Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Յետ Այսու Գիւմրիէն Կարելի Է Անին Տեսնել Առանց Արգելքի. Նորշէնի Միակ Բնակչուհին Ստացաւ Վարչապետին Շնորհակալագիրը Եւ Դրամական Պարգեւ

December 23, 2019
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսեան մարզպետական խորհուրդի տարեվերջի նիստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմէ` հայրենի հողին անմնացորդ նուիրումին եւ երկարամեայ անխոնջ աշխատանքին համար, Շիրակի մարզի Նորշէն (նախկին` Խարկով, Անիի ամէնէն մօտիկը գտնուող շրջան) գիւղի բնակչուհի Վահանդուխտ Մխիթարի Մելքոնեանին յանձնեց շնորհակալագիր եւ 500 հազար դրամի պարգեւ:

Շնորհակալութիւն յայտնելով` Վահանդուխտ տատիկը խնդրեց բարեկարգել դէպի գիւղ տանող ճամբան` նկատի ունենալով անոր կարեւորութիւնը: Պարգեւը ստանալու պահուն տատիկը յուզուեցաւ եւ նշեց, որ առաջին անգամն ըլլալով այդպիսի ուշադրութեան կ՛արժանանայ:

Վահանդուխտ Մելքոնեան սահմանային Նորշէն շրջանին մէջ կ՛ապրի առաւել քան 60 տարիէ ի վեր: Վերջին տարիներուն ան Նորշէնի միակ բնակիչն է, սակայն ինքզինք առանձին չի զգար: Հակառակ անոր որ արդէն 83 տարեկան է, տակաւին կը զբաղի հողագործութեամբ եւ մեղուաբուծութեամբ:

«Գիւղը միանգամից չի դատարկուել, այլ քայլ առ քայլ: Սկզբում էր դժուար, հիմա արդէն սովորական է դարձել: Զբաղւում եմ մեղուաբուծութեամբ ու հողագործութեամբ, հիւրերի պակաս էլ չունեմ», ըսաւ տատիկը` վստահեցնելով, որ ինքնիրեն շատ լաւ պաշտպանուած կը զգայ, արդարեւ, գիւղը ռուս եւ հայ սահմանապահներու հսկողութեան տակ է:

Նորշէնը, շատ մօտ գտնուելով Անիին` հրաշալի դիտակէտ է. անիկա Հայաստանէն կը բաժնուի Ախուրեան գետով: Սահմանային այս գիւղը մտնելու համար պէտք է յատուկ թոյլտուութիւն ստանալ սահմանապահ ջոկատէն, իսկ զայն ստանալը երկարատեւ գործընթաց է: Լքուած գիւղի միակ պահապանը Վահանդուխտ տատիկն է:

Մարզպետ Տիգրան Պետրոսեան իր խօսքին մէջ տեղեկացուց, որ ունի շատ կարեւոր առաքելութիւն`  յայտարարելու, որպէսզի յաջորդ տարուընէ սկսեալ մարդիկ ազատօրէն կարենան երթալ եւ տեսնել Անին: Պիտի կատարուի սահմանային դրութեան փոփոխութիւն: Այս մէկը իրականացած է Հայաստանի վարչապետին, տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքներու նախարարին, Շիրակի մարզպետարանին եւ պատասխանատու կառոյցներուն կողմէ կատարուած միացեալ աշխատանքով: Այդպիսով կարելի է հայ-թրքական սահմանամերձ Նորշէն համայնքը մտնել դիւրութեամբ եւ ազատութեամբ:

Այս առիթով ստորեւ կը ներկայացնենք Վահանդուխտ տատիկին հետ այս տարուան յուլիսին կատարուած հարցազրոյցը:

——————–

Անիին Նայող Գիւղի Միակ Ծուխը
Վառ Պահող Տատին Սպասում Է

-Ես մենակ եմ էս գիւղում, բայց գիտե՞ս` ինչքան արտասահմանցի լրագրողներ, տարբեր երկրներից տուրիստներ կու գան, խօսըմ են, նկարըմ են ու ասըմ են, տատի՛, երանի քեզ…

Իսկապէս երանի է լինել գիւղի միակ բնակչի` Վահանդուխտ տատի տանը, թէկուզ մի քանի ժամով յայտնուել մի գիւղում, որ այնքան շատ զգացումներ կարող է առաջացնել` զարմանք, հիացմունք, կարօտ, անկարողութիւն, ափսոսանք, արեան կանչ ու անպաթոս հայրենասիրութիւն:

Վահանդուխտ տատն ապրում է Շիրակի մարզի Խարկով գիւղում, Գիւմրիից հեռու է մօտ 50 քիլոմեթր, Ախուրեան գետի ափին է: Այն գտնւում է ռուս սահմանապահ ուղեկալի տարածքում, եւ գիւղ մուտք գործելու համար մի քանի օր առաջ թոյլտւութիւն է անհրաժեշտ ստանալ ռուսական սահմանապահ ջոկատից, որ բացուեն արգելապատնէշներն, ու մտնես Խարկով:

– Ես, որ Հոկտեմբերեանից հարս էի գալըմ, գիտէի Ուքրանիայի Խարկով եմ էթըմ հարս, ի՛նչ իմանայի, օր  Հայաստան Խարկով գիւղ կայ, էկայ տեսայ, էլ ինչ անես, Անիին մօտեցայ:  Շատերը  կ՛երազէին` գոնէ  մի անգամ  տեսնել Անին, ես ամէն օր տեսնում  եմ,- ժպտալով ասում է Վահանդուխտ տատն ու ներկայացնում գիւղը Խարկով անուանելու տարբերակներից մէկը: Այն քարը, որից սարքուած են գիւղի տներն ու   նաեւ տեղի հողը ունի մի իւրայատկութիւն` արեւից «խարկւում է», գոյնը փոխում է, հէնց այսպէս էլ կոչել են Խարկով:

Բայց մինչ գիւղ հասնելը, աչքերիդ առաջ բացւում է մի տեսարան, որ, երեւի, ոչ մի  տեսախցիկ ու լուսանկարչական գործիք չի կարող իր մէջ ներառել ու փոխանցել, ինչ կարող է տեսնել հայի աչքը:

Հեռւում մեր Անին է, նշմարւում է մայր տաճարը, քաղաքի պարիսպների ու եկեղեցիների աւերակները, քարտուններն ու ծածանուող թուրքական դրօշը:

Հէնց այդ պահին է, որ սրտիդ մէջ անբացատրելի փոթորիկ է սկսւում: Անյագ ցանկութեամբ ուզում ես մօտենալ ու խնդրում վարորդին` եւս մի քանի մեթր առաջ ընթանալ: Աւելին տեսնել, աչքերդ աւելի լայն բացել, հասնել տէրերին սպասող վեհ  կանգնած ու կանչող  քաղաքին:

Յանկարծ սթափւում ու հասկանում ես, որ քարափի ծայրին ես, ինչքան էլ մօտենաս, միեւնոյնն է, Ախուրեան գետն է այն կապողն ու բաժանարարը, որից այն կողմ անկարող ես…

– Բա, 55 տարի էստեղ եմ ապրըմ, չե՞մ  ուզեցել մի օր անցնել ու մօտիկից տեսնել Անին,  բայց ոնց էթամ: Կեանքիցդ ձեռ ես քաշել, գիւղից կը վռնդեն, կը բանտարկեն, սաղ Հայաստան  կը խառնուի իրար: Իմ ամուսինը անասուններին կը տանէր մօտիկ արածացնելու, հեռադիտակով նայէր, անգիր գիտէր Անիի շինութիւնները, գիտէր` որից մէ քար պոկուեց: Կը նստէր անթարթ կը նայէր էն կողմ, – Վահանդուխտ տատը յիշելով ամուսնուն` նաեւ մտածում է, որ այն կողմում երեւի նկատել են, որ գիւղի միակ տան ծերունին, արդէն երկու տարի է, Ախուրեանի գետի երկայնքով չի արածացնում անասուններին:

Շատերին է ստիպել Անիի կարօտը անցնել Ախուրեանի միւս ափը: Անցել են, բայց` արդէն որպէս Թուրքիայ այցելած զբօսաշրջիկներ:

– Պելճիքայից մէ հայ տուրիստ կու գար մեզ հիւր, մէ անգամ էլ դաշտն էի, մէկ էլ զանգ եկաւ: Վերցրեցի, ասըմ է, նայի տատի, դիմացդ նայի: Ես Անի եմ, դաշտի մէջ քեզի տեսայ, ուզեցայ էս կողմից բարեւեմ, –   ուրախութեամբ պատմում է տատին ու յիշում նման այլ դէպքեր, երբ Անիի կարօտը կանչել-տարել է մարդկանց իր մօտ:

Բայց պատմական քաղաքը տեսնողները նաեւ խոստովանել են, որ այն, ինչ այս կողմից է տեսանելի, գետից այն կողմ դառնում է կարծես անտեսանելի, ինչպէս, օրինակ, Աղջկայ բերդի աւերակները, կիրճի ծերպին ծուարած վանքը ու բնութեան այն հրաշք տեսարանը, որից հնարաւոր չէ աչք կտրել:

Շատերն են նկատել, թէ տարիների ընթացքում ինչպէ՛ս են փորձել աստիճանաբար ոչնչացնել հայոց մայրաքաղաք Անիի հետքերը` քանդելով, ջարդելով ու խեղելով պատմութիւնը, բայց տեսնելով, որ զբօսաշրջիկները շատ են, հիմա մեր Անիով գումար են աշխատում: Գնացողներից ոմանք Վահանդուխտ տատին պատմել են, որ Անիի տարածք մտնելու համար մինչեւ 10 դոլար են վճարում: Ու հիմա Անին դարձել է  ընդամէնը ձեռնտու վայր նրանց համար:

Խարկովի մենակութիւնը, սկեսուրի որդուն պատգամը` ու հարսին

– Կիսուրս ասմ էր` քանի սաղ էք, գիւղը մնացէք, գիւղից ոչ մի տեղ չէթաք, դուք ինչքան կ՛ապրիք գիւղում, թող միշտ ձեր ծուխ ծխայ: Ալիւր էլ չունենաս, որ հաց թխես, թոնիրդ վառի, որ թշնամին տեսնի, որ գիւղում ծուխդ կը ծխայ,-վահանդուխտ  տատի ու ամուսնու համար սկեսրոջ խօսքերը դարձել են ուխտ Խարկովի համար: Ամուսինը ճարտարագէտ էր. հրաւիրել են աշխատելու տարբեր քաղաքներում, բայց իր հայրենի գիւղը չի թողել: Ու ամուսիններով մօտ 15 տարի ապրել են գիւղում մենակ:

70-ական թուականներին սահմանամերձ Խարկով գիւղը ունեցել է մինչեւ 80 տնտեսութիւն: 1949 թուականից սահմանը պահել են ռուս սահմանապահները: Բայց  արգելապատնէշները փակ չեն եղել, ինչպէս հիմա է:

– Գիտես, ինչքան տուրիստներ, մեր գիւղացիք օրուայ մէջ կ’էթային կու գային, յետոյ դպրոցը դարձաւ չորսամեայ, դրանից յետոյ էրեխեքը ստիպուած պտի էթային  հարեւան գիւղեր, ոտքով 7 քիլոմեթր ճամբայ էր: Իմ 5 էրեխեքն էլ ոտքով կ՛երթային  դպրոց: էդպէս շատ ծնողներ էրեխանց վերցրին-գնացին: Երկրաշարժին էլ մասամբ գիւղի տներ քանդուեց, էդպէս կամաց-կամաց գիւղը դատարկուեց,- պատմում է Վահանդուխտ տատն ու մի գաղտնիք բացայայտում:

1994 թուականին սահմանամերձ Խարկովը բնակեցնելու համար ծրագիր է եղել` կառուցել նոր տներ երկրաշարժից վթարուածների փոխարէն: Շատ տներ կառուցելու մոլուցքով ու փոխհատուցում ստանալու անյագ ցանկութեամբ նախկին գիւղապետը քանդել է գիւղի տները:

– Ես կէթայի կ՛ընկնէի պուլտոզերի առաջ, կ՛ըսէի, էս մարդիկ տունը թողել գնացել են, էգուց  միւս օր կարող է գան, ինչ պիտի ասէք, թողէք մնայ, կու գան մի օր, բայց չլսեցին ինձ, ասում էին փող կը տան,- ցաւով է պատմում տատին ու մատնացոյց անում այն  տները, որոնց նայելիս թւում է Անիից էլ հին են, բայց իրականում ոչ թէ ժամանակն ու երկրաշարժն է աւերակ դարձրել տները, այլ` մարդկային ձեռքը:

Խարկովից աստիճանաբար սկսեցին հեռանալ ոչ միայն դպրոց չունենալու պատճառով, այլ` սահմանային գօտու խստացմամբ: Անցաթղթով ելումուտն հայրենի գիւղ շատերին ստիպեց հեռանալ: Յետոյ կիսադատարկ գիւղի անունը փոխեցին` Խարկովը վերանուանուեց Նորշեն ու հարեւան Բագրաւան գիւղի վարչական մի մասը դարձաւ, իսկ գիւղ տանող արգելապատնէշներն աւելի ամուր փակուեցին: Նախկին բնակիչներն էլ, որոնք թողել են իրենց տունն ու հարազատների շիրիմները, կարող են գիւղ մտնել, եթէ անցաթուղթ ունեն, որը կարող են ստանալ ամէն դեկտեմբեր ամսին:

Երկու տարի առաջ է մահացել Վահանդուխտ տատի ամուսինը` Աղուան պապին. հիմա գիւղում ապրում են միայն Վահանդուխտ տատն ու սահմանապահները: Մի քանի տարի է, ռուս սահմանապահներին է միացել տատիի կրտսեր որդին` Արկադին:

Վահանդուխտ տատին

– Ես որ հարս էկայ, հայկական մի հատ ծառայող չկար, 6-7 տարի է հայերն են ծառայըմ` կանտրակտիկներն են, հրամանատարները ռուս են, հաշտ-համերաշխ են եղել: Իմ ամուսնուս ասմ էին. «Պապի՛կ, տի նաշ զալատոյ զապաս, դու գիտես ինչ ես անըմ մեզի համար»: Նուիրուած, կ՛օգնեն մեզի, մենք իրանց: Ես 55 տարի էստեղ ապրըմ եմ, բայց ոչ մի արտառոց բան չեմ տեսել: Տղես էլ որոշեց ծառայել ռուսական բանակում: Հիմա կողքի զաստաւնայ, նորմալ ծառայում է: Միւս չորս բալեքս էլ ընտանիք են կազմել, արդէն իրանց թոռներով են հիւր գալիս ինձ:

Խարկովի խոնարհուած թուխ մանուկում  առաջին պատարագը մատուցել է քոմանտոսի պապը

– Բա, մեր գիւղի առաջին պատարագն ու կնունքն արել է Քոմանտոսի պապը` Տէր Թադեւոսը: Բայց էն ժամանակ տէրտէրներին հալածում էին, ու ինքն էլ կարողացել է փախնել Թիֆլիս: Քոմանտոսը էնտեղ է ծնուել,- պատմում է Վահանդուխտ տատն ու աւելացնում, որ զօրավար Արկադի Տէր Թադեւոսեանը մանկութեան տարիներին յաճախ է գիւղ եկել, հիմա էլ կնոջ հետ գալիս է Վահանդուխտ տատին հիւր, մոմ վառում եկեղեցում:

Երկրաշարժից ու տարիներով անխնամ մնալու պատճառով Խարկովի Թուխ Մանուկ եկեղեցին զրկուել է տանիքից ու աւիրուել: Ու մի պահ նայելով Ախուրեանի ձախ ու աջ ափերին` ցաւեցնող մի նմանութիւն ես նկատում. երկու կողմում էլ եկեղեցիները խոնարհուած են, միայն թէ այն կողմում ծածանւում է թուրքական դրօշը, այս ափին` հայկական:

Ի դէպ, մէկ տարի առաջ «Անի» կայարանի գիւղապետ Մարտիրոս Միրոյեանի նախաձեռնութեամբ է, որ հայրենի գիւղում եռագոյնը ծածանւում է: Բայց նրան էլ վրդովուեցրել է այն, երբ որոշ պաշտօնեաններ հարցրել են, իսկ  կա՞ր թոյլտուութիւն, իրաւունք ունէ՞ր:

– Ինչի՞ չլինի, բա էնտեղից չտեսնե՞ն մեր դրօշը, մարդիկ գալիս են էստեղ հիւր, Անին տեսնելու, դրանց դրօշը ծածանւում է, մենք չունենա՞նք: Եկեղեցին էլ պտի վերականգնուի: Մի քանի տարի առաջ երիտասարդներ էկան մաքրեցին, բայց էդպէս էլ բան չարեցին: Մեր սրբազանն էլ երկու տարի առաջ էկաւ, պատարագ մատուցեց, լաւ է, որ սարքուի, էն կողմից չտեսնե՞ն, որ մեր եկեղեցին գործըմ է, ես էլ կէթամ մոմ կը վառեմ,- մի փոքր վրդովուած, բայց հաստատակամ նշում է 80-ամեայ տատին, ապա կատակով աւելացնում,- ես եմ էս գիւղի գիւղապետը, կ՛ուզէք` բերեմ փաստաթղթերս ցոյց տամ, որոշումներ ես եմ  ընդունում:

Իսկ երբ հետաքրքրուեցի, թէ գիւղապետ տատը առանց հարեւան-բարեկամ, ամէն օր մենակ ի՞նչ է անում, զարմացաւ.

– Վա՛յ, գործի հետ ես ընկնում, էնպէս է օրն անցնըմ, նապաստակներին կերակրըմ եմ, ոչխարներիս կեր եմ տալըմ, կով է գալիս, խոզերին եմ կրակրըմ, մեղու ունեմ, վերջը տունը մաքրութիւն սիրըմ է: Հիւրեր ենք ունենում, տղես ասում է, մամա՛, հաց սարքի, տղերքով գալիս ենք: Օրը երկու անգամ ճաշ է, եփել է, թափել է, օրը պրծնում է:

Շիրակի մարզում շատերը գիտեն Վահանդուխտ տատի մասին, գիտեն, որ գիւղը պահողն ու հայ-թուրքական սահմանը պաշտպանողը տատին է: Երբ ասացի նրան այս մասին, մի փոքր տխրեց.

– Չէ՛, մեր զինուորներն են մեր պաշտպանները, զինուորով ենք հպարտանում, դրանց ջանին մեռնեմ: Բայց մենք էլ իրանց թիկունքին պէտք է մնանք, մեր ծուխ վառ պահենք… Մնանք, որ գիւղը գան շէնացնեն: Սահմանի բերանն է, թուրքի բերանն է, գիւղը ինչի՞ դատարկուի:

Երբ գրկախառնուելով հրաժեշտ տուեցի Վահանդուխտ տատին, հասկացայ, որ նրա  փոքրացած մարմնում ողջ մայր Հայաստան է, հայ մայր, ով ոչ թէ խօսքերով, այլ իր  ապրած ամէն մի օրով է դաստիարակում մեզ:

Խարկովից դուրս գալիս` զգում էի Վահանդուխտ տատի հիւրասիրած Անիի ծաղիկների նեկտարով մեղրի համն ու գիւղի ուրցի հոտը: Մտքիս մէջ Անին էր, 80 տարեկան տատի բառերն ու անկեղծ ցանկութիւնս.

– Առողջութիւն, տա՜տ, քեզի մենակ չենք թողնի, շուտ-շուտ կու գանք, կրնայ մէ օրըմ էլ գանք ու մնանք…

ԱՆԱՀԻՏ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Լուսանկարները` Կարեն Մկրտչեան 
(Յատուկ «Մետիամաքս»-ի համար)

Նախորդը

Արցախի Սահմանների Պատմական Շարժընթացը

Յաջորդը

Ս. Ստեփանոս Նախասարկաւագ Եւ Առաջին Մարտիրոս

RelatedPosts

Եապանճօ Հարսին Օտար Առաջարկը
Անդրադարձ

Աշունը Գլուխը Երկարեց

October 28, 2026
Պարտութենէն Անդին` Պատմութիւնը Ուրանալու Վտանգը
Անդրադարձ

Թրքական Աշխարհի Ռազմական Համախմբումը. Ո՞ւր Է Հայաստանի Տեղը Նոր Աշխարհաքաղաքական Քարտէսին Վրայ

October 28, 2026
Հայաստանի Քաղաքական Փակուղին Եւ Անոր Յաղթահարման Նախադրեալները
Անդրադարձ

Ընտրութիւններու Եւ Պատերազմի Միջեւ. Լիբանանի Ապագան` Ընտրական Հաշուարկներու, Տարածաշրջանային Հակամարտութեան Եւ Դիւանագիտական Բանակցութիւններու Խաչմերուկին Վրայ

October 27, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.