Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մեր Ժողովրդի Անմոռանալի Հոգեվարքը

Ապրիլ 24, 2021
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Ընթերցողի սեղանին է վերջերս լոյս տեսած Զապէլ Եսայեանի «Ժողովուրդի մը հոգեվարքը (Աքսորեալ հայերը Միջագետքի մէջ)» գիրքը, որը բացառիկ փաստա-վաւերագրական պատում է Հայոց ցեղասպանութեան մասին: Հրատարակութեան նախաձեռնողը, կազմողն ու յառաջաբան գրողը` անուանի մտաւորական Անուշաւան Զաքարեանն է: Հատորը լոյս է տեսել Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի պատմութեան հիմնարկի հովանու ներքոյ:

Հայ ժողովրդի պատմութեան մէջ բացառիկ կին էութիւն է Զապէլ Եսայեանը: Հանրաճանաչ գրող, հրապարակագիր, թարգմանիչ, ազգային-հասարակական գործիչ, Արշակ Չոպանեանի բնորոշմամբ` «հայոց մեծագոյն գրագիտուհի» Զապէլ Եսայեանը իր համայն գրական եւ ազգային գործունէութեամբ անուրանալի հետք է թողել մեր իրականութեան մէջ: Եւ չափազանց արժէքաւոր է մեր ա՛յս օրերում Անուշաւան Զաքարեանի ազգանուէր նախաձեռնութիւնը` հրատարակել Զապէլ Եսայեանի «Ժողովուրդի մը հոգեվարքը. Աքսորեալ հայերը Միջագետքի մէջ» ժողովածուն:

Նախ արդարացիօրէն արժէ հակիրճ ներկայացնել ընթերցողին այդ նախաձեռնողին: Բազմակողմանի է բանասիրական գիտութիւնների դոկտոր Անուշաւան Զաքարեանի գրականագիտական եւ հասարակական գործունէութիւնը: Քսան մենագրութիւնների եւ կազմած ժողովածուների, նաեւ շուրջ 300 յօդուածների հեղինակ է, որոնց հիմնական ուշայարոյց նիւթերն են. 20-րդ դարասկզբի առաջին քառորդ տասնամեակների հայ իրականութեան խնդիրները, Հայկական հարցը եւ Հայոց ցեղասպանութիւնը: Նաեւ` հայ-ռուսական պատմականագրական կապերը: Իր գրական գործունէութեանը զուգընթաց, տարիների ընթացքում Անուշաւան Զաքարեանը յարգալից ճանաչման է արժանացել որպէս Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի հրատարակչութեան խմբագիր, այդտեղ լոյս տեսնող «Լրաբեր հասարակական գիտութիւնների» ամսագրի պատասխանատու քարտուղար, ՀՀ Գերագոյն խորհրդի քարտուղարութեան հրատարակչական բաժնի վարիչ, Ազ գային ժողովի թարգմանչական-հրատարակչական ենթաբաժնի վարիչ, գրասենեակի ղեկավար, քարտուղարութեան պետի տեղակալ, նաեւ ՀՀ կառավարութեան աշխատակազմի «Պաշտօնական տեղեկագիր» ընկերութեան գործադիր տնօրէն: Հայաստանի Գիտութիւնների ակադեմիայի համակարգում ունեցած մեծ վաստակի համար 2013 թ.-ին Ակադեմիայի նախագահի կողմից պարգեւատրուել է «Վաստակագրով»: Ունի նաեւ Հայաստանի Հանրապետութեան պետական ծառայութեան առաջին կարգի խորհրդականի աստիճան:

Եւ ահա մեր ներկայիս ծանրագոյն, կրկին եղերակա երանգով շնչող ժամանակում Անուշաւան Զաքարեանը իր ազգային նուիրուածութեան մղումով ձեռնարկել է գրել ծաւալուն, վերլուծական բարձր մասնագիտական յառաջաբան եւ հրատարակել հայոց անմոռանալի Եղեռնին նուիրուած վերոյիշեալ հատորը:

Ինչպէս գրել է Զապէլ Եսայեանը իր գրքի նախաբանում. «Կ՛անցնին տարիներ, կը մոռացուին քաղաքական ոխերը եւ ատելութիւնները, նոր մարդկութիւնը նոր յոյսերով եւ նոր ձգտումներով կը մոռնայ այսօրուան սուգը, բայց բան մը պիտի մնայ անդարմանալի եւ անմոռանալի, այն է` ամբողջ ժողովուրդի մը երկարաձգուած եւ տանջալի հոգեվարքը, որուն անշուշտ մէկ տժգոյն պատկերը պիտի գտնէք այս գրքի էջերուն մէջ»: Եւ այդ անմոռանալիութեան վառ ապացոյցն է Անուշաւան Զաքարեանի կազմած, հրատարակած եւ յառաջաբանած տուեալ ժողովածուն: Ստորեւ ընթերցողին ներկայացնում ենք հատուածներ այդ յառաջաբանից:

ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Օսմանեան կայսրութիւնում երիտթուրքերի կողմից իր դաժանութեամբ ու բարբարոսութեամբ հրէշաւոր Հայոց ցեղասպանութեան իրագործման մասին ահռելի գրականութիւն կայ: Դրանց շարքում առանձնակի կարեւորութիւն ունեն տակաւին Մեծ եղեռնի օրերին շարադրուած ականատես ու ականջալուր եղած անձանց անմիջական տպաւորութիւնները, եղերական այդ իրադարձութիւնները վերապրածների եւ օտարազգի անաչառ բազմաթիւ ականատեսների, միսիոնարների, դիւանագէտների տեղեկութիւնները, դիտարկումերը, նկարագրութիւնները, կոտորածներին վերաբերող փաստաթղթերում, յուշագրութիւններում առկայ մանրամասները, որոնք հաստատում եւ ճշգրտում են սարսափելի բաստերը: Այստեղ, թէկուզ, յիշենք Երուանդ Օտեանի` լայնօրէն յայտնի «Անիծեալ տարիներ. 1914.1919 (անձնական յիշատակներ)» վերնագրով գիրքը (1919 թ.), Արմին Թէոֆիլ Վեկների «Ճանապարհ առանց տունդարձի» գիրքը (1919 թ.)` օրագրային նոթերը, 1915-1946 թթ. Միջագետքի անապատներում հայերի նկատմամբ գործադրուած սարսափելի ոճիրի մասին: Նաեւ` Յակոբ Կիւնցլերի «Արեան եւ արցունքների երկրում: Իրադարձութիւնները Միջագետքում Համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-1918)» վերնագրով գիրքը (1921 թ.), որտեղ հիմնականում նկարագրւում են Ուրֆայում (Եդեսիա) կատարուած դէպքերը: Այդ բոլոր նիւթերն ունեն փաստավաւերագրական եւ իրաւական մեծ արժէք: Զապէլ Մկրտչի Եսայեանը նման մի շարք նիւթերի հեղինակ է:

Զապէլ Եսայեանը ծնուել է 1878 թ. Կ. Պոլսի Սկիւտար թաղամասում: 1909 թ. ապիլին երիտթուրքերն Ատանայում կազ մակերպում են հայերի կոտորած, որին զոհ է գնում շուրջ 30.000 մարդ: Հայ մտաւորականներից, գրողներից ու գործիչներից կազմւում են պատուիրակութիւններ, որոնք մեկնում են աղէտի վայրերը: Նրանց թւում էր նաեւ Զ. Եսայեանը, ով շուրջ երեք ամիս լինում է Ատանա, Մերսին, Սիս, Օսմանիէ եւ այլ բնակավայրերում, լսում կոտորածների ականատես մարդկանց, գրում յօդուածներ, գեղարուեստական մի շարք գործեր: Կիլիկիայի հայութեան մեծ ողբերգութիւնը, մասնաւորապէս, նկարագրել է «Աւերակներուն մէջ» գրքում, «Անէծքը» վիպակում, «Նոր հարսը» եւ «Սաֆիէ» պատմուածքներում, որոնք բոլորն էլ հրատարակել է 1911 թ.:

1915 թ. ապրիլի 24-ի գիշերն աքսորի ենթակայ հայ մտաւորականներից միակ կինը, ում անունը գրուած է եղել նախապէս կազմուած ցուցակում, Զ. Եսայեանն է: Դիպուածով մազապուրծ Հայոց ցեղասպանութիւնից` շուրջ երեք ամիս փախստականի կեանք է վարել, ապա մեկնել է Պուլկարիա, Ռումանիա, իսկ 1915 թ. վերջին` եկել Կովկաս:

Անդրկովկասում` Պաքւում ու Թիֆլիսում, Զապէլ Եսայեանը լայնօրէն շփուել է հայ հասարակայնութեան հետ, հանդէս է եկել արեւմտահայ գրողների եւ գրականութեան, արեւմտահայութեան նկատմամբ կիրառուող հալածանքների շուրջ զեկուցումներով ու դասախօսութիւններով, գրել է յօդուածներ: Այսպէս, 1916 թ. փետրուարի 6-ին Թիֆլիսի քաղաքային ժողովարանի դահլիճում` Յովհ. Թումանեանի նախագահութեամբ, դասախօսութիւն է կարդացել «Հայկական վերջին հալածանքները Կ. Պոլսոյ մէջ» վերնագրով, իսկ մարտի 12-ին Պաքւում` «Հայ գրասէրների ընկերութեան» հրաւէրով Հասարակական ժողովարանում` Յովհ. Յովհաննիսեանի նախագահութեամբ, ժամանակակից արեւմտահայ գրականութեան եւ գրողների մասին: Այնուհետեւ Մոսկուայի Հայկական կոմիտէի հրաւէրով Զ. Եսայեանը մեկնում է Փեթրոկրատ եւ Մոսկուա, որտեղ կազմակերպում է հայ որբերի ու գաղթականների օգտին կատարուելիք հանգականութեան գործը եւ օտարներին ներկայացնում հայկական կոտորածների իրական պատկերը: Ապրիլի 4-ին Փեթրոկրատում նա հանդէս է գալիս դասախօսութեամբ:

1916 թ. կէսերից 1918 թ. կէսերը Զ. Եսայեանն ամբողջովին նուիրուել է հայկական կոտորածների մասին վկայութիւններ կամ փաստագրական նիւթեր հաւաքելու, արձանագրելու եւ հրատարակելու գործին:

… 1921 թ. Զապէլ Եսայեանը բնակւում էր Փարիզում: Նա Հայաստանի օգնութեան կոմիտէի, Խորհրդային Հայաստանի հետ սերտ կապեր պահպանող հայկական ընկերութիւններրի ակտիւ անդամներից էր, հեռուից մասնակցում էր հանրապետութեան մշակութային կեանքին: 1926 թ. հոկտեմբերին Զ. Եսայեանն այցելում է Մոսկուա, նոյեմբերին` Խորհրդային Հայաստան, որտեղ մնում է չորս ամիս: Լինում է նաեւ Պաքւում, Լեռնային Ղարաբաղում: «Խորհրդային Հայաստան», Փարիզի «Երեւան» եւ այլ պարբերականներում հրապարակում է իր տպաւորութիւնները ճամբորդութեան մասին, այնուհետեւ դրանք ի մի է բերում եւ 1928 թ. հրատարակում «Պրոմեթէոս ազատագրուած) ընդարձակ ժողովածուն: 1933 թ. ապրիլի 19-ին Խորհրդային Հայաստանի կառավարութեան հրաւէրով անուանի գրողն ընդմիշտ գալիս է Երեւան: «Ապրիլի 19-ին Երեւան ժամանեց յայտնի գրագիտուհի Զ. Եսայեանը: Վերջին տարիներս Եսայեանը, Աւետիք Իսահակեանի հետ միասին, գնահատելի աշխատանք է կատարել գաղութահայ աշխատաւորութեան մէջ, մասսայականացնելով Խորհրդային Հայաստանի սոցիալիստական շինարարութիւնը, հանդիսանալով Խորհրդային Միութեան, Խորհրդային Հայաստանի անկեղծ եւ ակտիւ բարեկամ մտաւորականներից մէկը – կարդում ենք «Գրական թերթ»-ում տպագրուած «Զապէլ Եսայեանի գալուստը» հաղորդագրութեան մէջ: – Եսայեանը եկել է վերջնականապէս հաստատուելու եւ աշխատելու Խորհրդային Հայաստանում»: Նա աշխատանքի է անցնում Երեւանի պետական համալսարանում, որտեղ դասաւանդում է արեւմտաեւրոպական գրականութիւն: 1934 թ. Մոսկուայում մասնակցում է ԽՍՀՄ գրողների հիմնադիր համագումարին, ֆրանսերէնով ելոյթ ունենում:

1934 թ. Զապէլ Եսայեանը հրատարակում է «Կրակէ շապիկ» վիպակը (1936-ին թարգմանւում է ռուսերէն եւ ազրպէյճաներէն), 1935 թ. լոյս է տեսնում «Սիլիհտարի պարտէզները» վէպ- յուշագրութեան առաջին գիրքը: 1936-ին նա աւարտում է «Բարբա Խաչիկ» վէպը եւ մի քանի գլուխ տպագրում մամուլում: 1937 թ. հրատարակւում է գրողի «Երկեր»-ի լիակատար ժողովածուն:

1937 թ. Զապէլ Եսայեանը, հայ մեծանուն գործիչներից շատերի պէս, դարձել է անհատի պաշտամունքի զոհ, ձերբակալուել է, նետուել Պաքուի բանտ: Մահացել է 1943 թ.

Զապէլ Եսայեանի կեանքի, գործունէութեան եւ գրական մեծարժէք ժառանգութեան մասին գրուել են գրքեր, տպագրուել յօդուածներ, եղել են հրապարակումներ, նաեւ նկարուել է ժապաւէն: Չափազանց ուշագրաւ եւս մէկ փաստ. Ֆրանսայի Հանրապետութեան նախագահ Ֆ. Օլանտի հրաւէրով պաշտօնական այցով 2017 թ. մարտի 8-ին, Փարիզի քաղաքապետ Ա. Իտալկոյի հետ հանդիպումից յետոյ Փարիզի քաղաքապետարանի հանդիսութիւնների սրահում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն ու քաղաքապետը ելոյթներ են ունեցել փարիզահայ համայնքի ներկայացուցիչների առջեւ: Ա. Իտալկոն, մասնաւորապէս, ասել է. «… Մենք որոշել ենք Փարիզի փողոցներից մէկը վերանուանել Զապէլ Եսայեանի անունով, որ գտնուել է հայ ժողովրդի կրած տառապանքների կիզակէտում եւ խորհրդանշում է այդ բոլոր տառապանքները»: «Արմէնփրես»-ի հաղորդմամբ, «Կանանց միջազգային օրուայ (2018 թ. մարտի 8-ի) կապակցութեամբ Փարիզի Հանրապետութեան պողոտայի եւ Տլիմսեն ու Սփինոզա փողոցների (20-րդ եւ 11-րդ շրջաններ) հատման կէտում գտնուող Ճեմուղին անուանակոչուեց հայ կին գրող, մարդու իրաւունքների ակտիւիստ Զապէլ Եսայեանի անունով: Ճեմուղին ձգւում է Մենիլմոնտան պողոտայի կենտրոնական հատուածով» («Հաայստանի Հանրապետութիւն», 10. III. 2018):

… Վերը քանիցս նշուեց, որ Զ. Եսայեանը իր գրական-հասարակական գործունէութեան մէջ կարեւոր տեղ է յատկացրել Հայոց ցեղասպանութեանը վերաբերող նիւթերի հաւաքմանն ու դրանց տպագրութեանը: Այժմ անդրադառնանք խնդրոյ առարկայ իր գրքին: Պատմութիւն, որը նա լսել ու գրի է առել Միջագետքի անապատներ քշուած հայ ժողովրդի մի ստուար հատուածի ողբերգական վախճանի ականատես-վկայ Հայկ Թորոյեանից: Հայերի կանխամտածուած ցեղասպանութեան մի դրուագը լուսաբանող այս աշխատանքը պատմական-փաստական եզակի արժէք ունի (Զ. Եսայեանը դէպքերը նկարագրում է ականատեսի` առաջին դէմքով), քանզի դրա պատմողն է «Միակ հայ մը, որ իր աչալրջութեան եւ հաստատակամութեան շնորհիւ, անցնելով աքսորի այդ դժնդակ ճամբաներէն, հասած է մեզի վկայելու եւ աւանդելու այն հեծեծանքը, որ մեռնելէ առաջ ամբողջ ժողովուրդ մը արձակած է Միջագետքի անապատներէն»,- գրում է Զ. Եսայեանը: «Դիպուածի արդիւնք չէ կամ սովորական առաքինութիւններ եւ յատկութիւններ բաւական չէին, որ այդ միակ հայը կարենար իր դերը կատարել,- շարունակում է նա,- անիկա զգացած է, որ սրբազան պարտք մը ունի եւ այդ զգացումով տոգորուած` մօտիկցած է բոլոր ցան ու ցրիւ խումբերուն, լսած է տառապանքի բոլոր ձայները, տեսած է զարհուրելին բոլոր անպատմելի պատկերներուն, եւ անցնելով հայու մը համար անանցանելի թրքական սահմանէն, հասած է մեզի, բերելով իր հետ վերջին աղաղակը անպատմելի արհաւիրքներուն մէջ չքացող ժողովուրդի մը»: Փաստավաւերագրական արժէք ունեցող այս արձանագրութիւնները` հայկական կոտորածների, տեղահանութեան ու աքսորի ողբերգական պատկերները, ինչպէս նշում է Զ. Եսայեանը, «գեր ի վեր կը մնայ ամէնէն դժոխային երեւակայութենէ»:

Վաւերագրական պատումն ունի ցնցող տեսարաններ, որոնք թուրքերի գազանութիւնները հաստատող աներկբայ փաստաթուղթ են: Պատումի դէպքերը սահմռկեցուցիչ դաժանութեան բազմաթիւ դրուագներպ են պարունակում: Նկարագրւում է Միջագետք աքսորուած հայերի վիճակը, ցոյց է տրւում, թէ ինչպէս է կատարուել հայերի տեղահանութիւնը եւ բնաջնջումը, ովքեր են դրան մասնակցել եւ ինչ հրահանգներով: Այն սկսում է Տիգրանակերտի հայերի դէմ տնտեսական պոյքոթից, ապա 1914 թ. նոյեմբերին քաղաքի շուկայի հրդեհումից, եւ ընդգրկում է շուրջ երկու տարուայ (մինչեւ 1916 թ. փետրուարի վերջը) իրադարձութիւն: Դրանով, փաստօրէն, ժամանակագրական կարգով վերականգնւում է դէպի Միջագետք բռնագաղթի ու ցեղասպանութեան իրագործման ողջ ընթացքը, եւ ըստ այնմ, յուշագրութիւնն անառարկելի ներդրում է Հայոց ցեղասպանութեան պատմութեան համակողմանի ուսումնասիրման ու լուսաբանման ասպարէզում:

Յայտնի իրողութիւն է, որ, օգտուելով Ա. Աշխարհամարտի սկսուելուց, երիտթուրքերի կառավարութիւնը կազմակերպեց 18-45 տարեկան հայ տղամարդկանց թուրքական բանակ զօրակոչը, ծերունիները, կանայք եւ երեխաները մնացին անպաշտպան, երկրի ողջ տարածքով ծայր առան հայերի ձերբակալւթիւններ, դրան հետեւից մտաւորականութեան սպանդը, ապա իրագործուեց Արեւմտահայաստանի, Կիլիկիայի եւ Անոտոլիայի հայութեան բռնի տեղահանութիւնն ու զանգուածային կոտորածը: Խիստ տպաւորիչ է յատկապէս Զէյթունի դաւադրաբար հայաթափումը: Ընթերցողի աչքի առաջ անցնում են Հաճընի, Այնթապի, Մարաշի, Ատանայի, Մերսինի, Սսի, Եդեսիայի եւ հայաբնակ միւս ծաղկուն վայրերի ամայացումն ու բնակչութեան կոտորածները: Խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով ապրող, ունեւոր եւ բարեկեցիկ կեանք վարող, դպրոցներ ու քոլեճներ աւարտած հայութիւնը ենթարկւում է դահիճների` բանտերից ազատուած հացագործ-մարդասպանների եւ դաժան ու անգութ ժանդարմների ատելութեանը, հայհոյանքներին, զուարճանքին, քմահաճոյքին եւ անարգանքին:

Յուզիչ պատումներից մէկը կապւում է այն տեսարանզի հետ, որում նկարագրուած է, թէ ինչպէս է «գայմագամ պէյը» աքսորականների հոծ զանգուածի մէջ իր անասնական կրքերի համար գեղեցիկ մանուկներ փնտռում: Ապա` մի թուրք 70 մանուկների լցնում է մակոյկը եւ սառնասրտօրէն խեղդամահ անում Եփրատի ջրերում: Նման հոգեցունց բազմաթիւ դէպքերը շարունակ շրջանառւում են պատումի տարբեր օրերի դրուագներում:

Հարիւր հազարաւոր բռնի տեղահանուած հայերի հոծ թափօրները` անզէն եւ անօգնական ծերունիներ ու կանայք, յղի մայրեր եւ ծծկեր մանուկներ, դեռատի աղջիկներ, գաղթականութեան ցուպը ձեռքերնին, թուրք ժանտարմների եւ վարձու հրոսակախմբերի մտրակների տարափի տակ, Միջագետքի թէժ արեւի ներքոյ, սոված ու ծարաւ, պայքարելով բնութեան աննպաստ պայմանների դէմ, արիւնոտուած ոտքերով, ճանապարհին իրենց հարազատներին անթաղ թողնելով` քայլեցին շատ երկար, անծայրածիր, անմարդաբնակ անապատներով մինչեւ հայութեան մեծ ու բաց գերեզմաննոցները` Սուրուճի դաշտ, Ռաս ուլ Այն, Ռալլա, Տէյր էլ Զօր, դէպի անյայտ հեռուները… Հոգեբան-գրող Զ. Եսայեանը գեղարուեստականօրէն ցնցող  մանրամասնութիւններով նկարագրել է աքսորականների ոչ միայն ողբերգական վիճակը, մահուան ճամբաները եւ սահմռկեցուցիչ այն պայմանները, որոնցում նրանք գոյութիւն են քարշ տուել, այլեւ հոգեբանական նուրբ վերլուծութիւններով թափանցել է բռնի տեղահանուածների հոգու խորքերը, բացայայտել նրանց լուռ, անմեկնելի եւ անհամար տառապանքները, հուսակտուր հեծեծանքները, զգացան ու արտայայտել չկարողացածը… Զանգուածային սպանդի տարեգրութեան մէջ տեսնում ենք թուրք գայմագամների, փաշաների, արաբ շէյխի, եւրոպացի ականատեսների: Մասնաւորապէս, անչափ յուզիչ, ողբերգական կերպար է գերմանացի սպայ` հարիւրապետ Օտօ Էոլմանի մարդկային անաչառ նկարագիրը, վարքագծի արձանագրումը, նրա տանջահար հոգու, նուրբ վերլուծութիւնը: Այս ամէնի կողքին երեւում է նաեւ ինքը` պատմողը, ով, վտանգելով կեանքը, փորձում է ամէն կերպ օգնել իր հայրենակիցներին:

… Ըստ 2011 թ. դեկտեմբերի 1-ին մի լրահոսի «Տոքթ. Մարկ Նշանեանի դասախօսութիւնը` Զապէլ Եսայեանի «Ժողովուրդի մը հոգեվարք»-ը գիրքին մասին» վերնագրով նիւթից տեղեկանում ենք, «Կիրակի նոյեմբեր 6-ին Համազգայինի Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Նիւ Ճըրզիի Մասնաճիւղը` կազմակերպեց դասախօսական ձեռնարկ մը, որ տեղի ունեցաւ Սուրբ Վարդանանց եկեղեցւոյ ներքնասրահին մէջ, եկեղեցւոյ արարողութեան աւարտին: Օրուան բանախօսն էր հանրածանօթ գրագէտ, քաղաքագէտ եւ փիլիսոփայ տոքթ. Մարկ Նշանեան էր Զապէլ Եսայեանի «Ժողովուրդի մը հոգեվարք»-ը գիրքին մասին:

Տոքթ. Նշանեան վերլուծեց այս գրութիւնը, որ Հայկ Թորոյեանի ականատեսութիւնն է հոգեվարք գաղթականներուն իր ճամբորդութեան ընթացքին դէպի Իրաք: Ըստ կատարուած հետազօտութեան այս գիրքը միայն գրի առած է Զապէլ Եսայեան կամ իր արձանագրութիւններն են Հայկ Թորոյեանի պատմածին:

Ներկայ էին այս ձեռնարկին գաղութի տարբեր շրջաններէն մշակութասէր եւ գրասէր յիսուն անձնաւորութիւններ, որոնք մտերմիկ մթնոլորտի մը մէջ հետաքրքրութեամբ ետեւեցան դասախօսին: Դասախօսութեան աւարտին ներկաները քննարկեցին եւ խօսեցան նիւթին մասին…: Յաջող եւ հոգեպարար դասախօսական ձեռնարկ մըն էր, որ գոհունակութիւն տուաւ ներկաներուն»:

Նկատենք` հէնց Մ. Նշանեանը 2013 թ. այս յուշագրութիւնը թարգանել է ֆրանսերէն: «Nouvelles d’Arménie»-ն հաղորդում է, «Ֆրանսիայում լոյս է տեսել 1917 թ. հրատարակուած «Ժողովուրդի մը հոգեվարք»-ը գրքի թարգմանութիւնը, որի հեղինակը Հայոց ցեղասպանութեան ականատես Հայկ Թորոյեանն է, իսկ նրա պատմածը գրի է առել Զապէլ Եսայեանը: Գիրքը ֆրանսերէն է թարգմանել Մարկ Նշանեանը»:

Գրքի հրատարակման առիթով ֆրանսական «Le Monde» թերթը գրել է. «Ներկայումս թէպէտ Հայոց ցեղասպանութիւոնը Ֆրանսայի կողմից ճանաչուել է 2001 թ., օրէնքը դեռեւս չի պատժում դրա ժխտումը, չնայած կայ 2011 թ. օրէնքի նախագիծը: Պատճառն ա՞յն է, որ մեզ չեն բաւարարում ապացոյցները: Բնաւ ոչ»:

… Զապէլ Եսայեանի «Ժողովուրդի մը հոգեվարք (Աքսորեալ հայերը Միջագետքի մէջ)» նիւթը վերջին կէս դարում համախարհային գրականութեան մէջ գերիշխող «վկայութեան գրականութեան» բացառիկ ու անկերկնելի նմուշներից է»:

 

ԱՆՈՒՇԱՒԱՆ ԶԱՔԱՐԵԱՆ

Բանասիրական գիտութիւնների դոկտոր

Նախորդը

Ցեղասպանութեան Եւ Հայրենահանման Ոճիրը Կը Դարմանուի Հայրենադարձութեամբ

Յաջորդը

Հայոց Ցեղասպանութեան Յիշատակման Կարեւորութիւնը

RelatedPosts

Հայրենիքի  Հաւատքը  Պահապան   Մեր Ինքնութեան
Անդրադարձ

Փաշինեանի «Իրական Հայաստան» Գաղափարախօսութիւնը- Ի՛նչ Է Եւ Ի՛նչ Չէ

Յուլիս 12, 2025
Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդային Տան Երդիքին Տակ

Յուլիս 12, 2025
Բացարձակապէս Մերժելի Է Փաշինեանի Կողմէ Արցախի Յանձնումը Ազրպէյճանին
Անդրադարձ

Փաշինեան Հատեց Բոլոր Կարմիր Գիծերը. Անոր Օրերը Հաշուըւած Են

Յուլիս 12, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?