Պաքուն` Ամէն Ինչ, Հայերի՜ն Ոչինչ

ՎԼԱԴԻՄԻՐ ՅՈՎՍԷՓԵԱՆ
ԱՀ վաստակաւոր իրաւաբան

Երբեք ու երբեք դիմացինիդ քեզնից աւելի ապուշ մի կարծիր:
Դիւանագիտական սկզբունք

Միւնխենի անվտանգութեան համաժողովում (15.02.2020թ.) «Թարմացում Լեռնային Ղարաբաղի  հարցով» խորագրով  Հայաստանի եւ Ազրպէյճանի  ղեկավարների քննարկում-բանավէճը ողջունելի  քայլ պէտք է համարել` երկու երկրների առաջին դէմքերի միջեւ բաց զրոյց ունենալու շրջանակում: Անշուշտ, ցանկացած հանդիպում օգնում է միմեանց լսելու, հասկանալու եւ դիմացինին իր ասելիքը հասցնելու համար: Հանդիպումը, դրականից բացի, բովանդակում է նաեւ բացասական  արձանագրումներ: Եւ մտահոգիչն  այն  է, որ  Ազրպէյճանի  ղեկավարը հակամարտութեան նախապատմութեան եւ կարգաւորման  մօտեցումներում պատմական  փաստերը  ներկայացնում  է ակնյայտ խեղաթիւրուած  ձեւով` հարազատ մնալով  ստի, խորամանկութեան,  հմայքի  եւ դաւի արուեստի գաղափարին: Կեղծուած պատմութիւնը բանական մտքի ամենավտանգաւոր արգասիքն  է, այն ռոմանտիկ  երազանքներ է  ծնում, հարբեցնում     ժողովուրդներին եւ վարակում մեծամտութեան  մոլուցքով:

Յանուն պատմական ճշմարտութեան փորձենք  անաչառ ներկայացնել Ազրպէյճանի ղեկավարի  մի  քանի կեղծարար մտքերի իրական եւ իրաւական   կողմերը` հիմք ընդունելով  ոչ թէ հայկական, այլ`  օտար աղբիւրները:

Սկսենք ըստ ժամանակագրութեան եւ դիմենք  փաստերին:

«Հայերի կողմից բռնագրաւուած  եօթ շրջաններում  երբեւէ  հայ բնակչութիւն չի եղել»: Իրականում  այդպէ՞ս է: Պատմական փաստերը վկայում են, որ  9-րդ դարում եկուոր իսլամադաւան ցեղերի հիմքի  վրայ ներկայիս  Ազրպէյճանի տարածքում  առաջացան Շիրվանշահերի կենտրոն Շամախու եւ  Շադադեանների կենտրոն Գանձակի ամիրայութիւնները: Նուաճողները  բռնութեամբ տեղի քրիստոնեայ ժողովուրդների (հիմնականում` աղուաններ եւ հայեր) շրջանում տարածեցին  իսլամական  կրօնը: Արաբական  արշաւանքներին  յաջորդեցին սելջուկեան, մոնղոլ-թաթարական եւ թուրքմէնական վաչկատուն ցեղերի  ասպատակութիւնները, որոնց արդիւնքում Արեւելեան Անդրկովկասում տիրապետող դարձան միջինասիական  ծագմամբ օղուզա-թուրքմէնական  ցեղերը: Չնայած դրան, երկրի հարթավայրային  մասում  իրենց  գոյութիւնը  պահպանեցին  քրիստոնէական ստուար հատուածներ` հայերից  եւ  աղուաններից  բաղկացած: Արեւելեան  Անդրկովկասի լեռնային մասի`  Խաչէնի, Փառիսօսի,  Գարդմանի, Դիզակի եւ այլ իշխանները մտնում էին Բագրատունեանց  թագաւորութեան  մէջ:

Առաջին եւրոպացին, ով գրառումներ է թողել դաշտային Ղարաբաղի  մասին (1420թ.) Յովհան Շիլտբերգերն է: Ըստ նրա` Կուր գետը հոսում է  հարթավայրային Ղարաբաղով եւ չնայած այն գտնւում է Հայաստանում, բայց  պատկանում  է  հեթանոսներին, որոնց  հայկական  գիւղերը  ստիպուած հարկ են վճարում:  Եւրոպացի  մէկ  այլ  ճանապարհորդ, Իոսաֆաթ Բարբարոն, 1476թ.  լինելով  Շամախի  քաղաքում, գրել է, որ քաղաքը  գտնւում  է Մեծ Հայքում, որի  բնակչութեան  մեծամասնութիւնը  հայեր  են:

1960-1964 թ.թ. ընթացքում Խորհրդային Հայաստանի եւ Ազրպէյճանի գիտութիւնների  ակադեմիաների միացեալ արշաւախմբի հայ անդամների կողմից պատմական Արցախ նահանգում  յայտնաբերուեցին, վերծանուեցին,  գծագրուեցին  եւ լուսանկարուեցին 1071 հայերէն  արձանագրութիւններ, իսկ ազրպէյճանցիները, շուրջ 50 արաբատառ պարսկերէն  տապանաքարերից  բացի, ազրպէյճանական ոչինչ  չգտան: Հարց  է  ծագում` եթէ  հայերը  «գրաւեալ»  տարածքներում  երբեւէ չեն բնակուել, ապա ովքե՞ր են կառուցել Ծիծեռնավանքը, Դադիվանքը, Կաւաքը,  արցախեան  Տիգրանակերտը  եւ այլն:  Այսքանը բաւական է յիշեցնելու մեր հարեւաններին,  թէ  ովքե՞ր են  պատմական Արցախի բնիկ տէրերը  եւ  ովքե՞ր` եկուորները:

«Ղարաբաղի խանութիւնն ազրպէյճանական պետութիւն է եղել, որի բնակչութեան կազմում  հայերն աննշան մաս են կազմել»: Այս հարցում մեզ օգնում  են  իսլամադաւան երեք  պաշտօնեայ,  ովքեր,  տարածական  եւ գաղափարական  առումով, շատ  հեռու են «բունիաթովեան դպրոցին» հետեւող ազրպէյճանցի  պատմագիրներից:

Առաջինը ցարական բանակի  սպայ Միրզա  Ադիգէօզալն  է, ով պարսկերէն  լեզուով շարադրել է Ղարաբաղի պատմութիւնը` «Ղարաբաղ  Նամէ»  աշխատութեան  մէջ (1840թ.), որ հետագայում թարգմանուել է ռուսերէն: Գրքից  նկատելի  է,  որ  Նադիր շահի` Մուղանի դաշտում (Արաքսի եւ Կուրի միջագետքը) կազմակերպած  հանդէսների  (1736թ.) ամենահեղինակաւոր հիւրերից մէկը Դիզակի  մելիքութեան  տիրակալ  մելիք  Եգանն  էր, ով նոյնիսկ  կերակրում էր շահական  բանակը` որքան  ժամանակ այն մնաց Մուղանում: Հայոց Աբրահամ կաթողիկոսի ձեռքով  թագադրուած  Նադիրի  համակրանքը  գրաւել էր նաեւ Ջրաբերդի մելիք  Ալլահ-Ղուլին,  որի  քաջագործութիւնների  համար  շահը նրան «սուլթանի»  տիտղոս էր շնորհել:  Ադիգէօզալն «Ազրպէյճան» աշխարհագրական  տարածքի տակ  նկատի  է ունեցել Իրանի հիւսիսային մասը` Ատրպատականը: Ուրիշ  բան  լինել չէր կարող, որովհետեւ Անդրկովկասում «Ազրպէյճան» վարչաքաղաքական միաւորը ծագել է  20-րդ  դարում:

Յաջորդ  իսլամադաւան  պատմագիրը,  ով  նոյնպէս  պարսկերէն  լեզուով  շարադրել  է «Ղարաբաղի  պատմութիւնը», 1797-1822 թ.թ.  Ղարաբաղի  խանութեան  առաջին  վեզիր  Ահմեդ  Ջիւանշիրն  է:  Վերջինս  քաջածանօթ  լինելով  օտար (այդ  թւում` հայկական)  սկզբնաղբիւրներին, ճշդօրէն  նկարագրել է Ղարաբաղի մարզի  սահմանները` նրա  դաշտային  մասն  Առան  կոչելով, Խամսայի  մելիքութիւնների կարգավիճակը, նրանց  կախուածութիւնն  Ատրպատականի  սարդարից (զօրքերի հրամանատար), Խաչէնի մելիքի զինուժը (2  հազար կռուող) եւ այլն:

Միայն մտօք կոյրը կարող  է  չնկատել,  որ Արցախի  հայկական  մելիքութիւնները համադաշնութեան  մէջ  են  եղել  եւ,  որպէս  քաղաքական  ուժ, յարգուած  Նադիր  շահի  կողմից,  որի  գլխաւորին` Դիզակի մելիք  Եգանին, շահը  խանի  տիտղոս  էր շնորհել: Ակնյայտ  է, որ հինգ մելիքութիւնները, վտանգի  պահին  կարող էին  թշնամու դէմ  մինչեւ 10.000 զօրք  հանել: Էլ  ո՞ւր մնաց  Ազրպէյճանի նախագահի մերկապարանոց  յայտարարութիւնը,  թէ  իբր Ղարաբաղում հայերը չնչին թիւ են կազմել:

Նադիր շահի սպանութիւնից (1747թ.) յետոյ Պարսկաստանում  կատարեալ  անիշխանութիւն էր տիրում, որի արդիւնքում  երկրի հիւսիսում եւ  Այսրկովկասում  առաջացան  20-ից  աւելի  խանութիւններ:  Այդ կործանարար աղէտը սկիզբ էր առել նաեւ Արցախի մելիքութիւններում, որոնց պառակտիչ գժտութիւններին ուշադրութեամբ հետեւում էր Փանահ-Ալի անունով մի թափառական ցեղի առաջնորդ, ով կարողացաւ նորաթուխ Ադիլ շահից Ղարաբաղի խանի տիտղոս կորզել եւ  քանդել Արցախի մելիքութիւնների միաբանութիւնն ու Վարանդայի մելիք  Շահնազարի աջակցութեամբ բնաւորուել  Շօշ  գիւղի հանդիպակաց  սարահարթում,  որը  հին բնակատեղի էր, որտեղ  դեռեւս 16-րդ դարում Տէր Մանուէլի կողմից Աւետարան է ստեղծուել (ի թուականութեան Հայոց ՊՀԷ, ի աշխարհիս Աղուանից, ի վիճակս Ամարասայ, ի գեղս Շուշու կոչեցեալ): Այդտեղ  նա  դաւաճան  մելիքի  հետ  համատեղ բերդ կառուցեց` տալով նրան Շուշա (հայերէն` Շուշի)  անունը: Բերդը վերակառուցուեց բացառապէս հայ վարպետների ձեռքով, քանզի եկուոր վաչկատուն քոչուորները հեռու էին արհեստներից, այդ թւում` շինարարական արհեստից: Մելիքների  անմիաբանութեան  պատճառով նուաճուեց Ղարաբաղի  լեռնաստանը,  որտեղ  եւ  թափառական ցեղերը բուն  դրեցին: Այսպէս, (Քոլանի) քրտական  ցեղը բնակեցուեց  ներկայիս Քարվաճառի տարածքում` Դադիվանքը վերածելով ոչխարների  մակաղատեղիի:

Կարծում ենք` այսքանը բաւարար է եզրայանգելու,  թէ  ինչպէս  կառուցուեց  Շուշիի բերդը, եւ  մահմետական  տարրերը  յայտնուեցին  Ղարաբաղում:

«Կուրակչայի, Գիւլիստանի եւ  Թուրքմէնչայի  միջազգային  պայմանագրերում  հայերի մասին որեւէ  խօսք  չկայ»: Այդ երեք պայմանագրերում  ազրպէյճանցիների  մասին  էլ որեւէ  խօսք չկայ`  որպիսիք գոյութիւն չունենալու  հասարակ  փաստով: Պարզապէս Շուշիի խանը, վասալական կախուածութեան մէջ գտնուելով Պարսկաստանից  եւ, զգալով առաջ  խաղաղացող ռուսական զօրքերի  ուժը,  ընդամէնը  փոխել  է իր տիրոջը եւ  ռուսական  ցարին  հաւատարմութեան  երդում  տուել, ինչն էլ  ձեւակերպուել է Կուրակչայի  (1805թ.)  դաշնագրով, որի  դրոյթներն  իրաւական  ձեւակերպում ստացան Գիւլիստանի պայմանագրով (1813թ.), որով իսկ Պարսկաստանը մէկընդմիշտ հրաժարուել եւ Ռուսաստանի մշտնջենական  սեփականութիւն  է  ճանաչել  Այսրկովկասի մի շարք այլ  խանութիւններ  եւ գաւառներ:  Իսկ  Թուրքմէնչայի  պայմանագիրը  (1828թ.) նշանաւորել է  վերջին  ռուս-պարսկական պատերազմի աւարտը: Կուրակչայի պայմանագիրը  ստորագրած  գեներալ  Ցիցիանովին  յիշատակողը  երեւի չի իմանում, որ  այդ  նոյն  գեներալի` ռուսական ցարին  ուղարկած  զեկոյցներում  նշւում  է, որ Ղարաբաղում  40-60  հազար հայ ընտանիք է բնակւում:  Եթէ հաշուի առնենք, որ իւրաքանչիւր  ընտանիքում առնուազն  5-6  հոգի  են բնակուել,  ապա  ինչպէ՞ս  կարելի  է  այդքան  հայ  բնակչութիւն  ունեցող երկրամասն ազրպէյճանական անուանել: Նոյն  անհեթեթ  տրամաբանութեամբ  կարելի  է պնդել, որ 9-11-րդ  դարերում բիւզանդական  կայսրութիւնը  յունական  պետութեան  չի  եղել,  քանի որ այնտեղ երկու  դար  անընդմէջ  իշխում  էր  հայկական  հարստութիւնը:

(Եթէ Ղարաբաղը հայկական տարածք  է, ապա  ինչո՞ւ  նախկինում  այդ  տարածքում որեւէ հայկական քաղաք չի  եղել):  Այս  պնդումն  Ազրպէյճանում հայերին  եկուոր ժողովուրդ  ներկայացնելու նպատակ է  հետապնդում:  Բայց  փաստերը  հակառակն  են ապացուցում:  Միջնադարում, մի  քանի  հարիւրամեակ,  Արցախ-ուտիքեան  հայաշխարհի մայրաքաղաքը  եւ  Հայաստանեայց  Առաքելական  Սուրբ Եկեղեցու Աղուանից  թեմի  կաթողիկոսական  աթոռանիստ  կենտրոնը`  հայոց  հինաւուրց Պարտաւ (արաբերէն  եւ թուրքերէն`  Բարդայ)  քաղաքն  է  եղել,  որտեղ  միայն 8-րդ դարում հայոց հայրապետների գլխաւորութեամբ եւ Հայաստանի  նախարարական  խոշոր տների ներկայացուցիչների մասնակցութեամբ երեք  եկեղեցական ժողով է գումարուել: Քաղաքը եղել է զուտ հայկական` հայ  բնակչութեամբ,  հայ  հայրապետներով, հայ  իշխաններով եւ  մշակոյթի  հայկական  կոթողներով:  10-րդ դարի արաբ պատմիչ Ալ Իսթահրին «թագաւորական  ճանապարհների  մասին» գրքում  նշում  է,  որ  Պարտաւի  բնակիչները  ծագումով  հայեր  են,  եւ որ Պարտաւից մինչեւ Դուին ճանապարհն անցնում է հայերի  հողերով,  որոնք  պատկանում  են  հայոց  արքայ  Սմբատին:  Միրզա Ջիւանշիրը  նոյնպէս գտնում է, որ Ղարաբաղի մարզում կառուցուած առաջին քաղաքը Պարտաւն էր, որի  բնակիչները  նախկինում  հայեր  են  եղել:  Մէկ  այլ  պատմական  հայկական  քաղաքի  աւերակները  յայտնաբերուել  են  ներկայիս Մարտակերտի շրջանի հարաւ-արեւելքում, Խաչէն գետի աջ  ափին:  Քաղաքը  կառուցուել  է հայոց արքայ  Տիգրան  մեծի  կողմից`  կրելով նրա  անունը: Տիգրանակերտ քաղաքի  պեղումները  շարունակւում  են:

Ռուսական բանակի սպայ  Բաքիխանովը  պարսկերէն  լեզուով  շարադրած  «Գիւլիստանի Իրամ» գրքում  միանգամայն  ճիշդ  արձանագրել է, որ  պատմական  Հայաստանի արեւելեան սահմանը ձգուել է մինչեւ Կուր եւ Արաքս գետերի  միախառնման  վայրը  եւ  որ Արեւելեան  Այսրկովկասի մահմետական  տարրերն  արաբների,  պարսիկների, թուրքերի  եւ  մոնղոլների  յետնորդներն  են  հանդիսանում:

20-րդ դարում լոյս տեսած  աշխարհի  ամենահեղինակաւոր, այդ  թւում` իսլամական  հանրագիտարանները  «Ազրպէյճան»  աշխարհագրական  անուանումը  վերագրում են  իրանական  Ատրպատականին:  Ինչ  վերաբերում  է «ազրպէյճանցի» վիճելի  էթնոսին, ապա դա 1936թ.  ստալինեան  Սահմանադրութեան  արտադրանք  է: Աւելի վաղ նրանք կոչուել են թուրքեր, կովկասեան թաթարներ կամ  մուսուլմաններ, եւ նոյնիսկ ստալինեան համակենտրոնացման  ճամբարներում մինչեւ 1939թ. ազրպէյճանցիներին գրանցում  էին «այլ ժողովուրդներ» սանդղակի  ներքոյ:

«19-րդ  դարում  Երեւանի  բնակչութեան  80  տոկոսն ազրպէյճանցիներ  են  եղել  եւ քաղաքը Հայաստանի Հանրապետութեանը զիջել է Ազրպէյճանի  Ժողովրդավարական Հանրապետութիւնը»: Այդ  ցնորքը «մեծն  Թուրան»  ծրագրին նոր շունչ հաղորդելու միտում ունի:  Նոյնիսկ չի երեւում, թէ խօսքը 19-րդ դարի ո՞ր  ժամանակահատուածի մասին  է`  դարասկզբի՞,  դարի կէսերի՞, թէ՞ դարավերջի եւ ի՞նչ  փաստերով  են  դրանք հիմնաւորուած: Եթէ դարասկզբի  մասին  է  խօսքը, ապա Երեւանում  ընդամէնը  6000  հոգի  է  բնակուել` հայեր, պարսիկներ,  թուրքեր,  քրտեր,  թուրքմէններ,  բոշաներ,  բայց` ոչ  ազրպէյճանցիներ:  19-րդ  դարի  կէսերին եւ վերջերին  հայ  տարրն արդէն  գերակշռող  էր ինչպէս Երեւանի  նահանգում,  այնպէս էլ նրա կենտրոնում:  Իսկ եթէ  19-րդ  դարի սկզբից աւելի  քան 200  տարի յետ  գնանք,  կը տեսնենք, որ մեծ գաղթի նախօրեակին (1604թ.) Երեւանում բնակուել է 377  հարկատու  քրիստոնեայ  ընտանիք  ընդդէմ  29  մահմետական  ընտանիքի:

Ցարական Ռուսաստանի օրօք  Երեւան քաղաքը Հայկական  մարզի, իսկ  այնուհետեւ` Երեւանի նահանգի կենտրոնն էր: Երբ թուրք-անդրկովկասեան  պատերազմի  արդիւնքում Կարսը յանձնուեց թուրքերին (25.04.1918թ.),  վերջիններս  Պաթումիում  մեկուսի  բանակցութիւնների մէջ  մտան հայոց եւ վրաց Ազգային  խորհուրդների ու Կովկասի մուսուլմանական խորհրդի հետ: Վերջինիս  ախորժակն  այնքան մեծ էր,  որ ոգով եւ արեամբ  իրենց հետ կապուած թուրքերից  պահանջեցին  նաեւ Երեւան  քաղաքը` հայերին թողնելով Էջմիածինն իբրեւ մայրաքաղաք:  Թուրքերն  էլ  պակաս  ախորժակ չունէին իրենց ցեղակիցներից   եւ ջանում էին Երեւանի նահանգից  տարածքներ  պոկել: Եւ երբ մուսուլմանների  Ազգային  խորհուրդը 1918թ.  մայիսի  28-ին  հռչակագիր   ընդունեց`  «Արեւելակովկասեան  մուսուլմանական  Հանրապետութեան  մասին», ապա Պաթումիում գտնուող մուսուլմանական պատուիրակութեանը հաղորդեց` Երեւան քաղաքի նկատմամբ  իրենց  նկրտումներից  հրաժարուելու  մասին: Ազրպէյճանի ղեկավարի  ակնարկը հէնց այդ  դէպքերի  մասին  է: Ակնարկն  ակնարկ, բայց  զաւեշտն  այն  է, որ  մի  նորածին  հանրապետութիւն  ինչպէ՞ս եւ ի՞նչ իրաւունքով կարող  էր Երեւան քաղաքը յանձնել Հայաստանին, երբ ընդամէնը մէկ օրական  էր: Ներկայումս Երեւանի «գրաւումն» Ազրպէյճանը դարձրել է պետական եւ  ռազմավարական  կարեւորագոյն  խնդիր:

«Հայերը զաւթիչներ են եւ բռնագրաւած  տարածքներում  էթնիկական զտման են ենթարկել  ազրպէյճանցիներին»: Այս  պարագայում Պաքուն փորձում է  ցաւթիչից անցնել զոհի  կարգավիճակի,  մոռանալով,  որ իր կողմից  սանձազերծած պատերազմում, 1992թ. յունիս-յուլիս ամիսներին նախկին  ինքնավար մարզի տարածքի կէսից աւելին բռնազաւթուել  էր  Ազրպէյճանի  կողմից.  ընկել  էին  Գետաշէնի ենթաշրջանը, Շահումեանի շրջանը, Մարտակերտի,  Ասկերանի եւ Հադրութի  շրջանների  մի  շարք  բնակավայրեր:  Ռումբերը  թափւում  էին  Ստեփանակերտ  քաղաքի  վրայ: Ազրպէյճանական  բանակում  հայ  ժողովրդի  դէմ  կռւում  էին  հազարաւոր  աֆղան,  չեչէն  եւ  այլազգի  վարձկաններ:  Գերի ընկած  վարձկան  մոջահեդ  Բաբերզաիդը  յայտնել  է, որ  Ազրպէյճանի  բանակում  եղել  է աւելի քան 2500 մոջահեդ: Աղդամի ուղղութեամբ չեչէն վարձկաններին  առաջնորդում էր  տխրահռչակ  Շամիլ  Բասաեւը:  Ուքրանիայի  Հանրապետութեան  քաղաքացի,  վարձկան  օդաչու Իւրի Բելիչենկոն,  1992թ.  յուլիսի  30-ից  մինչեւ  օգոստոսի  20-ը  16 աւիաթռիչք է կատարել Արցախի տարածքի վրայ` ռմբակոծելով  հանրապետութեան բնակավայրերը եւ կենսական նշանակութեան օբյեկտները:

Մի՞թէ նման պայմաններում հայերն ինքնապաշտպանութեան  իրաւունք չեն ունեցել:

«Հայ ժողովուրդն ինքնորոշուել  է`  ունի  Հայաստան  պետութիւնը, ուստի կարող են «ինքնորոշուել»  երկրագնդի  վրայ  որեւէ  այլ  տեղ` Ազրպէյճանի  տարածքից   դուրս»:  Այստեղ Պաքուն  մոռանում է, որ օղուզ թուրքերը  երեք  անգամ  ինքնորոշուել  են հայ ժողովրդին  պատկանող  պատմական  հողերի  վրայ` Թուրքիա,  Ազրպէյճան,  Նախիջեւան եւ  հիմա  էլ` Արցախը  լքած  ազրպէյճանցի  բնակչութեան  պարագայում:

«Շահումեանի շրջանը երբեւէ Լեռնային Ղարաբաղի կազմում չի եղել»: Բերենք հակառակը  հաստատող  անհերքելի  փաստեր: Պատմական Արցախի հինգ մելիքութիւններից մէկը` Գիւլիստանը, տարածուել է Գանձակ (ներկայիս Գեանջայ)  քաղաքից մինչեւ Թարթառ գետը` ընդգրկելով Խորհրդային Ազրպէյճանի  կազմում 1923թ. ստեղծուած Խանլարի եւ Շահումեանի շրջանները, իսկ Գետաշէնի ենթաշրջանը մտնում էր Խանլարի շրջանի կազմի մէջ: Այդ վարչատարածքային միաւորների հայ բնակչութիւնը խորհրդային իշխանութեան տարիներին բազմիցս հարց է բարձրացրել` Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի  կազմի մէջ ընդգրկելու վերաբերեալ, սակայն միշտ էլ մերժուել է Ազրպէյճանի իշխանութիւնների կողմից: 1989թ. նոյեմբերի 29-ին Գետաշէն գիւղում 300 պատգամաւորի մասնակցութեամբ տեղի  ունեցած ենթաշրջանի հայութեան առաջին համագումարը ստեղծեց Ազգային խորհուրդ` որպէս տարածաշրջանի իշխանութեան եւ կառավարման միակ մարմին: Խորհրդի որոշմամբ Գետաշէնի ենթաշրջանը դուրս բերուեց Խորհրդային Ազրպէյճանի վարչատարածքային ենթակայութիւնից եւ միացուեց Շահումեանի շրջանին:

«Լեռնային  Ղարաբաղի  պետական  անկախութեան  հիմունքների  մասին»  սահմանադրական  օրէնքում (08.01.1992թ.) ամրագրուած է հանրապետութեան տարածքը` ներառելով մայրաքաղաք Ստեփանակերտը, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի,  Շահումեանի եւ Շուշիի շրջանները: Բնական է` Շահումեանի շրջանը պէտք է մտնէր նորաստեղծ հանրապետութեան տարածքի մէջ, քանի որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակումը տեղի է ունեցել  ժողովրդական պատգամաւորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում: Ցաւօք, հետագայ իրադարձութիւններն այլ ընթացք ունեցան: Խորհրդա-ազրպէյճանական «օղակ» ահաբեկչական ռազմագործողութեան արդիւնքում Հիւսիսային Արցախը հայաթափուեց, եւ Ազրպէյճանի ղեկավարութիւնը Շահումեանի շրջանն ու Գետաշէնի ենթաշրջանը բռնակցեց Կասում-Իսմայլովի շրջանին` ստեղծելով նոր Գերամբոյի շրջան:

Միւնխենեան  հանդիպումը  ցոյց  տուեց,  որ  Պաքուն  ցանկանում  է ստանալ  ամէն ինչ`  հայերին չթողնելով ոչինչ: Նա նոյնիսկ  չի  ընդունում 1988թ.  իրերի վիճակը: Այդ առումով, վերջերս (24.02.2020թ.) Թուրքիայի նախագահ Էրտողանի հետ հանդիպման ժամանակ Ազրպէյճանի ղեկավարը հեգնանքով  ասել  է, թէ` «հայերը չեն իմանում` ինչ են ուզում,  մէկ  ասում  են`  Լեռնային Ղարաբաղն  անկախ  պետութիւն  է, մի  ուրիշ դէպքում` Լեռնային  Ղարաբաղը  Հայաստան  է: Նրանք չեն իմանում,  ինչ  է  Լեռնային Ղարաբաղը:  Մենք  կարող ենք  յայտնել`  Լեռնային Ղարաբաղը  Ազրպէյճան  է»:

Մենք  էլ մեր  հերթին  կարող  ենք  յայտնել,  որ  Արցախի վաղուց  է իրականացրել ինքնորոշման իր իրաւունքը:  Եւ  եթէ  Պաքուն  Արցախ  է տենչում,  ապա Արցախն  իր անկախ պետականութիւնն  է կերտում`  շէնացնելով  իր սուրբ Հայրենիքը:

Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )