Արցախի Հանրապետութեան Սահմանադրութեան Մեկնաբանութիւնները` Աւետիք Յարութիւնեանի Կողմից

Այսօր «ԱՐՑԱԽ» գիտահետազօտական ինստիտուտի տնօրէն, իրաւաբանական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Աւետիք Յարութիւնեանն իր ֆեյսպուքեան էջում հրապարակել է Արցախի Հանրապետութեան Սահմանադրութեան մեկնաբանութիւններ: Ա. Յարութիւնեանը գրել է.

«Յարգելի՛ հայրենակիցներ,

կարեւորելով մեր քաղաքացիների իրաւագիտակցութեան մակարդակի հետեւողական բարձրացումը եւ վերջինիս նշանակութիւնը ժողովրդավարական ու իրաւական պետութեան կառուցման գործում, պարբերաբար ձեր ուշադրութեանը կը ներկայացնեմ Արցախի Հանրապետութեան Սահմանադրութեան մեկնաբանութիւնները:

… քանի որ այսօր` 2020թ. մայիսի 21-ին, կայանալու է Արցախի Հանրապետութեան 4-րդ նախագահի պաշտօնի ստանձնման արարողութիւնը, մեկնաբանութիւնների շարքը սկսում եմ հէնց 91-րդ յօդուածից»

Յօդուած 91. Հանրապետութեան նախագահի պաշտօնի ստանձնումը

Հանրապետութեան նախագահը պաշտօնը ստանձնում է օրէնքով սահմանուած կարգով` Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը հրաւիրուած յատուկ նիստում, ժողովրդին տրուած հետեւեալ երդմամբ. «Ստանձնելով Արցախի Հանրապետութեան նախագահի պաշտօնը` երդւում եմ. անվերապահօրէն կատարել Սահմանադրութեան պահանջները` յարգել մարդու եւ քաղաքացու իրաւունքներն ու ազատութիւնները, ապահովել Հանրապետութեան ինքնիշխանութիւնը, անկախութիւնը, տարածքային ամբողջականութիւնը եւ անվտանգութիւնը` ի փառս Արցախի Հանրապետութեան եւ ի բարօրութիւն Արցախի ժողովրդի»:

Բացի Սահմանադրութեան սոյն յօդուածից, Հանրապետութեան նախագահի պաշտօնի ստանձնման վերաբերեալ դրոյթներ է պարունակում նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ ԱՀ օրէնքը, որի 45 յօդուածը նուիրուած է Հանրապետութեան նախագահի պաշտօնի ստանձնմանը նուիրուած յատուկ նիստի գումարման եւ անցկացման կարգին: Համաձայն նշուած յօդուածի` «Հանրապետութեան նախագահը պաշտօնը ստանձնում է Ազգային ժողովի յատուկ նիստում, որը հրաւիրւում է Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը: Նիստի գումարման վայրը, օրը եւ ժամը յայտարարում է Ազգային ժողովի նախագահը առաջին նստաշրջանի բացման օրուանից առնուազն հինգ օր առաջ»:

Երդումը բովանդակում է ինչպէս իրաւական, այնպէս էլ բարոյա-հոգեբանական բաղադրիչներ: Երդման իրաւաբանական բնոյթը պայմանաւորուած է դրա իրականացրած գործառոյթով. երդում տալն անհրաժեշտ պայման է պաշտօնը ստանձնելու համար: Այդ պահից սկսած` նորընտիր նախագահը ստանձնում է պաշտօնը, միաժամանակ աւարտւում են նախորդ նախագահի լիազօրութիւնները: Այլ կերպ ասած, երդումը նորընտիր նախագահի` որպէս պետութեան գլխի լիազօրութիւնների կատարման ժամկէտի հաշուարկման սկիզբն է եւ նրա լիազօրութիւնների խտացուած արտացոլումը:

Երդումը քաղաքական բնոյթով կարծես ամբողջացնում է իշխանութեան փոխանցման լեգիտիմ ընթացակարգը եւ ի ցոյց դնում պետական իշխանութեան իրաւայաջորդութիւնը, ինչը բացառում է քաղաքական իշխանութեան վակուումի առաջացումը:

Երդման բարոյա-հոգեբանական բաղադրիչն այն է, որ նորընտիր նախագահը, հանդիսաւոր պայմաններում երդում տալով (որին մասնակցում են աշխարհիկ (պետական մարմինների) եւ հոգեւոր դասի ներկայացուցիչները), հաստատում է իր հաւատարմութիւնը Սահմանադրութեանը եւ այն փաստը, որ նա գիտակցում է Հիմնական օրէնքով նախատեսուած ժամկէտով իրեն վերապահուած լիազօրութիւնների, պարտականութիւնների եւ դրանց հետ կապուած պատասխանատուութեան բացառիկ կարեւորութիւնը:

Նախագահի երդման արարողութեան նպատակով Գերագոյն դատարանի դատաւորներից մէկը դահլիճ է բերում Արցախի Հանրապետութեան Սահմանադրութիւնը, իսկ Հայաստանեայց առաքելական Սուրբ եկեղեցու սպասաւորները` 17-րդ դարի Արցախեան Աւետարանը: Նախագահը երդում տալիս է` ձեռքը դնելով Սահմանադրութեան եւ Աւետարանի վրայ, ինչից  յետոյ հնչում է Արցախի Հանրապետութեան օրհներգը:

Սովորաբար երդման արարողութիւնից յետոյ նախագահը հանդէս է գալիս ելոյթով` անդրադառնալով առաջիկայ պաշտօնավարման հիմնական ուղղութիւններին:

Չնայած ո՛չ Սահմանադրութեամբ, ո՛չ այլ իրաւական ակտերով սահմանուած չէ, թէ ովքեր պէտք է կամ կարող են ներկայ գտնուել նախագահի երդմնակալութեան արարողութեանը, սակայն ԱՀ նախագահների պաշտօնամուտի արարողութիւնների փորձը ցոյց է տալիս, որ սովորաբար այդ կարեւոր միջոցառմանը մասնակցում են Անվտանգութեան խորհրդի եւ կառավարութեան անդամները, Հայաստանեայց առաքելական Սուրբ եկեղեցու Արցախի թեմի առաջնորդը, Պաշտպանութեան բանակի բարձրագոյն սպայական կազմը, Գերագոյն դատարանի նախագահը, վերաքննիչ ու առաջին ատեանի դատարանների նախագահները, հանրապետական անկախ կառավարման մարմինների ու յանձնաժողովների ղեկավարները, Ստեփանակերտի քաղաքապետն ու շրջանների վարչակազմերի ղեկավարները, Հայաստանի ու Արցախի քաղաքական կուսակցութիւնների ներկայացուցիչներ, ղարաբաղեան շարժման առաջամարտիկներ ու հանրային գործիչներ:

Կարելի է եզրակացնել, որ Արցախի Հանրապետութեան նախագահի երդման արարողութեանը ներկայ է լինում երկրի ողջ վերնախաւը: Հարկ է նշել, որ նման կարգ գործում է աշխարհի գրեթէ բոլոր երկրներում, եւ նախադէպը գալիս է միապետութեան բազմադարեայ քաղաքական աւանդոյթից, երբ արքայի թագադրութեան արարողութեանը ներկայ էր գտնւում ստրկատիրական կամ աւատատիրական բարձրագոյն ընտրանին, այդ թւում բարձրագոյն հոգեւորականութիւնը:

Կարեւորելով նախագահի պաշտօնը ստանձնելու երդման իրաւական ու բարոյական բնոյթը` միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Արցախի Հանրապետութիւնում երդման արարողակարգը կանոնակարգուած չէ: Սոյն յօդուածի սկզբնական մասում է ընդամէնը նշած, որ «Հանրապետութեան նախագահը պաշտօնը ստանձնում է օրէնքով սահմանուած կարգով` Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը հրաւիրուած յատուկ նիստում, ժողովրդին տրուած հետեւեալ երդմամբ»: Ինչ վերաբերում է օրէնքին, ապա խօսքն Ազգային ժողովի կանոնակարգի մասին է, ինչին արդէն անդրադարձել ենք:

Հարկ է անդրադառնալ եւս մի կարեւոր հանգամանքի. մինչեւ օրս Արցախի Հանրապետութիւնում չի ստեղծուել նախագահական իշխանութեան խորհրդանշան, ինչն ընդունուած է բազմաթիւ երկրներում: Օրինակ, ՀՀ նախագահի 2013թ. ապրիլի 5-ի հրամանագրով հիմնուել է նախագահական իշխանութեան խորհրդանշան, հաստատուել վերջինիս ձեւը, նկարագրութիւնը եւ գործածման կարգը: Սահմանուել է, որ նախագահական իշխանութեան խորհրդանշանն օգտագործւում է Հայաստանի Հանրապետութեան նորընտիր նախագահի պաշտօնի ստանձնման արարողութեան ժամանակ եւ պահւում է ՀՀ նախագահի նստավայրում: Կարծում ենք, որ ԱՀ-ում վաղուց հասունացել է նախագահական իշխանութեան խորհրդանշան ունենալու անհրաժեշտութիւնը:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )