ԱՐՄԷՆ ԱՍՐԵԱՆ
Պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ
Ապրիլի 16-ին Արամը հրապարակեց Ազգային խորհրդի որոշումներն այն մասին, որ`
1) Կեղծ լուրեր տարածողները պատժուելու են,
2) Քաղաքում սահմանւում է շուրջօրեայ պահակութիւն, որպէսզի տականքները խուճապ չառաջացնեն,
3) Նախատեսւում է 32-50 տարեկան տղամարդկանց զօրահաւաք, լինեն նրանք արեւելահայ, արեւմտահայ թէ պարսկահայ:
Նախատեսւում էր նաեւ կանանց զօրաշարժ: Զօրակոչուածների եւ նրանց ընտանիքների հոգսը թեթեւացնելու նպատակով Ազգային խորհուրդն աղքատ զինուորներին կերակրելու համար որոշեց բացել էժան ճաշարան:
Կատարուած հետեւողական աշխատանքի շնորհիւ հնարաւոր եղաւ գրեթէ լրիւ շրջափակուած, թաթարական զինուած աւազակախմբերով լցուած, տնտեսապէս քայքայուած, ֆինանսական ծանրագոյն վիճակում գտնուող երկրամասում ստեղծել պետական իշխանութեան կառոյցներ, 10-12 հազարանոց կանոնաւոր բանակ, հաստատել հասարակական կայունութիւն, ճնշել թաթարական հակապետական աւազակախմբերին եւ կարգի հրաւիրել հայ անիշխանական տարրերին, ապաշրջափակել թաթարների կողմից շրջափակուած հաղորդակցութեան ճանապարհները, մեղմել պարէնային ճգնաժամը: Ինչպէս նկատել է Իրազեկը (Յակոբ Տէր Յակոբեան), «Շնորհիւ իր բարձր հեղինակութեան` Արամի առաջնորդութեամբ հայ ժողովուրդը մի մարդու նման ոտքի ելաւ ու ծառացաւ հզօր թշնամու դէմ` իր ինքնապաշտպանութեան անհաւասար կռիւը հերոսաբար կերտելու համար» (1):
Կարճ ժամանակ անց` 1918 թ. մայիսին հայ ժողովուրդը տարաւ պատմական յաղթանակներ իրենց նուաճումներից չյագեցող եւ ուժերի բազմակի առաւելութիւն ունեցող թուրքական զօրքերի նկատմամբ` հիմք դնելով Հայաստանի Ա. Հանրապետութեանը (2): Թէ՛ այդ շրջանում եւ թէ՛ Հայաստանի Ա. Հանրապետութեան ստեղծումից յետոյ Արամը ջանք ու եռանդ չխնայեց մեր երկիրը պաշտպանելու եւ հնարաւորինս ընդարձակ սահմաններ ունենալու համար:
Իսկ ի՞նչ է կատարւում այդ դէպքերից 100 տարի անց` մեր օրերում: 2018 թ. 30-ամեայ անկախ Հայաստանի երրորդ հանրապետութիւնն ունէր պետական իշխանութեան կենտրոնական ու տեղական բազմաճիւղ համակարգ, անվտանգութեան համակարգ, անհամեմատ կայուն հասարակութիւն եւ հզօր բանակ, ֆինանսատնտեսական անհամեմատ բարւոք վիճակում էր եւ գրեթէ զուտ հայատարր երկիր էր: Թւում է, թէ կային բաւարար հիմքեր ազգային հեռահար ծրագրերը քայլ առ քայլ իրականացնելու, այդ թւում` եւ Արցախի հարցը յօգուտ հայոց լուծելու համար: Սակայն կատարուեց անսպասելին, անըմբռնելին. Հայաստանն մատնուեց խոշոր անյաջողութեան: 2018 թ. մայիսին, օգտուելով նախորդ իշխանութիւններից ժողովրդական լայն զանգուածների դժգոհութիւնից (ի հարկէ, դժգոհելու շատ բան կար), հանրապետութիւնում իշխանութեան եկած Նիկոլ Փաշինեանն ու նրա կուսակիցները գործնական քայլեր չկատարեցին պետութիւնն ուժեղացնելու, երկրում ժողովրդավարութիւն հաստատելու, արդարութիւնը վերականգնելու եւ հասարակական միասնութիւնն ամրապնդելու համար, ինչպիսի քարոզչութեամբ ու խոստումներով եկել էին իշխանութեան:
Ոչինչ չարուեց նաեւ տնտեսութիւնը, մասնաւորապէս ռազմարդիւնաբերութիւնը զարգացնելու, երկրի ֆինանսները նպատակային օգտագործելու, երկրի գիտատեխնիկական ներուժը խթանելու, կրթութեան որակը եւ Հայաստանի պաշտպանունակութիւնը բարձրացնելու` բանակը ժամանակակից զինատեսակներով սպառազինելու, հայոց բանակի կառավարման համակարգը կատարելագործելու համար:
Ընդհակառակը, այժմ յայտնի դարձած տեղեկութիւնների համաձայն, վերջին տարիներին զինուած ուժերի համակարգում կատարուել են կառուցուածքային եւ մարտական ուժի քանակական-որակական կրճատումներ, չեղարկուել մեծաքանակ ԱԹՍ-ների, ինչպէս նաեւ դրանց դէմ պայքարի համար նախատեսուած ռուսական գերժամանակակից ՀՕՊ համակարգերի գնման ծրագրերը, իսկ եղածն էլ բաւարար չափով կամ արդիւնաւէտօրէն չօգտագործուեց 2020 թ. աշնան պատերազմում:
Անտեսելով սպասուող արհաւիրքները, պատերազմի ծաւալման ամէնօրեայ վտանգը, ժողովրդի ընկերային ծանր դրութիւնը` Հայաստանի վարչապետի աթոռին բազմած Նիկոլ Փաշինեանը, որը, ըստ բազմաթիւ տեսաբանների, առնուազն անգլօ-թուրքական գործակալ է, մեծ թափով ձեռնամուխ եղաւ Հայաստանի պետական հաստատութիւնների կազմալուծմանն ու վարկաբեկմանը, հայկական բանակի քայքայմանն ու թուլացմանը, հայ հասարակութեան մէջ անհանդուրժողականութեան ու թշնամանքի արմատաւորմանն ու խորացմանը, ազգային արժէքների ու խորհրդանիշների նսեմացմանն ու ոտնահարմանը: Բանը հասաւ նոյնիսկ նրան, որ Հայաստանի Ազգային հերոսի կոչում սկսեցին շնորհել մարտի դաշտում անյաջողութեան մատնուած գործիչներին: Յանիրաւի, ոչնչով չարդարացուած յարձակումներ եղան ազգային աւանդոյթների, հայ ընտանիքի, Հայ առաքելական սուրբ եկեղեցու, Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի, մայր բուհի, հայոց պատմութեան, հայոց լեզուի եւ հայ գրականութեան, դպրոցական ու բուհական առարկայական ծրագրերի դէմ:
«Ազգ», «ազգային» բառերն իշխանութեան ներկայացուցիչների համար դարձան անցանկալի: Անյարգալից ու արհամարհական վերաբերմունք ցուցաբերուեց ազգային-ազատագրական շարժման, Ա. հանրապետութեան գործիչների նկատմամբ: Բանը հասել է նրան, որ Գարեգին Նժդեհին անուանում են ֆաշիստ` անշուշտ մոռացութեան մատնելով նրա մեծագոյն ներդրումը Սիւնիքը ազրպէյճանա-թուրքական զաւթումից փրկելու եւ որպէս Հայաստանի բաղկացուցիչ մաս պահելու գործում: Առանձնապէս անյարգալից, թշնամական վերաբերմունք էր դրսեւորւում արցախեան առաջին, ինչպէս նաեւ 2016 թ. ապրիլեան պատերազմների հերոսների, առհասարակ բոլոր մասնակիցների նկատմամբ, անտեսւում էր դրանց դրական նշանակութիւնը հայ ժողովրդի համար: Փոխարէնը` խաղաղ համակեցութիւն, հանդուրժողականութիւն եւ եղբայրութիւն էին քարոզւում դարեր ի վեր հայերին սպաննած, թալանած, անարգած, հայոց մշակութային ժառանգութիւնը ոչնչացրած, Հայոց ցեղասպանութիւնն իրագործած եւ ներկայումս հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքը խօսքով ու գործով շարունակող, Հայաստանի նկատմամբ զաւթողական նկրտումներ ունեցող թուրքերի եւ նոյն ձեռագիրը որդեգրած ազրպէյճանցիների նկատմամբ: Հայ հասարակութեան մէջ Նիկոլ Փաշինեանի վարչախումբն ու նրանց ծառաները, այդ թւում եւ` որոշ մտաւորականներ, տարածում էին «բարի թուրքի» շինծու գաղափարը` թերեւս հիմնական նպատակ ունենալով ազրպէյճանա-թուրքական մահասփիւռ վտանգի դէմ հայ ժողովրդի հաւաքական զգօնութեան ու պայքարի անհրաժեշտութեան գաղափարի թուլացումը: Սա` այն դէպքում, երբ այդ երկրներում տարբեր մակարդակներով` դպրոցից մինչեւ նախագահական հաստատութիւն, տասնամեակներ շարունակ խօսում էին Հայաստանը կործանելու, հայութեանը ոչնչացնելու մասին: Այնպէս որ, պատերազմում հայոց բանակի աւելի քան 5000 զոհերի եւ 10000-ից աւելի վիրաւորների, հաշմանդամների, գերիների եւ անհետ կորածների պատասխանատուն Նիկոլ Փաշինեանի ու նրա վարչախմբի հետ նաեւ նրանց հայ ծառաներն են:
Նիկոլը եւ նրա վարչախումբը, ըստ էութեան, ամէն ինչ արեցին, որ հայկական բանակը 2020 թ. աշնան պատերազմում ծանր պարտութիւն կրի թշնամուց(3): Կարծում ենք` այդ առումով բաւական է տասնեակ փաստերից նշել միայն մէկը, այն, որ չթոյլատրուեց թշնամու դէմ կիրառել մեր զինանոցում առկայ կործանիչ ուժ ունեցող «Իսկանտերը», որը կարող էր պատերազմի ընթացքն արմատապէս շրջել յօգուտ Հայաստանի: Նիկոլը չկասեցրեց 2020 թ. աշնան պատերազմը հոկտեմբերի 19-20-ին` այն ժամանակ, երբ հնարաւոր էր դրանից դուրս գալ անհամեմատ քիչ զոհերով ու տարածքային կորուստներով, երբ Արցախի Հանրապետութեան կազմում կարող էին մնալ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բոլոր տարածքները, այդ թւում` եւ Շուշին: Փոխարէնը նոյեմբերի 9-ի գիշերը նա ստորագրեց Հայաստանի համար նսեմացուցիչ անձնատուական համաձայնութիւն` փաստօրէն Ազրպէյճանին նուիրաբերելով Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգութեան համար ռազմավարական բացառիկ նշանակութիւն ունեցող Արցախի Հանրապետութեան մեծագոյն մասը (մօտ 9,5 հազ. քառ. քմ), տնաւեր ու փախստական դարձնելով մեր տասնեակ հազարաւոր հայրենակիցների(4):
Իրեն ժողովրդավար հռչակած, իսկ իրականում ամբոխավար ,վարչապետէ Նիկոլ Փաշինեանն Արցախը յանձնեց թշնամուն` անտեսելով այն ոեւէ մէկին չզիջելու, Արցախի խնդիրը լուծելիս ժողովրդի կարծիքը հաշուի առնելու վերաբերեալ նոյն ժողովրդին իր իսկ տուած խոստումները, խախտելով խորհրդարանական կառավարման սկզբունքներն ու Հայաստանի Սահմանադրութիւնը: Եւ սա վերջը չէ. այժմ էլ թիրախաւորուել է հայոց բանակը, որը Հայաստանի եւ բզկտուած Արցախի հայութեան անվտանգութեան միակ երաշխաւորն է:
Այսպիսով, ստիպուած ենք արձանագրել երկու իրողութիւն. մէկը` դրուատելի, ցնծալի եւ օրինակելի, միւսը` քստմնելի, դատապարտելի եւ խստօրէն պատժելի: Առաջին` 1918 թ. մարտին անսահմանափակ իշխանութեամբ օժտուած, իր ժողովրդին սիրող ու գնահատող «դիկտատոր», բայց իրականում ժողովրդավար Արամ Մանուկեանը մարդկային եւ նիւթական սահմանափակ միջոցներ ունեցող երկիրը տարաւ դէպի յաղթանակ ու վերածնունդ` հիմնադրելով Հայաստանի Ա. Հանրապետութիւնը, երկրորդ` 2018 թ. անսահմանափակ իշխանութիւն ստացած «ժողովրդավար», իսկ իրականում ամբոխավար, իր ժողովրդին ու նրա արժէքները ատող, Արցախը մերժող, պատեհապաշտ, հայ ժողովրդի զգացմունքների հետ նենգօրէն խաղացած, ամենայն հաւանականութեամբ օտարերկրեայ գործակալ Նիկոլ Փաշինեանը 30-ամեայ անկախ, նիւթական եւ մարդկային լուրջ միջոցներ, բաւական մարտունակ, յաղթական, ժամանակակից լուրջ զինատեսակներով զինուած բանակ ունեցող Հայաստանի երրորդ հանրապետութիւնը ծրագրուած ձեւով հասցրեց ծանրագոյն, խայտառակ պարտութեան:
Որքան էլ խոցուած, Հայաստանն եւ հայ ժողովուրդն ի զօրու են յաղթահարելու ճգնաժամը, վերջ տալու անյաջողութիւններին եւ բռնելու վերածննդի ուղին: Դրա համար պարզապէս անհրաժեշտ է վերադառնալ ազգային արմատներին, որդեգրել ընդամէնը մէկ դար առաջ ծանրագոյն պայմաններում գտնուող հայ ժողովրդի համար անհաւանական թուացող յաղթանակներ ապահոված արամ մանուկեանական գործելակերպը:
(Շար. 2 եւ վերջ)
Յղումներ
(1).- Իրազեկ Յ., Մօտիկ անցեալից (Պատմական դէպքեր եւ ապրումներ. 1917-1922), Պէյրութ, 1956, էջ 27:
(2).- Տե՛ս Աւետիսեան Հ. Հայոց ազգային միասնութեան յաղթանակը. 1918 թուականի մայիս, Եր., 1998, Աֆանասեան Ս., Սարդարապատի յաղթանակը (Հայաստան. Մայիս 1918), Եր., 1991, Յովհաննիսեան Ռ., Հայաստանի Հանրապետութիւն, Հատոր I. Առաջին տարին. 1918-1919, Եր., 2005:
(3).- Տե՛ս http://yerkir.am/news/view/221511.htmlhttp://yerkir.am/news/view/221511.html
(4).- Տե՛ս http://yerkir.am/news/view/221602.html:



