Հայաստանի Ֆութպոլի Ազգային Հաւաքականը Հասաւ Սենթ Կալեն

Երէկ` երկուշաբթի, 22 մարտին, Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը հասաւ զուիցերիական Սենթ Կալեն քաղաքը, այս մասին յայտնեց Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի պաշտօնական կայքը:

Սպանացի փորձառու գլխաւոր մարզիչ Խուաքին Քափարոսի գլխաւորած կազմը պիտի պատրաստուի 2022-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին գծով տեղի ունենալիք առաջին մրցումին:

Հայրենի կազմը հինգշաբթի, 25 մարտին, Վատուզի մէջ գտնուող «Ռէյնփարք» մարզադաշտին վրայ հիւրը պիտի ըլլայ Լիխթնշթայնի:

Այդ մրցումին համար 27 ֆութպոլիստներ պիտի կատարեն իրենց փորձերը, մինչ արտասահմանի մէջ հանդէս եկող ֆութպոլիստները, հաւաքականին պիտի միանան Զուիցերիոյ մէջ:

Նշուեցաւ, որ ռուսական Քրասնոտարի միջնապահ Էդուարդ Սպերցեան, հաւաքականին պիտի միանայ այս մրցումէն ետք միայն:

Առողջական խնդիրներով Զուիցերիա չկրցաւ մեկնիլ Ուրարտուի 17 տարեկան յետսապահ Էրիկ Սիմոնեան:

Ստորեւ` Հայաստանի հաւաքականին մաս կազմած 27 ֆութպոլիստներուն ցանկը.

Բերդապահներ. Դաւիթ Եուրչենքօ (Ալաշկերտ), Անաթոլի Այվազով եւ Արսէն Բեգլարեան (Ուրարտու):

Յետսապահներ. Յովհաննէս Համբարձումեան (Անորթոսիս, Կիպրոս), Կամօ Յովհաննիսեան (Քայրաթ, Ղազախստան), Վարազդատ Հարոյեան (Ասթանա, Ղազախստան), Անտրէ Քալիսիր (Ափոլոն Սմիրնիս, Յունաստան), Տարօն Ոսկանեան (Ալաշկերտ), Սերոբ Գրիգորեան (Փիւնիկ), Հայկ Իշխանեան (Շիրակ), Ժոաօ Ժորտի Մոնրոյ Արարատ (Նոա) եւ Յակոբ Յակոբեան (Ուրարտու):

Միջնապահներ. Էտկար Բաբայեան (Ռիկա, Լաթվիա), Գէորգ Ղազարեան (Լամիա, Յունաստան), Տիգրան Բարսեղեան (Ասթանա, Ղազախստան), Վահան Բիչախչեան (Ժիլինա, Սլովաքիա), Խորէն Բայրամեան (Ռոսթով, Ռուսիա), Սոլոմոն Իմէ Ուտօ (Շախտիոր Քարականտա, Ղազախստան), Արտակ Գրիգորեան (Ալաշկերտ), Վպէյմար Անկուլօ (Արարատ-Արմենիա), Կարէն Մուրադեան (Արարատ), Արամ Քոչարեան (Լոռի) եւ Ժիրայր Շաղոյեան (Երեւանի բանակայիններ):

Յառաջապահներ. Սարգիս Ադամեան (Հոֆընհայմ, Գերմանիա), Նորպերթօ Պրիասքօ Բալեկեան (Հուրաքան, Արժանթին), Ալեքսանտր Կարապետեան (Արարատ-Արմենիա) եւ Արթուր Միրանեան (Ուրարտու):

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )