Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Յովհաննէս Քաջազնունու Գործունէութիւնն Արտասահմանում

Փետրուար 13, 2020
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
ԵՊՀ Սփիւռքագիտութեան ամպիոնի ասիստենտ

Միաժամանակ Յ. Քաջազնունու գլխաւորած պատուիրակութիւնը այցելում է Սպիտակ տուն եւ հանդիպում նախագահի անձնական քարտուղար Թումիլթիի հետ: Յաջորդ օրը` հոկտեմբերի 12-ին, Յ. Քաջազնունու պատուիրակութիւնը հանդիպումներ է ունենում ծերակուտականներ Ուիլեամսի եւ Լոճի, ապա արտաքին քարտուղար Լենսինկի եւ փոխնախագահ Մարշալի հետ (46): Հոկտեմբերի 15-ին Յ. Քաջազնունու գլխաւորած պատուիրակութիւնը մի շարք բարձրաստիճան պետական պաշտօնեաների հետ հանդիպումից յետոյ վերադառնում է Նիւ Եորք: Ինչպէս վերը արդէն նշեցինք, հոկտեմբերի 12-ին Նիւ Եորք ժամանեց նաեւ Ազգային պատուիրակութեան լիազօր ներկայացուցիչ փրոֆ. Տէր Յակոբեանի գլխաւորած պատուիրակութիւնը: Սկզբնական շրջանում Ամերիկայում լոյս տեսնող զանազան հայկական թերթեր, որոնք ընդդիմադիր հայեացքներ ունէին ՀՅԴ-ի նկատմամբ յոյս էին յայտնում, որ այդ երկու պատուիրակութիւնները համերաշխօրէն եւ խաղաղութեամբ կը գործեն յանուն հայ ժողովրդի արդար դատի վերջնական յաղթանակի (47): Եւ իրականում ամերիկահայ մամուլի յոյսերն արդարանում են: 1919թ. հոկտեմբերի 20-ին Յ. Քաջազնունին եւ Աբր. Տէր Յակոբեանը համատեղ կոչով դիմում են ամերիկահայութեանը: Այս համատեղ կոչով երկու պատուիրակութիւնների ղեկավարները նախ շնորհակալութիւն են յայտնում ամերիկահայերին, որ արժանացրին շատ սիրալիր ընդունելութեան, ապա նշում, որ տեղի մամուլը սխալ մեկնաբանութիւններ է անում երկու պատուիրակութիւնների միմեանց միջեւ յարաբերութիւնների մասին: Մասնաւորապէս կոչում ասուած է. «Իրաւ այս կացութիւնը վիշտ կը պատճառէ մեզ, որովհետեւ ոչ միայն ցաւալի է, այլ եւ բոլորովին վնասակար մեր Ազգային Դատին»:

Ուստի յանուն մեր տառապեալ ժողովրդեան, եւ յանուն այն սրբազան դատին, որուն յաջողութիւնը բուռն փափաքն է մեր ամէնուս, դիմում կ՛ընենք մեր բոլոր ամերիկաբնակ սիրեցեալ հայրենակիցներուն, որ ինչպէս մենք ճշդուած ու ընդունուած սկզբունքերու համաձայն կը գործակցինք  համերաշխաբար եւ եղբայրաբար, նոյնպէս եւ իրենք ջանան նոյն ոգիով գործել եւ գործակցիլ ի սէր մեր բազմաչարչար ազգին, որուն շահերն միշտ գեր ի վերոյ են բոլոր նկատումներէ, ի մասնաւորի ներկայ այնքան վճռական ժամանակի մը մէջ» (48):

Այս համատեղ յայտարարութիւնը Փարիզից ողջունւում է Աւ. Ահարոնեանի եւ Պօղոս Նուպար փաշայի կողմից (49): Հոկտեմբերի վերջերին Յ. Քաջազնունին պատրաստում եւ Միացեալ Նահանգների ծերակոյտի արտաքին գործերի յանձնաժողովի նախագահ Լոճին է յանձնում Հայկական հարցի վերաբերեալ յուշագիրը, որը  պատմագրութեան մէջ յայտնի է «Հայաստանի Հանրապետութիւն» անունով (50):

Այս յուշագրում Յ. Քաջազնունին մանրամասն տեղեկութիւններ է տալիս Հայաստանի տարածքի, երկրի ֆիզիքական կազմի եւ կլիմայի, ազգաբնակչութեան, պետական կազմի, օրէնքների, տնտեսութեան, զօրքի, ֆինանսների, հանրապետութեան ստեղծման ու ծագման գոյութեան 16 ամիսների կեանքի մասին եւ վերջում հիմնաւորում, որ երկիրը խիստ կարիք ունի արտաքին օգնութեան, ու Հայաստանի Հանրապետութիւնը ակնկալում է այդ օգնութիւնը հէնց Միացեալ Նահանգներից: Յ. Քաջազնունու կազմած այս բացառիկ յուշագիրը ունի հանրագիտարանային բնոյթ եւ տեղեկութիւնների հաւաստիութեամբ` մեծ արժէք: Յուշագրի վերջին` արտաքին օգնութեան կարիքների բաժնում Յ. Քաջազնունին դիմելով Միացեալ Նահանգների կառավարութեանը գրում է. «Հայաստանի Հանրապետութիւնն ունի դաշնակից եւ միացեալ ուժերի առաջին հերթին Միացեալ Նահանգների մեծ դեմոկրատիայի ու կառավարութեան ճանաչման եւ ժամանակաւոր օգնութեան իրաւունքը, եւ խնդրում է, որ 1. Միացեալ Նահանգները ճանաչի Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը, 2. Ունենալ Պաթումից մինչեւ Հայաստանի սահմանը երկաթուղի եւ հնարաւորութեան դէպքում մի քանի հազար ամերիկեան զինուորներ կամ նաւաստիներ, 3. Միացեալ Նահանգները Հայաստանի Հանրապետութեանը տրամադրի վարկ կամ հնարաւորութիւն տայ Միացեալ Նահանգներում ձեռք բերել փոխառութիւն, հետեւեալ նպատակներով.

ա) Միացեալ Նահանգներում գնել ապրանքներ, ռազմամթերք եւ պարէն` նաւով Հայաստան ուղարկելու` հայկական 30-հազարանոց բանակ կազմակերպելու համար:

բ) Միացեալ Նահանգներում գնել մթերք եւ պաշարներ` Հայաստանի քաղաքացիական բնակչութեան վիճակը թեթեւացնելու համար մինչեւ 1920թ. բերքի ստացումը:

Ներկայ Հայաստանի Հանրապետութեան եւ Թիւրքահայաստանի միաւորման հարցը այժմ դրուած է Փարիզի խաղաղութեան վեհաժողովի առաջ: Ողջ հայ ժողովուրդը յոյսով ու վստահութեամբ սպասում է Միացեալ Նահանգների վճռական խօսքին` լաւ իմանալով, որ Ամերիկայի բարեկամական խօսքը ամենամեծ գրաւականը կը լինի Հայկական հարցի նպաստաւոր լուծման համար: Յարգանքներով Յովհ. Քաջազնունի» (51): Միացեալ Նահանգներում Յ. Քաջազնունու վարած բանակցութիւնները տալիս են իրենց արդիւնքները: Ինչպէս հաղորդում է «Հայրենիք» օրաթերթը, պետական քարտուղար Լանսիկը հեռագրում է Ճերարտին, որտեղ ասւում է. «Նախագահը արտօնեց ծախել երեսուներեք հազար թոն ալիւր` հայկական կառավարութեան, ինչ որ համազօր է 10.000.000 տոլարի փոխատւութեան մը» (52): Ալ. Խատիսեանին ուղարկուած հեռագրում Քաջազնունին նշում է. «Միացեալ Նահանգներ»-ի կառավարութիւնը վաճառել է մեր կառավարութեանը 35.000 թոննա ալիւր, ամէն մի թոնը հաշուած 10.800 «West Rariton» շոգենաւը բեռնաւորուած 8.500  թոնայով դուրս է եկել այսօր նոյեմբերի 28-ին դէպի Պաթում եւ նախատեսուած է, որ այդտեղ կը հասնի դեկտեմբերի 25-ին: Յաջորդ շոգենաւը դուրս կը գայ երկու օրից» (53):

1919թ. նոյեմբերի 22-ին Նիւ Եորք են հասնում զօրավարներ Անդրանիկը եւ Բագրատունին` սպայ Բոնապարտեանի եւ քարտուղար Մ. Տէր Պօղոսեանի ուղեկցութեամբ (54): Սկզբնական շրջանում երկու պատուիրակութիւնները կարծես թէ գործում էին միասնական եւ համերաշխ ու միասնական հանդիպումներ ունենում տեղի հայ համայնքի հետ: Յատկանշական էր դեկտեմբերի 7-ի հանդիպումը Նիւ Եորքի ամենամեծ թատրոնի` «Հիփոտրոմ»-ի դահլիճում հայկական պատուիրակութիւնների եւ տեղի հայութեան միջեւ: Այդ հանդիպմանը մասնակցում էր շուրջ 4000 մարդ: Այդ պատմական միթինկում ելոյթ են ունենում` Յ. Քաջազնունին, զօրավար Անդրանիկը, փրոֆ. Տէր Յակոբեանը, Գ. Փաստրմաճեանը, զօր. Բագրատունին եւ ամերիկացի հայասէրներ Ճերարը եւ Պլիսը (55): Միաժամանակ պէտք է նշել, որ մի քանի միասնական հանդիպումներից յետոյ Պօղոս Նուպար փաշայի կարգադրութեամբ Անդրանիկը ստանձնում է ամերիկահայութեան շրջանում փրկութեան հանգանակութեան կազմակերպման գործը: Անդրանիկի կազմակերպած հանգանակութեանը սատար էին կանգնել ռամկավարները եւ բարեգործականի մասնաճիւղերը: Իր հերթին ՀՅԴ-ն 1920թ. յունուարի 24-ից կազմակերպում է մէկ այլ հանգանակութիւն հայոց բանակին օգնելու նպատակով (56): Յ. Քաջազնունին, Գ. Փաստրմաճեանը, զօր. Բագրատունին յանձն են առնում աջակցել այդ հանգանակութիւնը իրականացնելու գործում: Սկսւում է անհաշտ պայքար երկու պատուիրակութիւնների միջեւ: Նրանց միջեւ եղած փոխյարաբերութիւններին իր նամակներից մէկում անդրադառնում է Յ. Քաջազնունին: 1919թ. դեկտեմբերի 18-ին Նիւ Եորքից նա գրում է վարչապետ Ալ. Խատիսեանին: Թարմ տպաւորութիւնների տակ Քաջազնունին գրում է. «Մենք այստեղ բաժանուած ենք երկու լակերի, չնայած` միշտ էլ պնդում ենք միասնական ճակատի եւ միասնական դրօշի մասին»: Իբրեւ հանրապետութեան պաշտպաններ` հանդէս էին գալիս Յ. Քաջազնունին, գեն. Բագրատունին, Արմէն Գարոն, Էնֆիաճեանը եւ Փիրալեանը: Հակառակ թեւը Պօղոս Նուպար փաշայի պաշտպաններն էին` փրոֆ. Տէր Յակոբեանը, զօր. Անդրանիկը եւ Բոնապարտեանը: Այս երկու թեւերի միջեւ եղած երկպառակութիւնը արտայայտւում էր նաեւ գաղութում:

ՀՅԴ-ն ու նրա համակիրները կանգնած էին հանրապետութեան կողմը, իսկ մնացածները` Պօղոս Նուպարի:

Նամակում նա նշում էր, որ կառավարութեան դէմ սանձազերծած բանսարկութիւնները կարող են վնասել «մեր գործին»: Փրոֆ. Տէր Յակոբեանն իր ամերիկացի բարեկամների միջոցով վաղուց կապուած է իշխանութեան առանձին բարձրաստիճան ու ազդեցիկ անձանց հետ եւ նրանց սխալ գնահատականներ է տալիս Հայաստանի կառավարութեան մասին: «Դա անհետեւանք չի անցնի,- գրում է Քաջազնունին,-ամերիկացիների մօտ կասկած կ՛առաջանայ պետութիւն ղեկավարելու մեր ընդունակութեան վերաբերեալ (մենք ե՛ւ տգէտ ենք, ե՛ւ բռնակալներ ենք, ե՛ւ գողեր ենք, մենք ե՛ւ պոլշեւիկներ ենք) եւ դա որոշ չափով անվճռականութիւն կը յարուցի մեր պետութիւնը ճանաչելու գործում» (57):

Քաջազնունու նամակից պարզ է դառնում, որ չնայած այդ ամէնին` զգալի չափով աճել էին հանրապետութեան օգտին նուիրատուութիւնները եւ ֆոնտերը: «Դաշնակցութիւն»-ը նոր յենարան էր ստացել, իսկ չէզոքներից շատերը անցել էին կառավարութեան կողմը: Ինչպէս վերը արդէն նշուեց, Միացեալ Նահանգների ՀՅԴ Կենտրոնական կոմիտէի խնդրանքով Յ. Քաջազնունին եւ նրա պատուիրակութեան անդամները յանձն են առնում աջակցել հայոց բանակի համար կատարուող հանգանակութեան աշխատանքներին: Այդ նպատակով Յ. Քաջազնունին սկսում է իր շրջագայութիւնը Ամերիկայի ողջ հայաբնակ քաղաքներով մէկ: 1920թ. յունուարին նա իր պատուիրակութեան անդամների հետ միասին այցելում է Ուստր քաղաքը, որտեղ ջերմ ընդունելութեան է արժանանում ոչ միայն տեղի հայերի, այլեւ քաղաքի ամերիկացի բարձրաստիճան պաշտօնեաների կողմից (58): Այնուհետեւ Յ. Քաջազնունին փետրուարի 14-ին ուղեւորւում է Պոսթըն: Պէտք է նշել, որ բանակի համար նախատեսուած հանգանակութիւնը ընթանում էր մեծ ոգեւորութեամբ եւ արդէն ապրիլի 22-ի դրութեամբ հաւաքւում է աւելի քան 77.000 տոլար (59) :

1920թ. ապրիլի 3-ին Յ. Քաջազնունու պատուիրակութեան երկու անդամները` Էնֆիաճեանը եւ Փիրալեանը վերադառնում են Փարիզ եւ հանգանակութեան հաւաքագրման  քարոզչութեան աշխատանքները Յ. Քաջազնունին կատարում է իր քարտուղար սպայ Ս. Մելիքեանի, մասամբ էլ Գարեգին Փաստրմաճեանի ուղեկցութեամբ: Ապրիլի 17-ին Քաջազնունին լինում է Հարթֆորտ եւ Նիւ Պրեթան քաղաքներում, ապա նոյն ամսի 23-ին անցնում Նիակարայ` Ֆուլս եւ Տիթրոյիտ քաղաքները: Մայիսին նա այցելում է Փետերսըն, Ֆիլատելֆիա, Շիքակօ, Լոս Անճելըս, Ֆրեզնօ, Սան-ֆրանսիսքօ, Ֆալեր, Ռիկլ, յունիսին նորից լինում է Ֆրեզնօ եւ Շիքակօ քաղաքներում, իսկ յուլիսին այցելում Պոսթըն եւ Ուաշինկթոն, յուլիսի 29-ին վերադառնում է Նիւ Եորք` բանակի համար հանգանակութեան աջակցման աշխատանքները աւարտելով բաւականին լաւ արդիւնքներով (60): Հայաբնակ բոլոր քաղաքներում Յ. Քաջազնունուն ընդունում էին մեծ ոգեւորութեամբ եւ ցնծութեամբ: Հ. Օհանջանեանին ուղարկած իր նամակներից մէկում Քաջազնունին մեծ ոգեւորութեամբ է պատմում Քալիֆորնիա իր այցելութեան մասին: Մասնաւորապէս նա գրում է. «Մինչեւ մեր այստեղ գալը Հանրապետութեան «Կրեդիտը» (վարկանիշը-Հ.Մ.) շատ փոքր էր գաղութի մէջ: Մեր պետութեան եւ կառավարութեան, մեր ներքին կարգերի ու արտաքին քաղաքականութեան մասին ամենաանհեթեթ, այլանդակ հասկացողութիւններ էին տիրում: Պատճառը` մի կողմից` անտեղեակութիւնն էր, միւս կողմից հակադաշնակցական ու հակահանրապետական պլոքի թունաւոր քարոզչութիւնը: Կարող եմ ասել առանց վերապահումների, որ այս մի քանի ամիսների ընթացքում շատ զգալի կերպով փոխուեց դրութիւնը: Գլխաւոր պատճառն այն էր, անշուշտ, որ Հանրապետութիւնը ցոյց տուեց իր կենսունակութիւնը, իր տոկունութիւնը, իր մարտական կորովը եւ այն, որ պետութիւնները ճանաչեցին մեզ, տեղ տուեցին իրենց կողքին, յարաբերութիւններ հաստատեցին: Ուրիշ խօսքով` հանրապետութիւնը դառաւ մնայուն փաստ, որ այլեւս չէր կարելի ո՛չ հերքել, ո՛չ արհամարել: Բայց խոշոր դեր կատարեց նաեւ Հանրապետութեան ներկայացուցիչների շփումը գաղութի հետ: Շատ թիւրիմացութիւններ վերացան, շատ կասկածներ փարատուեցին շատ սուտեր (կամայ թէ ակամայ) հերքուեցին: Հանրապետութեան վարկը բարձրացաւ, ներշնչուեց հաւատ ու յարգանք, ներշնչուեց գիտակցութիւն թէ Հայ  դատի միակ յենարանը` գոյութիւն ունեցող «Երեւանեան» հանրապետութիւնն է: Առանձնապէս նկատելի եղաւ մտքերի այդ յեղաշրջումը Քալիֆորնիայի մէջ» (61): Հետաքրքրական է, որ Հայաստանում լուր է տարածւում, թէ Միացեալ Նահանգներում բանակի հանգանակութեան ֆոնտին հաւաքուել է 2 միլիոն տոլար, եւ այդ առթիւ Համօ Օհանջանեանը հեռագրում է Քաջազնունուն` խնդրելով այդ գումարը փոխադրել Հայաստան, սակայն իրականութիւնն այն էր, որ թէեւ հանգանակութեամբ հաւաքուել էր 550.000 տոլար, բայց այդ գումարի մի մասը մնում էր ապառիկ, այսինքն` զուտ խոստումների հիման վրայ էր հաշւուում 550.000, բայց իրողապէս հաւաքւում է 358.471 տոլար (62): Դժբախտաբար, Յ. Քաջազնունին չէր կարող տնօրինել այդ գումարներին, քանի որ, հանգանակութեան պայմանների համաձայն, հանգանակուած դրամով պէտք էր գնուէին ապրանքներ Ամերիկայում բանակի կարիքները հոգալու համար (63): 1920թ. յուլիսի 3-10-ը Պոսթընում Յ. Քաջազնունին եւ Գ. Փաստրմաճեանը մասնակցում են ՀՅԴ Ամերիկայի շրջանի 27-րդ Պատգամաւորական ժողովին (64): Միաժամանակ Յ. Քաջազնունին շարունակում է իր բանակցութիւնները ամերիկեան զանազան դրամատների եւ ընկերութիւնների հետ` յոյս ունենալով մի որեւէ պայմանագիր կնքել, որեւէ կերպ յաջողացնել տնտեսական օժանդակութեան հարցը Հայաստանի համար: Նա բանակցութիւններ է սկսում ամերիկեան «Equipement Company»-ի առեւտրական կազմակերպութեան հետ: Այդ բանակցութիւնների եւ արդիւնքների մասին Քաջազնունին նամակով տեղեկացնում է վարչապետ Ալ. Խատիսեանին` որտեղ նա նշում է,որ գնել է 300 հազար անգլիական ֆունտի (մօտաւորապէս 8.100 փութ) պիսքուի, ֆունտը` 4 սենթ կանխիկ դրամով եւ կառավարութեան վրայ ֆունտը նստել է 18 սենթ: Մուծելով` 1200 տոլար կանխավճար: Յ. Քաջազնունին այս գնումները անելու համար 20.000 տոլար պարտք է վերցնում Միացեալ Նահանգներ ՀՅԴ Կենտրոնական կոմիտէից, 5 հազար տոլար էլ նա վերցնում է Գ. Փաստրմաճեանից հայկական բանակի համար երաժշտական գործիքներ առնելու համար: Ընդհանուր նա 25 հազար տոլարի պարտք է վերցնում ՀՅԴ Ամերիկայի Կը կ-ից վերադարձնելու պայմանով (65):

1920թ. օգոստոսի 10-ին, Յ. Քաջազնունին Միացեալ Նահանգներից վերադառնում է Փարիզ: Այնտեղ նա տեղեկանում է, որ ՀՀ կառավարութիւնը իրեն նշանակել է Կ.Պոլսում ՀՀ դեսպան, սակայն Հ. Օհանջանեանին ուղարկած նամակով նա հրաժարւում է այդ պաշտօնից (66): Յ. Քաջազնունին մինչեւ սեպտեմբերի 14-ը մնում է Փարիզում: Այնտեղ վերջին հնարաւորութիւնը բաց չթողնելու ակնկալիքով եւս մէկ անգամ բանակցում է անգլիական մի խոշոր առեւտրական տան հետ, որը ցանկութիւն էր յայտնել գործեր սկսել Հայաստանի հետ: Անգլիացիների հետ հանդիպելուց յետոյ Յ. Քաջազնունին սեպտեմբերի 15-ին ուղեւորւում է Հռոմ, սեպտեմբերի 17-ին անցնում Թորանթօ, որտեղից սեպտեմբերի 22-ին հասնում Կ.Պոլիս: Սեպտեմբերի 25-ին դուրս գալով Կ.Պոլսից` Քաջազնունին սեպտեմբերի 28-ին հասնում է Պաթում, որտեղից ամսի 30-ին ուղեւորւում է Թիֆլիս: Հոկտեմբերի 5-ին նա արդէն Ալեքսանդրապոլում էր, իսկ հոկտեմբերի 9-ին երկարատեւ ճամբորդութիւնից յետոյ հասնում է Երեւան (67):

Այսպիսով, ներկայացնելով Յ. Քաջազնունու գործունէութիւնը սփիւռքում, պէտք է նշել, որ դրանք ունեցան դրական նշանակութիւն այն առումով, որ Քաջազնունու դիմումներն ու խնդրագրերը արագացրին Միացեալ Նահանգների կողմից ուղարկուելիք օգնութիւնը սովամահ հայ ժողովրդին: Միաժամանակ Յ. Քաջազնունին Միացեալ Նահանգներում թէ՛ պետական պաշտօնեաների շրջանում եւ թէ՛ հայ համայնքի մէջ տարաւ քարոզչական հսկայական աշխատանք Հայ դատի եւ Հայաստանի Հանրապետութեան ճանաչման ուղղութեամբ: Այնուհանդերձ, Յ. Քաջազնունուն չյաջողուեց Միացեալ Նահանգներին հետ լուրջ պայմանագիր կնքել Հայաստանին վարկ տրամադրելու գործում: Սովամահութեան դատապարտուած հայ ժողովրդի համար դրսի օգնութիւնն ունեցաւ փրկարար նշանակութիւն, որի կազմակերպման գործում իր համեստ լուման ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան առաջին վարչապետ Յովհաննէս Քաջազնունին:

(Շար. 3 եւ վերջ)

46.- «Հայրենիք», Պոսթըն, 15 հոկտեմբերի, 1919:

47.-  «Պահակ», Պոսթըն, 24 հոկտեմբերի, 1919, N 82; «Կոչնակ Հայաստանի», Նիւ Եորք, 11 հոկտեմբերի 1919, թիւ 41, էջ 1301-1302:

48.- «Կոչնակ Հայաստանի», Նիւ Եորք, 25 հոկտեմբերի 1919, թիւ 43, էջ 1367; «Պահակ», Պոսթըն, 24 հոկտեմբերի, 1919, N 82:

49.- «Պահակ», Պոսթըն, 21 նոյեմբերի, 1919, N 90:

50.- Յիշեալ փաստաթուղթը յայտնաբերել է ակադեմիկոս Վլադիմիր Ղազախեցեանը, նրա ինքնագիր օրինակը պահւում է Հաա-ում (ֆոնդ 200, ց.1, գ, 498, թթ. 20-58, նոյն տեղում թերթ 59, հակ 59 եւ հակ 60, դրուած է նրա անգլերէն թարգմանութեան մէկ օրինակ, որը իրականացրել է ամերիկեան սենատը եւ տպագրել է 1919թ. նոյեմբերի 10-ին, մեզ յաջողուեց յայտնաբերել յիշեալ փաստաթղթի անգլերէն օրինակի եւս մէկ օրինակ, որը թուագրուած է 28 հոկտեմբերի 1919թ., այն գտնւում է ՀԱԱ-ում ֆ. 450, ց. 2, գ. 8): Փաստաթուղթը տպագրուել է նաեւ ամերիկահայ մամուլում` «Պահակ», Պոսթըն, 13 յունուարի N 1, 20 յունուարի N 3, 30 յունուարի N 6, 1920:

51.- Քաջազնունի Յ., Հայաստանի Հանրապետութիւն, Երեւան, 1993, էջ 29-30, տես` Ծանօթագրութիւնների 5-րդ կէտը:

52.- «Հայրենիք», Պոսթըն, 19 նոյեմբերի, 1919:

53.- ՀԱԱՅ., ֆ. 200, ց. 1, գ. 20, թ. 185;  «Յառաջ», Երեւան, 19 դեկտեմբերի 1919, N 72:

54.- Տօնապետեան Գ., ՀՅ Դաշնակցութիւնը Հիւսիսային Ամերիկայի մէջ (1910-1923), Բ. հատոր, Հայրենիք հաստատութիւն, Պոսթըն, 1995, էջ 494; «Պահակ», Պոսթըն, 25 նոյեմբերի,1919 N91; «Կոչնակ Հայաստանի», Նիւ Եորք, 29 նոյեմբերի,1919, թիւ 48, էջ 1444

55.- Վրացեան Ս., Կեանքի ուղիներով: Դէպքեր, Դէմքեր, Ապրումներ, Պէյրութ, 1966, հ. Է,  էջ 310-315; «Պահակ», Պոսթըն, 16 դեկտեմբերի 1919, N 97; «Կոչնակ Հայաստանի», Նիւ Եորք, 13 դեկտեմբերի, 1919, թիւ 50, էջ 1502-1508:

56.- Տօնապետեան Գ., ՀՅ Դաշնակցութիւնը Հիւսիսային Ամերիկայի մէջ (1910-1923), Բ. հատոր, էջ 511-512:

57.- Այս նամակը տպագրել է արխիւագէտ Օկտեաբրինայ Բալիկեանը «Բանբեր Հայաստանի արխիւներ» հանդէսի 1991, N3-ում, էջ 113-120, որտեղ մէջբերուած հատուածները արխիւագէտը կրճատել էր եւ այն չէր տպագրուել, այն տպագրել է ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնեանը իր «Անդրանիկի ժամանակը» գիրք Բ, աշխատութեան մէջ,  էջ 619-621:

58.- «Պահակ», Պոսթըն, 9 յունուարի,  1920, N 104:

59.- Տօնապետեան Գ., ՀՅ Դաշնակցութիւնը Հիւսիսային Ամերիկայի մէջ (1910-1923), Բ. հատոր, էջ 518:

60.- ՀԱԱՅ., ֆ. 200, ց. 2, գ. 59, մաս 2, թ. 3:

61.-  ՀԱԱՅ.,  ֆ. 200, ց. 1, գ. 431, թթ. 119-120, բնագիր-ձեռագիր:

62.- Վրացեան Ս., Հին թղթեր նոր պատմութեան համար, էջ 326:

63.- ՀԱԱՅ., ֆ. 200, ց. 1, գ. 431, թ. 101:

64.- Տօնապետեան Գ., ՀՅ Դաշնակցութիւնը Հիւսիսային Ամերիկայի մէջ (1910-1923), Բ. հատոր, էջ 520:

65.- Վրացեան Ս., Հին թղթեր նոր պատմութեան համար, Պէյրութ, 1962,  էջ 326-327; Տօնապետեան ՀՅ Դաշնակցութիւնը Հիւսիսային Ամերիկայի մէջ (1910-1923), Բ. հատոր, էջ 531:

66.- ՀԱԱՅ., ֆ. 200, ց. 1, գ. 431, թթ. 126-128, բնագիր-ձեռագիր:

67.-  Նոյն տեղում., ֆ. 200, ց. 2, գ. 59, մաս 2, թ. 4:

 

Նախորդը

Մեր Զաւակները Եւ Մենք. Մանուկները Պատկերասփիւռէն Հեռու Պահեցէք

Յաջորդը

Գաղութէ Գաղութ

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Աւարտական Վտանգաւոր Ջղաձգումներ

Յուլիս 9, 2025
Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի.  Ընդունելութիւն` Քաղաքապետական Եւ Թաղապետական Ընտրութիւններուն Ապահովուած Արդիւնքներուն Առիթով
Անդրադարձ

Մեր Համայնքի Քաղաքական Գործօնի Հանգամանքը Առաջին Հերթին Հիմնուած Է Մեր Հաւաքական Քուէի Ուժին Վրայ*

Յուլիս 9, 2025
Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէի.  Ընդունելութիւն` Քաղաքապետական Եւ Թաղապետական Ընտրութիւններուն Ապահովուած Արդիւնքներուն Առիթով
Անդրադարձ

Պաշտօնները Կու Գան ու Կ՛երթան, Մեր Ժողովուրդին Բարօրութիւնը, Բարգաւաճումը Եւ Հզօրացումը Էականն Են ու Մնայուն*

Յուլիս 9, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?