիկեանը մահացել է 2021 թ. ապրիլի 9-ին, Միացեալ Նահանգներում, իր տարեդարձից հաշուած օրեր անց, 98 տարեկան հասակում: Նրա աճիւնն ամփոփուած է Հոլիվուտի, «Hills Forest Lawn» գերեզմանատանը: Մարի Պապիկեանն ունի երկու զաւակ` Նազարէթ Պապիկեան (ծն.1953 թ.), Տիգրան Պապիկեան (ծն.1956 թ.) եւ հինգ թոռ (Սարգիս, Դրօ, Սարօ, Մեղրի եւ Գառնի Պապիկեաններ):
Մարի Պապիկեանի յիշատակը միշտ վառ կը մնայ նրան ճանաչողների, այդ թւում` սիրիահայ (դամասկահայ) համայնքի, նրա աշակերտների, հարազատների ու բարեկամների սրտերում: Մարի Պապիկեանի ոգին քաջալերում է հայ մնալ:
Մեծ մօր մահուան առիթով Սարօ Պապիկեանը Դիմատետրի իր էջում գրել է. «… Ապրեցար ազգովդ, ազգիդ համար: Ուսերուդ վրայ վերցուցիր սուրբ եւ առաքինի, բայց եւ այնքան դժուար քու բաժին գործը` հայապահպանման… Չունէիր զմրուխտեայ քարեր, չէիր փնտռեր, բայց ունէիր հայոց աշխարհի լեռներուն նման զմրուխտեայ սիրտ… Պատգամդ էր անուննիս ու արիւննիս հայ պահենք: Պիտի պահենք, նէն, չկասկածիս: Ի վերջոյ, ի՞նչ արժեն նիւթն ու անձնական յաջողութիւնը զուրկ ինքնութենէ, ինքնութեան ճանաչումէ, հայրենիքէ եւ հողէ: Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ թոռնիկդ եմ, նէն…»:
Հալէպահայ գործիչ Մաթիկ Էպլիղաթեանը Մարի Պապիկեանի մահուան կապակցութեամբ արուած գրառման մէջ նշել է. «Տիկին Մարի Պապիկեանը անմահ է… Ինչպէ՞ս կրնայ մահանալ Մաշտոցեան բանակի անխոնջ ծառայ մը, որ իր փչած վերջին շունչին հետ կ՛արտասանէր` «Հայ լեզուն տունն է հայուն աշխարհի չորս ծագերուն…»»:
ՍՕԽ-ի Դամասկոսի «Էրեբունի» մասնաճիւղը իր տարածած յայտարարութեան մէջ նշում է. «… Բախտաւոր են բոլոր սերունդները, որոնք աշակերտած են տիկին Մարի Պապիկեանին Դամասկոսի մէջ…»:
Պապիկեան ընտանիքը, ի յիշատակ Մարի Ֆիլհաննէսեան-Պապիկեանի, որոշել է հիմնել յատուկ հիմնադրամ, որը նպատակ ունի աջակցել հայ կրթութեան ոլորտի մէջ հայոց լեզուի եւ գրականութեան ուսուցիչներ պատրաստելու ծրագրերին: Այս որոշման հիմնական շարժառիթը, ինչպէս նշուած է «Ասպարէզ» թերթում տարածուած յայտարարութեան մէջ` «… կը հանդիսանայ հանգուցեալ Մարի Պապիկեանին տասնամեակներ շարունակ հայերէն լեզուի ուսուցման եւ հայեցի դաստիարակութեան ինքնանուիրումը եւ յատուկ աւանդ վաստակած իր հայ մօր տիպարը: Պապիկեան ընտանիքը նաեւ նկատի ունեցած է իրենց հանգուցեալ մօր կտակած ուղերձը` հայապահպանման, հայախօսութեան, հայ լեզուի իմացութեան եւ հայ գրականութեան իրազեկման համար անդուլ աշխատելու առաքելութեան շարունակումը»:
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի: