Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Չորեքշաբթի 14 Հոկտեմբեր 2020-ին, Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում, Երեկոյեան ժամերգութեան աւարտին, «Ուրախ լեր» շարականի երգեցողութեամբ, հանդիսաւոր թափօրով վերաբերուեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի սրբատառ Կոնդակը, որով Նորին Սրբութիւնը «Արքութեան պատիւ եւ տիտղոս» էր շնորհում Ատրպատականի Հայոց Թեմի առաջնորդ` Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանին:
Եկեղեցական արարողութեան աւարտին խօսք առաւ Պատգամաւորական ժողովի ատենապետուհի Արմինէ Վահրամեանը: Նա իր խօսքում վեր հանեց Ատրպատականի Թեմի հայ եկեղեցու հնագոյն թեմը լինելու փառքը, որի վերափառաւորումը տեսաւ, Վեհափառ Հայրապետի կողմից օրուայ առաջնորդին սոյն տիտղոսի շնորհման մէջ. «Պատմական պահ է Ատրպատականի հայութեան համար, որ լինելով հինաւուրց,
750 տարուայ անցեալ ունեցող եւ բազմապիսի դժւարութիւններից, արհաւիրքներից, ուրախութիւններից, անհանգստութիւններից եւ հոգսերից անցած մէկ թեմ, լինելով Անթիլիասի ամենահին եւ մայր թեմը, այսօր եւս վայելում է մեր շատ սիրելի Վեհափառ Հօր` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի օրհնանք, գուրգուրանքը եւ ուշադրութիւնը»: Արմինէ Վահրամեանը Ազգային իշխանութեան` Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի, թեմում գործող մարմինների, կազմակերպութիւնների, միութիւնների եւ յանձնախմբերի անունից շնորհաւորեց առաջնորդ Սրբազան հօրը, ազնուափայլ տիրամօր, ասելով. «Մեր առաջնորդը այս թեմը եկաւ, երբ դժուարին պայմաններում էր գտնւում այն, սակայն նա կարողացաւ ի մի բերել մեր համայնքին, ո՛չ միայն Թաւրիզ, այլեւ Ուրմիա` Արեւելեան եւ Արեւմտեան Ատրպատականները` Հիւսիսային Իրանի հայութեանը կարողացաւ հաւաքել Ազգային առաջնորդարանի շուրջ», շեշտեց նա, յիշեցնելով, որ շուրջ մէկ տարի առաջ Պատգամաւորական ժողովը, նկատի ունենալով Սրբազան հօր նուիրեալ ծառայութիւնը, խնդրամատոյց էր եղել Վեհափառ Հայրապետին, Արքութեան պատիւ շնորհել նրան: Արմինէ Վահրամեան համապարփակ անդրադարձ կատարեց Սրբազան հօր հոգեւոր, վարչական, գրական, պատմաբանասիրական աշխատանքներին, յատկապէս Ատրպատականի թեմի պատմութեան նւիրւած գործին, «որի երկրորդ հատորը` Ղարադաղի լեռնաշխարհին նւիրւած, շուտով լոյս կը տեսնի», ընդգծեց նա: Վերոյիշեալ բոլոր աշխատանքների միջոցով «նա արժանացաւ մեր ժողովրդի յարգանքին եւ գնահատանքին` Թաւրիզ, Ուրմիա եւ Սալմաստ, եւ ուստի յարմար նկատւեց, որ Վեհափառ հօրից խնդրենք Արքութեան տիտղոսը մեր Սրբազանի համար», շեշտեց նա, երախտագիտութեան խօսք ուղղելով նաեւ Նորին Սրբութեան, «որի հովանաւոր աջը միշտ եղել է Ատրպատականի վրայ, չխնայելով իր օրհնանքը եւ ինչու չէ այս շնորհաբաշխումը այսօր, մեր Սրբազանի անձի միջից` մեր թեմին: Մեր թեմում վերջին արքեպիսկոպոսը եղել է Տ. Ներսէս Արք. Մելիք-Թանգեանը: 72 տարիներ յետոյ նրանից, մեր թեմը իր արժանի տեղը գտաւ Անթիլիասի բոլոր թեմերի շարքում, շահելով նորից իր առաջւայ` Արքպիսկոպոսական թեմ լինելու հանգամանքը: Շնորհակալ ենք նախ Վեհափառ հօր եւ ապա մեր ժրաջան առաջնորդին, որ իր փայլուն գործունէութեամբ արժանացաւ սոյն տիտղոսին: Սա մեծ պատիւ է, որ տրուել է Ատրպատականին: Մեր Սրբազանին բոլորդ ծանօթ էք, փոքր երեխայից մինչեւ ամենատարեց մարդը, մօտից ծանօթ էք նրան, յատկապէս նրա աշխատանքային թափին ու եռանդին», ասաց Արմինէ Վահրամեանը եւ համաճարակի ու հայրենիքի դիմագրաւած դժւարին օրերին, յոյսի եւ մխիթարութեան առիթ համարեց այս ուրախութիւնը:
Օրուայ գլխաւոր իրադարձութեան պահը հասած լինելով, կղերիկոսների թափօրը կազմւեց աջակողմեան աւանդատանը, որը գլխաւորում էր Թաւրիզի հոգեւոր հովիւ` Արժ. Տ. Մարտիրոս Քհնյ. Ղուկասեանը: Նա Վեհափառ Հայրապետի Սրբատառ Կոնդակը հաւատացեալների շարքերի միջից բուրվառակիրների խնկարկութեամբ, մոմակիրների ընկերակցութեամբ եւ քշոցակիրների հետեւողութեամբ բերեց մինչեւ եկեղեցու դասը:
Հաւատացեալների յոտընկայս ունկնդրութեամբ ընթերցուեց Կոնդակը, որով Նորին Սրբութիւնը դրուատիքով էր անդրադառնում թեմի առաջնորդի երկար տարիների հոգեւորական սպասաւորութեան, եւ որպէս Հայրապետական գնահատանք ու հայրական քաջալերանք` Արքութեան պատիւ եւ տիտղոս էր շնորհում Սրբազան հօր:
Առաջնորդ Սրբազանը երկիւղածութեամբ համբուրելով սրբատառ Կոնդակը, դրեց խորանի վրայ եւ ապա իր պատգամը յղեց ներկայ ժողովրդին: Նա առաջին հերթին որդիական խոնարհագոյն զգացումներով իր երախտագիտութիւնը յայտնեց Արամ Ա. Հայրապետին սոյն շնորհաբաշխման համար եւ ապա անդրադառնալով տրուած պատւին, ասաց. «Իմ ծառայութիւնը ոչինչ է մեր պատւական ժողովրդի համար: Այն իմ ճիտի պարտքն է, որ մեր ազգը եւ մեր եկեղեցին է յանձնել ինձ ուխտով, նուիրումի գիտակցութեան պահանջով: Մեր ազգը ճակատագրուած է կամաւոր լինելու: Մենք հանգիստ պայմաններ ունեցող ազգ չենք եղել եւ չենք էլ լինելու, այլ` պայքարի, զոհողութեան, նոյնիսկ նահատակութեան պատրաստ կամաւորներ ունեցող ազգ ենք: Վկա՛յ մեր պատմութիւնը իր հին ու նոր էջերով, իր հին ու նոր հերոսներով: Այսօր, այն պատիւը որ մեր Վեհափառ Հայրապետը ինձ է տալիս, ամբողջութեամբ ձօնում եմ իմ ժողովրդին, պատնէշի վրայ կանգնած Ատրպատականի մեր հայութեան: Փառքը` ձեզ, պատիւը` ձեզ. իսկ ես` սոսկ տրուպ մէկ ծառան մեր ազգի ու եկեղեցու. դո՛ւք է որ դարերով տէր էք կանգնել այս թեմին, իր լաւ ու վատ օրերին», շեշտեց Սրբազանը: Ապա, նա շարունակելով իր խօսքը, ասաց.
«Մենք օտարականներ չենք: Մենք մէկ ընտանիքի անդամներ ենք, որը մաս է կազմում հայ ժողովրդի մեծ ընտանիքին: Ինչ յաջողութիւն որ ունենում ենք, բոլորի՛ս յաջողութիւնն է, իսկ ինչ ձախորդութիւն ու մտահոգութիւն որ ունենում ենք` նոյնպէս դրանք մեր բոլորին լինում են: Եթէ մեր անձնական ճակատագրերը ուզենք տարբերել իրարից, մեր հաւաքական ճակատագիրը նոյնն է, դա չի՛ կարող տարբեր լինել:
«Անցած ինը տարիներին, որոնք երազի նման եւ այնքան արագ սահեցին մեր կեանքից, Ատրպատականի թեմում իրագործումների պատճառ հանդիսացան: Քաւ լիցի որ ես անձնապէս պարծենամ այդ բոլորի համար: Ես ոչինչ չեմ արել: Միակ գործողը եւ բոլոր իրագործումները կատարողը` կրթական, մշակութային, շինարարական, բարեզարդման եւ ցանկացած բնագաւառում` եղել է Ազգային իշխանութիւնը, իր երկու թեւերով` իրարայաջորդ Պատգամաւորական ժողովներով եւ Թեմական խորհուրդներով, որոնց եւս այս առիթով յայտնում եմ իր շնորհակալութիւնը: Այո՛ մենք մէկ ընտանիք ենք այս թեմում: Որտե՞ղ չկան դժուարութիւններ: Ո՞ր անձը աշխարհում կատարեալ է եղել: Ամենատգէտ անձը ա՛յն մարդն է այս աշխարհում, որ անսխալական է համարում իրեն: Սակայն մենք իմանում ենք մարդ էակի սխալական լինելը եւ ըստ այնմ վարւում ուրիշների հետ: Նոր կտակարանեան սկզբունքով, մենք պատրաստ պէտք է լինենք շնորհակալ լինելու մեզ սիրողների՛ն ու չսիրողներին, մեզ գովողներին եւ ատողներին, մեզ ժպտացողներին եւ բամբասողներին, մեզ յարգողներին եւ անպատւողներին: Մենք մեր գործո՛վ մեր պարտքը տալու ենք մեր ազգին, եկեղեցուն ու հայրենիքին: Այսպէ՛ս եմ հասկանում ես ազգային ու հոգեւոր ծառայութթիւնը: Սոյն շնորհաբաշխումը ո՛չ թէ սոսկ մէկ դէպքի լինի մեր թեմի կեանքում, որ սոյն արարողութեամբ աւարտւի, այլ թող մղիչ ուժի դառնայ մեր բոլորի համար: Առաւել եւ նուազ հոսանքներով լոյս է ստացւում: Մեր ժխտական ու դրական երեսները միացնենք, որպէսզի լոյս ստանանք, ու մեր առջեւ բացւող նոր ճանապարհը լուսաւորենք, մեր թեմի կեանքը առաւել եւս ծաղկեցնելու համար», եզրափակեց Սրբազանը, յուսալով, որ դժւարութեան օրերը շուտով կը վերանան մեր ազգի կեանքից:
Պատգամի աւարտին, «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ Վարդան Վահրամեանի, խանդավառութեամբ կատարեց «Կիլիկիա»ն, որին իր մասնակցութիւնը բերեց ներկայ ժողովուրդը:
Յայտնենք,որ «Քորօնա» ժահրի դժւարին պայմանների մէջ իսկ, սոյն հանդիսաւոր արրարողութեան ներկայ էին Ազգային իշխանութեան պատւական անդամները, Հոգեւոր դասը` սարկաւագներով, կիսասարկաւագներով եւ դպիրներով ու դպրուհիներով, ինչպէս նաեւ «Կոմիտաս» երգչախմբի, Խնամակալ Մարմնի, Թաւրիզ Հայոց ազգային «Թամարեան Սահակեան» դպրոցի տեսչութեան, հոգաբարձութեան, ուսուցչական կազմի եւ ծնողական խորհրդի, Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի, Թաւրիզի Սկաւուտական խորհրդի, Հ.Օ.Մ.-ի Թաւրիզի մասնաճիւղի, «Ալիք» հաստատութեան Թաւրիզի գրասենեակի, Թաւրիզի Հայ Համալսարանականների Միութեան, Թաւրիզի «Ռոստոմ-Գասպար Գրադարան»ի, Դատական յանձնախմբի անդամները եւ Ազգային առաջնորդարանի պաշտօնէութիւնը, ինչպէս նաեւ թաւրիզահայ համայնքի ամենատարեց անձը` 100-ամեայ Շահեն Մելիքեանը:
Նշենք, որ ուրմիահայ համայնքի Պատգամաւորները` Գործակալական Խորհրդի հետ միասին յատուկ շնորհաւորագիր էին ուղարկել առաջնորդ Սրբազան հօր, ուրմիահայ Միութիւնների, Կազմակերպութիւնների, գիւղերի Հոգաբարձութիւնների եւ Խնամակալ մարմինների անունից, յայտնելով նաեւ, որ յարմար ժամանակին Ուրմիայում ընդունելութիւն է կազմակերպւելու, շնորհաւորելու համար Սրբազան Հօրը, Արքութեան շնորհման առիթով: