Երեւանի պետական բժշկական համալսարանի ղեկավար Արմէն Մուրադեանը «Դիմատետր»-ի իր էջին վրայ գրառում կատարեց ուսանող Աւետիս Պուլուզեանի մասին` ներկայացնելով անոր անձնուէր կերպարն ու հերոսական նահատակութիւնը.
«Մերօրեայ հերոսները». Աւետիս Պուլուզեան
Յանուն հայրենիքի կեանքը զոհած քաջորդիների թւում է նաեւ ապագայ բժիշկ Աւետիս Պուլուզեանը: Մերօրեայ հերոսը ծնուել է 2000թ. հոկտեմբերի 15-ին, Ստեփանակերտում: Աւարտելով Ստեփանակերտի Խաչատուր Աբովեանի անուան դպրոցը` ուսումը շարունակել է Թամարա Քամալեանի անուան քոլեճում` սերտելով «բուժակ` զինուած ուժերում» մասնագիտութիւնը:
2018 թ. ընդունուել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկութեան բաժանմունք, 2019 թ. յուլիսին` զօրակոչուել Արցախի Պաշտպանութեան բանակ: Նոյն թուականի նոյեմբեր-դեկտեմբերին Երեւանում մասնակցել է սանհրահանգիչների պատրաստման դասընթացներին եւ լաւագոյն արդիւնք ցուցաբերելու համար պարգեւատրուել պատուոգրով:
Վերադառնալով Արցախ` շարունակել է զինուորական ծառայութիւնը որպէս սանհրահանգիչ` ստանալով կրտսեր տասնապետի զինուորական կոչում: Ընկերները նրան բնութագրում են որպէս ազնիւ ու բարեկիրթ անձնաւորութեան:
«Աւետի հետ սովորեցինք ընդամէնը մէկ ուսումնական կիսամեակ, սակայն այդ տարուայ ընթացքում նա հասցրեց տպաւորուել մեր մտքերում` որպէս դաստիարակուած, խելացի եւ հետաքրքիր անձնաւորութիւն», ցաւով նշում է համադասարանցին` Մարինէ Յակոբեանը` յաւելելով, որ Աւետիսը ոչ մի բան չի խնայել զինակիցներին բժշկական օգնութիւն ցոյց տալու համար:
Աւետիսը 2020 թ. սեպտեմբերի 27-ից եղել է դիրքերում: Հոկտեմբերի 2-ից 9-ը Արցախի հարաւարեւելեան ճակատում` Արա լեռի շրջանում, այնուհետեւ Հադրութի մերձակայքում մասնակցել է թէժ մարտերի:
Զոհուել է 2020 թ. հոկտեմբերի 10-ին` վիրաւոր զինակցին օգնութիւն ցուցաբերելու պահին` հրետանային արկի բեկորից»: