ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Դիմատետրի իր էջին մէջ հրապարակեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի նախագահ Սիմոն Սիմոնեանի ուղերձը` Արցախէն, զոր կը ներկայացնենք ստորեւ.
«Խօսում եմ Արցախից:
Նախ ցաւակցում եմ բոլոր զոհուածների հարազատներին, ընտանիքներին: Ես սովոր չեմ «լայվ» մտնելու եւ այսպիսի պատգամ փոխանցելու: Չունեմ նաեւ այդ հնարաւորութիւնը` պարտաւորուած ձայնագրել եմ եւ յետոյ գցել: 45 օր է, որ ՀՅԴ կազմաւորուած գումարտակը տարբեր վաշտերով ներկայ է առաջնագծում: Ունենք 27 զոհ եւ շուրջ 40 վիրաւոր, ունենք վիրաւորներ, որ վիրաւորուել են, բայց տուն չեն գնացել եւ հիմա էլ դիրքերում են: Տեղեկացայ, որ Գերագոյն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանին հրաւիրել են ԱԱԾ, յետոյ ինչ կը լինի` չգիտեմ: Ես` որպէս Գերագոյն մարմինի նախագահ, ստորագրում եմ նրա բոլոր ասածները, բոլոր յայտարարութիւնները: Եւ այսպէս, պարո՛ն Փաշինեան, ո՞ւր ենք հասնելու, ի՞նչ էք ճարելու, ի՞նչ էք գտնելու:
Այսօր մենք պարտաւորուած համալրեցինք Շահումեանի կամ Քարվաճառի շրջանի կամաւորների դիրքերը, դժուարութեամբ արեցինք, բայց արեցինք, քանի որ մարդիկ պէտք էր վերադառնային իրենց շրջան, տեղափոխէին իրենց հարազատների գերեզմանը եւ գերեզմանաքարերը, որ թուրքերը չպղծէին եւ վառէին ու այրէին իրենց տները: Ինչո՞ւ յանձնեցիք Քարվաճառը, ի՞նչն էր պատճառը: Վաղը մեկնում ենք մեր զոհուած ընկերոջ` Պետոյի յուշաքարը տեղափոխենք: Բայց Դադիվանքն ի՞նչ անենք, պարո՛ն Փաշինեան, ինչպէ՞ս տեղափոխենք կամ այրենք: Ինչքան շուտ հրաժարուէք, ինչքան շուտ ենթարկուէք, դեռ ժամանակ ունենք, թէպէտ կարճ, բայց ժամանակ ունենք իրավիճակը փոխելու: Հայրենիքի փրկութեան կոմիտէն կարող է իրավիճակը փոխել: Խնդրում ենք հրաժարուէք, պահանջում եմ հրաժարուէք, յետոյ շատ ուշ կը լինի: Խօսում եմ Արցախից»: