Զրոյցը վարեց` ՀՌԻՓՍԻՄԷ ՅՈՎՀԱՆԻԻՍԵԱՆ
«Թերթ»-ը հետեւեալ զրոյցը ունեցած է Լիբանանի զբօսաշրջութեան նախկին նախարար Աւետիս Կիտանեանի հետ` 4 օգոստոսին Պէյրութի նաւահանգիստին մէջ տեղի ունեցած պայթումէն ետք երկրին մէջ ստեղծուած ճգնաժամի պայմաններուն բերումով հայ համայնքին դիմաց ծագած դժուարութիւններուն մասին:
«ԹԵՐԹ».- Լիբանանում տեղի ունեցած աղէտից շաբաթներ են անցել, բայց հետեւանքները դեռ վերացնելը երկար կը տեւի: Ի՞նչ իրավիճակ է հիմա տիրում Լիբանանում եւ դա ի՞նչ անդրադարձ է ունենում հայկական ամենաամուր համայնքներից մէկի` լիբանահայութեան վրայ:
ԱՒԵՏԻՍ ԿԻՏԱՆԵԱՆ.- Այո՛, Լիբանանի նաւահանգստի պայթիւնից յետոյ արդէն երեք շաբաթ է անցել, եւ տակաւին հետեւանքները կան, եւ կը լինեն, ենթադրում եմ, առնուազն մէկ-երկու տարուայ ընթացքում, որովհետեւ այդ պայթիւնի հետեւանքները Լիբանանի համար այսօրուայ տնտեսական իրավիճակը աւելի է բարդացրել:
Երեւի միջազգային օժանդակութեամբ, բարեկամ երկրների մասնակցութեամբ երկիրը կը կարողանայ 1, 2, 3 տարիների ընթացքում յաղթահարել պատահածը:
Իսկ ինչ վերաբերում է իրավիճակի` մեր համայնքի վրայ անդրադարձին, ապա ասեմ, որ բնականաբար պէտք է ունենայ բացասական ազդեցութիւն, որովհետեւ լիբանանահայութիւնը Լիբանանի մէկ կարեւոր մասնիկն է:
Մենք այսօր ունենք մեծ թուով տուժողներ, իրենց բնակարանները, աշխատանքը կորցրած մարդիկ: Խօսում ենք մօտ 3000 բնակարանի մասին, որոնք կիսով կամ ամբողջութեամբ քանդուած են, 1500 աշխատատեղիի մասին, որոնք նոյնպէս կիսով կամ ամբողջութեամբ քանդուած են ու նաեւ ունենք 13-14 զոհ եւ մեծ թուով վիրաւորներ, որոնց մի մասը դեռ չի ապաքինուել:
Այս ամէնը ունի իր քաղաքական, տնտեսական անդրադարձը մեր գաղութի վրայ, սակայն յուսով եմ, որ մենք եւս այս մօտ ժամանակաշրջանում մեր ուսերից կը թօթափենք պայթիւնի հետեւանքները, կը վերականգնենք սփիւռքի կարեւորագոյն այս գաղութը:
«Թ.».- Լիբանանահայութեանը օժանդակութիւն են ցուցաբերել տարբեր կազմակերպութիւններ, համայնքներ, Հայաստանը, Արցախը: Որքանո՞վ եւ որքա՞ն ժամանակում է հնարաւոր վերականգնել հասցուած նիւթական վնասը, արդեօք դեռ օգնութեան կարիք Լիբանանում կա՞յ, ի՞նչ օժանդակութիւն է ակնկալւում եւ որտեղի՞ց:
Ա. Կ.- Այո՛, ճիշդ է, լիբանանահայութեանը տարբեր կազմակերպութիւններ, Հայաստանն ու Արցախը օժանդակել են, սակայն այս բոլորը այսօրուայ տրամաբանութեամբ մարդասիրական օժանդակութիւններ են: Այն, ինչ որ ուղարկուեց` ուտելիք, խմելիք, բժշկական պարագաներ, դեղորայք, այժմ մեր դժուարութիւնները շրջանցելու համար շատ կարեւոր են:
Հիմա իսկապէս սկսել ենք համայնքի վերականգնման աշխատանքը. Արամ Ա. վեհափառ հօր թելադրանքով ու զօրակցութեամբ գաղութում կազմուեց Լիբանանի վերականգնման մարմին, որը կազմուած է երեք կուսակցութիւններից, բարեսիրական ընկերակցութիւններից:
Վեհափառ հայրը բացել է դրամատնային հաշիւ եւ դրան փոխանցուող դրամական օժանդակութիւնները, նուիրատուութիւնները, որ այս պահին 500-600 հազար տոլարի է հասած, պէտք է գերազանցեն 3, 4, 5 միլիոն տոլարը, որպէսզի մենք կարողանանք ասել, որ սկսեցինք լիբանանահայ համայնքի վերականգնումը:
Ասացի, որ 3000 բնակարան եւ մօտ 1500 աշխատավայր է վնասուած: Եթէ միջին հաշուով հաշուարկենք, որ իւրաքանչիւրին 1000 տոլար է անհրաժեշտ, կը ստացուի 3-5 միլիոն տոլար նուազագոյնը: Այս տեսակի օժանդակութեան կարիք ունի լիբանանահայութիւնը, որպէսզի կարողանայ շրջանցել կամ նուազագոյնի հասցնել վնասները ու կարողանալ բնականոն ձեւով շարունակել համայնքային կեանքը:
«Թ.».- Լիբանանահայութեան մի մասը ցանկանում է լքել երկիրը: Հայաստանի կառավարութիւնը մշակել է փաթեթ, որով առաջարկում է նրանց տեղափոխուել Հայաստան: Ի՞նչ էք կարծում`արդեօք լիբանանահայութիւնը ցանկանո՞ւմ է գալ Հայաստան, այստեղ կարո՞ղ են գտնել իրենց անհրաժեշտ օժանդակութիւնը:
Ա. Կ.- Ցանկացած լիբանանցի արդէն երկար ժամանակ է, որ դրսում ապրելու եւ աշխատելու ցանկութիւն ունի, ինչպէս հայաստանցին, որը ցանկանում է արտերկրում ապրել, որովհետեւ տնտեսական, ընկերային պայմանները վատ են:
Բայց այսօրուայ տնտեսական աղէտը, որին աւելացաւ «Քորոնա» ժահրի տարածման հարց ու նաւահանգստի պայթիւնը, ստիպում է, որ այո՛, նաեւ մեծ թուով լիբանանահայեր Լիբանանը լքելու ցանկութիւն ունենան:
Սակայն դա անելը այդքան էլ հեշտ չէ, եւ ես չեմ կարծում, որ Հայաստանի իշխանութիւնները կը կարողանան առաջարկել տեղափոխուել Հայաստան: Չեմ կարծում, որ այդ հարցը առկայ է, այդպիսի բան գոյութիւն չունի: Մենք ունենք սիրիահայութեան փորձառութիւնը Հայաստանում:
Այո՛, ճիշդ է, իշխանութիւնները բաւականին դրական մօտեցում ցուցաբերեցին, սակայն մարդիկ վերադարձան Սիրիա: Արդէն այս պայթիւնից առաջ բաւականին շատ լիբանանահայեր Հայաստանում էին հաստատուել կամ ճամբորդել էին աշխատանքային նպատակներով, սակայն յաջողութիւններ չեն գտել:
Այս հարցի կարգաւորումը տեղի կ’ունենայ, եթէ իսկապէս ամէն բան կորցրած ընտանիքներին Հայաստանում տրամադրուեն կեցութեան վայր եւ աշխատանք, որպէսզի կարողանան գոյատեւել: Եթէ այս հարցը լուծուի, հնարաւոր է, որ որոշ ընտանիքներ, որոշ լիբանանահայեր ցանկանան գալ Հայաստան, հաստատուել այդտեղ, գոնէ առաջին տարուայ ընթացքում կարողանան ինչ-որ չափով հնարաւորութիւն տալ նրանց, որ կարողանան շարունակել իրենց կեանքը Հայաստանում: Նաեւ պէտք է յիշեցնել, որ Հայաստանի տնտեսական վիճակը եւ կենսաթոշակները կը ստեղծեն դժուարութիւններ, որ լիբանանահայերը այստեղից այդտեղ գալով իրենց հարցերը լուծուած չհամարեն: Կարծում եմ, որ ի հարկէ, եթէ Լիբանանը լքելու խնդիր կայ, ճիշդ է, որ Հայաստան գան:
«Թ.».- Լիբանանեան ճգնաժամի ֆոնին խօսւում է Հայաստանում հայրենադարձութեան կազմակերպման վերաբերեալ: Սիրիահայութեան փորձը հաշուի առնելով` հնարաւո՞ր համարում էք, որ Լիբանանից Հայաստան գալու եւ այստեղ ապրելու մեծ հոսք կը լինի: Կարծում էք` Հայաստանի իշխանութիւնները կը կարողանա՞ն կազմակերպել լիբանանահայութեան հաստատուելը մայր հայրենիքում:
Ա. Կ.- Այստեղ հայրենադարձութիւնը ճիշդ եզր չէ: Հայրենադարձութեան հարցը գոյութիւն է ունեցել Համաշխարհային պատերազմից յետոյ, ինչ-որ աշխատանքներ են արուել: Պէտք է ուշադիր լինենք, որ այստեղ զանգուածային տեղափոխութեան հարցը տեղին չէ: Այդ տեսակ բան գոյութիւն չունի:
Կան մեծ թուով լիբանանահայեր, որոնք կարող են ցանկութիւն ունենալ գնալ Հայաստան, որպէսզի կարողանան իրենց բնականոն կեանքը շարունակել` պայմանով, որ համապատասխան պայմաններ ստեղծուեն, առնուազն աշխատանք լինի եւ դրա դիմաց ստացուած գումարը կարողանայ իրենց ապրեցնել Հայաստանի մէջ:
Կը ներէք, ես այսպէս եմ խօսում, որովհետեւ անձնական փորձով եմ առաջնորդւում ու նաեւ գիտեմ, որ ի հարկէ, Լիբանանում էլ շատ դժուար է, սակայն ես ենթադրում եմ, որ լիբանանահայութեան մեծ մասը կը նախընտրի մնալ այստեղ, որովհետեւ իրենք ունեն այստեղ աշխատանք, բնակարան, դրամատուներում հաշիւներ:
Այդ բոլորը լքելը դիւրին չէ: Գուցէ երիտասարդներ լինեն, որոնք ցանկանան ճամբորդել Հայաստան, բայց դա հայրենադարձութիւն չէ:
Ճշգրտեմ, որ այս պահին Հայաստանի իշխանութիւններից ակնկալիքն այն է, որ առնուազն, երբ նրանք դիմեն Լիբանանում Հայաստանի դեսպանութիւն` Հայաստան գալու համար, իրենց տրուի կեցութիւն եւ աշխատանք եւ նաեւ որոշ պայմաններ, որ նրանք հայրենադարձութեան կամ Հայաստանում պատսպարուելու պատրուակով` Հայաստան միայն զբօսաշրջային նպատակներով չգան: Այս բոլորը պէտք է կազմակերպել եւ պէտք է դա անել Լիբանանի համայնքի ազգային կուսակցութիւնների եւ կառոյցների հետ, որովհետեւ կոչերը քիչ են, պէտք է կազմակերպուած լինի ամէնը:
«Թ.».- Լիբանանում հայկական գաղութը սփիւռքի կարեւոր դերակատարներից է, որքանո՞վ է կարեւոր նրա գոյութիւնն այդտեղ: Արդեօք կորցրե՞լ է իր ուժը համայնքը` երկրին հասցուած վնասից յետոյ:
Ա. Կ.- Հայաստանը կարողացաւ 30 տարիների ընթացքում հասնել որոշ զարգացման եւ որոշ ներդրումներ եղան Հայաստանի համար ու նաեւ` Հայաստանին վերաբերող բոլոր խնդիրները շարունակում են զբաղեցնել միջազգային հանրութեանը, քանի որ ամէն անգամ, երբ լուրջ վտանգ է սպառնում Հայաստանին ու Արցախին եւ աշխարհով մէկ այդ մասին արձագանգ է լինում, հայկական սփիւռքի գոյութեան պատճառով է:
Սփիւռքը Հայաստանի համար ամենազօրաւոր յենարանն է, կարեւորագոյն զօրակցութեան ազդակն է: Այնպէս որ ես չեմ կարծում, որ սփիւռքը իր արժէքը կորցրել է: Ես որպէս սփիւռքահայ չեմ խօսում, խօսում եմ որպէս Հայաստանի քաղաքական, ընկերային, տնտեսական կեանքին ծանօթ մարդ: Ես կ՛ասեմ, որ սփիւռքը Հայաստանի համար մեծ կարեւորութիւն ունի:
Այդ նոյն խնդիրը նաեւ Լիբանանին է վերաբերում: Լիբանանում ապրող լիբանանցիների թիւը 3-4 միլիոն է, սակայն սփիւռքը կազմուած է 10 միլիոն լիբանանցիներից: Եւ այդ սփիւռքն է, որ շարունակում է աջակցել Լիբանանին նիւթապէս, քաղաքականապէս, մշակութային բնագաւառներում:
Լիբանանի հայ համայնքը շարունակում է զբաղեցնել կարեւոր դեր սփիւռքում: Այստեղ հայութեանն ընձեռնուած քաղաքական հնարաւորութիւնները մեծ են եւ այդ պատճառով հնարաւոր է լինում տարբեր հարցերի զօրակցելը կամ ընդդիմանալը, յատկապէս Հայաստանին եւ Արցախին վերաբերող հարցերում:
Քաղաքացիական պատերազմ, տնտեսական խնդիր, քաղաքական ահաբեկչական աշխատանքներ եւ այլն. այս ամէնը կարողացանք յաղթահարել եւ դեռ շարունակելու ենք գոյատեւել: Մեր ներկայութիւնը Լիբանանում` խորհրդարանում ներկայացուած պատգամաւորներով, կառավարութիւններում ներկայացուած նախարարներով եւ ընդհանրապէս Լիբանանում գոյութիւն ունեցող հայութիւնը մեծ նշանակութիւն ունի թէ’ Լիբանանի, թէ՛ Հայաստանի, թէ’ ընդհանրապէս սփիւռքի կեանքում: Այդ պատճառով էլ, ես կարծում եմ, որ պէտք է զօրակցել լիբանանահայութեանը, որ ան վերադառնայ իր երբեմնի ապրելաոճին եւ կեանքին եւ շարունակի իր քաղաքական, տնտեսական, ընկերային, մշակութային դերը խաղալ բոլոր բնագաւառներում: