Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Ինչ Էլ Գրեմ` Ստացւում Է Հայեցի…» (Առնօ Բաբաջանեանի Ծննդեան 100-Ամեակը)

Փետրուար 5, 2021
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

Սոյն յօդուածի անուանման նախադասութիւնը պատկանում է հայ երաժշտութեան  երկրորդ հանճար (Արամ Խաչատրեանից յետոյ) Առնօ Բաբաջանեանին, որի երաժշտական մտածողութիւնը, ազգային երաժշտութեան ակունքներում բնատուր տաղանդը երաժշտական տարբեր ժանրերում դրսեւորելու մոլեռանդ ձգտումը ժառանգեց իր երկու ուսուցիչներից` Արամ Խաչատրեանից եւ ռուս յօրինող Սերգէյ Ռախմանինովից:

Այս օրերին փառահեղ պայմաններում պիտի նշուէր Բաբաջանեանի ծննդեան 100-ամեակը, սակայն վիրուս-միրուսի, ժահր-մահրի պատճառով ստիպուած եղանք բաւարարուել մանր-մունր հաղորդագրութիւններով եւ Երեւանի Կարապի լճի մօտ տեղադրուած յօրինողի պրոնզաձոյլ արձանի առջեւ ծաղկեփնջեր դնելով:

Հարց է ծագում. իսկ ինչո՞ւ երաժշտի գերեզմանի վրայ չանել այդ արարողութիւնը: Հարցրէք իւրաքանչիւր երեւանցի երաժշտասէրի, թէ որտե՞ղ է թաղուած հանճարեղ յօրինողը: Վստահ եմ, հիմնականում պատասխանը կը լինի` «Էլ ո՞ւր, Կոմիտասի այգում, Երեւանի պանթէոնում»:

– Այո՜, այդպէս պիտի լինէր,- սակայն, ցաւօք, այդպէս չէ:

Հինգ տարի առաջ Դիմատետրի բազմաթիւ նիւթերի մէջ առաջինը, որ գրաւեց ուշադրութիւնս, հետեւեալն էր.

Ինձ բոլորովին անծանօթ մի հեղինակ` Քոչար Ոսկանեան անունով (հաւանաբար յօրինուած անուն-մականուն), ռուսերէն լեզուով երկարաշունչ մի յօդուած էր գրել տաղանդաւոր դաշնակահար եւ համաշխարհային ճանաչման արժանացած երաժշտահան Առնօ Բաբաջանեանի մասին` կապուած նշանաւոր հայորդու ծննդեան 95-ամեակի հետ:

Յօդուածի բովանդակութիւնից դժուար չէր ենթադրել, որ հեղինակը Առնօ Բաբաջանեանի ընտանիքին մօտ կանգնած անձնաւորութիւններից մէկն է, որովհետեւ նա երգահանի ծննդեան թուականի հետ կապուած մի այնպիսի յայտարարութիւն է անում, որը չկայ եւ կամ ես չեմ հանդիպել երաժշտահանին նուիրուած որեւէ աշխատութեան մէջ:

Քոչար Ոսկանեանը գրում է, որ Առնօ Բաբաջանեանը ծնուել է 1921 թուականի ոչ թէ յունուարի 22-ին, այլ 21-ին, այսինքն ռուսական յեղափոխութեան առաջնորդ Լենինի մահուան օրը: Անհամ համեմատութիւնից զերծ պահելու համար, խելացի որոշումով, անսալով պատկան մարմնի թելադրանքին, ծնողները համաձայնուել են մհկ օր առաջ տանել երեխայի ծննդեան թուականը եւ հաստատել յունուարի 22-ը:

Յօդուածի հեղինակը բաւական ցայտուն սարկազմով (սարկազմ` կծու, սպաննիչ ծաղր) հարուածի տակ էր դրել Հայաստանի մշակոյթի նախարարութեանը, որ արժանիօրէն չի նշել հէնց միայն երաժշտական գլուխ-գործոց եղող «Հերոսական բալլադ»-ով հայ ժողովրդին հերոսացնող Առնօ Բաբաջանեանի ծննդեան 95-ամեակը, այլ բաւարարուել է մի խումբ անյայտ մարդկանց հետ ծաղկեփունջ դնելով Երեւանի ամենահին, Թոխմախ անունով յայտնի գերեզմանատանը հանգչող երաժշտահանի գերեզմանի վրայ:

Յօդուածագիրը միանգամայն իրաւացիօրէն, սրտի ցաւով է նկարագրում Առնօ Բաբաջանեանի մահուան եւ թաղման մանրամասները: Պարզւում է, որ ինքը` Բաբաջանեանն է կտակ թողել, որպէսզի իրեն հողին յանձնեն Հայաստանում, հակառակ պարագային, եթէ այդ կտակը չլինէր, անկասկած նրան կը թաղէին Մոսկուայում:

Եւ տարօրինակն այն է, որ այդ օրերի (1983 թուական) Հայաստանի իշխանաւորները, ի մասնաւորի կուսակցութեան առաջին քարտուղարը, որ անուն էր հանել որպէս ազնիւ, մաքուր, դասական երաժշտութեան գիտակ, վախենալով մոսկովեան իշխանութիւններից (միանգամայն անտեղի) չհամարձակուեց Առնօ Բաբաջանեանին արժանիօրէն հողին յանձնել Կոմիտասի անուան այգու պանթէոնում` հայ մշակոյթի եւ գրականութեան մեծերի հարեւանութեամբ:

Արդիւնքում` Բաբաջանեանի դին հողին յանձնուեց, ինչպէս վերը նշեցի, Երեւանի ամենահին գերեզմանոցում` Թոխմախգէօլի գերեզմանատանը, հայ բեմի անզուգական վարպետ Աւետ Աւետիսեանի եւ… եւ, որքան էլ արտառոց հնչի, անկախ Հայաստանի առաջին տարիներին անփառունակ վախճանով կեանքին հրաժեշտ տուած Հայաստանի գլխաւոր դատախազ Հենրիկ Խաչատրեանի հարեւանութեամբ:

Նայելով Դիմատետրի մէջ տարիներով անխնամ թողնուած ծուռ¬մռտիկ, տժգոյն, անշուք երեք տապանաքարերի լուսանկարները, սարսափի զգացումով է խառնւում ներաշխարհդ: Վստահաբար գրող-լուսանկարիչը նպատակ է ունեցել հասարակութեան ուշադրութիւնը բեւեռել արտառոց «եղբայրական» գերեզմանի վրայ` միեւնոյն ժամանակ առաջարկելով, միանգամայն իրաւացի, երկու խոշորագոյն արուեստագէտների շիրիմները տեղափոխել Երեւանի Քաղաքային պանթէոն:

Այսօր ուղղակի հրամայական է ստիպել Հայաստանի պատկան մարմիններին, ի մասնաւորի չորս տառանի յապաւումի նախարարութեան մէջ «տեղաւորուող» մշակոյթի բաժնին, որպէսզի նրա աշխատանքի շնորհիւ մեր հանճար Առնօ Բաբաջանեանի շիրիմը իր տեղը գտնի նրա  սերնդակից երաժշտահաններ Ալեքսանդր Յարութիւնեանի, Էդուարդ Միրզոյեանի եւ Կոնստանդին Օրբէլեանի շիրիմների հարեւանութեամբ: Ուստի, խնդրում եմ միանալ իմ կոչին ու հրատարակել այս յօդուածը թէ՛ հայաստանեան մամուլում եւ թէ՛ սփիւռքի ողջ տարածքին: Հայաստանի Երաժշտահանների միութիւնը առաջինն է, որ պիտի միանայ այս անդուլ պայքարին:

Այժմ, թարմացման համար, մի կողմ թողնենք Առնօ Բաբաջանեանի մեծածաւալ դասական գործերի մասին խօսելը ու անցնենք նրա փայլուն, փոքրածաւալ գործիքային գործերին, հայ ու օտար (ի մասնաւորի` ռուս) երաժշտասէրների ամենասիրած բաբաջանեանական երգերին, դաշնամուրային մանրանուագներին ու շարժապատկերի երաժշտութեանը:

Սկզբից ասենք,  որ Առնօ Բաբաջանեանի բոլոր երգերը ներծծուած  են հայկական ժողովրդական երաժշտութեան հնչերանգներով, մի երեւոյթ, որ գալիս է նրա ուսուցիչ Խաչատրեանից: Եթէ Խաչատրեանը ժողովրդական, աշուղական երաժշտութիւնը օգտագործում էր գործիքային երաժշտութեան մէջ, Բաբաջանեանը երգեր յօրինելիս էր օգտւում ժողովրդական երաժշտութիւնից: 30 տարեկան հասակում ստեղծելով «Հերոսական բալլադ» կոթողային ստեղծագործութիւնը, յօրինողը նոյն ժամանակ յօրինեց «Հայկական ռապսոդիա» դաշնամուրային փայլուն, շէնշող մի գործ, որի մէջ յարութիւն առաւ հին երեւանցիների ամենասիրած «Այ բաղմանչի, բաղմանչի…» (Այգեպան,- ՀԵՆ. Ա. ) երգի քնքուշ մեղեդին, որին յաջորդում է փոթորկոտ, հայկական ժողովրդական պարին համապատասխան խառն կշռոյթով պարը:

Բաբաջանեանի յաջորդ դաշնամուրային գործերն են «Էլեգիա»-ն ու «Նոկտիւրն»-ը: Առաջին փիեսում հնարամտօրէն, երկակի մեղեդային ընթացքով փառաւոր տեսք է ստացել Սայաթ Նովայի «Քանի վուր ջան իմ» երգը, որը, ինչպէս ասում են` լսես` հա լսելդ կը գայ… Յիշեցնեմ, որ «Էլեգիա»-ն երաժշտահանը նուիրել է  Արամ Խաչատրեանի յիշատակին:  Բաբաջանեանի «Նոկտիւրն»-ը կոթողային գործ կարելի է համարել: Այն չափազանց տարածուած է նաեւ երգի տեսքով: Այս առնչութեամբ հետաքրքիր է հետեւեալ փաստը:

Բաբաջանեանի կեանքի մայրամուտին, մեծանուն երգիչ Իոսիֆ Քոպզոնը խնդրում է երաժշտահանին երգի վերածել «Նոկտիւրն»-ի սքանչելի մեղեդին` իր երգացանկում ընդգրկելու համար, սակայն Բաբաջանեանը մերժում է եւ ասում. «Իմ մահից յետոյ, խնդրեմ, ինչ որ ուզէք` կարող էք անել»: Երաժշտահանի մահից յետոյ «Նոկտիւրն»-ը վերածւում է երգի եւ դառնում Քոպզոնի երգացանկի ամենատարածուած երգերից մէկը: Այնուհետեւ այն կատարում են այլ երգիչներ, նոյնիսկ` զուգերգի տեսքով:

Անցեալ դարի 70-ականներից սկսած Բաբաջանեանի համար շարժուն ասպարէզ դարձաւ էսդրատային երաժշտութիւնը, եւ նրա այդ ժանրի երգերը դարձան պահանջ` ողջ խորհրդային երկրում: Բոլոր երգիչների համար օրուայ հացի պէս անհրաժեշտութիւն դարձաւ նրա երգերը կատարելը:

Առնօ Բաբաջանեանը համաշխարհային հռչակի արժանացաւ հիմնականում իր էսդրատային, տարածուն երգերով: Այդ ժանրի առումով նրան կարելի է համարել նախկին խորհրդային ողջ տարածքի եւ եւրոպական նախկին դեմոկրատական երկրների երաժշտասէրների ամենասիրուած երգահանը, աւելի՛ն` այդ ժանրի ԱՍՏՈՒԱԾԸ:

Բաբաջանեանը մեծապէս նպաստել է հայկական էսդրատային երգի զարգացմանն ու առաջընթացին: Նրա մահից գրեթէ 40 տարի անց, այսօր էլ բազմաթիւ հայ եւ օտար (հիմնականում` ռուս) հանրայայտ աստղեր են կատարում Բաբաջանեանի հրապուրիչ, շոյիչ, երբեմն էլ առնական, պարային կշռոյթներով հարուստ երգերը:

Բաբաջանեանը Հայաստանի եւ Ռուսաստանի ամենասիրուած ու հեղինակաւոր երգաստեղծն է (նոր բառ է, ուշադի՛ր,- ՀԵՆ. Ա.):

Յիշենք նրա «Երեւան», «Առաջին սիրոյ երգը» եւ «Երեւանի սիրուն աղջիկ» երգերը: Ըստ որում, մինչեւ օրս էլ շատերին թւում է, թէ վերջինը ժողովրդական երգ է: Նոյնն է պարագան «Հարսնացուն հիւսիսից» ժապաւէնի աւարտին հնչող ռուսական ժողովրդական երգի վերաբերեալ: Սրտմաշ, հոգեթով, գողտրիկ, փայլուն կատարմամբ ռուսական

ժողովրդականացած այդ երգը Բաբաջանեանի գլուխ-գործոցներից մէկն է:

Յիշենք նաեւ Բաբաջանեանի ամենատարածուն երգերից մի քանիսը.

«Գեղեցկութեան թագուհի», «Ժպտա՛», «Մի՛ շտապիր», «Շնորհակալ եմ քեզ», «Եղիր ինձ հետ», «Կանչիր ինձ», «Հարսանիք» եւ այլն:

Առնօ Բաբաջանեանը երաժշտութիւն է գրել բազմաթիւ հայկական ժապաւէնների համար, որոնցից երկուսը` «Հարսնացուն հիւսիսից» եւ «Երջանկութեան մեխանիկա» ժապաւէնների երաժշտութիւնը Բաբաջանեանը յօրինել է իր կեանքի վերջալոյսին` տուրք տալով մտերիմ բարեկամ, տաղանդաւոր բեմադրիչ Ներսէս Յովհաննիսեանի խնդրանքին: Այս երկու ժապաւէններն էլ մեծ ժողովրդականութիւն են վայելում հայաշխարհում եւ յաճախ են ցուցադրւում հայկական եւ ռուսական հեռուստատեսութեամբ:

Առնօ Բաբաջանեանի միակ երգչախմբային գործը «Ազգ փառապանծ» խմբերգն է, որը վերածուել է մի տեսակ հիմներգի (նոր բառ է, ուշադի՛ր,- ՀԵՆ. Ա.): Այս խմբերգի առաջին մասում կենդանութիւն է առել սրտմաշուկ Գիքորին կենդանացնող «Տիգրանիկս չուխայ չունի, հանդ է գնում ոտաբաց» հոգեթով երգի մեղեդին:

Հիմնականում բնակուելով Մոսկուայում, երաժշտահանը մտքով, հոգով, ամբողջ էութեամբ շնչում էր Հայաստանով, ապրում նրա առօրեայով: Որպէս մարդ` հաղորդական էր, անմիջական, ընկեր էր  բոլորի հետ: Բնութիւնից ունենալով խոշոր քիթ` երբեք քիթը բարձր չէր պահում ոչ մէկի առջեւ:

Լաւ է ասել Առնօ Բաբաջանեանը. «Երաժշտութիւնը պէտք է յուզի քեզ, ցնցի, մտնի սիրտդ եւ ոչ թէ զարմացնի»:

Այս յօդուածն աւարտելու պահին յայտնի դարձաւ, որ Ռուսաստանի իշխանութիւնները որոշել են Առնօ Բաբաջանեանի ծննդեան 100-ամեակի կապակցութեամբ, 2021 թուականը դարձնել Բաբաջանեանական տարի: Առաջին ձեռնարկը տեղի է ունեցել յունուարի 22-ին, որի ծրագրում հնչել են երաժշտահանի բացառապէս նուագախմբային գործերը: Ամբողջ տարուայ ընթացքին Ռուսաստանի բոլոր խոշոր քաղաքներում  լաւագոյնս կ՛արժեւորուի մեր հայրենակից, ՄԵԾ ՀԱՅ Առնօ Բաբաջանեանի հիասքանչ երաժշտութիւնը:

 

 

Նախորդը

Յայտարարութիւններ (4 Փետրուար 2021)

Յաջորդը

Ընտանիքի, Ընկերների, Հայրենիքի Նուիրեալը. Արայիկ Բաբաջանեանը` Առնօ Բաբաջանեանի Մասին

RelatedPosts

Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդային Տան Երդիքին Տակ

Յուլիս 12, 2025
Բացարձակապէս Մերժելի Է Փաշինեանի Կողմէ Արցախի Յանձնումը Ազրպէյճանին
Անդրադարձ

Փաշինեան Հատեց Բոլոր Կարմիր Գիծերը. Անոր Օրերը Հաշուըւած Են

Յուլիս 12, 2025
Անդրադարձ.  Հայաստանի Հանրապետութեան Հիմնադիր Արամ Մանուկեանի Կիսաքանդ Բնակարանի Ճակատագիրը Ո՞վ Կ՛որոշէ
Անդրադարձ

Ինչո՞ւ Այս Երկրին Յաջորդ Յեղափոխութիւնը Կրնայ Վանքէ Մը Սկսիլ

Յուլիս 12, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?