Այսօր հայ ժողովուրդը, համայն հայութիւնը ունի մէկ գլխաւոր նպատակ` փրկել Արցախը, Ազատութեան հրապարակին վրայ տեղի ունեցած հանրահաւաքի ընթացքին նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեան:
«Արցախը փրկելու համար մենք պէտք է սկսենք ազգային ազատագրական պայքար: Մենք այս պահին ձեւաւորում ենք հայրենիքի փրկութեան կոմիտէ: Ողջ հայ ժողովրդին եւ համայն հայութեանը կոչ ենք անում ոտքի կանգնել եւ փրկել Արցախը: Արցախը փրկելու համար կայ մէկ գլխաւոր խոչընդոտ` դրա անունը Նիկոլ է: Պէտք է անյապաղ ազատուել Նիկոլից, ազգի չարիքից:
«Թուրքի առաջ կզած Հայաստանի ղեկավարը պէտք է հեռանայ: Այս կինն իր տունն է ուզում Հատրութում, էն միւսը` Ասկերանում, Նիկոլ, տո՛ւր էս մարդկանց տները:
«Ունենք երկու կարեւոր գործողութիւն Արցախը փրկելու համար: Առաջինը պէտք է ազատուենք Արցախը յանձնող իշխանութիւններից: Երկրորդը, պէտք է ձեւաւորուի ազգային համաձայնութեան կառավարութիւն, համախմբենք մեր ժողովրդին եւ փրկենք Հայաստանն ու Արցախը: Սա է մեր ծրագիրը: Այս պահից գործում է հայրենիքի փրկութեան կոմիտէն», ըսաւ Իշխան Սաղաթէլեան:
Ան կոչ ուղղեց ժողովուրդին ոտքի կանգնելու. «Սա նաեւ անհնազանդութեան շարժում է, մենք չենք կարող թուրքի առաջ կզած ղեկավարին հանդուրժել: Պատերազմը բերել է Նիկոլը իր անհետեւողական քաղաքականութեան արդիւնքում, փչացրել է մեր յարաբերութիւնները մեր ռազմավարական դաշնակիցների հետ, Ռուսաստանի, Իրանի: Իր ստի, կեղծիքի, իր անվստահութեան պատճառով բերել յանգեցրել է պատերազմի, իսկ պատերազմի ողջ ընթացքում մատնուած է եղել անգործութեան եւ դաւաճանութեան:
«Այս պահից սկսած Հայաստանի իշխանութիւնը գոյութիւն չունի, պէտք է հեռանան, որպէսզի փրկենք Հայաստանը եւ Արցախը: Նիկոլը չի կարող սա կանգնեցնել: Դրա համար պէտք է ձերբակալի 3 միլիոն բնակչութեանը: Ուրիշ տարբերակ չունի:
«Այս ամէն ինչի համար պատասխանատուութեան իր բաժինն ունի նաեւ քաղաքական մեծամասնութիւնը: Արագ հրաւիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ եւ հեռացնել Նիկոլին: Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւնը արդէն դա նախաձեռնել է, Լուսաւոր Հայաստանը պարտաւոր է րոպէների ընթացքում միանալ այս նախաձեռնութեանը: Այլ տարբերակ չկայ: Նիկոլը բարոյական, քաղաքական որեւէ իրաւունք չունի ղեկավարելու այս ժողովրդին: Նա մեզնից խլեց մեր արժանապատուութիւնը:
«Նիկո՛լ, եթէ դու ունես արժանապատուութիւն, ինքնասիրութիւն, էս ժողովրդին էս վիճակին հասցնելուց յետոյ էլի կառչել ես քո աթոռին, ու շարունակում ես փնտռել մեղաւորներ», յայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչը:
Ան աւելցուց, որ Նիկոլ Փաշինեանը այսօր փորձած է Ստեփանակերտը չյանձնելը ներկայացնել որպէս լաւութիւն. «Փորձում է մեղադրել բանակին, կուսակցութիւններին, ժողովրդին: Այս ամէնի համար կայ մէկ պատասխանատու` Նիկոլը եւ իր անմեղսունակ խումբը: Նիկո՛լ, ժողովուրդը զզւում է քեզանից, ամաչում է քո համար եւ քո ծառայութիւնները թուրքերի համար, հեռացի՛ր եւ վերջ»: