Երէկ Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի գործերու գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեան սփիւռքահայութեան յղեց հետեւեալ ուղերձը՝ 12 յուլիսէն ի վեր Հայաստան-Ազրպէյճան սահմանին վրայ Ազրպէյճանի նախաձեռնած զինուորական գործողութիւններուն եւ ներթափանցման փորձերուն կապակցաբար:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Յուլիսի 12-ի կէսօրից ի վեր ազրպէյճանական զինուած ուժերը, խախտելով հրադադարը, ձեռնարկել են մի շարք ռազմական լայնածաւալ գործողութիւններ Հայաստանի Հանրապետութեան Տաւուշի մարզի ուղղութեամբ: Գործողութիւնները ցայսօր ուղեկցւում են դէպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով, յատուկ նշանակութեան զօրքերի, հրետանու եւ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, քաղաքացիական ենթակառուցուածքների ու խաղաղ բնակչութեան թիրախաւորմամբ: Հայկական բանակի գրագէտ եւ զգօն գործողութիւնների շնորհիւ ազրպէյճանական զինուած ուժերն ունեցել են բազմաթիւ մարդկային կորուստներ, խոցուել է հակառակորդի բանակի թանկարժէք ռազմատեխնիկա: Մեր զինուած ուժերի պատժիչ գործողութիւնների արդիւնքում հայկական կողմն արձանագրել է շօշափելի դիրքային առաջխաղացում։ Ցաւօք, հայ-ազրպէյճանական պետական սահմանագօտում տեղի ունեցող մարտերի ընթացքում հերոսաբար նահատակուել են Հայոց բանակի 4 զինծառայողներ:
Այս օրերին, երբ Ազրպէյճանի հայատեաց իշխանութիւնը կրկին դիմում է զէնքի ուժի, վտանգում է հայ ժողովրդի բնօրրանն ու միակ ապաստարան հանդիսացող Հայաստանի սահմանները, Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատարի գրասենեակն աշխարհի տարբեր հայկական համայնքներից զօրակցութեան բազմաթիւ կոչեր է ստանում: Հայկական սփիւռքը պատրաստ է իր հնարաւորութիւնների ողջ ընդգրկմամբ կանգնել հայրենիքի եւ Հայկական բանակի կողքին:
Սփիւռքի սիրելի՛ հայրենակիցներ,
Հայկական զինուած ուժերն այս պահին լիարժէքօրէն տիրապետում են իրավիճակին, եւ կասկածից վեր է, որ մեր սահմաններն անառիկ են, իսկ մեր բանակը՝ մարտունակ: Մեր նպատակը խաղաղութիւնն է, սակայն այդ խաղաղութիւնը պէտք է լինի արժանապատիւ, եւ թշնամու ցանկացած ոտնձգութիւն ստացել եւ ստանալու է համապատասխան եւ հուժկու հակահարուած: Գիտենք, որ հայկական սփիւռքն իր մեծ ազդեցութեամբ եւ հսկայական ներուժով հայրենիքի պաշտպանի թիկունքին է: Այժմ ամենակարեւորը մեր արդար ձայնը միջազգային հանրութեանը հասցնելը եւ ազրպէյճանական անօրինական գործողութիւններին համապատասխան գնահատական պահանջելն է:
Սփիւռքի մեր հայկական լրատուամիջոցներին կոչ ենք անում հետեւել և տարածել բացառապէս պաշտօնական լրատուութիւն:
Աներկբայ է, որ հայ ժողովուրդը կրկին համախմբուած է մէկ միասնական գաղափարի՝ հայրենիքի պաշտպանութեան շուրջ: Միասին մենք անյաղթ ենք»:



