ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ
Ինչպէս գիտենք, 100 տարի առաջ այս օրերին, ընդամէնը դեռ երկու ամիս խորհրդայնացուած Հայաստանում խորհրդային իշխանութիւնների վարած քաղաքականութեան պատճառով բռնկուեց փետրուարեան ապստամբութիւնը:
Հայոց բանակի սպաների, ազգային ու պետական գործիչների նկատմամբ բռութիւններն ու հալածանքը, ինչպէս նաեւ, այսպէս կոչուած, «ռազմական կոմունիզմի» քաղաքականութիւնը ի վերջոյ յանգեցրին ժողովրդական ընդվզման:
Փետրուարեան ապստամբութեան սկզբի, ընթացքի ու աւարտի մասին ի հարկէ չենք խօսի, քանզի քննարկման այլ թեմա է, միայն նշենք, որ ապստամբութեան ղեկավարութիւնը իր ձեռքը վերցրեց Սիմոն Վրացեանի ղեկավարած Հայրենիքի փրկութեան կոմիտէն, իսկ ապստամբութեան ղեկավարը սպարապետ Կուռօ Թարխանեանն էր:
Այդ օրերին ապստամբների շարքերում բազմաթիւ մտաւորականների եւ ուսանողների կողքին էր նաեւ ժամանակի յայտնի գործիչ, այսօր շատերին գրեթէ անյայտ Տիգրան Ծամհուրը, որը փետրուարի 18-ի` Երեւանը պոլշեւիկեան տիրապետութիւնից ազատագրելու` ըստ էութեան ապստամբութեան յաղթանակի օրուայ միակ զոհն էր:
Տիգրան Ծամհուրը (Տիգրան Յակոբի Ամսէեան) ծնուել է 1885թ-ին- Սղերդում, կրթութիւնը ստացել Սանասարեան վարժարանում, եղել Ռոստոմի եւ Աստուածատուր Խաչատրեանի ուսանողն ու գաղափարակիցը:
ՀՅԴ «Կիլիկիա» թերթի խմբագիր, ուսուցիչ Տիգրան Ծամհուրի գործունէութեան մէջ յատկապէս առանձնանում է Հայոց ցեղասպանութեան օրերին կատարած հայ երեխաներին ու գաղթականներին փրկելու մեծ գործը. «Մեծ եղեռնի օրերին, Մարզպետի (Ղազարոս Ղազարոսեան), Սեմի Չաւուշի (Սամուէլ Գորգիսեան), Խոսրով Բաբայեանի եւ այլ դաշնակցական ընկերների հետ մասնակցել է ոչ միայն «Մի ոսկի, մի երեխայ» ծրագրի իրագործմանը, այլեւ ընդհանրապէս հայ գաղթականներին փրկելուն…»:
Սանասարեան վարժարանից յետոյ Հայտելպերկում սովորած Ծամհուրը գերազանց տիրապետում էր գերմաներէնին, ինչի շնորհիւ էլ Քոնիայի աքսորից փախչելուց յետոյ, դառնալով աւստրիացի սպայ Լէոյթենկըրի թարգմանիչը, կարողանում է փրկել բազմաթիւ հայ գաղթականների, որոնք Ծամհուրի շնորհիւ հնարաւորութիւն էին ստանում աշխատել երկաթուղու շինարարութիւնում` այդպիսով փրկուելով անապատում տանջամահ լինելուց:
1918թ-ին մի շարք երիտասարդների հետ Ծամհուրը գալիս է հայրենի նորաստեղծ անկախ պետութեանը ծառայելու եւ Կիլիկիայից ընտրւում ՀՀ խորհրդարանի պատգամաւոր, այնուհետեւ «Նշանակւում է Սեւանի գաւառապետ եւ, ի թիւս շատ այլ մտահոգող խնդիրների, նախաձեռնում է ռազմածովային նաւատորմի կազմակերպում` այդ գործում ներգրաւելով ծովային երիտասարդ սպայ Թումանեանին: Նրանք նաւերի վրայ գնդացիրներ տեղակայելով` հակահարուած են տալիս թշնամուն, դրանով զգալիօրէն ապահովելով շրջակայ հայակական գիւղերի անվտանգութիւնը, որոնք մինչ այդ թաթարների կողմից անընդհատ ենթարկւում էին գնդակոծութիւնների»:
Հէնց այս շրջանում էր, որ Արաքսի ծանծաղուտներում լքուած «Սեսթրիցա Նիուշա» նաւը տեղափոխուեց Սեւանայ լիճ, «Ծամհուրը նաւը վերանուանում է «Գեղանոյշ» (դա խորհրդային տարիներին Սեւանում նաւարկող «Միկոյեան»-ն էր) է: Ռազմածովային նաւատորմի կազմակերպման ուղղութեամբ կատարուած եռանդուն աշխատանքն էր պատճառը, որ ընկերները նրան հումօրով անուանում էին «Ծովակալ Սէյմուր»: 1919-ին Ծամհուրը ընտրւում է ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովի պատգամաւոր:
Հայաստանի Ա. Հանրապետութեան խաղաղ-ստեղծագործ կեանքը սակայն ընդհատեց նախ 1920-ի սեպտեմբերին Թուրքիայի սանձազերծած պատերազմը, յետոյ պոլշեւիկա-թուրքական դաւադրութիւնը, որի պատճառով Հայաստանի Հանրապետութիւնն ընկաւ, Վրացեանի կառավարութիւնը խաղաղ ճանապարհով` 1920թ-ի դեկտեմբերի 2-ին իշխանութիւնը յանձնեց պոլշեւիկներին, որոնք մէկը միւսի ետեւից խախտելով դեկտեմբերի 2-ի երեւանեան համաձայնագրի կէտերը` իսկական տեռոր սկսեցին ազգային ու ռազմական գործիչների նկատամամբ:
Նախ 1921 թ-ի յունուարի 10-ին Դրոն իր զինակիցների հետ աքսորուեց Ռուսաստան, այնուհետեւ Աւիս Նուրիջանեանի ու Գէորգ Աթարբէկեանի գլխաւորութեամբ սկսուեցին սանձարձակ վայրագութիւնները բնակչութեան եւ բանակի սպայակազմի նկատմամբ, պոլշեւիկեան տեռորից խոյս տալու համար մի շարք ազգային ու պետական գործիչներ ստիպուած լքում են Հայաստանը:
Կասեան-Նուրիջանեան-Աթարբէկեան եռեակի բռնութիւնները ի վերջոյ յանգեցրին ժողովրդական յուզումների, եւ պայթեց Փետրուարեան ապստամբութիւնը. «Երկրում մնացած դաշնակցական գործիչները իրենց ձեռքն առան ապստամբութեան ղեկավարութիւնը հնարաւորինս խուսափելու համար անկանոն, քաոսային վիճակից եւ առաւել մեծ արիւնահեղութիւնից ու զոհերից»:
Ապստամբութեան ղեկավարութիւնը ստանձնած դաշնակցական գործիչների շարքերում էր նաեւ երկրում մնացած եւ Կոնդի այգիներում թաքնուած Տիգրան Ծամհուրը, որը «փետրուարի 18-ին հակառակորդի նկատմամբ տարած անհաւատալի յաղթանակից ոգեւորուած, հայոց պետական եռագոյնը վեր պարզած ու շրջապատուած խանդավառ երիտասարդներով յայտնւում է Արմեանսկայա փողոցում (այժմ` Մաշտոցի պողոտայ) եւ շտապում խորհրդարան… », որպիսի ՀՀ խորհրդանիշ եռագոյնը ծածանի խորհրդարանի շէնքի վրայ, այդպիսով ազդարարելով Հայաստանի ազատագրումը պոլշեւիկեան լծից:
Ճակատագրի հեգնանքով, սակայն, խորհրդարանի շէնքի վրայ դրօշը կանգնեցնելու պահին Տիգրան Ծամհուրը զոհւում է. «Ամբոխից իրեն 3 փամփուշտ է հասնում, մինչեւ տուն են հասցնում, մահացած է լինում, բայց դրօշը կանգնեցւում է եւ 40 օր ազդարարում մեր անկախութիւնը»:
Ի լրումն ասենք, որ Տիգրան Ծամհուրի արիւնով ներկուած եռագոյն դրօշը պահուել է նախ Փարիզում, յետոյ Պոսթընում, իսկ այժմ հանգրուանել է Երեւանում ՀՅԴ պատմութեան թանգարանում:
Խօսելով Տիգրան Ծամհուրի մասին` կը ցանկանայինք մի յատկանշական փաստ եւս ընդգծել` հայոց գրերի գիւտի 1500 եւ տպագրութեան 400 ամեակների առթիւ, «Ամասիա քաղաքում, Ամենայն Հայոց սրբազնագոյն կաթողիկոս Տ.Տ. Գէորգ Ե.-ի բարձր հովանաւորութեամբ եւ թոյլտուութեամբ կազմուած կազմակերպական յանձնաժողովի կազմում ընդգրկուել է նաեւ Տիգրան Ծամհուրը, որը նաեւ առաջինն է բանախօսել «Համազգային հանդէս» թեմայով». կարծում ենք արդէն պարզ է, թէ ինչպիսի յայտնի եւ տաղանդաւոր մտաւորական պէտք է եղած լինէր Տիգրան Ծամհուրը, որ ընդգրկուէր հայ ժողովրդի համար չափազանց կարեւոր այս երկու յոբելեանների կազմակերպական յանձնաժողովում:
Գերմաներէն լեզուի ու մշակոյթի, ջութակ նուագելու եւ երգելու սիրահար, Կէօթէի ու Շիլլէրի ստեղծագործութիւններից թարգմանած մտաւորական Տիգրան Ծամհուրին այսօր քանի՞սն են ճանաչում, ցաւօք` շատ քչերը եւ հիմնականում պատմաբանների շրջանակներում, մինչդեռ ծամհուրների մասին շարունակ պէտք է խօսուի, նրանց կերպարը պէտք է դրուի հայ սերունդների դաստիարակութեան հիմքում` Հայաստանին սպառնացող անվերջանալի մարտահրաւէրներին դէմ յանդիման ազգի, ազգային արժէքների, հայրենիքի ու պետականութեան գինը իմացող սերունդներ ունենալու համար:
Թուաքանակով փոքր ազգերը մեծ են իրենց արժէքներով եւ այդ արժէքներով էլ գոյատեւում, յաղթում ու ի վերջոյ հզօրանում են, մե՛նք` հայերս, այն բացառիկ ազգերից ենք, որ արժէքներ ու նուիրեալ գործիչների մի ողջ փաղանգ ունենք, որոնք պատիւ կը բերէին ցանկացած մեծ երկրի ու մեծաքանակ ժողովրդի, մինչդեռ մենք, ցաւօք, այդ արժէքներն ու նուիրեալներին թողել ենք ստուերում` պարարտ հող ստեղծելով տարատեսակ ապազգային մոլախոտերի բազմացման համար, ահա թէ ինչո՛ւ մենք անհրաժեշտ համարեցինք Փետրուարեան ապստամբութեան 100-ամեակի առթիւ խօսել ՀՀ խորհրդարանի պատգամաւոր, մտաւորական Տիգրան Ծամհուրի մասին, որի նման «խենթ» նուիրեալների մի ամբողջ փաղանգ կայ, որոնց անուններն ու գործը միայն պատմագիտական շրջանակներին է յայտնի:
Մեր նոր եւ նորագոյն պատմութեան հերոսական էջերում Ծամհուրի նման հարիւրաւոր պայծառ անուններ կան, որոնց մասին խօսելը, նրանց ստուերուած կերպարը հայ հանրութեան առաջ բացելը օրուայ հրամայականն է, պատմական անհրաժեշտութիւն, որովհետեւ իր պատմութեան ամենանուիրեալներին անծանօթ ժողովուրդը չի կարող ճիշտ արժեւորել այդ նուիրեալների արեամբ ու կեանքով սրբագործուած հայրենի պետականութիւնը…
————————–
Օգտագործուած աղբիւրների ցանկ
Աղբիւրներ
1) «Մենք մեր մասին» ամսագիր 1(21)2013., Ա. Ամսէեան., Տիգրան Ծամհուր.
Համացանցի նիւթեր
«Դրօշակ», թիւ 2 (1648), փետրուար, 2021 թ.