ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Այս օրերին երկրում առկայ է առաջին հայեացքից ծանօթ, իսկ իրականում` տարօրինակ պատկեր. ժողովրդի մի մասը յամառ պայքար է մղում հայրենիք եւ պետականութիւն ունենալու համար, երկրորդ մասը, ընդհանուր առմամբ համաձայն լինելով առաջինների հետ, բայց եւ այնպէս յետոյքը չի կտրում փափուկ բազկաթոռներից ու բազմոցներից` գերադասելով իրադարձութիւններին հետեւել համակարգիչների ու հեռուստացոյցների պաստառներից, այլ կերպ` առաջնորդուելով ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանելու յայտնի սկզբունքով, երրորդ մասն էլ (թէպէտեւ` ոչ մեծաթիւ) շարունակում է խնկարկել իր կուռքին` Նիկոլին, այդպիսի վարքագիծը հիմնաւորելով «նախկինների» հնարաւոր վերադարձի վտանգով: Արդիւնքում ունենք կռիլովեան` կարապի, գայլաձկան եւ խեցգետնի ծանօթ պատկերը:
Նեարդերի այս պայքարում ո՞ր կողմն աւելի յամառ ու տոկուն կը գտնուի: Իսկապէս ամօթալի, աւելի՛ն` նողկալի պատկեր, որովհետեւ ստացւում է, որ առաջինները` գործնականում պայքարողները, պատրաստ են վտանգելու իրենց եւ իրենց ընտանիքները, որպէսզի հայրենազուրկ չդառնան նաեւ գիտակցաբար կամ անգիտութեամբ նիկոլիզմի սայլին լծուածները: Այնինչ, ամէն ինչ շատ յստակ է, ի հարկէ` գիտակցողների համար. կա՛մ փրկւում են բոլորը միասին, կա՛մ չի փրկւում ոչ ոք, որովհետեւ եթէ Հայրենիքի փրկութեան շարժման պայքարը չի պսակւում յաղթանակով (իսկ ես այդ մասին նոյնիսկ չեմ էլ ուզում մտածել), ապա հակառակը պետականութեան կորուստն է:
Պետականութեան կորստի գործընթացն արդէն սկսուած է, ժամանակի թափանիւն ի վնաս մեզ արագութիւն է հաւաքում, անկախ այն բանից, թէ ժողովրդի ո՛ր մասն է դա գիտակցում: Ասուածի դրսեւորումներն են ամէն օր մեր հայրենիքի նորանոր հատուածների յանձնումը թշնամուն առայժմ` Սիւնիքում, յետոյ կը լինեն նաեւ միւս մարզերում: Թշնամի երկրի իշխանութիւնները շտապում են նպաստաւոր պահը բաց չթողնել մեզանից առաւելագոյնը պոկելու համար, իսկ մեր իշխանութիւն կոչուածները անամօթաբար զբաղուած են, ի հաշիւ ներքին օրակարգի, թշնամու գործելակերպի համար արդարացումներ գտնելու եւ պատասխանատուութիւնն իրենցից հեռացնելու գործով: Որպէս հետեւանք այս պարտուած պատերազմի` մենք ոչ միայն կորցրել ենք հազարաւոր հայորդիների, մեր հայրենիքի զգալի մասը, այլեւ, որ ոչ պակաս կարեւոր է, կորցրել ենք վստահութիւնը սեփական ուժերի նկատմամբ, կորցրել ենք հաւատը, որ ինքնուրոյն կարող ենք ինչ-որ բան անել եւ առհասարակ պետութիւն լինել:
Իմ նպատակից դուրս է ներկայ իրավիճակի հերթական վերլուծութիւնն անելը, որովհետեւ այլեւս դա անիմաստ զբաղմունք եմ համարում: Այդ առումով, աւելի քան բաւարար չափով ասուել ու գրուել է: Ով ի վիճակի էր հասկանալու, հասկացել է, իսկ ով չի հասկացել, նրա վրայ այլեւս ժամանակ ծախսելն անիմաստ է: Այստեղ պիտի փորձեմ անդրադառնալ առաջին հայեացքից մէկը միւսից անկախ թուացող, իսկ իրականում ներքին խորքային կապի մէջ գտնուող որոշ երեւոյթների:
1) Երբեմն հասարակութեան տարբեր հատուածներից լսելի են դառնում մօտաւորապէս «ինչ եղել` եղել է, պրծանք» տիպի արտայայտութիւններ: Դրանց հեղինակներն ու թութակողները նիկոլիզմի բնական դաշնակիցներեն են: Այդպիսիք կա՛մ առ այսօր չունեն այն գիտակցումը, որ Արցախը Հայաստանի մի մասն է, անկախ նրա այժմեան կարգավիճակից (վերջինը ազգային-քաղաքական մարտավարութեան հարց է), կա՛մ էլ նրանց համար միեւնոյնն է Հայաստանի տարածքի ցանկացած կորուստ, միայն թէ իրենք դժուարութիւններ չկրեն: Նմանները պարզապէս չեն գիտակցում, որ մեր թշնամու ախորժակը շատ աւելի մեծ է, քան իրենց թւում է: Գործնականում թշնամին չի էլ թաքցնում իր մտադրութիւնները: Ով այսօր չի ուզում պայքարել Արցախի, արդէն` նաեւ Սիւնիքի համար, վաղը ստիպուած կը լինի պայքարել Արարատեան դաշտավայրի, Կոտայքի կամ մէկ այլ մարզի իր գիւղի համար: 1918-ին մեր կենաց-մահու կռիւը տուեցինք Սարդարապատում, Բաշ Ապարանում եւ Ղարաքիլիսայում, որովհետեւ չուզեցինք այդ կռիւը տալ Էրզրումում, չուզեցինք այդ կռիւը տալ Կարսի պարիսպների տակ: Ճիշդ է` այդ ճանապարհին ունեցանք խիզախումի եւ հերոսութեան բազում դրուագներ, բայց դրանք միայն դրուագներ էին, որոնք մեծ հաշուով իրավիճակ չէին փոխում: Դաժան է, բայց` փաստ. կարող էին չլինել նոյնիսկ նշածս հերոսամարտերը, կամ լինելու դէպքում` դրանք չպսակուէին յաղթական ելքով, եթէ վրացիները 1918-ի մայիսին չփակէին հայ-վրացական սահմանը: Սրանով ես բոլորովին չեմ ուզում նսեմացնել հայի մարտական կորովը, թերագնահատել քաջութեան աննախընթաց դրսեւորումները, որոնք նա ցոյց է տուել գրեթէ բոլոր մեծ ու փոքր պատերազմներում: Այդուհանդերձ, մէկ բան փաստ է. մենք ոչ բոլոր շրջադարձային պահերին ենք ճիշդ գնահատել իրավիճակը եւ ըստ այդմ գործելու կամք դրսեւորել, որի պատճառով էլ մեր հայրենիքի սահմանները շակրենի կաշու պէս անվերջ կրճատւում են: Այսօր այդ պահերից մէկն է:
Ի հարկէ գաղտնիք չէ, որ անկախ պետականութիւնը ժողովրդի մի որոշ մասի համար արժէք չէ, նրանք պատրաստ են ցանկացած պահի լքել հայրենիքը եւ դրա համար միշտ ունեն հիմնաւորում: Այդպիսիները իրականում հոգով անհայրենիքներն են: Ինձ համար եւ ինձ նման մտածողների համար, սակայն, հայրենիքը լքելու միայն մէկ արդարացում կարող է լինել. եթէ վտանգուած է քո եւ քո ընտանիքի ֆիզիքական անվտանգութիւնը: Դա էլ` վերապահումով, եթէ սպառուած են պայքարելու բոլոր հնարաւորութիւնները, կամ պայքարը շարունակելը կարող է յանգեցնել աւելի մեծ աղէտի: Այսինքն` այնպիսի պայմաններ, որպիսիք Հայաստանում առաջացան 1920 թ. դեկտեմբերից յետոյ, երբ մեկնարկեցին պոլշեւիկեան զանգուածային ձերբակալութիւններն ու սպանութիւնները: Անհայրենիք տեսակը ամենավտանգաւորն է, աւելի վտանգաւոր, քան` գաղափարական հակառակորդդ ու թշնամիդ, որովհետեւ նա, առերեւոյթ քեզ հետ լինելով, ցանկացած պահի կարող է լքել մարտադաշտը` թիկունքդ թողնելով դատարկ:
2) Իրաւապահ մարմինները կարծես սկսել են աւելի շատ ջանքեր գործադրել, քան դա պահանջում է իրենց մասնագիտական պարտքը: Եթէ մենք գտնուէինք իշխանութեան համար պայքարի ստանդարտ իրավիճակում, նրանց վարքագիծը միանգամայն հասկանալի կը լինէր: Կարծում եմ` նրանցից շատերը գիտակցում են, առնուազն պարտաւոր են գիտակցել, որ ներկայ դրութիւնը սովորականներից չէ: Աւելի՛ն, բացառիկ է: Հետեւաբար իրենց քայլերը նոյնպէս պիտի համարժէք լինեն իրավիճակին: Այդ մասին գրեթէ ամէն օր ազդարարում են նրանց նախկին եւ ներկայ գործընկերներից շատերը, որոնք գիտակցում են, որ չի կարելի խաղալիք դառնալ անմեղսունակների իշխանութեան ձեռքում: Այդպիսի վարքագիծը պարզապէս անպատուաբեր է: Պաշտպանել հայրենիքի կորստի պատճառ դարձած իշխանութեանը` նշանակում է մեղսակցել հայրենադաւութեան շարունակուող գործընթացին:
3) Մօտ երկու շաբաթ առաջ ես յորդորով դիմեցի ԱԺ «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւորներին` թերեւս չհիմնաւորուած լաւատեսութեամբ կարծելով, որ նրանց շարքերում, այնուամենայնիւ, կը գտնուեն բարձր արժէքներով առաջնորդուող մարդիկ (տե՛ս «Yerkir.am», 11. 12. 2020 թ.): Սակայն ցաւով պիտի նշեմ, որ իմքայլականների շրջահայեացութեան մասին պատկերացումներս չափազանցուած էին: Նրանց համար գերադասելի են մնում նուէր ստացած մանտաթը, պարգեւավճարները եւ «թիմի» պատրանքը: Ըստ էութեան, այդ խմբակցութեան ութսունից աւելի պատգամաւորներից անհրաժեշտ հասունութիւն, մեծ բանաստեղծի խօսքերով` «իրենից աւելի հասուն լինելու» ունակութիւն դրսեւորեցին մի քանիսը միայն, այն էլ` նոյեմբերի 10-ին յաջորդող առաջին օրերին: Մի հանգամանք, որը նրանց պատիւ է բերում: Միւսներին հաւանաբար թւում է, թէ իրենց կը յաջողուի հաճելին զուգակցել ցանկալիի հետ եւ խուսափել ապագայ պատասխանատուութիւնից: Վստահեցնում եմ` միանշանակ չի յաջողուելու: Ձեզ առաջնային մանտաթ է տրուել (այլեւս էական չէ, թէ ինչու եւ ինչպէս), հետեւաբար դուք նոյնչափ պատասխանատուութիւն էք կրում մեր պետականութեան եւ ժողովրդի ճակատագրի համար, որքան` ձեր «ընտրեալը», որին նիկոլ են ասում («Նիկոլ» անունն իմ գիտակցութեան մէջ զուգակցւում է մեր ժողովրդի երկու մեծ զաւակների` Նիկոլ Դումանի եւ Նիկոլ Աղբալեանի անունների հետ, որոնք հայրենիքին ու հայ ժողովրդին անձնուրաց նուիրումի խորհրդանիշներ են եղել, ուստի մեծ ցաւ եմ ապրում, որ այդ անունն այս օրերին պիտի հնչի նաեւ որպէս հայրենադաւութեան խորհրդանիշ): Որ ձեր «նիկոլը» ապիկարների իր «շքախմբով» պիտի հեռանայ, ինձ համար կասկածից վեր է, քանզի հայ ժողովուրդը նիկոլի ու նիկոլիզմի հետ ապագայ չունի, որքան էլ հակառակի մասին ոռնան որոշ բաբաջանօղլիներ: Իւրաքանչիւրի իրաւունքն է ընտրել, թէ որտեղ եւ ում կողքին է տեսնում իրեն` նիկոլիզմի՞, որն այլեւս հայրենադաւութեան խորհրդանիշ է, թէ՞ Հայրենիքի փրկութեան շարժման, որի ուսերին բնականօրէն ծանրացել է պետականութիւնը փրկելու առաքելութիւնը, որովհետեւ այդ շարժումը գլխաւորում են մեր երկրորդ անկախ պետականութեան կերտման ակունքներից եկող եւ նրա կայացման գործում մեծ ներդրում ունեցող ազգային գործիչները եւ ուժերը: Իսկ նիկոլիզմի եւ Հայրենիքի փրկութեան շարժման միջեւ այլեւս անխուսափելի սահմանաբաժանն է:
24/12/2020 թ.