Վ. Յ.
Հայաստան
Ի տարբերութիւն Վրաստանի միանշանակ արեւմտեան կողմնորոշմանը կամ Ազրպէյճանի` գրեթէ 25 տարուայ ալիեւեան քաղաքական ուղղութեան` այսօր դժուար է որոշակիօրէն ձեւակերպել Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումները միջազգային յարաբերութիւններում:
ՀՀ առաջին նախագահը, չնայած մեր ժողովրդի տարած յաղթանակին ու Հարաւային Կովկասում ամենամարտունակ բանակն ունենալու փաստին, կոչ արեց վերադարձնելու ԼՂ-ն Ազրպէյճանի տիրապետութեան տակ` այդ գնով հաստատելու խաղաղութիւն, վերացնելու շրջափակումը, բացելու ճանապարհները, հաստատելու բարիդրացիական յարաբերութիւններ Թուրքիայի հետ եւ լուծելու երկրի ընկերային-տնտեսական խնդիրները:
Անձնատուր լինելու այս կոչը բնականաբար զայրացրեց ու չընդունուեց ո՛չ ժողովրդի, ո՛չ քաղաքական ու հասարակական գործիչների, ո՛չ զինուորականների կողմից, ի հարկէ, բացառութեամբ ՀՀՇ-ի ու նրա հետեւորդների, որոնք առ այսօր էլ դրա աշխուժ քարոզիչներն են, եւ յանգեցրեց նախագահի հրաժարականին: Այս քայլը նաեւ զարմացրեց տարածաշրջանում իրենց շահերը հետապնդող խաղացողներին, մասնաւորապէս` Իրանին եւ Ռուսաստանին, քանի որ միտուած էր խառնելու տարածաշրջանում ձեւաւորուած ուժային շառաւիղների դասաւորութիւնը:
Յաջորդ նախագահը վերադարձրեց ՀՀ-ն քաղաքական իրականութեան դաշտ: Նա ձեռնամուխ եղաւ Հայաստանի եւ Արցախի պետական կառոյցների, տնտեսութեան ու ֆինանսական համակարգի կարգաւորմանը, բանակի հզօրացմանը, բարելաւեց բնակչութեան տնտեսական ու ընկերային վիճակը, եւ այդ ամէնը` ոչ թէ տարածքներ յանձնելու գնով, այլ` տնտեսական բարեփոխումների ճանապարհով: Զարգացնելով ու խորացնելով առեւտրատնտեսական, ռազմաքաղաքական, ուժանիւթային եւ հաղորդակցութեանց յարաբերութիւնները ՌԴ-ի հետ` դրանք հասցրեց ռազմավարական, դաշնակցային մակարդակի: Յարաբերութիւնները Վրաստանի եւ Իրանի հետ վերածուեցին արդիւնաւէտ համագործակցութեան առեւտրի, ուժանիւթային, հաղորդակցութեանց ոլորտներում: Զարգանում էին յարաբերութիւնները նաեւ միւս բոլոր ուղղութիւններով: Վերականգնուեցին Հայաստան- սփիւռք յարաբերութիւնները: Սփիւռքը ոչ միայն օժանդակեց հայրենիքում տնտեսական ծրագրերի իրագործմանը, այլեւ աշխուժ քարոզչական եւ լոպիինկի գործունէութիւն ծաւալեց ի նպաստ Հայաստանի եւ Արցախի:
Զգալիօրէն բարձրացաւ երկրի միջազգային հեղինակութիւնը, աւելի ծանրակշիռ էին դառնում ՀՀ դիրքերը ԼՂՀ-ի շուրջ վարուող բանակցութիւններում, արտաքին քաղաքականութիւնն ուղղուած էր հայկական երկու պետութիւնների շահերի հետեւողական պաշտպանութեանը միջազգային յարաբերութիւններում:
Հայաստանեան նէօլիպերալները չներեցին այս ամէնը Ռ. Քոչարեանին: Նախագահութեան ողջ ընթացքում կեղծ մեղադրանքներով զրպարտեցին նրան, վարկաբեկեցին մարտի 1-ին կազմակերպուած անկարգութիւններով:
Երրորդ նախագահի կառավարման տարիները կը յիշուեն որպէս իներցիոն զարգացման, տնտեսական լճացման տարիներ: Նրա կառավարման ժամանակահատուածում պետական պարտքը հասաւ 7 միլիառ տոլարի, քաղաքական դաշտը լցուեց արտառոց վարքագիծ ու կասկածելի կենսագրութիւն ունեցող անձնաւորութիւններով, պետական եւ քաղաքական պաշտօններում ոչ համապատասխան մարդկանց նշանակումներով, պետաիրաւական համակարգի պատեհապաշտ բարեփոխումներով, վերջապէս` խորհրդարանական կառավարման անցումով եւ տարբեր բնագաւառներում կատարուած այլ փորձարարութիւններով: Միջազգային յարաբերութիւններում այդ տարիներին առանձնակի առաջխաղացումներ չգրանցուեցին, աւելի՛ն, երկրի համար կարեւոր յարաբերութիւնները Վրաստանի եւ Իրանի հետ կորցրին իրենց աշխուժութիւնը: Արտաքին քաղաքականութեան բնագաւառում ընդհանուր առմամբ պահպանուեցին, բայց չզարգացան նախկինում ձեւաւորուած ուղղութիւնները: Երրորդ նախագահը, սակայն, ձեռնարկեց քայլեր` նախկին նախագահի կողմից մերժուած ուղղութիւններով: Փորձեց կարգաւորել յարաբերութիւնները Թուրքիայի հետ, ստորագրեց հայ-թուրքական արձանագրութիւնները: Փաստաթղթի կնքման նախօրէին հրաժարուեց լայնօրէն գովազդուած ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնուած գործընկերութեան համաձայնագիրը ստորագրելուց եւ անմիջապէս յայտարարեց Հայաստանի` ԵԱՏՄ մտնելու որոշման մասին` անակնկալի բերելով երկրի կառավարութեանը: Ներքաղաքական կեանքում նոյնպէս արտառոց իրադարձութիւններ տեղի ունեցան: Մարտի 1-ի կազմակերպիչները դուրս եկան բանտերից եւ մտան ԱԺ, ի յայտ եկան զինուած ահաբեկչական խմբեր, որոնցից «Սասնայ ծռեր»-ը դիմեց զինուած գործողութեան, ձեւաւորուեց «Ելք» խորհրդարանական խմբակցութիւնը, որը կոչ էր անում դուրս գալու ԵԱՏՄ-ից եւ հայհոյում էր մեր դաշնակիցներին:
Արցախի հարցի շուրջ Մինսքի խմբի շրջանակներում վարուող բանակցութիւններն ընթանում էին սովորական հունով` առանց նշանակալի դիւանագիտական տատանումների: Սակայն 2016 թ. ապրիլի 1-ի ազրպէյճանական յարձակումը հիմք տուեց ենթադրելու, որ հակամարտութիւնը նոր փուլ է մտնում եւ փոխում է կողմերի դիրքային յարաբերակցութիւնը թէ՛ դիւանագիտական, թէ՛ ռազմաքաղաքական դաշտում: Ինչու՞ էին ծրագրել, եւ ո՞վ էր խրախուսել ազրպէյճանական այս յարձակումը, ի՞նչ նպատակներ էր այն հետապնդում: Արդեօք այն հետախուզական նպատակներ ունէ՞ր` պարզելու Արցախի դիմադրութեան հնարաւորութիւնները կամ Ռուսաստանի եւ ՀՀ միւս դաշնակիցների արձագանգը հնարաւոր պատերազմի դէպքում, ինչպէս դա եղաւ 2008 թ. վրացիների կողմից Հարաւային Օսէթիայի վրայ յարձակման ժամանակ: Այս հարցերը կարօտ են պատասխանի` հասկանալու համար այսօրուայ զարգացումները:
Երրորդ նախագահը հասցրեց դառնալ «սուփըր» վարչապետ, այդ պաշտօնում դիմաւորեց թաւշեայ յեղափոխութիւնը եւ հրաժարական տուեց: Այսպէս, նա կամայ թէ ակամայ Ն. Փաշինեանին դարձրեց «սուփըր» վարչապետ:
Թաւշեայ յեղափոխութիւնից անցել է երկու տարի, եւ դեռ առաջին օրերին դրա առաջնորդի հռչակած կարգախօսների իրականացման փոխարէն` մենք ականատես ենք հակառակ արդիւնքներին: Տնտեսվարման, պետաիրաւական հին համակարգերը անցան յեղափոխական անձնակազմի ձեռքը, որոնք, կառավարման փորձ չունենալով, անկարող լինելով տնտեսական զարգացման ծրագրեր կազմելու եւ իրականացնելու` ստիպուած են ենթարկուել հին ընթացքին եւ վաղ թէ ուշ կազմելու են իրենց փտածութեան ուրուագծերը: Օրինականութիւնը երկրում, ճիշդ կը լինէր ասել` անօրինականութիւնը, իրականացւում է յեղափոխական ոճով` «ասֆալթին պառկեցնելու», «պատերին ծեփելու» եւ «թաթիկները կտրելու» սպառնալիքներով: Սիրոյ յեղափոխութիւնը վերածւում է հների եւ նորերի միջեւ ատելութեան, հասարակութիւնը բաժանւում է սեւերի ու սպիտակների, ժողովրդավարութեան զարգացման փոխարէն` սերմանւում է անհանդուրժողականութիւն: Այս ամէնը տարածուելով ու խորանալով` ընդգրկում է հասարակութեան բոլոր ոլորտները` բանակը, կրթութիւնը, մշակոյթը, պիզնեսը, ընտանիքները, Արցախ-հայաստան յարաբերութիւնները: Ի վերջոյ, «յեղափոխական» այս վարակը ներարկւում է ամէն մի «հպարտ քաղաքացու», այլասերում է նրանց, վերածում ազգային-բարոյական արժէքներից զուրկ անձնապաշտ արարածների, որոնք սնւում են բամբասանքներով եւ իրենց հերթին վարկաբեկում են, կեղծ մատնութիւններ են անում` այդպիսով փորձելով ինչ-որ բան շահել իրենց համար:
Նկատի ունենալով այս երեւոյթները եւ դրանց խորացման միտումները` ի՞նչ կարող ենք սպասել Արցախի խնդրի լուծման առումով: Ին՞չ կարող ենք սպասել, երբ հայ ազատականները ձգտում են օտարացնելու Արցախը Հայաստանից, պառակտում սերմանելու հայաստանցիների ու արցախցիների միջեւ` վարկաբեկելով արցախեան հերոսներին, սպաներին եւ այդպիսով նսեմացնելով մեր ազգային-ազատագրական պայքարի արցախեան հանգրուանը: Այն դէպքում, երբ Արցախի համար պայքարը մեր պետութեան ինքնիշխանութեան, միջազգային յարաբերութիւններում հեղինակութեան եւ ազգային արժանապատուութեան գրաւականն է:
Արցախի խնդրի լուծմանն ուղղուած մօտեցումները փորձաքար են դարձել պետութեան իւրաքանչիւր ղեկավարի կամ քաղաքական ուժի համար: Դրանք փորձաքար են նաեւ այսօրուայ յեղափոխական իշխանութիւնների համար: Ստանձնելով իշխանութիւնը` Ն. Փաշինեանը յայտարարեց, որ մերժում է խնդրի լուծման նախկինում եղած քաղաքական ու դիւանագիտական ջանքերը եւ գործընթացները սկսում է զերոյից: Սակայն այս երկու տարուայ ընթացքում նա չներկայացրեց որեւէ յստակ դիրքորոշում, հարցի արդար լուծման որեւէ ճանապարհ, որով կը համախմբէր մեր ժողովրդին: Հակառակը` յեղափոխականների` վերը նշուած պառակտիչ գործունէութիւնն աւելի ակնյայտ է ու վտանգաւոր: Արցախի վերաբերեալ Փաշինեանի յայտարարութիւնները պառակտել են մեր ժողովրդին: Օրինակ` կարո՞ղ է հայ ժողովուրդը համաձայնել «Ղարաբաղեան խնդրի վերաբերեալ ցանկացած որոշում պէտք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար», կամ` «Ժողովուրդներին պէտք է պատրաստել խաղաղութեան» կոչերին: Չքննարկելով դրանց անհեթեթութիւնը` նշենք միայն, որ նման յայտարարութիւնները տեղին կը հնչէին որեւէ օտար պետութեան արտգործնախարարի դէպքում: Եթէ նոյնիսկ մի պահ ենթադրենք, որ ՀՀ «հպարտ» քաղաքացիները համաձայն են դրանց եւ եռանդագին սկսում են պատրաստուել խաղաղութեան, ապա անհնարին է պատկերացնել, որ ՀՀ համեստ քաղաքացիները, արցախցիները կը համաձայնեն դրանց: Քաղաքական տեսանկիւնից անլուրջ այս յայտարարութիւնները կոչուած են քօղարկելու «զերոյից սկսելու» մասին լուրջ վտանգ ներկայացնող յայտարարութիւնը: Նախ` բանակցային գործընթացի զերոյացումը նշանակում է, որ հայկական կողմից բանակցութիւններին ներկայացուող եւ մինչ յեղափոխութիւնը հետեւողականօրէն պաշպանուող դիրքորոշումները, մասնաւորապէս` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը, այլեւս չեն քննարկւում, եւ դրանց փոխարէն` սեղանին են դրուել Մատրիտեան սկզբունքները, այսինքն` խնդրի լուծման փուլային տարբերակը: Թերեւս սա է պատճառը, որ, չնայած ՀՀ եւ ԱՀ արտգործնախարարների եռօրեայ (11 ժամ) հանդիպմանը Ժընեւում եւ Ալիեւ-Փաշինեան դէմ առ դէմ հանդիպմանը Միւնիխում` առանց ԵԱՀԿ ՄԽ միջնորդների ներկայութեան, ՀՀ վարչապետը յամառօրէն ժխտում է ազրպէյճանցիների հետ բանակցութիւնների փաստը` գուցէ թաքցնելու համար այն, որ բանակցութիւններն ընթանում են Պաքուին ձեռնտու հունով:
Երկրորդ` եթէ զերոյացնում ես արցախեան գործընթացը, ապա դրանով զերոյացնում ես արցախեան յաղթանակը, Արցախի Հանրապետութեան գոյութիւնը, օտարում ես այն Հայաստանից, հակամարտութիւնը յանգեցնում ես միջցեղային վէճի` ազրպէյճանական պետութեան տարածքում ապրող հայերի եւ ազրպէյճանցիների միջեւ:
Եթէ դու զերոյացնում ես արցախեան յաղթանակը, այսինքն` ազգային-ազատագրական պայքարում քո յաղթանակը, ապա դրա հետ մէկտեղ զերոյացնում ես հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարի ողջ պատմութիւնը: Վերջապէս, զերոյացնում ես հայկական պետութեան ինքնիշխանութիւնը:
Հրապարակներում, տարբեր դահլիճներում, միջազգային հանդիպումների ժամանակ յեղափոխութեան առաջնորդի իրերամերժ յայտարարութիւնները, լայն շրջագծով ճօճքը արտաքին քաղաքական դիրքորոշումներում, ՀՀ արտաքին քաղաքականութեան, ինչպէս նաեւ անվտանգութեան հայեցակարգերի բացակայութիւնը հնարաւորութիւն չեն ընձեռում պատկերացնելու, թէ որո՛նք են ՀՀ արտաքին քաղաքականութեան բնութագրերը, անհասկանալի եւ անկանխատեսելի են դարձնում ՀՀ վարքագիծը միջազգային յարաբերութիւններում, արժէզրկում են երկրի հեղինակութիւնը: Եթէ այսպէս շարունակուի, ապա կը յայտնուենք զաւեշտալի իրավիճակներում. օրինակ` այն դէպքում, երբ հարեւանները պատրաստւում են պատերազմի, մեր իշխանութիւնները մեզ պատրաստում են խաղաղութեան:
Այսպիսով, եթէ Մերձաւոր Արեւելքում իրադարձութիւնները զարգանան հակասութիւնների սրման ճանապարհով, եւ Հարաւային Կովկասը նոյնպէս վերածուի տարածաշրջանում իրենց շահերը հետապնդող տէրութիւնների հակադրման դաշտի, ապա որքանո՞վ է Հայաստանը պատրաստ լինելու դիմակայելու դրանից բխող մարտահրաւէրներին:
Ուժերի ի՛նչ դասաւորութիւն կը հաստատուի տարածաշրջանում, աշխարհաքաղաքական ինչպիսի՛ տեղաշարժեր կը լինեն, եւ ի՛նչ հետեւանքներ կ՛ունենան դրանք հայկական երկու պետութիւնների համար` կախուած կը լինի ոչ միայն մեր առարկայօրէն ունեցած աշխարհաքաղաքական նշանակութիւնից եւ արժէքից, այլեւ` հասարակութեան համախմբուածութեան աստիճանից, պետական համակարգի արդիւնաւէտ աշխատանքից, սպայական ու զինուորական կազմերի ռազմական պատրաստականութիւնից եւ հայրենասիրական ոգուց, ազգային եւ պետական արժէքներին ու շահերին նուիրուած քաղաքական ղեկավարութիւնից, դաշնակիցների հետ յարաբերութիւնների մակարդակից, նպատակաուղղուած քաղաքական եւ դիւանագիտական գործունէութիւնից:
Առաջին անգամ չէ, որ Հայաստանը յայտնւում է նման իրավիճակում:
1918 թ. ծանրագոյն պայմաններում վերականգնուեց հայոց պետականութիւնը, ստեղծուեց մարտունակ բանակ, ազատագրուեցին ու մէկ պետութեան մէջ միաւորուեցին մօտ 70 հազար քառ. քմ հայկական տարածքներ, ձեւաւորուեց պետական համակարգ: Եւ այս ամէնը` երկու տարուայ ընթացքում: Սակայն նոյն այդ երկու տարուայ ընթացքում տեղի ունեցած քաղաքական տեղաշարժերը տարածաշրջանում յանգեցրին ՀՀ-ի համար վտանգաւոր ռազմաքաղաքական վերադասաւորումների: Ռուսթուրքական դաշինքի պատճառով Հայաստանը կորցրեց իր աշխարհաքաղաքական նշանակութիւնը եւ տարածքների մեծ մասը: Իշխանութեան եկան հայ պոլշեւիկները, որոնք քայքայիչ գործունէութեան` արդէն երկու տարուայ փորձ ունէին եւ ընդամէնը մի քանի ամսում քանդուքարափ արեցին պետութիւնը, սպանեցին կամ բանտարկեցին հարիւրաւոր պետական-հասարակական գործիչների ու մտաւորականների, քարոզեցին եղբայրութիւն թուրքերի հետ եւ սպասում էին համաշխարհային յեղափոխութեան գալստեանը:
1991 թ. Հայաստանը նորից անկախացաւ, պայքարեց եւ ազատագրեց Արցախը: Երկու-երեք տարի անց ազրպէյճանական ուժանիւթի պաշարների համար պայքարը նորից վերադասաւորեց քաղաքական նախընտրութիւնները տարածաշրջանում` ի նպաստ Ազրպէյճանի եւ ի վնաս Հայաստանի: Արեւմուտքը խորհուրդ տուեց Հայաստանին` զբաղուելու ազատական արժէքների քարոզչութեամբ ու հաստատմամբ, իսկ Ազրպէյճանին` նաֆթատարներ ու կազատարներ կառուցելով:
Իշխանութեան եկած հայ նոր ազատականները, արցախեան ազատամարտին զուգահեռ, փլուզեցին արդիւնաբերութիւնն ու թալանեցին պետական ունեցուածքը, նսեմացրին սփիւռքը, սպաննեցին ու բանտերը նետեցին հարիւրաւոր քաղաքացիների:
Յաջորդ տասը տարում Հայաստանը նորից վերականգնեց խարխլուած պետականութիւնն ու միջազգային հեղինակութիւնը, որոնք դեռ լրիւ չէին մսխուել, երբ յայտնուեց «սուփըր» վարչապետը, եւ նորից սկսուեց պետութեան քանդումը: Թւում է, թէ ինչ-որ ուժեր յամառօրէն փորձում են ապակայունացնել Հայաստանը, ստեղծել վախի, անվստահութեան մթնոլորտ, խեղել մարդկանց հոգեբանութիւնը եւ դարձնել նրանց կամազուրկ:
Ամբողջ հարցն այն է, թէ, հասնելով այս վիճակին, հայ ժողովուրդը ի վիճակի կը լինի՞ եւս մէկ անգամ ոտքի կանգնելու: Վստահ լինենք, որ այո՛, սակայն յուսանք նաեւ, որ նէօպոլշեւիկներն ու նէօլիպերալներն այլեւս դերակատար չեն լինի մեր կեանքում:
«Դրօշակ»
2-2020