ՎԱՀԷ ԹՈՐՈՍԵԱՆ
Հայաստանի Անկախութեան հռչակագիրն ընդունւեց 1990 թ. օգոստոսի 23-ին: Հայաստանի Գերագոյն խորհուրդը՝ արտայայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը եւ 1918 թւականի մայիսի 28-ին ստեղծւած Հայաստանի Անկախ Հանրապետութեան ժողովրդավարական աւանդոյթները, հռչակեց անկախ պետականութեան հաստատման գործընթացի սկիզբը եւ 1991 թւականի սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները հանրաքւէում իրենց վճռական «այո»-ն ասելով, բռնեցին անկախութեան ուղին:
Մեր անկախութիւնը մեր ազգի դարաւոր պայքարի արդիւնքն է: Հայաստանի անկախութեան գաղափարի ջատագովներն են եղել Իսրայէլ Օրիները, Դաւիթ Բէկերը, Ներսէս Աշտարակեցիները, Միքայէլ Նալբանդեանները, Խրիմեան Հայրիկները, Րաֆֆիներն ու բազմաթիւ ազգային գործիչներ:
Հայ ժողովրդի սխրանքի ու զոհողութիւնների շնորհիւ է 20-րդ դարասկզբին վերականգնւել հայկական պետականութիւնը եւ եթէ չլինէր հայ ազատագրական պայքարն ու նրան առաջնորդող ՀՅԴ-ն, գոյութիւն չէր ունենայ նաեւ այսօրւայ Հայաստանի Հանրապետութիւնը:
Հայ ժողովրդի պատմութիւնը կերտւել է ազգի հաւաքական կամքից բխող հետեւողական ջանքերի ու մեծ զոհողութիւնների շնորհիւ, որը մեզ պարտաւորեցնում է իմաստաւորել մեր ներկայ պետական կացութիւնը՝ անցեալի հանդէպ միասնական պատասխանատւութեան հիմամբ:
Սեփական պատմութեան, ժողովրդի ու պետութեան ներկայ ընթացքը բոլորովին այլ ուղղութեամբ փոխելու ձգտումները կարող են հանգեցնել հայ ժողովրդի բուն էութիւնը պայմանաւորող արժէքների դէմ ուղղւած պատերազմի:
Ցաւօք, նմանօրինակ մի պատերազմի մէջ են յայտնւել Հայաստանի ներկայի իշխանութիւնները, որոնք ոչ թէ նպատակ են հետապնդում հայ ժողովրդի համար ժողովրդավար, արդար ու ազգային արժէքներ ունեցող երկիր ստեղծելու, այլ փորձում են կոտրել Հայաստանի ու հայութեան դիմադրական ոգին ու ազգային միասնութիւնը:
Պատմական ճշմարտութիւններն անտեսելով ու զոհելով, ազգային արժէքները թիրախաւորելով ու ազգային մտածողութիւն ունեցող անհատների եւ կազմակերպութիւնների դէմ պայքար մղելով, վերստին հայ-թրքական յարաբերութիւնների խնդիրը իբր կարգաւորելու համար թաքուն ու բացահայտ քայլեր ձեռնարկելով, նրանք իրականում ոչ միայն նպաստում են հայ ժողովրդի դէմ իր թշնամանքը բազմիցս ապացուցած Թուրքիայի քաղաքական եւ տնտեսական գերիշխանութեան հաստատմանը տարածաշրջանում, այլեւ ուրւագծում են Հայաստանի ու հայութեան կորստեան հեռանկարը:
Հայաստանը միշտ գտնւել է եւ այսօր էլ գտնւում է աշխարհաքաղաքական բարդ ու վտանգաւոր տարածաշրջանում: Այսօր անհերքելի փաստ է, որ տարածաշրջանում եւ առհասարակ համայն աշխարհում Թուրքիան շարունակում է բծախնդրօրէն ծրագրած հակահայ քաղաքականութիւնը, անմիջականօրէն եւ առատօրէն հովանաւորելով Ադրբեջանի հանրապետութեանը՝ Հայաստանի եւ Արցախի դէմ նրա գործողութիւններում։
Իսկ հայ ժողովրդի գոյութենական երաշխիքը Հայաստանի ու Արցախի հզօրացումն ու անվտանգութեան պահպանումն է, ինչպէս նաեւ նրանց զարգացումն ու բարգաւաճումը։ Հետեւաբար հարկաւոր է միասնական կամքով ու գործողութեամբ լծւել աշխատանքի՝ ի խնդիր հայրենքի վերելքի եւ նրա հողային ամբողջականութեան պահպանման: Պատմութեան զանազան հանգրւաններում հայ ժողովրդը փաստել է, որ միասնական է դառնում, երբ վտանգւած է տեսնում հայրենիքն ու ազգային արժէքները. մի խօսքով, հայ ժողովուրդն իր հայկականը պահպանելու հարցում աննահանջ է:
Մենք պէտք է մեր յոյսը կապենք սեփական ուժին. ազգովի համախմբւենք ու հետապնդենք մեր ազգային դատը, միշտ ամուր կառչած մնալով՝ ազատ, անկախ եւ միացեալ Հայաստանի գաղափարին:
Շնորհաւոր տօնդ անկախ Հայաստան։
Նոր Ջուղա
21 սեպտեմբեր 2020