ՀՅ Դաշնակցութիւնը Եւ Պարսկաստանի Սահմանադրական Շարժումը

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«
Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր, պատմական գիտությունների թեկնածու

20-րդ դարասկզբի Կովկասի յեղափոխական եւ մտաւոր առաջընթացի մթնոլորտը, Իրանում՝ հայ հասարակայնութեան կրթա-դաստիրակչական ու մշակութային ամուր հիմքը եւ ռազմավարական նշանակութեամբ կարեւոր դիրք զբաղեցնող Ատրպատականում՝ հայ քաղաքական կուսակցութիւնների յեղափոխական գործունէութիւնը, պարզորոշ են դարձնում կովկասահայութեան ներկայութիւնն ու զօրաւոր դերակատարութիւնը՝ Իրանի Սահմանադրական յեղափոխութեան մէջ: Սակայն, նրանով հանդերձ, որ կովկասահայերը Սահմանադրական շարժման մէջ առաջատար դիրք էին գրաւում, բայց փաստ է նաեւ, որ միմիայն իրանահայ համայնքում առկայ երկսեռ դպրոցներով, եկեղեցիներով, ընթերցարան-գրադարաններով, մամուլով եւ նրա հասարակական ու քաղաքական կազմակերպութիւններով էր, որ հնարաւոր դարձաւ վերոգրեալ դիրքի ապահովումն ու քաղաքական գործունէութիւնը :

Յատկանշելի է, որ 1908 թ. Ստոլիպինեան բռնութիւնները գործնապէս անհնարին էին դարձրել Կովկասում քաղաքական գործունէութիւնը, ուստի հայ քաղաքական գործիչները պայքարի մի այլ ճակատում՝ Իրանում շարունակեցին իրենց յեղափոխական գործունէութիւնը: Սրան պէտք է գումարել նաեւ նոյն 1908թ. Երիտթուրքերի յեղաշրջումը՝ վերականգնելու 1876թ. Օսմանական սահմանադրութիւնը, որով հնարաւորութիւն էր ստեղծւում հայ ազգային երկու ուժերի՝ Հնչակեան եւ Դաշնակցութիւն կուսակցութիւնների համար Օսմանական կայսրութիւնից դուրս յեղափոխական գործունէութեան ծաւալման խնդրում: Արդիւնքում՝ երկու հայ ազգային կուսակցութիւնները օսմանական նոր իշխանութեան հանդէպ ռազմավարական նորովի մօտեցումներ որդեգրելով՝ դադարեցրին զինական ապստամբութիւնը Թուրքիայում :

Անշուշտ, գոյութիւն են ունեցել հիմնարար պատճառներ, թէ ինչու սոյն երկու կուսակցութիւնները, եւ մասնաւորապէս Դաշնակցութիւնը, 1907-ին միացան Իրանի Սահմանադրական յեղափոխութեանը եւ իրենց աջակցութիւնը ցուցաբերեցին այդ շարժման տարբեր փուլերում: Պատճառներից թւարկելի են հետեւեալները.-

« ա – Օսմանցիների ոտնձգութիւնը Իրան եւ օսմանցի զինւորների ներխուժումը՝ Իրանի Հիւս.-արեւմտեան շրջան, որն սկսւել էր դեռեւս 1905թ. եւ որը խիստ բացասական ազդեցութիւն էր թողել Իրանա-օսմանական սահմանամերձ շրջաններում բնակւող հայերի եւ իրանցիների վրայ.

բ – Հայկական երկու կուսակցութիւնների մօտ արմատացած այն համոզումը, ըստ որի՝ յեղափոխութեանը մասնակցելը՝ պայքար էր Ռուսաստանի տիրակալութեան եւ շահագործման դէմ, որը նպատակ էր հետապնդում խորտակել Սահմանադրական շարժումը.

գ – ՀՅԴ օրգան «Դրօշակ»-ի արգելափակումը՝ 1906թ. յուլիսին, Իրանի նախայեղափոխական շրջանի իշխանութիւնների կողմից, որն ինքնին պատճառ հանդիսացաւ կառավարութեան նկատմամբ կասկածանքի առաջացման եւ հետագային՝ նոյն կառավարութեան հանդէպ ընդդիմադիր կեցւածք որդեգրելուն:

դ – Սահմանադրական կարգերի նկատմամբ հասարակական խաւերի մօտ դրական մթնոլորտի ձեւաւորումը, դրան զուգահեռ Թաւրիզի յեղափոխական իրադարձութիւնների առկայութիւնը ապացուցեցին Իրանում խմորւող քաղաքական նոր իրողութիւնների հեռանկարայնութիւնը, որոնք էլ հիմք հանդիսացան, որպէսզի կուսակցութիւնները վերատեսութեան ենթարկեն իրենց մինչ այդ որդեգրած՝ չէզոք ու վերապահ կեցւածքները:

ե – Եւ վերջապէս պատճառ էր թէ՛ ՀՅԴ-ի եւ թէ՛ հնչակեանների համար 1907թ. ռուս-անգլիական ստրկացուցիչ եւ Իրանին երկու ազդեցութեան եւ շահագործման գօտիների վերածելու հանգամանքը, որն ըստ երկու հայկական կուսակցութիւնների համոզման՝ միտում էր Սահմանադրական յեղափոխութեան խորտակումն ու Իրանի անկախութեան ոտնահարումը» :

Այսպիսով ակնյայտ էր դառնում, որ 1907 թւի երկրորդ կէսից իւրատեսակ քաղաքական իրավիճակ էր ստեղծւել պարսկահայերի համար:

Ուշագրաւ է այն հանգամանքը, որ Շահը յեղափոխական շարժումներին հայերի եւ մասնաւորապէս Եփրեմի մասնակցութիւնը ձախողելու համար դիմել է նոյնիսկ սադրիչ քայլերի: Շահը իր ռազմական կցորդ հայանուն Արշակ խան Գորոյեանի հետ Կովկաս(Բաքու) այցերից մէկի ընթացքում, ծրագրել է հանդիպում հայկական կուսակցութիւնների ղեկավարների ինչպէսեւ՝ ռուսների հետ, Սահմանադրական շարժմանը իբր հայերի չէզոքութիւնը ապահովելու մտօք, սակայն Բաքւում Իրանի հիւպատոսը, հայ ղեկավարներին նախազգուշացնում է Շահի եւ Արշակ խանի դաւադրութեան մասին: Արդիւնքում հայ քաղաքական ղեկավարութիւնը զգօնութեամբ է կողմնորոշւում եւ խոյս տալիս չէզոքութիւն որդեգրելուց :

Դաշնակցութիւնը, մասնաւորապէս, համոզւած էր, որ Ռուսաստանը մտադիր է կասեցնելու Սահմանադրական շարժումը Իրանում: Անդրադառնալով 1908 –ի Շահի թեհրանեան յեղաշրջմանը ու կոզակների բրիգադի օգտագործմամբ Մեջլիսի ռմբակոծմանը, «Դրօշակ»-ը պախարակում է Ռուսաստանին, գրելով, որ. «Դարձեալ ցարական իշխանութիւնը իր ինքնահաւան մշտական վայրագութեամբ Իրանում տխուր եւ արիւնալի իրադարձութեան մասնակիցը լինելով՝ ազատատենչութեան ջահը յանգչեցրեց»: Նոյն «Դրօշակ»-ի խմբագրականը յատկապէս գնդապետ Լիախովին ու նոյնինքը Նիկոլայ Երկրորդին բուռն յարձակումների թիրախ էր դարձնում, քանզի ըստ նոյն թերթի՝ վերջիններս Սուլթան Աբդուլ Համիդի նման վատ համբաւ էին վաստակել:

«Դրօշակ»-ը նոյնպէս նախազգուշացնում էր Իրանին Ռուսաստանի յետին նպատակների մասին, այն է՝ Իրանի հիւսիսային շրջանի բռնակցումը, որն էլ աւելի իրական հեռանկարի տեսք ընդունեց, երբ 1909-ի ապրիլին ռուսական բանակը Թաւրիզ ներխուժեց:

Դաշնակցութեան նման կողմնորոշումը լոկ կուսակցութեանը կամ հայութեանը յատուկ չէր, այլեւ նոյն տեսակէտին է եղել ռուս յեղափոխական գործիչ նոյն ինքը Լենինը, երբ կարծիք էր յայտնում թէ «Իրականութեան մէջ Ռուսաստանը դիմում է ամէն միջոցի կասեցնելու Իրանի յեղափոխական շարժումը: Այն, որ Ռուսաստանի քաղաքականութեանը մաս է կազմում Ազարբէջանի գրաւումը, ոչ մի կասկած չի յարուցում » :

Ահաւասիկ, ՀՅԴ 1907թ. 4-րդ Ընդհանուր ժողովը վճռում է կուսակցութեան դիրքորոշումը՝ Իրանի յեղափոխութեանը մասնակցելու մասին: Մինչ այդ, սակայն պարզ էր մի իրողութիւն, որ պարսկահայ դաշնակցականների մօտ ակներեւ էր երկւութիւն՝ տեսակէտների միջեւ : Այն դաշնակցականները, որոնք հակւած չէին իրանական շարժմանը մասնակցելու տեսակէտին, հետեւեալ հիմնաւորումներն էին դրել հէնց «Վրէժ»-ի շրջանային ժողովին, որը տեղի է ունենում Թաւրիզում,1906 թւի աշնանը: Այսպէս, ընդդիմախօսների կարծիքով՝ «Պարսկական Սահմանադրական շարժմանը մենք չէինք կարող մասնակցել շատ հասկանալի պատճառներով: Հաստատ աղբիւրներից լսում էինք, որ թագաժառանգը եւ նրա մերձաւորները ուզում էին օրդուբադցիների միջոցաւ ստեղծել հայ-թրքական կոտորած՝ դրանով ստիպելու անգլիական կոնսիւլին՝ հեռացնելու շարժման պարագլուխներին եւ համոզելու նրան, որ այդ շարժումը քաղաքական բնոյթ չունի, այլ լոկ Կովկասեան հայ-թրքական ընդհարման արձագանքն է: Մի թեթեւ առիթ բաւական կը լինէր այդ արիւնահեղութեան համար եւ մենք զոհ կարող էինք գնալ պրովակացիայի: Իբրեւ առանձին կուսակցութիւն՝ մենք չէինք կարող ասպարէզ գալ, որովհետեւ Դաշնակցութիւնը, պարսիկ մասսայի հասկացողութեամբ, հասկացւում է իսլամի
թշնամի :

Այդ ուղղութեամբ «Հաբլ-իւլ-մաթինը» եւ Աղայեւի օրգանը կատարել են իրենց դերը, եւ որովհետեւ այդ շարժումը ունէր միայն ազգայնական-կրօնական բնոյթ, մեր մասնակցութիւնը այդպիսի մի շարժման յետադիմական քայլ կը լինէր» : Իրանական շարժմանը մասնակցելուն հակւած չէին մասնաւորապէս ՀՅԴ Թաւրիզի Կ.Կ.- ի անդամներ Յովսէփ Յովհաննիսեանը եւ Արմենակ Մկրտչեանը: Նրանք գտնում էին, որ այդ օրերին քաղաքական–տնտեսական պայմաններում Պարսկաստանում ծայր առած յեղափոխական շարժումը կանխահաս է ու չհիմնաւորւած, հետեւապէս՝ դատապարտւած է վիժման: Ըստ նրանց Դաշնակցութիւնը որքան էլ ցանկանայ, չի կարող սրտաբաց ու անկեղծ միաբանութիւն կազմել թուրք յեղափոխականների հետ եւ յոյս ունենալ, թէ նրանց հետ հնարաւոր կը լինի դժւարին կռւի գնալ յեղափոխականին վայել անկեղծութեամբ: Յ. Յովհաննիսեանը եւ Ա. Մկրտչեանը համոզւած էին, որ ծանր պահերին թուրքերն անպայման հայերին միայնակ կը թողնեն եւ նրանք ամբողջ ծանրութիւնն ստիպւած կը կրեն իրենց վտիտ ուսերի վրայ՝ անկանխատեսելի հետեւանքներով: Մուսուլման ժողովրդի համեմատութեամբ հայութիւնը Պարսկաստանում չնչին փոքրամասնութիւն է կազմում, ուստի հակաշահական պայքարին Դաշնակցութեան մասնակցութեան պատճառով անպայման կը վտանգւի ողջ պարսկահայ ժողովուրդը, եթէ հակայեղափոխականները յաղթանակ տանեն :

Ի վերջոյ, փոքրամասնականների կարծիքով «Օսմանական, Ռուսական եւ Իրանական եռեակ ճակատներում յեղափոխական պայքար մղելը, սպառելու է Դաշնակցութեան կարողութիւնները» :

Շարժմանը չմասնակցելուն հակւած ընդդիմախօսների մտավախութիւնը տեղին էր, քանզի հետագային հայոց չէզոքութեան մասին հայոց թեմակալ առաջնորդի հաւաստիացումները միապետականներին, անշուշտ, յայտնի էին դարձել Թաւրիզի Սահմանադրական ղեկավարութեանը, ինչն էլ առաջ էր բերել նրա բացայայտ դժգոհութիւնը : Աւելին, Սաթթար խանը 1908 թ. յուլիսի 20-ին յայտարարել էր, որ մտադիր է դիմելու վճռական գործողութիւնների, այն է՝ Արքից հանել բոլոր թնդանօթները եւ ուղղել հայկական թաղամասերի եւ բոլոր քրիստոնէական հիւպատոսութիւնների վրայ: Եթէ հայերը չմիանան յեղափոխական ուժերին, նրանց թաղերը կենթարկւեն սոսկալի ռմբակոծութեան,- սպառնացել էր նա: Նաեւ առկայ էր միապետականների սպառնալիքները, որոնք «չնայած չէզոք մնալու մասին Ատրպատականի թեմակալ առաջնորդի եւ համայնքի միւս ղեկավարների հաւաստիացումներին ու երդումներին, Թաւրիզից դուրս արդէն լուրեր էին տարածւել, որ հայերը դաւաճանում են Շահին…» : Այս առնչութեամբ թէ՛ օսմանական դեսպանութեան եւ թէ՛ մասնաւորապէս տեղացի թրքախօսների կողմից շրջանառութեան մէջ էին դրւել հայերի դաւադրութեան մասին իրականութեանը չհամապատասխանող լուրեր, որոնք սակայն, հերքւել են Սահմանադրութեան շրջանի ազատախոհ մտաւորական եւ հետագային ռուսների կողմից կախաղան բարձրացւած Սադեղ օլ Մոլքի միջոցով. աւելին, խիստ հրահանգ է իջեցւել Թաւրիզի, Ուրմիայի եւ Խոյի իշխանութիւններին, որպէսզի կանխւի հակահայ որեւիցէ ոտնձգութիւն :

Սակայն, աւելի զօրաւոր էր շարժմանը մասնակցելու տեսակէտը պաշտպանողների հիմնաւորումը, որոնց առաջնակարգ հովանաւորողներից էր նոյնինքն Եփրեմը: Վերջնիս համախոհները նոյն ժողովում մերժեցին փոքրամասնութեան դատողութիւնները, շեշտելով, որ պարսկական յեղափոխական շարժման յաղթանակն անխուսափելի է, դա վարակիչ ազդեցութիւն կունենայ Թուրքիայի եւ Ռուսաստանի վրայ, միաժամանակ կը բարձացնի հայ տարրի դերը Պարսկաստանում: Նրանք գտնում էին, որ պարսկահայ ժողովուրդը յեղափոխական գործին մասնակցելով, պէտք չէ վախենայ զոհաբերութիւնից:

Յատկանշելի է, որ ՀՅԴ Կովկասեան մարմինները եւս մի շարք ժողովներում զբաղւել էին Պարսկաստանի կնճիռով: Մասնակցելու կամ չմասնակցելու ծանրակշիռ եւ պատասխանատու խնդիրը դրւած էր Թիֆլիսում կայացած շրջանային ժողովում, որին մասնակցում էին Սիմոն Զաւարեանը, Բիւրոյի կողմից, Հայր Աբրահամը (Աւետիք Սահակեան), Համօ Օհանջանեանը եւ Ջաւախեանը: Խօսելով թուրք- պարսկական, հայ-պարսկական ընդհարումների եւ հայ-պարսիկ յարաբերութիւնների մասին, Հայր Աբրահամը իբրեւ եզրակացութիւն առաջադրում է վարիչ մարմնի տեսակէտը, ըստ որի. «….Արել ենք մի շարք նախապատրաստական քայլեր … Մէկ բան պարզ է. չենք կարող թողնել մեր ժողովուրդը անտէր, անզէն, անպաշտպան վիճակում … » :

« Զաւարեան,- գրում է Մ. Վարանդեանը,- նոյնպէս յիշեցնելով, որ Բիւրօն կը սպասէ յատուկ նպատակով Պարսկաստան ղրկւած ընկերոջ տեղեկագրին, եւ որ ազատական պարսիկները շարունակ կը դիմեն մեր ընկերներու խորհուրդներուն, պաշտպանեց հայ-պարսիկ յեղափոխական գործակցութեան թեզը, ըսելով.-«Եթէ մեծ բան էլ չկարենանք անել, գէթ կամրապնդենք մեր համերաշխութեան կապը պարսիկ յեղափոխական տարրերի հետ»» :

Ի վերջոյ, Եփրեմի եւ նրա համախոհների տեսակէտն է, որ յաղթում է եւ որը հետագային ձեւակերպւում ու ամրագրւում է 1907թ. փետրւարին, Վիեննայի ՀՅԴ Ընդհ. Ժողովում, իբրեւ գործադրելի որոշում, ըստ հետեւեալի.

«Նկատելով, որ պարսկական ներկայ շարժումը կարող է դառնալ ժողովրդական արթնացման բնոյթ ունեցող հասարակական խոշոր երեւոյթ թէ՛ Պարսկաստանի, թէ՛ Արեւելքի համար, եւ գտնելով դրա տարածուիլն ու լայնանալը ցանկալի՝ թէ՛ համամարդկային, թէ՛ հայկական տեսակէտից, Ընդհանուր Ժողովը յանձնարարում է Պարսկաստանի դաշնակցական մարմիններին եւ անհատներին՝ բոլոր միջոցներով նպաստել այդ շարժման զարգացման, մտցնելով պարսկական արթնացման մէջ այն ազատական, ռամկավարական եւ աշխատաւորական ոգին, որ բխում է Դաշնակցութեան ծրագրից» :

Ատրպատականում Սահմանադրական շարժումը սկսել է 1907 թւականին: ՀՅ Դաշնակցութեան վարիչ մարմինը (նկատի ունենալով այնտեղի հայ ժողովրդի ֆիզիկական գոյութեանը սպառնացող վտանգը, բոլոր հայաբնակ շրջաններում, նախօրօք ուղարկել էր զինւորական եւ քաղաքական կարող գործիչներ, տեղի վրայ կազմակերպելու համար ինքնապաշտպանութեան գործը : Այսպէս, 1907-ի դեկտեմբերի վերջերին ՀՅԴ հիմնադիրներից Ռոստոմը (Ստ. Զօրեան) պարսիկ յեղափոխականների հրաւէրով ժամանում է Թեհրան եւ որպէս ՀՅԴ լիազօր ներկայացուցիչ՝ բանակցութեան մէջ մտնում պարսիկ յեղափոխականների հետ: Ռոստոմը եւս ՀՅԴ շատ գործիչների նման հէնց սկզբից կողմնակից է եղել իրանական շարժմանը մասնակցելու տեսակէտին. ըստ նրա՝ Թուրքիայի հարեւան պետութիւնները սահմանադրական կարգեր ունենալով՝ պիտի ազդէին նաեւ Թուրքիայի ռեժիմի վրայ: Յատկապէս, որ «Համիդը օգտւելով Պարսկաստանի անիշխանական եւ անպաշտպան դրութենէն, կը մտադրէ շող մը տալ իր 30 տարւայ կորստաբեր եւ աղիողորմ թագաւորութեան, որ մահ կը հոտի, թոյլ Պարսկաստանէն հանելով այն անթիւ ու անհաշիւ կորուստները, որ այդ հէրիֆը հասցուց իր երկրի գլխին …» :

Պարսիկ յեղափոխականների հետ 1908թ. յունւարին Ռոստոմը պարսկահայ դաշնակցական եւ հետագային՝ Մեջլիսի անդամ Յովսէփ Միրզայանի ընկերակցութեամբ հինգ բանակցային նիստեր են գումարում, որոնց արդիւնքում կնքւում է պայմանագիր, որի համաձայն՝ պարսիկ գործընկերները կը խոստանային.

  1. Հայ ժողովրդի պաշտպանութեան ի խնդիր՝ ապահովել ՀՅԴ ուժերի փոխադրութիւնը Պարսկաստանի ներսում:
    2. Դիւրացնել ՀՅԴ զէնքի ու զինամթերքի փոխադրութիւնը արտասահմանից Պարսկաստան:
    Իսկ ՀՅԴ պատւիրակները կը խոստանային.

1.Դաշնակցութեան արեւմտեան Բիւրօն կօգտագործի Պարսից դատի համար իր կապերը Եւրոպայի, մասնաւորապէս Ֆրանսիայի հայամէտ շրջանակների հետ :

  1. Հարկ եղած դէպքում՝ ՀՅ Դաշնակցութիւնը շարժմանը կը ցուցաբերի աջակցութիւն՝ ռազմական ու զինական ասպարէզներում :

«Բանակցութիւնները տեւում են վեց օր՝ մինչեւ 1908թ. յունւարի 4-ը,- գրում է Հ.Սիմոնեանը,- …. Վեցօրեայ բանակցութիւնների ամէն նիստից յետոյ Ռոստոմը եւ Միրզայեանը խորհրդակցում էին ուրիշ երեք ընկերների հետ, որոնք մինչեւ Ռոստոմի Թեհրան գալը Յովսէփի միջոցով հանդիպումներ էին ունեցել սահմանադրականների ներկայացուցիչների հետ, որոնք տեղական պայմաններին եւ պարսիկների հոգեբանութեանը լաւ ծանօթ էին:

…. Բանակցութիւնների ընթացքում քննարկւեց հարցերի բաւական լայն շրջանակ.

1) Շահի հետագայ դաւերի դէմ Սահմանադրական նորմալ զարգացման ապահովման ուղղութեամբ երկու կողմերի անելիքները,
2) Պարսկաստան ներխուժած թուրքական զօրքերին երկրի սահմաններից հեռացնելու խնդիրը, որի լուծման համար նախ ենթադրւում էր դիւանագիտական ճանապարհով թուլացնել թուրքերի դիրքերը, իսկ պատերազմի դէպքում՝ ձեռնարկել համատեղ միջոցներ՝ անհրաժեշտ զինւորական ուժերի պատրաստման ուղղութեամբ,
3) Պարսկաստանի անկախութեանը սպառնացող 1907թ. անգլօ-ռուսական համաձայնագրի դէմ միջոցառումները,
4) ՀՅ Դաշնակցութիւնը ինչպիսի աջակցութիւն կարող է ցոյց տալ սահմանադրականներին,
5) իրենք՝ պարսիկները ի՞նչ օգնութիւն կամ դիւրութիւն կարող են ցոյց տալ Դաշնակցութեանը»:

Պարսիկ սահմանադրականների ներկայացուցիչները խոստանում էին.

1) Յեղափոխութեան յաղթանակից յետոյ աւելի լայնացնել այն իրաւունքներն ու պարտականութիւնները, որ պարսկահայութիւնն ունէր իր ներքին, ազգային-մշակութային կեանքում,
2) Սալմաստի եւ շրջակայ վայրերի պետական հողամասերից (Խալիսէ) բաժիններ յատկացնել Օսմանեան կայսրութիւնից Պարսկաստան փախած հայ գաղթականներին եւ նպաստել նրանց բնակեցմանը,
3) ջերմ աջակցութիւն բերել զարկ տալու համերաշխ գործակցութեանը հայ եւ իսլամ տարրերի միջեւ թէ՛ Թուրքիայում եւ թէ՛ Կովկասում,
4) իրենց հաւատարիմներից մէկին ուղարկել Կ.Պոլիս, որպէսզի այնտեղ գտնւող պարսիկ յեղափոխականներին կապի Դաշնակցութեան տեղի անդամների հետ եւ նպաստի նրանց միջեւ համագործակցութեան հաստատմանը,
5) Պարսկաստանի ներսում ապահովել բոլոր պայմանները՝ Դաշնակցութեան զինւած ուժերի փոխադրութեան համար,
6) չխոչընդոտել արտասահմանից զէնքի ու զինամթերքի փոխադրմանը:

Իրենց հերթին, ՀՅ Դաշնակցութեան ներկայացուցիչները կուսակցութեան անունից յանձնառու դարձան.
1) Սահմանադրականների տրամադրութեան տակ ռազմական ղեկավարներ եւ հրահանգիչներ դնել,
2) Թուրքիայի հետ Պարսկաստանի պատերազմի դէպքում կուսակցութեան զինւորական ուժերով պարտիզանական կռիւներ մղել թուրքական բանակի թիկունքում,
3) Սահմանադրական Պարսկաստանի օգտին լայն քարոզչութիւն անել Եւրոպայում,
4) ուժերը ներածին չափով նպաստել գլուխ բերելու Պարսկաստան – Բուլղարիա դաշինքն ընդհանուր թշնամու՝ Օսմանեան պետութեան դէմ,
5) ջանքեր գործադրել Պարսկաստանի կողմը գրաւելու Ֆրանսիական կառավարութեան համակրանքը, ինչպէս նաեւ այդ երկրի կառավարութիւնից ստանալու փոխառութիւն, 6) յեղափոխութեան նկատմամբ բացասաբար տրամադրւած Մելքոմ խանին եւ Արշակ խան Գորոյեանին մղել չէզոք դիրքի կամ, եթէ հնարաւոր է, մօտեցնել Սահմանադրական շարժմանը, որի ջերմ ջատագովներից էր Պարսկաստանի ամենախոշոր հայ գործիչը՝ Յովհաննէս խան Մասեհեանը :

***
Շահի դէմ ապստամբութեան դրօշ պարզած Թաւրիզում յեղափոխականների գլուխ էին կանգնած Սաթթար եւ Բաղեր խաները, որոնք հայ յեղափոխականների շնորհիւ եւ առաջնորդութեամբ թրծւում էին պայքարի քուրայի մէջ: Սաթթար խանը գիտակ էր դաշնակցական կռւողների ներկայութեան կարեւորութեանը իր կողքին, քանզի նրանք մեծ վաստակի ու փորձառութեան կրողն էին, որն յատուկ էր բոլոր այն յեղափոխականներին, որոնք Կովկասից եկել ու միացել էին սահմանադրականներին: Զորօրինակ՝ Քեռին (Կովկասից իր հետ բերած 25 ֆիդայիներով) ու Ռոստոմը սերտօրէն համագործակցում էին Սաթթար խանի հետ եւ Մարաղայի իշխանապետ Սամադ խան Շուջա օլ դոլէի դէմ Թաւրիզեան հակամարտութեանը ուղղակի դերակատարութիւն ունեցան: Կամ՝ 1908 թ. աշնանից սկսեալ, Կովկասի դաշնակցականները Սաթթար խանի եւ Բաղեր խանի հրամանատարութեան տակ գտնւող ուժերի կողքին մինչեւ 1909թ. գարնանը, երբ ռուս զինւորները մուտք էին գործում Թաւրիզ, մի քանի կռիւներում՝ Ալւարում, Սուֆիանում, Մարանդում եւ հայաբնակ Մուժամբարում մասնակցութիւն ունեցան :

Միւս կարեւոր գաւառներից մէկում՝ Գիլանում (Ռաշտ), որն նաեւ սահմանակից էր Ատրպատականին, ապստամբութեան խմորումները ակներեւ դարձան, որտեղ եւս անտարբեր չէր նոյն շրջանի ՀՅ Դաշնակցութիւնը եւ նրա ամենաերեւելի դէմքը՝ Եփրեմը :

«…. Այսօր, աւելի քան երբեւէ,- մէջբերում է պարսիկ մտաւորական-գրող Էսմայիլ Ռայինը Եփրեմի նամակից գրւած համախոհ ընկերներին,-պէտք է նախանձախնդրութիւնն ունենանք ակտիւանալու, պայքարի դաշտը ընդարձակ եւ յեղափոխական գործը Սրբազան է: Պէտք է ապացուցենք, որ յեղափոխական ոգով ենք տոգորւած… Անձնազոհութիւն եւ դարձեալ անձնազոհութիւն, սա այն իրողութիւնն է, որն ներկայ պայմաններում բոլոր ազդակներից առաւել անհրաժեշտ է ու արդիւնաւէտ … Պահը շատ զգայուն է դարձել, իսկ Դաշնակցութիւն կուսակցութիւնը իր վրայ է կրում պատասխանատւութիւն. մենք որեւէ սահման չենք ճանաչում, ուր որ յեղափոխական գործ պահանջւի, մենք այնտեղ ենք լինելու…» :

« …. Ու սկսան հաւաքոյթները: 1908-ի յուլիսն էր: Այդ օրերէն արդէն Պարսկաստանի ապագայ դիկտատորը կը ցուցանէր կազմակերպական իր տաղանդը: Կազմեց հապշտապ հայ-պարսիկ խառն կոմիտէ եւ սկիզբ դրաւ Գիլանի շարժման: Ապա անցաւ Ռաշտ՝ խորհրդակցելու իր դաշնակցական ընկերներուն հետ, խրախուսեց, համոզեց, ծրագրեր յօրինեց …: Պարսկաստանի յեղափոխութիւնը ունեցաւ իր առաջին հերոսը՝ յանձին Սաթթար խանի՝ սպասելով, որ յայտնւի պատմական վայրկեանին աւելի համապատասխան, ազատութեան ու արդարութեան մարմնացում՝ բուն գաղափարական իգիթը, պարսից Գարիբալդին, ի դէմս դաշնակցական Եփրեմի…» :

Ինչպէս նախորդ էջերում ասւեց, թագաւորականները գրաւել էին Թեհրանը, երբ ռուս Լիախովի ուժերի գլխաւորութեամբ 1908 թ. յունիսի 23-ին ռմբակոծւեց սահմանադրականների ու յեղափոխականների կիզակէտը համարւող խորհրդարանը՝ Մեջլիսը: Ի հետեւանս դրա, նոր խմորումներ են զարգանում երկրի գաւառներում եւ ծայրամասերում, ի մասնաւորի Ատրպատականի շրջանում եւ նրա կենտրոն Թաւրիզում, ծայր են առնում ապստամբական խմորումները, որոնք ղեկավարւում էին Սաթթար խանի եւ Բաղեր խանի միջոցով, անշուշտ՝ ՀՅ Դաշնակցութեան գործիչների խորհուրդներով:

1908-ի յուլիսին, Թեհրանում՝ Մոհամմադ Ալի Շահի յեղաշրջումից յետոյ, Թաւրիզի դիմադրական շարժումը մեծ խթան հանդիսացաւ Ատրպատականում դաշնակցական խմբերի ներգրաւմանն ու ակտիւութեանը: Դեռեւս դրանից ուղիղ մէկ տարի առաջ, 1907–ի յուլիսին, Սալմաստի դաշնակցական միաւորները ցորենով էին ապահովում յեղափոխականներին: Սալմաստի Դաշնակցութեան կառոյցի ղեկավարն էր Սամսոնը (Ստեփան Թադէոսեան), որն որպէս զինագործ 1897-ին Կովկասից Ատրպատական էր փոխադրւել, որտեղ էլ մեծ աւանդ ունեցաւ իրանցիների եւ հայերի միջեւ բարեկամական յարաբերութիւնների կայացման գործում, երաշխաւորելով նրանց միջեւ անհրաժեշտ համերաշխութիւնն ու միասնականութիւնը՝ յօգուտ Սահմանադրական յեղափոխութեան: Ի հեճուկս Մակուի Սարդարի սպառնալիքների, որոնցով նա պահանջում էր, որպէսզի հայերը հեռու մնան Սահմանադրական շարժումից, Սալմաստի կոմիտէն Սամսոնի գլխաւորութեամբ 1908 –ի հոկտեմբերին որոշում կայացրեց երկրի ազատականներին աջակցութիւն ցուցաբերել, միաժամանակ ապահովելով դաշնակցական ռազմիկների ու հայ գիւղացիութեան կարիքները՝ շարժմանը նախապատրաստելու համար :

« …. Մինչ Թեհրանի ապստամբութիւնն տապալւում էր, միւս քաղաքներում նոր շարժումներ էին առաջանում: Թաւրիզում՝ Սաթթար խանի եւ Բաղեր խանի, Գիլանում՝ հայ Եփրեմ խանի եւ Սպահանում՝ բախտիարների… եւ նոյնիսկ Բաքւում՝ հայ եւ վրաց սոցիալիստ-նացիոնալիստների հովանաւորութեամբ… նպատակադրւեց վերագրաւել մայրաքաղաք Թեհրանը:
…. Թաւրիզեցիների դիմադրութիւնը՝ դիկտատուրայի դէմ, ինչպէսեւ՝ ռուս կոզակների կողմից քաղաքը շրջափակելու հանգամանքը, ստեղծել էր մի այնպիսի իրավիճակ, որն Սահմանադրութեան պատմագիրների բնութագրմամբ՝ «Սովեալները ներխուժում էին այգիներ, բոյսերով սնւելու…»: Նոյն օրերին էլ մի հայ «Մուջահիդ» (ռազմիկ) թուրքերէնով թաւրիզցիներին քաջալերում էր.«Ժողովու՛րդ, սոված է՛ք, բայցեւ՝ ազատ…»» :
«….Մեծ էր պարսիկ շարքերուն մէջ վստահութիւնն ու յարգանքը դէպի հայութիւնն ու անոր մարտական կազմակերպութիւնը:

Թաւրիզի կռւի տաք օրերուն հասաւ Օսմանեան յեղափոխութեան աւետաբեր լուրը: Նոր խրախոյս պարսկական շարժման համար:

Յոյսերը թեւաւորւեցան, տրամադրութիւնները բարձրացան նաեւ մեր շարքերուն մէջ: Ատրպատականի մեր մարմինները միշտ աւելի կը թեքէին դէպի գործուն մասնակցութիւն: Նմանապէս՝ կովկասեան մարմինները, Շրջ. Ժողովը, Արեւելեան Բիւրօն: Կարգախօսն էր՝ անպաշտօն կերպով նպաստել շարժման, ձգտելով տալ անոր ռամկավարական բնաւորութիւն»:

Նոյն ժամանակաշրջանում (1908թ.-ի յուլիս-օգոստոս) Թեհրանից Թաւրիզ է անցնում Ռոստոմը, որն անմիջականօրէն մասնակցում է ապստամբական երկարատեւ գործողութիւններին, կողք-կողքի Սաթթար խանի, թէ՛ իր խորհուրդներով, եւ թէ՛ պայթուցիկների ու զինամթերքի հայթայթումով:

Ռոստոմի եւ Սաթթար խանի գլխաւորութեամբ կայացած մի շարք հայ-պարսկական խորհրդակցութիւնների արդիւնքում կազմակերպւում են ըմբոստ խառնիճաղանճ զանգւածները, ներդաշնակութիւն է մտցւում մինչ այդ ինքնագլուխ գործող խմբապետ-հրամանատարների շարքերում: Այս հարցում իրենց կարեւոր աւանդը բերեցին ՀՅ Դաշնակցութեան Արեւելեան Բիւրոյի կողմից Թաւրիզ եկած գործիչները՝ Վահապը (Վռամեան) եւ Սեպուհը, որոնք մարտական կարգի բերեցին կռւող անկազմակերպ պարսիկ զանգւածներին:

«….Այդ կուսակցութեան գործիչները սահմանադրականներին աջակցելու համար էին Թաւրիզ եւ Թեհրան եկել, որոնց ղեկավարների մէջ հռչակ էին վայելում Արշակ Վռամեանն եւ հայդուկապետ Սեպուհը»:

Սահմանադրական կռիւներին (1908-1912 թթ.), քառամեայ շրջանում Ատրպատականում մասնակցել են հետեւեալ խմբերը.
Քեռու խումբը, կազմւած կռիւներում թրծւած շուրջ 40 ականաւոր մարտիկներից, Մշեցի խմբապետ Սմբատի շուրջ 3 տասնեակ մարտիկներից կազմւած խումբը, Տիգրան Ստեփանեանի խումբը,Սամսոնի (Թադէոսեան) շուրջ 3 տասնեակ սալմաստեցի մարտիկների խումբը, Մկրտիչ Աղամալեանի (Սարհադ) խումբը՝ 50 ձիաւոր եւ հետեւակ մարտիկներով, Դումանի խումբը եւ Ս.Դ.Հնչակեան խումբը, 21 հոգի, խմբապետութեամբ Պետրոս Մելիք Անդրէասեանի :

Թաւրիզի (Վրէժ) շրջանի ՀՅ Դաշնակցութեան Կենտրոնական կոմիտէն ունենալով Արեւելեան Բիւրոյի համաձայնութիւնը՝ հաղորդեց նաեւ Թեհրանի, Ռաշտի, Սալմաստի եւ այլ վայրերի կոմիտէներին, որ վերջիններս էլ յայտարարեն իրենց շրջանների ենթակոմիտէներին, որ պարսիկ ըմբոստների հետ համերաշխաբար արձագանգ տան Թաւրիզի կռւին:

Մէկ կողմից՝ Թաւրիզում պայթուցիկների եւ ռումբերի «սիրահար ու մասնագէտ» Ռոստոմի ցուցմունքներով մի շարք գործողութիւններ մեծ իրարանցումների մատնեցին հակայեղափոխական ուժերին՝ Էյն օլ դոլէի, Ռահիմ խանի, Սամի խանի, Զարղամի, Մակւի քրդերի՝ Իզօ խանի ղեկավարութեամբ, որոնց ուժերը պարբերաբար միջնաբերդ Թաւրիզում հակագրոհների ու հարւածների արժանանալով՝ կոտորւում ու յետ էին մղւում:

Միւս կողմից՝ «Դիւրին բան չէր ՀՅԴ Կովկասեան մարմիններուն համար ռազմական օժանդակ խումբեր փոխադրել Արաքսի միւս կողմը այն օրերուն, երբ ցարական կայսրութեան մէջ սկսած էր ստոլիպինեան համատարած ռէակցիան, եւ երբ մասնաւոր կատաղութեամբ ծայր կուտար հալածանքը՝ ՀՅ Դաշնակցութեան դէմ: Ամենէն առաջ հարկ էր Թաւրիզ ճամբել մէկ անւանի ռազմիկ-հրամանատար, մեր հինաւուրց խմբապետերու երախտաւոր փաղանգէն, որ կարենար իր անձնական հմայքի ուժով համախմբել իր շուրջ հայոց կռւող տարրերը Ատրպատականում»:

Թէեւ դա վիճակւում է հայ յեղափոխական դէմքերից մէկին՝ Սեւքարեցի Սաքոյին, բայց երբ նա պատրաստւում էր Երեւանից Թաւրիզ մեկնել, անակնկալօրէն մատնւում է խոլերայի համաճարակին ու մահանում:

Սաքոյին փոխարինում է Քեռին (Արշակ Գաւաֆեան), որը 1908-ի հոկտեմբերի սկզբներում 25 հոգանոց արշաւախմբով Երեւանից Թաւրիզ է անցնում: Ի տես դրա՝ մեծ ցնծութիւն է տիրում հայ ու պարսիկ կռւող ուժերի մէջ: Քեռիի ձիաւոր խմբի մուտքը բարձրացնում է յեղափոխականների տրամադրութիւնը, որով ուժգին թափ է հաղորդւում յեղափոխականների գրոհին, որի արդիւնքում որոշւում է ինքնապաշտպանութեան դիրքերից անցնել յարձակողականի եւ քաղաքից դուրս գալով՝ ճակատել թշնամու զօրքի դէմ:

Յարձակողականի անցնելու այս տակտիկան փայլուն է արդիւնաւորւում յատկապէս հայաբնակ Մուժամբար գիւղի կռւում, որտեղ հայ կտրիճների փոքրաթիւ, բայց հմուտ հրացանաձիգ խմբերը ծունկի են բերում 500-ի հասնող ղարադաղցի ձիաւոր հրոսակներին, որոնք անընդհատ թալանի ու աւերումների էին ենթարկում շրջակայ գիւղերը՝ դառնալով նաեւ պատուհաս՝ յեղափոխական ուժերի նկատմամբ:
Չէ՞ որ «…. Հայերի եւ մուսուլմանների համագործակցութիւնն ու համերաշխութիւնը այնպիսին էր, որ իշխանական ուժերը հայաբնակ գիւղերի վրայ յարձակւելով՝ խոչընդոտում էին Սահմանադրական կարգերի տարածմանը՝ այդ գիւղերում…» :

Այսպիսով՝ գաւառների մէջ եւս Դաշնակցութեան ուժերը հասնում էին իրենց կողմից առաջադրւած երկու նպատակների՝
1. Հայ գիւղացիներին պաշտպանում էին քրդական ալան-թալանից եւ
2. Տեղական իշխանութիւններին ստիպում էին վերականգնել սահմանադրական կառոյցներն ու հաստատութիւնները: Եւ իրաւամբ՝ մէկը միւսի յետեւից «անջումանները» (սահմանադրական միութիւններ) վերահաստատւեցին Ուրմիայում, Սալմաստում, Խոյում եւ այլուր:

Ուշագրաւ երեւոյթ էր նաեւ այն հանգամանքը, որ Ատրպատական եւ Գիլան նահանգներում, որտեղ ազատական մօտեցումները աւելի տիրական էին, ցեղային խտրութիւններն բացառւում էին: Աւելին, ոչ-մուսուլման փոքրամասնութիւններն ներգրաււում եւ խրախուսւում էին մասնակցելու «անջումանների» նիստերին: Թաւրիզի «անջումանը» գտնւում էր հայերի թաղամասում եւ հայերը շարունակաբար ելումուտ էին անում այնտեղ եւ շատ պարագաներում հովանաւորում էին այն: Ռաշտի «անջուման»-ը եւս լայն բացել էր իր դռները ոչ-մուսուլմանների առջեւ: Ռաշտի «անջումանը» ճանաչւած գաւառական միակ «անջումանն» էր, որի ղեկավարներից մէկն էր նշանակւել հայ սոցիալ-դեմոկրատ Յարութիւն Գալստեանը :

Ատրպատականի գրեթէ բոլոր շրջաններում Քեռիի եւ տեղ-տեղ Սաթթար խանի համատեղ ուժերը անգամներ յետ մղեցին հակասահմանադրական, թւաքանակով տասնապատիկ անգամ գերազանցող զօրքերին: Ամիսներ տեւող ընդհարումների ընթացքում, սակայն, քիչ չեղան նաեւ հայ մարտիկներից կորուստներ, ինչպէս՝ Զուլումաթը, որը ժամանակին մասնակից է եղել Սերոբի ու Անդրանիկի կռիւներին, Բուլղարացի Գէորգը, Միսաքը, Խորէնը եւ այլ թանկագին ռազմիկներ:

Քեռու խումբը Թաւրիզ մնաց մօտ 7 ամիս (1908թ.-ի հոկտեմբերից մինչեւ 1909 թ. մայիս), երբ կուսակցութեան կարգադրութեամբ՝ Ռոստոմը թողնում է Պարսկաստանը, իսկ Քեռին իր խմբերով անցնում է Սալմաստ: Դա այն օրերում, երբ ռուսները պատրաստւում էին ներխուժել Թաւրիզ (1909 թ., ապրիլ-մայիս): Այստեղ պէտք է մատնանշել, որ երբ յեղափոխական խմբերը հերոսական պայքար էին մղում Թաւրիզը պաշարող հակայեղափոխական ուժերի դէմ, լուր են առնում, որ Թեհրանից նոր զօրախմբեր են պատրաստւում ուղղւել դէպի քաղաք: Անմիջապէս Ռոստոմի հրահանգով՝ նամակ է ուղարկւում Գիլանի կոմիտէին, յատկապէս Եփրեմին, որ միջոցների դիմեն՝ յեղափոխական-մարտական ուժերով դիմագրաւելու Էյն օլ Դոլէի գլխաւորած զօրքին, որպէսզի սրանք Թաւրիզ չհասնեն եւ պաշարման օղակը աւելի չսեղմեն. չէ՞ որ առանց այդ էլ յեղափոխական Թաւրիզը տառապում էր սնունդի եւ զինամթերքի պակասից:

«Վրէժ»-ի Կենտրոնական կոմիտէի այդ գրութիւնը մեծ խթան է հանդիսանում, որով Եփրեմը լծւում է բուռն աշխատանքի, որի արդիւնքում Ռաշտի յեղափոխականների շարժումը եւ հետագայում Ղազւինի գրաւումը՝ Եփրեմի միջոցով, ռազմագիտական խոշոր նշանակութիւն է ունենում, քանի որ Թեհրանի կտրւելով Թաւրիզից՝ ձախողւում է այնտեղի հակայեղափոխական ուժերին օժանդակելու աշխատանքը, որով էլ պէտք է բացատրել նաեւ ցարական զօրամասի մուտքը Ատրպատական:

***

Ռուսական կառավարութիւնը հետևում էր թաւրիզեան զարգացումներին և յարմար առիթի էր սպասում ռազմական ուժով միջամտելու ընթացող իրադարձութիւններին, նպատակ ունենալով հաստատւել հիւսիսային Պարսկաստանում : «Պետերբուրգի կառավարութիւնը,- գրում է Է. Ակնունին (Խաչատուր Մալումեան),-իրաւունք համարեց զօրք մտցնել Սալմաստ, Թաւրիզ եւ Ռաշտ, գործակալներ Թեհրան, բաց պահելու իր արշաւանքի ճամբան դէպի Ատրպատական, որու վրայ 100 տարուց ի վեր աչք ունի Մոսկովի միապետութիւնը, եւ դրա հետ միասին սանձ դնելու Սահմանադրական շարժման պարագլուխների բերանին ու կոչերին, որոնց արձագանգները հրճւանքով էին ընդունւում Կովկասեան լեռնաշղթաների շրջավայրերում…» : Իսկ այդ ճամբին «Պատրւակներ չէին պակսեր դաւադիր թշնամիին:

Ատենէ մը ի վեր ան կը գանգատէր Թեհրանի մէջ ճամբաները գոցւելու առթիւ, ապա եւ սկսաւ մտահոգւիլ՝ իբրեւ թէ կռիւներն ու անիշխանութիւնը կը վտանգէին եւրոպացիներու, մասնաւորապէս՝ ռուսներու կեանքը: Թաւրիզի ռուս հիւպատոսը՝ Միլլեր, օր մը այդ առթիւ իր սրբազան ցասումը կը յայտնէր մեր Ռոստոմին, որ եւ կը գրեր հետեւեալ նամակը՝ Արեւմտեան Բիւրոյին.«Ռուսների ներս գալը այն րոպէին, երբ Սպահանը, Ղազւինը, Ռաշտը սկսել էին սպառնալ եւ Թաւրիզը ուժ էր զգում դիմադրելու, հակառակ սովին, մեզ շատ կոտրեց: Ասել, թէ անակնկալ էր, ճիշտ չէր լինի: Դրա մասին յաճախ խօսւում էր… մի օր … գտնում եմ թեմակալ առաջնորդին մօտ ռուսաց հիւպատոսին, որը յուզւած՝ պատմում էր, թէ ինքը հաստատ տեղեկութիւն ունի, որ իրենց եւ առհասարակ եւրոպացիներին լուրջ վտանգ է սպառնում պարսիկների կողմից… Ես շտապեցի կատեգորիկ կերպով յայտնել, որ իր ստացած տեղեկութիւնները հիմնովին սխալ են… ասացի, որ մենք ամէն կերպ արգելք կը հանդիսանանք այդ տեսակ մի յարձակման…

Յամենայն դէպս՝ յանձն առայ գնալ Սաթթար խանի մօտ եւ նրա կողմից էլ վստահեցնել, որ բոլորովին հանգիստ մնան: Հետեւեալ օրը Շամ Գազանի կռւին էր. նկատեցինք, որ հիւպատոսարանի տանիքին վրայ պատերը բարձրացնում են եւ դիրքեր շինում…Այս կատարելապէս անտեղի պատրաստութիւնները լուրջ մտատանջութեան մէջ ձգեցին բոլորիս: Անջումանի հաւաստիացումները նոյնպէս ապարդիւն անցան: Պատրւակ բռնելով ճանապարհների բացման առթիւ Շահին խուսափողական ընթացքը՝ անհրաժեշտ գտան ռուսաց զօրք մտցնել նախ 3-400 զինւոր, ապա եկան 3-4 հազար եւս՝ քանի մը տասնեակ թնդանօթներով… մնացածը ձեզի յայտնի կը լինի:

Ռուսները հիմա իրենց կատարեալ տէր են զգում (Ատրպատականում): Մեզ մնում է մխիթարւել նրանով, որ, այնուամենայնիւ, Սահմանադրութիւնը ձեռք բերւեց, որից անպայման կօգտւեն Ատրպատականից դուրս վայրերը, գուցէ հեռաւոր ապագայում նաեւ՝ Ատրպատականը: Քիչ նշանակութիւն չունի նաեւ այն, որ հնար եղաւ առաջն առնել սպառնացող կոտորածներին՝ ոչ միայն Թաւրիզում, այլեւ՝ Սալմաստում, Խոյում, Ուրմիայում:

Ռուս զօրքի հրամանատար Սնարսկի աջ ու ձախ ամենուն կը յայտարարէր, թէ եկեր է ժամանակաւոր կերպով՝ իբրեւ «խաղաղարար»:

Նոյն գեղեցիկ առաքելութիւնը ստանձնած էր Թեհրանի մէջ Լիախով՝ իր կոզակներով, որ սկիզբէն ի վեր դաւ կը նիւթէր երկրի սահմանադրութեան դէմ՝ սատարելով Մեհմետ Ալիի բռնապետական ձգտումներուն… Բնականաբար, ոչ Սաթթար խանը, ոչ ալ դաշնակցականները տրամադիր էին՝ պատերազմելու ցարի բանակին դէմ»:

Միապետականների դէմ գնալու Եփրեմի ձեռնարկած նախա-պատրաստութիւնները համահունչ էին իր կուսակցութեան՝ ՀՅ Դաշնակցութեան որդեգրած քաղաքականութեանը: Ինչպէս նշեցինք, Դաշնակցութեան Չորրորդ Ընդհանուր ժողովը 1907 թ. գարնանն ընդունել էր Պարսկաստանի Սահմանադրական շարժմանը կուսակցութեան գործուն մասնակցութեան առաջադրանքը: Եւ ահա, այժմ, երկու տարի չորս ամիս յետոյ, 1909 թ. սեպտեմբերին, Վառնայում (Բուլղարիա) տեղի ունեցող ՀՅԴ հերթական՝ Հինգերորդ Ընդհանուր ժողովը եւս հանգամանօրէն քննութեան առաւ Պարսկաստանի յեղափոխութեան խնդիրը եւ գտաւ, որ նախորդ ժողովի այդ երկրի իրադարձութիւնների վերլուծութիւնը միանգամայն ճիշտ է եղել եւ որ կուսակցութեան որդեգրած ընթացքը պէտք է շարունակել:

Ռէակցիայի հետեւանքով ստեղծւած ծանրակշիռ պահերի մասին Եփրեմի մտատանջութիւններն արտացոլւել են իր անբաժան զինակից Խաչատուր Մինասեանին գրած նամակներում՝ 1910 թ.-ի դեկտեմբերին.« …. Մթնոլորտը լի է անակնկալներով.մարդ չգիտէ՝ վաղը ինչ է լինելու: Ամէն բան անկայուն է: Կառավարութեան քաղաքականութիւնը հոգեւորականների ձեռքն է ընկել, նրանք են տոն տւողները:

Ռէակցիան գործում է իր բոլոր թափով… Խօսւում է Մահմեդ Ալի Միրզայի (Շահի) գալու մասին. Եւ ժողովուրդը գոհ է, որ այդպէս լինի: Ահա այդպիսի մի ժամանակ ես հրաժարւում եմ, որը դառնում է զանազան ենթադրութիւնների պատճառ … Որպէսզի դուք զանազան մեկնութիւններ չտաք, լսեցէք հետեւեալը.- Արտաքին խաղերը, ներքին ինտրիգաները, կուսակցութիւնների ապիկարութիւնը երկիրը հասցրել են ներկայ վիճակին, մինչեւ իմ Ղարադաղից վերադառնալը: Երբ հասայ Թեհրան, բոլոր թայֆաները աչքերը ինձ վրայ տնկած՝ մի ճար էին սպասում: Գրեթէ մէկ ու կէս ամիս ես անվճռական դրութեան մէջ էի, երբ Սաթթարի ու Բաղերի եւ շատ ուրիշների ստեղծած անարխիային ռուսները գլխաւորապէս, եւ նաեւ միւս դեսպանները ուլտիմատում ներկայացրին… Այդ դրութիւնը ինձ ստիպեց՝ նորից գործին խառնւելու: Ես արդէն խրւում եմ եւ տեսնում եմ, որ երկիրը ձեռքից գնում է, բայց ոչ կարողանում եմ գործից հեռանալ եւ ոչ օգտակար լինել: Ներքին գործոց նախարարի գործն էլ ծանրանում է ինձ վրայ: Դեմոկրատ կոչւածները սկսում են իրենց ոտնձգութիւնները՝բոլոր հիմնարկութիւնների մէջ, նոյնիսկ արտաքին քաղաքականութեան մէջ (որն փոքր-ինչ մեղմացել էր) եւ այդպիսով՝ նորից ուլտիմատում՝ ուլտիմատումի վրայ թափում բոլոր դեսպաններից…:

Այդ ժամանակ է, որ կաբինէն երերում է: Յետադիմական Էյն օլ դոլէն, Ֆարման-Ֆարման եւ Մոհթաշամ օլ սալթանէն մտնում են կաբինէի մէջ: Այլեւս իմ ժամանակը հասել էր: Ես չէի կարող գործակցել վերոյիշեալների հետ, որով եւ հրաժարւում եմ վերջնականապէս: Թէեւ չի կարելի գրելով բացատրել եւ մի գաղափար տալ, բայց եւ այնպէս՝ կարծում եմ, թէ մի որոշ գաղափար տւի ընկերներին: Վճռել եմ այլեւս ոչ մի պաշտօն չընդունել, եթէ զանազան անակնկալներ նորից չգան եւ չխախտեն վճիռս: Մտածում եմ՝ գարնանը հեռանալ…» :
Երկրի ընդհանուր ռէակցիայի մթնոլորտից ազդւած էին նաեւ Եփրեմի մի շարք կուսակիցներ, որոնք եւս դժգոհելով անիշխանական վիճակից, աւելորդ էին համարում այլեւս կուսակցութեան ուղղակի մասնակցութիւնը կառավարական գործերին, որոնք համարւում էին հեռու՝ սահմանադրական նպատակներից: Նրանք յատկապէս Եփրեմին յորդորում էին հրաժարւել ոստիկանապետութիւնից՝ դա բնութագրելով որպէս կուսակցութեան սկզբունքներին անյարիր երեւոյթ: Դժգոհ ընկերները պահանջում էին նաեւ, որ Եփրեմը հրաժարւի կառավարութեան գործերին մասնակցելուց, քանի որ Պարսկաստանը անգլեւռուս խնամակալութեան տակ գտնւելով եւ մանաւանդ ռուսական պահանջները ընդունելուց յետոյ, կորցրել էր իր անկախութիւնը, իսկ ձեւաւորւած դահլիճը ռէակցիայի մի դահլիճ էր, որը խեղդել էր բոլոր ազատութիւնները եւ զինւորական դրութիւն սահմանել: Դժգոհները նոյնպէս փաստում էին, որ Եփրեմի մղած կռիւները՝ յանուն Սահմանադրութեան եւ բոլոր հակայեղափոխական «Դոլէների» դէմ, այլեւս իմաստ ու արժէք չունեն եւ միայն Դաշնակցութեանն են վարկաբեկում: Յատկանշելի է, որ Եփրեմի ոստիկանապետութեան հանգամանքից եւս խիստ դժգոհ էին պետայրերը, չէ որ նոյն Եփրեմն է կարգադրել որոշ շրջանների (զորօրինակ, Լահրուդ գիւղաքաղաքը) ազգաբնակչութեան հարկատւութիւնից զերծ պահելը, այն շրջանները, որոնք հէնց ռուս զինւորների յարձակմանը ենթարկւելով՝ կողոպտւել ու ծանր աղքատութեան էին մատնւել : Իսկ իզուր չէր պետնախարար Իզվոլսկիի՝ «Ռոյտեր»-ի հետ զրոյցի ժամանակ արած այն յայտարարութիւնը, ըստ որի «Կովկասցի յեղափոխականին նշանակել են ոստիկանապետ, իսկ մենք երբեւէ չենք քաջալրելու այդ քայլը…»:

Ռուսաստանի արտգործնախարարի կողմից Եփրեմի նշանակումը համարւում էր հետեւանք Իրանի խառնիճաղանճ վիճակի, որով էլ արդարացւում էր Ռուսաստանի զօրքի ներկայութիւնը Իրանում :

Բացի այդ կար եւս մի այլ հանգամանք, որն ինքնին արդարացնում է ժամանակին Ռոստոմին եւ մասամբ Եփրեմին հակադրւող մի շարք կուսակից ընկերների մտահոգութիւնը՝ նրա ոստիկանապետ նշանակւելու բերումով: Զորօրինակ Ռուսաստանի լիազօր նախարար Պոկլովսկի–Կոզիլը, իր երկրի իշխանութիւններին յղած զեկոյցում նշել է, որ «Աթաբէկ» զբօսայգու միջադէպը ժողովրդին յուսալքութեան էր մատնել ու նրանց վատատես դարձրել բախտիարա-դեմոկրատական իշխանութիւններից : Կամ ինչպէս անգլիացի Մարլինգն էր զեկուցել՝ այդ միջադէպը նոյնպէս ժողովրդի խիստ դժգոհանքն էր առաջացրել հայ փոքրամասնութեան նկատմամբ, խախտելով նախկին միասնականութիւնը, քանզի Եփրեմ խանը եւ իր զինակիցները առանցքային դեր էին ունեցել Սաթթարին եւ Բաղերին զինաթափ անելու գործում: Ըստ Մարլինգի «Մուսուլմանների մէջ ընդգծւած էր այն դժգոհութիւնը, թէ ինչու ղեկավարման սանձը պէտք է քրիստոնեայ Եփրեմի ձեռքում լինի»:

Հակառակ վերոգրեալ համընդհանուր գնահատականի, «Իրանէ Նօ» ( Նոր Իրան) թերթը որպէս Դեմոկրատ կուսակցութեան պաշտօնաթերթ պաշտպանել է զինաթափման գործընթացը, ընդգծելով. «Ցաւալին այն է, որ մենք Սահմանադրական օրէնքների կիրառման գործում պարտաւորւում ենք նաեւ դէմ-յանդիման գտնւել միեւնոյն Սահմանադրութեան հերոսներին, մինչեւ իսկ նրանց սաստելով: Ընդունելով, որ հերոսների բռնաճնշումը մեծ չարիք է, սակայն, աւելի մեծ եւ վատագոյն չարիքը օրինականութեան դէմ դուրս գալն ու անձնական ամբիցիաներից ազդւած՝ օրէնքին չենթարկւելու հանգամանքն է »:

Եփրեմը եւ իր Թեհրանի ու Թաւրիզի համախոհ կուսակից ընկերները այս բոլորին պատասխանում էին նրանով թէ՝ դիկտատորական-զինւորական դրութիւնը ժամանակաւոր չարիքներ են եւ թէ՝ պէտք է նոր Մեջլիս գումարւի եւ իր, Քեռու եւ միւս մարտիկների կռիւը, այնուամենայնիւ, ազատագրական կռիւ է եւ որ դաշնակցական խմբերի հրաժարումը աւելի ծանր կացութեան կը մատնի երկիրը եւ այնքան թանկագին զոհեր տալուց յետոյ, անկարելի է յետ քաշւել ճամբի կէսից:

«Դժգոհ ընկերների եւ Թեհրանի Կենտրոնական Կոմիտէի թէզը պաշտպանութիւն չգտաւ կուսակցութեան բարձր մարմիններուն մէջ,-գրում է Վարանդեանը,- Երկու բիւրօները կը յորդորէին՝ ընդդիմադիրները համերաշխ ընթանան Եփրեմի հետ: Վէճը՝ Եփրեմեաններու եւ հակաեփրեմեաններու միջեւ տեւեց ամբողջ ամիսներ (ինքը՝ ռազմական հրամանատարը ծանր հոգերով պաշարւած, չէր մասնակցեր ժողովներուն): Ի վերջոյ, Արեւմտեան Բիւրօն հեռագրով հրահանգեց՝ պատասխանատու մարմին մը կազմել ձեռնահաս ընկերներէ եւ հաշտեցնել դժգոհ ընկերները՝ Եփրեմի հետ» :

Յատկանշելի է, որ «Եփրեմեաններու եւ հակաեփրեմեաններու» միջեւ չարչրկւած« …. Խնդրոյ առարկայ հակամարտութիւնը տեղի չի ունեցել այնպէս, ինչպէս Մ. Վարանդեանի ՀՅԴ պատմութեան մէջ է գրւած: Վարանդեանի ՀՅԴ պատմութեան Բ հատորը,-գրում է պատմագէտ Խաժակ Տ. Գրիգորեանը,- ինչպէս յայտնի է, տպագրւել է 1950 թւականին Գահիրէում: Նրա վրայ զգալի են ըստ ժամանակի ոգու եւ քաղաքական ուղղութեան խմբագրական միջամտութեան հետքերը» :

Մէջբերելով Գահիրէում տպագրւած հատորից հետեւեալ հատւածները, ըստ որոնց՝«….Դժգոհ ընկերները, «ձախ» տրամադրւած, կը պահանջէին բարձր ու անաղարտ պահել կուսակցութեան դրօշը, զերծ կոմպրոմիսներէ, իրաւախոհութենէ, եւ կարծես թէ կը մոռնային միջավայրը, որը կը գործէին: Ռուս յեղափոխութեան տակաւին թարմ տպաւորութեան տակ հակամէտ էին «ձախ» «արմատական» գործունէութեան եւ շատեր բերան առած էին ընկերվարական, աշխատաւորական, դասակարգային բառերը»,- Խաժակ Տէր Գրիգորեանը առաջին հերթին փաստում է, որ. «….Վարանդեանը դժւար թէ այսպիսի մտքեր արտայայտէր, վկայ՝ գրական իր ամբողջ ժառանգութիւնը» ապա յաւելում՝«Ինչպէս տեսանք, դժգոհ տարրը,«ձախ»ը, «արմատական»ը մարմինն էր, ոչ թէ անհատ ընկերներ:

Հէնց մարմնի տեսակէտներն էին, որ ընդունելութիւն գտան թէ՛ Պարսկաստանի Ռայոնական, թէ՛ Շահաստանի Շրջանային եւ թէ՛ ՀՅԴ 7-րդ Ընդհ. ժողովներում: Այստեղ «ձախ» կամ «աջ» տերմիններն իմաստ չունեն, որովհետեւ, ինչպէս տեսանք, երկու կողմերն էլ ելնում էին սոցիալիզմի սկզբունքներից»:

Միւս կողմից՝ ՀՅԴ Բիւրոյի հրահանգին զուգահեռ Թեհրանում որոշւեց, որ ՀՅԴ Կենտրոնական Կոմիտէն իր պատգամաւորների միջոցով կուսակցութեան պահանջները ներկայացնի պարսիկ կառավարութեանը: Ըստ այդ պահանջ-վերջնագրի՝ պէտք է վերահաստատել գործնապէս սահմանադրական կարգը, յայտարարել մամուլի, խօսքի, ժողով-հաւաքոյթների ազատութիւն եւ անձի անձեռնմխելիութիւն ու Մեջլիսը վերանորոգել ժողովրդական ազատ ընտրութիւններով: Հակառակ դէպքում՝ Կենտր. Կոմիտէն սպառնում էր դաշնակցական մարտական խմբերին յետ կանչել կռւի դաշտերից:

Միայն կառավարութեան գրաւոր հաւաստիքներն ստանալուց յետոյ էր, որ Կենտր. Կոմիտէն Քեռուն ու միւս ռազմիկներին հրահանգեց միանալ Եփրեմին եւ մէկտեղւած ուժերով դիմադրել արշաւող Սալար օլ Դոլէին:

Այս պայմաններում սահմանադրականները, այդ թւում նաև ֆինանսների կառավարիչ ամերիկացի փորձագէտ Շուստերը , որ Եփրեմին կոչել է «Պարսկաստանի Գարիբալդի», համոզւած էին, որ միայն նա կարող է Սահմանադրութիւնը փրկել վերահաս ահարկու վտանգից:

***

Եզրակացութիւն անելով Պարսկաստանի սահմանադրական շարժման մէջ հայ քաղաքական կուսակցութիւնների դերակատարութեան մասին, պէտք է ընդգծել, որ Պարսկաստանի Սահմանադրական յեղափոխութեանը, ժողովրդավարական կարգ եւ ընկերվարական սկզբունքներ հաղորդած կուսակցութիւնները՝ ՀՅԴ-ն եւ ՍԴՀԿ-ն չէին կարող չմասնակցել, եթէ դա յատկապէս նպաստելու էր իրենց բուն հարցի՝ արեւմտահայութեան ազատագրութեան դատին, որի յաղթանակով տառապող ժողովրդի ուսերից կը ընկներ դարաւոր լուծը, կը վերանար կամայականութիւնը եւ կը տիրէր արդար օրէնքը:

Այդ նկատառումով էր, որ ՍԴԿՀ-ն ու յատկապէս ՀՅ Դաշնակցութիւնը իրենց մասնակցութիւնը բերեցին այդ շարժմանը եւ ազդեցիկ դեր ունեցան կազմակերպչական, մարտական ուժերով ու ղեկավարներով: Միացած Իրանի յեղափոխական տարրերի հետ՝ նրանք յաջողեցին յաղթել բռնապետութեանը եւ հաստատել Սահմանադրական կարգեր, այդ ճանապարհին նւիրաբերելով ու զոհաբերելով ամենաթանկագիններին: Սահմանադրութիւնը հաստատւելով հանդերձ՝ կառավարութեան համաձայնութեամբ չվերացան դրսի (Անգլիա-Ռուսաստան) միջամտութիւնները: Իսկ հիմնականում՝ վերջնիս ուլտիմատումը (1911թ.) եւ ուղղակի միջամտութիւնները քաղաքական ընդհանուր համակարգի փոփոխմանը հանգեցնելով, նսեմացրեց երկրի անկախութիւնն ու դրա արդիւնքում՝ սահմանադրական-առաջադիմական կարգեր հաստատելու շարժումը չարդիւնաւորւեց վերջնական յաղթանակով:

«Սահմանադրական կարգերի յաղթանակը,- գրում է Խ.Տ. Գրիգորեանը,- անկասկած, խոշոր իրադարձութիւն է Պարսկաստանի ժողովուրդների համար: Նաեւ այն մեծ նշանակութիւն ունէր Մերձաւոր Արեւելքի բոլոր ժողովուրդների զարթօնքի գործում: Այն առաջադիմական գաղափարների կրողն էր մի խաւար միջավայրում: Մի պահ առկայծեց եւ մարեց: Այս իրադարձութիւնը լաւ է բնութագրւած ՀՅ Դաշնակցութեան Թեհրանի Կ.Կոմիտէի 1913 թ. օգոստոսի 7 թւակիր շրջաբերականում, որտեղ մասնաւորապէս ասւած է.- « Արեւելեան բռնակալ եւ դեսպոտ ինքնակալութիւնից յանկարծակի յեղաշրջմամբ, նա անցաւ ամենավերջին սիստեմի Սահմանադրութեան եւ բացարձակ ժողովրդապետութեան, որ յաճախադէպ ցնցումներից, սայթաքումներից եւ կարճատեւ հոգեվարքի ապրումներից յետոյ, եկաւ կանգ առաւ մի կէտի, ուր երկիրն արդէն կատարելապէս կորցրած իր անկախութիւնը, գլորւեց երկու հզօր հարեւանների մի դարուց աւելի իր առաջ բացւած գիրկը»» :

ՀՅԴ կուսակցութիւնը տեսնելով Սահմանադրութեան ձախողումը, նկատելով, որ Իրանը Անգլիայի եւ Ռուսաստանի խնամակալութեան տակ է եւ մանաւանդ ռուսական պահանջներն ընդունելուց յետոյ՝ երկիրը կորցրել է իր անկախութիւնը եւ միւս կողմից էլ խեղդւել էին բոլոր ազատութիւնները, անիմաստ էր տեսնում այլեւս մասնակցելու այն շարժմանը, որն արդէն վերահսկւում էր այլասերւած ղեկավարութեամբ, որի հետ այնուամենայնիւ համընթաց չէին կարող լինել ՀՅԴ-ի մարտական ու ռազմական փաղանգի ներկայացուցիչներն իսկ, յանձինս Եփրեմների, նոյնիսկ եթէ չնահատակւէին նրանք:

Ահաւասիկ, այդ պահերին էր, որ ՀՅ Դաշնակցութեան Շահստանի, որ միեւնոյն է Թեհրանի, Կ.Կոմիտէն 1912 թւականի մարտի 22-ին հրապարակում է մի յայտարարութիւն՝ ուղղւած պարսկական բանակի հայ զինւորներին: Այդ յայտարարութեան մէջ նախ պարզաբանւում է իրերի դրութիւնը, բնութագրւում է ստեղծւած նոր կացութիւնը, մատնանշւում են յանցաւորները եւ վեր հանելով դերակատարների տխուր խաղերը, յորդորում է հայ զինւորներին, որ հրաժարւեն հայ զինւորի համար աննպատակ կռվից: «Ոչ մէկ զինւոր այս կռվին, եւ ոչ մէկ գնդակ,-ասւած է Կ.Կոմիտէի յայտարարութեան մէջ,-այս պէտք է լինի մեր նշանաբանը» :

Միւս կողմից, Ատրպատականի Կ.Կոմիտէն էլ եկել էր Շահստանի Կ.Կոմիտէի տեսակէտին եւ ընդունել էր նրա կարծիքը: Բայց Եփրեմի նահատակութիւնը առժամապէս յետաձգեց խզման գործնականացումը: Երկուստեք քաշքշուկները շարունակւեցին մինչեւ 1912 թ. սեպտեմբեր ամիսը, երբ Շահստանի Կ.Կ.-ի հրաւէրով գումարւեց ՀՅ Դաշնակցութեան Պարսկաստանի Ռայոնական ժողովը, որին մասնակցում էին Վրէժի եւ Շահստանի Կ.Կ.-երի ներկայացուցիչները եւ Շահստանին ենթակայ շրջանների (Թեհրանի, Էնզելիի, Ռաշտի, Ն. Ջուղայի) պատգամաւորները:

Սեպտեմբերի 9-ից մինչեւ դեկտեմբերի 6-ը ընկած եռամսեայ ժամանակա-հատւածում ժողովը լայն քննարկումների օրակարգ էր դարձրել՝ ներկա իրավիճակի գնահատումը եւ կազմակերպութեան վերաբերմունքը դէպի ներկայ պարսիկ կառավարութիւնը, կազմակերպութեան դիրքը դէպի բանակում եղած դաշնակցականները, կազմակերպութեան դիրքը դէպի կառավարական, վարչական պաշտօն ունեցող դաշնակցականները, կազմակերպութեան բռնելիք դիրքը եւ ապագայ գործունէութիւնը Պարսկաստանում…:

Ի վերջոյ Ռայոնական ժողովը հաստատում է, որ Իրանի անկախութիւնը փաստօրէն ի չիք է դարձել եւ որ կառավարութիւնը կորցրել է ինքնուրոյնութիւնը, ռէակցիան տեղ է գտել նրա շարքերում եւ նա դիմում է դէպի բռնապետութեան վերականգնումը, հակառակում է Խորհրդարանի գումարմանը, հալածում է կուսակցութիւններին եւ «Մեր մասնակցութիւնը կառավարութեան մղած կռիւներին, որը նախկին ազատական կռւի բնոյթը միանգամայն կորցրած, ստանում է ցեղային-թայֆայական, իշխանատիրական եւ նոյնիսկ ռէակսիոն բնաւորութիւն ուղղւած իրենց իշխանութեան հակառակորդների եւ մինչեւ իսկ օպոզիսիոն ու ազատական տարրերի դէմ,-դառնում է միանգամայն անհնարին եւ հակառակ մեր իդէալներին» :

Պարզ է այսպիսի եզրակացութեան արդիւնքը մի յեղափոխական կուսակցութեան համար: Այն պիտի լինէր արմատական: Ուստի ժողովը որոշում է.«Խզել իր յարաբերութիւնը եւ դադարեցնել իր զինւորական եւ բարոյական ամէն տեսակի աջակցութիւնը ներկայ ռէակսիոն կառավարութեան, իրեն վերապահելով ապագայ անելիքները եւ ջանքերը, ուժ տալով եւ աջակցելով երկրի ազատական-սահմանադրական տարրերին եւ այդպիսով զարկ տալու, վերականգնելու երկրի Սահմանադրական կարգերը, միեւնոյն ժամանակ գործադրելով միջոցներ, որոնք վայել են մի յեղափոխական-Սոցիալիստական կուսակցութեան, ինչպիսին է մեր կազմակերպութիւնը» :

Այս որոշումն ,- ընդգծում է Խ.Տ.Գ.-ն,- ունէր ռազմավարական նշանակութիւն, իսկ միւս բոլոր որոշումները մարտավարական լինելով, բխում էին նրանից :

Հետագայում՝ 1913 թ.-ի օգոստոսին գումարւեց ՀՅԴ 7-րդ Ընդհ. ժողովը, որտեղ մի շարք հարցերի թւում քննւեց Պարսկաստանի Սահմանադրական շարժման մասնակցութեան հարցը եւ որոշւեց.

«1. Վաւերացնել Թեհրանի եւ Ատրպատականի կեդր. կոմիտէներու բոլոր այն տնօրինութիւնները, որոնք կը վերաբերին դաշնակցական զօրախմբերու ցրումին Պարսկաստանի մէջ:

«2. Ի զօրու պահել Զ Ընդհանուր ժողովին ( 1911թ., օգոստ.-սեպտ., Պոլիս) Պարսկաստանին վերաբերող որոշման 3 –րդ կէտը, որ էր « Շարունակել սերտ յարաբերութիւն պահպանել ռամկավար տարրերու հետ, գործակցելով անոնց այն բոլոր պարագաներու մէջ, երբ անհրաժեշտութիւն կը ներկայանայ պաշտպանել եւ ամրապնդել Սահմանադրական կարգերը…»:

«…. ՀՅ Դաշնակցութեան ճշմարիտ եւ իրական կեցւածքը այս իրադարձութեան մէջ մնացել է գրւանի տակ եւ ժողովրդականութիւն է ստացել այն վարկածը, ըստ որում՝ Դաշնակցութեան յանձնառութիւնը պարսկական սահմանադրական շարժման նկատմամբ իբրթէ յաւիտենական է: Նաեւ այս կարծիքն է գոյացել, որ զինւորական համագործակցութիւնը ՀՅ Դաշնակցութեան եւ պարսիկ Սահմանադրականների միջեւ վերջ է գտել տարերայնօրէն, Եփրեմի եղերական մահւան իբրեւ հետեւանք»:

Շարունակելով իր միտքը, Խ.Տէր Գրիգորեանը օրինակ է բերում պարսիկ ժամանակակից պատմաբան Էբրահիմ-է Սաֆայիի «Սահմանադրութեան առաջնորդները» գրքից, որտեղ նա հանգամանօրէն պատմելով Եփրեմի կեանքի մասին, գրում է, որ Եփրեմի սպանութիւնից յետոյ, երբ հայ ֆիդայիները Սալար-էդ-Դովլէի դէմ մղած կռւից վերադարձան.«Դաշնակցութիւնը խորտակւեց եւ Եփրեմի ուղեկիցներից շատերը աստիճանաբար Իրանը թողեցին»:

Չկիսելով պարսիկ պատմաբանի տեսակէտը, Խ.Տ.Գ.-ն շեշտադրում եւ եզրակացնում է, որ. «Դաշնակցութեան եւ՛ մասնակցութիւնը Իրանի Սահմանադրական շարժման, եւ՛ խզումը նրանից, պատահական եւ տարերային բնոյթ չունէին, երկու պարագային էլ ՀՅ Դաշնակցութեան կամքը արտայայտւած ենք գտնում մարմինների եւ ժողովների որոշումներում, եւ պայմանաւորւած չեն անհատներով: Նրանք բխում էին ծրագրային անհրաժեշտութիւնից եւ ունէին գաղափարական հիմնաւորում»:

«Դրօշակ», թիւ 1 (1647), հունուար, 2021 թ. 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )