Պատշաճ Ուղին` Ժողովրդի Վստահութիւնը Շահելու Համար

ԼՈՐԻԿ ԹԻԹԻԶԵԱՆ

Վերջերս «Ազդակ»-ում մի յօդուած կարդացի, որ վերնագրուած էր` «Թոյլ չտալ, որ ժողովուրդը յաղթէ ազգին» վերնագրով, Մագօ Մկրտիչեանի հեղինակութեամբ: (https://www.aztagdaily.com/archives/496345?hilite=%27%D5%84%D5%A1%D5%A3%D6%85%27)

Չնայած, որ մենք երկար տարիների ընտանեկան ընկերներ ենք եւ յարգում եմ նրան որպէս նուիրուած մայր եւ ՀՕՄ-ի նուիրեալ անդամ ու իր բարեգործական նպատակները, համարում եմ, որ յօդուածը չափազանց վիրաւորական է մեր ազգի եւ ժողովրդի համար:

Յօդուածի բովանդակութիւնը հետեւեալն է.

  1. Որ 2018-ի թաւշեայ յեղափոխութիւնը, որին աջակցում էին մեր հայրենիքում ապրող հայերի ճնշող մեծամասնութիւնը, սուտ էր: Այն ծրագրուած էր «մութ ուժերի» կողմից եւ դրսից էր պարտադրուած մեր հայրենակիցներին:
  2. Շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինեանը, որ հետագայում դարձաւ վարչապետ, ընտրուեց «դրսի ուժերի» կողմից` նրանց օրակարգը իրականացնելու եւ այն մեր հայրենակիցներին պարտադրելու համար:
  3. Որ մեր ժողովուրդը հարբեց յեղափոխութեան կողմից իրենց առաջարկած «Նոր Հայաստան» նոր կարգախօսով, եւ` այդպիսով, միամտօրէն յոյս ունէր «ազատ ու երջանիկ» ապրել իր հայրենիքում: Այսպիսով, եզրակացնում է հեղինակը, յեղափոխութիւնը Սորոսի դաւադրութեան արդիւնք էր, որը կուրացրեց մեր ժողովրդին եւ մեզ հասցրեց մեր ներկայիս ծանր վիճակին` տարածքներ եւ մարդկային կեանքեր կորցրած, պարտուած ժողովուրդ, ինչպէս նաեւ ազգային ու մշակութային ինքնութիւն չունեցող կառավարութիւն:

Նախ ասեմ, որ մարդիկ քաղաքական ընտրութիւն կատարում են` հիմնուելով իրենց առօրեայ կեանքի եւ ապագայում աւելի լաւ կեանք ունենալու յոյսերի վրայ: Ծնողը միշտ իր երեխաների համար աւելի լաւ կեանք է ցանկանում: Ահա թէ ինչո՛ւ, ցաւօք, այն երկրներում, ուր տնտեսական հնարաւորութիւն չկայ, երիտասարդ եւ կիրթ սերունդը մեկնում է Եւրոպա եւ Ամերիկա, որտեղ կարող են կայացնել իրենց ողջ ներուժը եւ դառնալ հասարակութեան աւելի արդիւնաւէտ անդամներ: Նոյնը վերաբերում է եւ սփիւռքահայ իւրաքանչիւր համայնքի, լինի դա Միջին Արեւելքում կամ այլուր, ինչպէս նաեւ` Հայաստանում: «Ուղեղի արտահոսքը», ինչպէս դա յաճախ անուանում են լրատուամիջոցները, բնական, բայց վտանգաւոր երեւոյթ է, որին պէտք է դիմակայել, եւ որի համար ամէն գնով լուծումներ են գտնում:

Հետեւաբար աւելի լաւ կամ աւելի երջանիկ կեանքի ձգտելը անբնական ցանկութիւն չէ: Արտագաղթից խուսափելու համար մենք պէտք է ստեղծենք մի Հայաստան, որի ժողովուրդին հնարաւորութիւն կտրուի մնալ այնտեղ եւ ապրել երջանիկ: Բացի այդ, ազատութիւնը կամ ազատ ապրելը բառեր են, որոնք մենք երբեմն ընդունում ենք որպէս ի վերուստ տրուած շնորհ: Մեզ համար, որոնք ծնուել եւ մեծացել են ժողովրդավարական երկրներում, մամուլի կամ խօսքի նման ազատութիւնները սովորական են ընդունուել: Մինչդեռ նախկին ԽՍՀՄ հանրապետութիւններում, որոնք անկախութիւն են հռչակել 1990-ականներին, ազատ խօսքի, հաւաքների եւ մամուլի իրաւունքը թանկ բաներ են, որոնց համար ստիպուած ես պայքարել: Անկախութիւնը վերականգնելուց յետոյ տասնամեակներ շարունակ մեր ժողովուրդը ենթարկուել է տարատեսակ քաղաքական ճնշումների: Կառավարութեան այս ճնշումները ստացան ընտրակեղծիքների, կաշառակերութեան, կրթութեան ոլորտում հովանաւորչական, լրատուամիջոցների վերահսկման, անարդար արդարադատութեան եւ աշխատող անհատների համար տնտեսական յաջողութիւնների հասնելու սահմանափակ հնարաւորութեան ձեւեր: Այսպիսով, միանգամայն բնական է, որ երբ դու ունես ժողովրդական շարժում, որը ղեկավարում է խօսքով եւ տեսքով քեզ նման գործիչը եւ խոստանում է փոխել սթաթիւս քուոն, մարդիկ կը միանան այդ երթին եւ կը հետեւեն շարժմանը: Ցաւօք պարզուեց, որ շարժման առաջնորդները հիասթափեցրին եւ չկարողացան կատարել իրենց խոստումները: Նրանք պէտք է պատասխանատուութիւն կրեն պատերազմների ընթացքում եւ դրանից յետոյ կրած տարածքային, տնտեսական ու մարդկային կորուստների համար: Փոփոխութիւն է անհրաժեշտ, եւ ժողովրդի վստահութիւնն էլ կորել է: Այնպէս որ, կառավարութեան փոփոխութեան կամ դրա հրաժարականը պահանջելու անհրաժեշտութեան առումով վէճեր չկան: Այնուամենայնիւ, հարցն այն է, թէ արդեօ՞ք պէտք է ժողովուրդը պատասխանատուութիւն կրի այս իրավիճակի համար: Արդարացի՞ է պատերազմ յայտարարել ժողովրդին, ասես մեր ազգն ու մեր ժողովուրդը երկու առանձին սուբեկտներ են:  Ազգն առանց իր ժողովրդի անիմաստ է: Աւելի՛ն. հայերն դարերով ձգուող հարուստ պատմութիւն ու մշակոյթ ունեն: Ինչպէս վերը նշեցի, մարդիկ քաղաքական ընտրութիւն են կատարում ` ելնելով իրենց առօրեայից եւ ապագայ յոյսերից: Հետեւաբար ճիշդ չէ հայ ժողովրդին ուղղուած ցանկացած մեղադրանք` սխալ ընտրութիւն կատարելու համար: Միակ բանը, որում համաձայն եմ յօդուածի հետ` եզրակացութիւնն է: Այն կոչ է անում գտնել աւելի ուժեղ ազգային արժէքներ ունեցող նոր առաջնորդներ, որոնք կը պահպանեն մեր ազգային ինքնութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը: Այնուամենայնիւ, նոյնիսկ այդ եզրակացութեամբ, նոր կառավարութիւնը կամ ղեկավարութիւնը պէտք է վաստակի ժողովուրդի վստահութիւնը: Այն երբեք յաջողութեամբ չի պսակուի, եթէ մի խումբ նրանց պարտադրի դա: Եկէք` դադարեցնենք վատնել մեր ժամանակը` մեղադրելով կողմնակի անձանց կամ «մութ ուժերին»` մեր սեփական թերութիւնների եւ սխալների համար: Ժամանակն է, որ ինչպէս հայրենիքում, այնպէս էլ սփիւռքում գտնուող հայերը գործեն աւելի պատասխանատու ե՛ւ ռազմական ե՛ւ արհեստագիտական առումով ապահովեն մեր ազգի անվտանգութիւնը: Եկէք` աշխատենք կառուցել մի հասարակութիւն, որը գնահատում է քրտնաջան աշխատանքը, յարգում է միմեանց եւ բոլոր մարդկանց արդար ե՛ւ հաւասար վերաբերւում: Եկէք` վերջ տանք փտածութեան եւ հովանաւորչութեանը: Եկէք` ընտրենք այնպիսի առաջնորդների, որոնք հասկանում են ժողովրդավարական արժէքները, ընկերային արդարութիւնը, եւ առաջին հերթին, հասկանում են, որ յաջողակ ազգ ստեղծելու համար անհրաժեշտ են պետական ուժեղ հաստատութիւններ, որոնք կը պաշտպանեն Հայաստանի գոյութիւնը եւ կ՛ապահովեն դրա շարունակականութիւնը` անկախ նրանից, թէ ո՛վ է ընտրուելու այդ պաշտօնում մի քանի տարին մէկ: Ամէնից առաջ, եկէք, համոզուենք, որ ժողովուրդը զգում է, որ իրենք խնդրի լուծման մի մասն է, եւ որ  իր կարիքները բաւարարւում են, եւ իր ձայները լսելի են: Երբ մենք հասնենք այդ նպատակին, կ՛ունենանք ազատ, անկախ, միաւորուած Հայաստան, որ կը դիմանայ աշխարհաքաղաքական ճնշումներին: Մենք կարող ենք միասին անել դա, եթէ մի կողմ դնենք մեր եսասիրութիւնն եւ աշխատենք ժողովրդի համար:

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )