Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Զաւեշտի Երկիր Ազրպէյճան

Դեկտեմբեր 6, 2019
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան

Անկեղծ ասած` նախապէս չէի պատրաստւում այս մասին գրել: Բանն այն է, որ իր բնոյթով առաջին  հայեացքից զաւեշտը` որպէս նախադրեալ նիւթ, կարծես թէ որեւէ առնչութիւն չունի քաղաքական մեկնաբանութեան տեղիք տուող  իրադարձութիւնների հետ: Բայց համաձայնէք, դա` միայն առաջին հայեացքից: Իրականում, երբ թէկուզեւ թեթեւակի խորանում ես ի յայտ եկած զաւեշտալի միջադէպերի մէջ, ապա կամա-ակամայ յանգում ես այն մտքին, որ իրենց խորքում դրանք նոյնպէս վերաբերում են քաղաքական տիրոյթին, հետեւապէս ենթակայ են մեկնաբանման հրամայականին: Մանաւանդ որ այն ամէնը, ինչ պատրաստւում եմ ներկայացնել, իր խորքային պարունակում երեւակում է մեր հարեւան երկրում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացների, հանրային կեանքում իշխող մտայնութեան ինչպէս ողջ գունապատկերը, նոյնպէս եւ դրա ծագման պատճառահետեւանքային կապի շղթան: Ի դէպ, նախապէս նշեմ, որ ստորեւ ներկայացուող պատմութիւնները կանխակալ յօրինովի չեն, այլ առցանց քաղուած են միանշանակ բաց լրահոսից, հիմնականում` ազրպէյճանական ելեկտրոնային մամուլի հրապարակումներից:

Եւ այսպէս, սկսենք ամենաթարմ զաւեշտից: Ինչպէս յայտնի է, Ազրպէյճանի իշխող կուսակցութեան` «Ենի Ազէրպայճան»-ի (թարգմ.` «Նոր Ազրպէյճան») քաղաքական խորհուրդն օրեր առաջ` նոյեմբերի 28-ին,  անսպասելի որոշում է ընդունել գործող խորհրդարանը` Միլլի մէճլիսը,  լուծարելու մասին: Յիշեցման կարգով նշեմ, որ այդ կուսակցութիւնը 1992-ին հիմնադրել էր նախկին նախագահ Հայտար Ալիեւը, նրա մահից յետոյ, որպէս իրաւաժառանգ, այն գլխաւորում է  որդին` ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւը, իսկ կուսակցապետի առաջին տեղակալը, դարձեալ նոյն իրաւաժառանգութեան սկզբունքով,  հայր Ալիեւի հարսն է` Փաշայեւների գերդաստանի դուստր եւ կրտսեր Ալիեւի կին, նաեւ համատեղութեան կարգով` երկրի փոխնախագահ Մեհրիպան Ալիեւան: Ազրպէյճանի  իշխանամերձ լրատուամիջոցների մատուցմամբ, իբր թէ Միլլի մէճլիսն իր ներկայիս անգործուն, ամուլ վիճակով ամենեւին չի համապատասխանում հանրապետութեան նախագահի վերջերս ձեռնարկած համակարգային բարեփոխումների ոգուն ու թափին:

Չվիճարկենք: Հնարաւոր է`  հէնց այդպէս էլ կայ: Թէկուզ պարզից էլ պարզ է, որ Ազրպէյճանի 5-րդ գումարման, ինչպէս որ նախորդ գումարումների խորհրդարանն իրականում հանդէս էր գալիս ոչ աւելի, քան երկրի նախագահի աշխատակազմի յաւելեալ բաժնի կարգավիճակում ու, որպէս անմռունչ կամակատար, երբեւէ չի առարկել գործադրի եւ ոչ մի օրէնսդրական նախաձեռնութեան: Ինչպէս որ ահա ինքնալուծարման խնդրում է. Պաքուի մամուլի հաղորդմամբ, Միլլի մէճլիսը դեկտեմբերի 2-ի իր նիստում, առանց որեւէ այլեւայլութեան ընդունուած որոշմամբ, դիմել է երկրի նախագահին` խնդրելով լուծարել գործող օրէնսդիր մարմինը եւ նշանակել նոր խորհրդարանական ընտրութիւններ: «Խորհրդարանը դիմել է նախագահին. լուծարէք մեզ», հաղորդագրութեան իսկ վերնագրում Միլլի մէճլիսի այդ նուաստ վիճակն այսպէս է բնութագրել լրատուամիջոցներից մէկը:

Բայց ահա, ինչպէս հակուած են կարծել Ազրպէյճանի ընդդիմադիր քաղաքական գործիչները` վտարանդի, որ դեռեւս ոչ վտարանդի, խնդիրը ոչ այնքան նախագահի ձեռնարկած բարեփոխումների մէջ է, որքան հանրապետութեան երկու հզօր գերդաստանների` ալիեւների եւ փաշայեւների քլանային բախման մէջ: Ազդեցութեան ոլորտների համար նրանց տեւական պայքարում հետզհետէ առաւել շահեկան դիրքեր են գրաւում փաշայեւները, որոնց առկայ եւ հեռանկարային առաջնորդը փոխնախագահ Մեհրիպան Ալիեւան է, ում ձեռքում են աստիճանաբար կուտակւում պետական կառավարման առանցքային լծակները: Խօսքի օրինակ` վերջին մէկ ամսում կատարուած կառուցուածքային փոփոխութիւնների, պետական բարձրաստիճան պաշտօնեաների շարքերի  զտման կամ նրանց փոխատեղման արդիւնքում, որ Պաքւում բնորոշում են ոչ այլ կերպ, քան` «գործադիր իշխանութեան բարեփոխում» ճոռոմ արտայայտութեամբ, կառավարութեան կազմում, սկսած վարչապետից մինչեւ նախարարներ եւ վարչութիւնների ու բաժինների պետեր, նշանակուել են եթէ ոչ բացարձակապէս, ապա հիմնականում փաշայեւների գերդաստանին մերձ գործիչները:

Միչդեռ Միլլի մէճլիսում տակաւին մեծամասնութիւն են կազմում ալիեւական պատգամաւորները` նախիջեւանցիները, ինչը, հնարաւոր է, առաջիկայում էական խոչընդոտ հանդիսանայ երկրի կառավարման լծակների ողջ լրակազմը` ներառեալ պետութեան ղեկավարի պաշտօնը փաշայեւների գերդաստանին սահուն, առանց աւելորդ ու անհարկի ցնցումների փոխանցելու խնդրում: Իսկ  երկրի առաջին դէմքի դիրքում այդ գերդաստանը մօտ հեռանկարում տեսնում է բացառապէս Մեհրիպան Ալիեւային, բնականաբար, հանգուցեալ հօր նախագահական բազկաթոռը ժառանգած, բայց նրա կամային յատկութիւններից զուրկ Իլհամ Ալիեւի ակամայ թողտուութեամբ:

Ասում են` նա արդէն հաշտուել է նախագահի բազկաթոռը կնոջը յանձնելու մտքի հետ, եւ պատահական չէր Մեհրիպան Ալիեւայի օրերս Մոսկուա կատարած առաջին պաշտօնական այցը`  իրեն շնորհուած Բարեկամութեան շքանշանն իբր թէ  անձամբ Փութինից ստանալու շարժառիթով: Խանում Ալիեւան, ամենայն հաւանականութեամբ, այդպիսով իսկ նախապատրաստւում է իր առաջիկայ նախագահական առաքելութեանը, ինչի յաջողութեան խնդրում էական գրաւական է Մոսկուայի, ռուսերէն  ասած, «դոբրօ»-ն («բարի»-ն): Թէկուզ ոչ պակաս կարեւոր է նաեւ Արեւմուտքի «օքէյ»-ը, յանուն որի նրա ամուսինը` դեռեւս գործող նախագահ Իլհամ Ալիեւը, վերջերս` նոյեմբերի 26-ին, Պաքուի պետհամալսարանի 100-ամեակին նուիրուած հանդիսութեանը լուտանքներ էր թափում Եւրամիութեան եւ, առհասարակ, արեւմտեան արժեհամակարգի հասցէին, այսպիսով իսկ փորձելով դիւրացնել արեւմտեան կենտրոնների կողմնորոշումը «երկու չարեաց փոքրագոյնը» ընտրանքում: Յամենայն դէպս, կարծում եմ,  յատկանշական է ռուսական թերթերից մէկի` «Կազեթա.ռու»-ի այդ առթիւ հրապարակած յօդուածի  վերնագիրը. անդրկովկասի թագուհին` Մեհրիպան Ալիեւան ժամանել է Մոսկուա: Ո՛չ աւել, ո՛չ պակաս` Անդրկովկասի թագուհի: Ալեքսանդր Շիրվանզադէի «Մորգանի խնամին» կատակերգութեան հերոսուհիներից մէկի արտայայտութեամբ ասած. չէ մի` տանձի կորիզ…

Անշուշտ, իրաւացի կը լինէք հարցնել` իսկ ու՞ր մնաց խոստացուած զաւեշտն այս պատմութեան մէջ: Իսկ զաւեշտն այն է, որ ասում են, թէ Պաքուի եւ ոչ միայն Պաքուի թէյարաններում այս օրերին շարունակաբար մի նոր մուղամ է ծորում, չզարմանաք, եթէ ասեմ` «Նինոսի մահը»: Մուղամում` ժանրին յատուկ ողբերգական հնչերանգներով պատմւում է, թէ ինչպէս Ասորեստանի տկարամիտ թագաւոր Նինոսն իր գահը նուիրում է շատ սիրելի կնոջը` տիեզերական գեղեցկուհի Շամիրամին եւ նրան թոյլ տալիս  ընդամէնը հինգ օր կառավարել երկիրը: Իսկ Շամիրամն իր առաջին իսկ հրամանով կարգադրում  է գլխատել իրեն շատ սիրող, բայց իր տկար խելքից այլեւս  գահազուրկ ամուսնուն:

Ցաւօք, դարձեալ գլխատման աւարտ ունի Ազրպէյճանին առնչուող մէկ այլ զաւեշտալի պատմութիւն, որի մասին յիշատակել եմ «Ազդակ»-ի իմ հրապարակումներից մէկում: Ուստի կարճ կապեմ: Այդ արիւնահեղութիւնը, մեր հարեւանների բախտից, նորօրեայ չէ, վերաբերում է միջին դարերին եւ այդ մասին պատմել է  Ազրպէյճանի ԳԱԱ  աշխատակից,  պատմաբան Ուլֆաթ Ճաւատը «Քրեմլինը ազրպէյճանցի է կառուցել» աշխատութեան մէջ: Պարզւում է, որ Ռուսական կայսրութեան մայրաքաղաքի սիրտն ու հպարտութիւնը` Քրեմլին վեհաշուք ապարանքը, Մոսկուայի մեծ իշխան Տմիթրի Տոնսքոյի խնդրանքով, 1367-1371թթ., նախագծել եւ կառուցել է ոչ այլ ոք, քան Շամախի քաղաքից յատուկ հրաւիրուած համաշխարհային հռչակի տէր ազրպէյճանցի  ճարտարապետ Ալիս Սիւբհան օղլի Քերեմլի-շիրվանլին կամ, ազրպէյճանական տառադարձութեամբ, Քերիմլի-շիրվանլին: Ի սկզբանէ նրա անունով է կոչուել շինութեան աշտարակներից մէկը, իսկ հետագայում` ամբողջ ապարանքը` Քերեմլիից հնչիւնափոխ դառնալով Քրեմլին: Աւաղ, շինարարութեան աւարտից հազիւ երեք ամիս անց` 1371թ. ուղիղ յունիսի 22-ին (հին, թէ նոր տոմարով` յայտնի չէ), երբ մահմետական ճարտարապետը նամազ էր անում, մի կազակ ատաման թրի հարուածով գլխատում է Քրեմլին հանճարեղ հեղինակին: Հէնց այնտեղ էլ նա թաղւում է:  Ինչպէս նկատում էք, ազրպէյճանցի «պատմաբանի» յուզիչ հեքիաթասացութիւնն աւարտւում է իր ցեղի աւանդական արարողութեամբ` գլխատմամբ: Է՜հ, ի՞նչ է մնում մեզ անել: Ի հարկէ, միայն մի բան` սրտացաւ հարեւանի իրաւունքով նոյնպէս ողբալ հեռու միջնադարում ազրպէյճանական ժողովրդի կրած այդ ծանր, անգնահատելի  կորուստը` յոյս փայփայելով, որ նրա` ստեղծագործ հանրութիւնն այլեւս երբեք չի կանգնի իր հանճարեղ եւ ոչ միայն հանճարեղ ներկայացուցիչների  նման մարտիրոսութեան փաստի առաջ: Առաւել եւս, որ շատ կարեւոր ու հրատապ է, այդ հանրութիւնն այսուհետ իր ժողովրդի մէջ մէկընդմիշտ արմատախիլ կ՛անի դարեր ի վեր եւ առ այսօր պահպանուող ցեղային աւանդոյթը` անմեղ, անպաշտպան հայ գերու գլխատումը  կամ քնած ժամանակ անկողնում պառկած համադասարանցի հայ սպայի կացնահարումը:

Բայց մի կողմ թողնենք խաւար միջնադարը եւ վերադառնանք մեր լուսաւոր ժամանակները:

Իսկ այս լուսաւոր ժամանակներում պարզւում է, մենք` հայերս քիչ է թէ արժանւոյնս չենք գնահատում, աւելի՛ն, թերագնահատում ենք մեզնից իւրաքանչիւրի, այսինքն մեր մէկ անհատ կամ մէկ միաւոր հայրենակցի զօրութիւնը: Պաքուի իշխանամերձ հաքքին.ազ լրատուական կայքն է պատմում: Պարզւում է` քիչ է մնացել, որպէսզի լրագրող Մասիս Ինգիլիզեանի սադրանքով ռազմավարական բարեկամ հարեւան երկրները` Վրաստանն ու Ազրպէյճանը, պատերազմեն  միմեանց դէմ: Իսկ ի՞նչ է արել Ինգիլիզեանը: Առանձնակի` ոչինչ: Պարզապէս յօդուած է տպագրել եւրոպական մի ելեկտրոնային պարբերականում, եւ այն արտատպուել,  տարածուել է նաեւ Վրաստանում: Հրապարակման մէջ  յայտնւում է, որ  ազրպէյճանական զօրքերը գրաւել են վրացական տարածքի մի մասը` Ազրպէյճանի, Վրաստանի եւ Հայաստանի սահմանների հատման վայրից ոչ հեռու: Բնականաբար երկու երկրներում էլ մեծ էր տագնապը: Ու թէկուզ հետագայ օրերին պարզուեց, որ տեղեկատուութիւնը հեռու չէ ճշմարտութիւնից, քանզի, իրօք, ազրպէյճանական սահմանապահ զօրքերը նման փորձ արել են, այնուամենայնիւ, միջադէպը հարթուեց առանց երկուստեք ռազմական ուժի կիրառման` դիւանագիտական ճանապարհով: Այստեղ են երեւի ասել. գող` սիրտը դող:

Եւս մէկ հնարաւոր բախման մասին: Այս անգամ արիւնակից եղբայրներ դարձած թուրք եւ ազրպէյճանական ժողովուրդների միջեւ: Բայց այս անգամ` ոչ մեր` հայերիս մեղքով:  Այս միջադէպում «մեղաւորն» ազրպէյճանցի էր: Ընդ որում` յայտնի ազրպէյճանցի` Ազրպէյճանի սոցիալ-դեմոկրատական կուսակցութեան նախագահ Արազ Ալիզատէն: Իսկ տուեալ  քաղաքական գործիչը, հոկտեմբերի 29-ին հարցազրոյց տալով թուրքական հանրային հեռուստատեսութեանը, այն հարցին, թէ` ո՞վ ենք մենք, ազրպէյճանցինե՞ր, թուրքե՞ր, պատասխանել է. «Ազրպէյճանցիների եւ թուրքերի արեան խմբերը չեն համապատասխանում: Թուրքերն ասիական ծագմամբ բնիկներ են, նրանք պատկանում են դեղին ցեղախմբին: Ազրպէյճանցիները պատկանում են հնդեւրոպական ցեղախմբին: Ահա թէ ինչու ես ազրպէյճանցի եմ եւ ազրպէյճանցի եմ ինձ զգում»: Ինչ խօսք, պաքուեցի կուսակցապետի խօսքը մեծ աղմուկ է առաջ բերել թէ՛ Պաքւում եւ թէ՛ Անգարայում: Մասնաւորապէս, Պաքւում` «Ենի Ազրպէյճան»-ից խորհրդարանի անդամ Մալահաթ Իպրահիմլին  սադրիչ գաղափարներ է դիտարկել Ալիզատէի յայտարարութեան մէջ, որոնք լրիւ հակասում են «Մէկ ազգ` երկու պետութիւն» գաղափարախօսութեանը, որ հռչակել են, իր իսկ խօսքով, «Ազրպէյճանի հիմնադիր Հայտար Ալիեւը եւ գործող նախագահ Իլհամ Ալիեւը»: Ուշագրաւ է Իպրահիմլու նաեւ մէկ այլ արտայայտութիւն. «Տուեալ աշխարհագրական տարածքում (Հարաւային Կովկասում) միայն հայերն ու իրանցիներն են պատկանում արիական (նկատի ունի` հնդեւրոպական) ցեղախմբին եւ Ալիզատէն կարծես թէ նրանցից մէկին  է պատկանում»: Մալահաթ խանումը երեւի թէ ինքն էլ չի նկատել, որ իր հերթին նոյնպէս հակադրւում է հայրենի քաղաքական վերնախաւի եւ գիտական շրջանակների այն հակագիտական թեզին, ըստ որի, հայերը եկուորներ են հարաւկովկասեան տարածաշրջանում եւ ոչ մի արիւնակցական ու լեզուական կապ չունեն հնդեւրոպական ցեղախմբի հետ: Նա միայն մի բանում էր ճիշդ. Ալիզատէն, լինելով ազգութեամբ թալիշ, իրօք, պատկանում է իրանական ցեղախմբին, ինչը նա եւ իր հարազատ եղբայրը` նոյնպէս յայտնի քաղաքագէտ Զարտուշթ Ալիզատէն հնարաւորինս ձգտում են քողարկել` քաջ գիտակցելով այն  քամահրական վերաբերմունքն ու դրա հետեւանքները, որ «հանդուրժողական ու բազմամշակութային» յորջորջուող Ազրպէյճանում ցուցաբերում են ազգային փոքրամասնութիւնների նկատմամբ: Յղում կատարելով  Ալիզատէի հեռուստատեսային հարցազրոյցին` թուրքական  կայքերից մէկը նոյեմբերի 2-ին հրապարակել է յօդուած եւ այն վերնագրել այսպէս. «Մեր միջեւ արիւնակցական յարաբերութիւններ չկան»: Ինչպէս ահազանգում է հաքքին.ազը, այդ աղմկայարոյց հարցազրոյցը մեծ քաղաքականութիւն անցնելու ռիսք է պարունակում ու կարող է սեպ խրել Պաքուի եւ Անգարայի միջեւ` կասկածի տակ դնելով «Մէկ ազգ` երկու պետութիւն» համաթուրքական հայեցակարգը:

Անժխտելի է, որ ազրպէյճանական պատմագիտութիւնը վերջին շրջանում արագասլաց առաջընթաց է ապրել, բնականաբար, ասպատակելով մօտ եւ հեռու ժողովուրդների, երկրների ազգային, հոգեւոր-մշակութային տիրոյթները, խաշնարածի սովորութեամբ նախիրի կճղակների տակ տոփանելով իրական պատմական եղելութիւնները: Դարձեալ միեւնոյն հաքքին.ազն է գրում այս տարուայ հոկտեմբերի 20-ի իր թողարկման մէջ: Ուքրանիայում Ազրպէյճանի արտակարգ եւ լիազօր դեսպան Ազեր Խուտիեւը, հանդէս գալով Քիեւի հեռուստատեսութեամբ եւ պատմելով  «Ուքրանիայի նկատմամբ ադրբեջանական ժողովրդի սիրոյ ակունքների» մասին, վկայաբերել է համապատասխան «պատմական փաստարկներ»: Նրա խօսքով. «Ազրպէյճանը եւ Ուքրանիան առեւտրային յարաբերութիւններ են ունեցել տակաւին Քիեւեան Ռուսիայի օրօք, եւ Ազրպէյճանը քաղցրաւենիք եւ  այլ արտադրանք է Քիեւեան Ռուսիա բերել Վոլկա-տոն ջրանցքով»: Բայց ահա դեսպանն իր  ակնդիրներին չի բացատրել, թէ Ազրպէյճանն ինչպէս է Քիեւեան Ռուսիա «քաղցրաւենիք բերել» Վոլկա-Տոն ջրանցքով, երբ նոյն այդ ջրանցքը կառուցուել է ընդամէնը 1952 թուականին: Ըստ երեւոյթին, դեսպանն ուզում էր հաւաստել, որ Ազրպէյճանն առնուազն Քիեւեան Ռուսիայի տարեկիցն է, եթէ ոչ շատ աւելի մեծ տարիքի: Կամ գուցէ նա ակամայ շփոթել է ջրային ու տափաստանային փոխադրամիջոցները` նաւերը եւ ուղտերը: Ի վերջոյ` ի՞նչ տարբերութիւն, չէ՞ որ երկուսն էլ սովորաբար օրօրւում են շարժուելիս: Յետո՞յ ինչ, որ մէկը ջրի տատանումներից, միւսը` չորքոտանի քայլքից: Մի խօսքով` դարձեալ պատմութեան խաշնարածային ընկալում:

Եւս մէկ պատում, այս անգամ այն մասին, թէ ինչպէս Պաքւում մերթ ընդ մերթ, կամայ, թէ ակամայ շփոթում են Ազրպէյճանի եւ Արցախի խորհրդանիշները: Դէպքը տեղի է ունեցել անցեալ տարուայ դեկտեմբերի վերջին օրերին, Արաբական Միացեալ Էմիրութիւններում: Ապու-Տապիում մշակութային ժառանգութեան ամէնամեայ աւանդական փառատօն էր: Մասնակցում էր նաեւ Ազրպէյճանն իր տաղաւարով: Բայց չգիտես ինչո՞ւ, Ազրպէյճանի պետական զինանշանի փոխարէն, տաղաւարի առջեւ կանգնեցուած էր արցախեան խորհրդանիշը` «Մենք ենք` մեր սարերը» կամ ինչպէս ժողովուրդն է սովորաբար կոչում` «Պապիկ-տատիկի» հոյակերտ յուշակոթողի մանրակերտը: Կարելի է ենթադրել` ի տես եւ ի լուր մահմետական աշխարհի Պաքուն այդպիսով իսկ ուզում էր ասել. «Ահա ընդամէնը այն, ինչ Լեռնային Ղարաբաղում մնացել է մեր քրիստոնեայ նախնեաց` աղուանների թողած վիթխարի պատմամշակութային ժառանգութիւնից, քրիստոնեայ հայերը բարբարոսաբար ոչնչացրել են աղուանական, թէ մահմետական բոլոր նիւթական արժէքները: Օգնեցէք, հաւատակիցնե՛ր»: Ի հարկէ, փառատօնի հազարաւոր մասնակիցներից շատ քչերն էին տեղեակ, որ «Պապիկ-տատիկ» հրաշալիքը կերտուել եւ Ստեփանակերտի արեւելեան մուտքի բլուրին տեղադրուել է հազիւ կէս դար առաջ, աւելի ստոյգ` 1967 թուականին, եւ որ այդ յուշակոթողի հեղինակն է ծնունդով արցախցի նշանաւոր հայ քանդակագործ Սարգիս Բաղդասարեանը: Հնարաւոր է եւ այս վարկածը. նկատի առնելով, որ յուշակոթողի մանրակերտը նախապէս պատրաստուել է Պաքւում  ու նոր միայն տեղափոխուել Ապու-Տապի, ուստի կարելի է ենթադրել, որ մինչ աշխարհի մայրաքաղաքներում չարչրկւում է ազրպէյճանա-արցախեան հակամարտութեան կարգաւորման գորդեան հանգոյցը, արցախցի պապիկ-տատիկն  արդէն իսկ` իրենց մերօրեայ ժառանգներից էլ շուտ, արդարացիօրէն ու վերջնականապէս լուծել են արցախեան հիմնախնդիրը` գրաւելով մեր ընդդիմախօսների մայրաքաղաքը եւ այժմ ահա զբօսաշրջային այցով վաստակած հանգստի են մեկնել Միացեալ Էմիրութիւններ, բնականաբար` աւելի քան կէս դարի ընթացքում կուտակուած իրենց կենսաթոշակի հանրագումարի հաշուին:

Է՜հ, այստեղ են ասել` արի ու մի՛ խնդայ…

Արցախ
Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Նախորդը

Կեդրոնականցի Արմենակ Եւ SOS Chrétiens d՛Orient

Յաջորդը

Կոմիտասի Ուղեղին Մէջ

RelatedPosts

Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը
Անդրադարձ

Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը

Հոկտեմբեր 14, 2025
Ողբերգութի՞ւն, Թէ՞ Կատակերգութիւն. Բեմը Անարգելը Ե՞րբ Աւանդութիւն Դարձաւ
Անդրադարձ

Ողբերգութի՞ւն, Թէ՞ Կատակերգութիւն. Բեմը Անարգելը Ե՞րբ Աւանդութիւն Դարձաւ

Հոկտեմբեր 14, 2025
Ռազմիկ Բաղդասարեանի Ելոյթին Առիթով
Անդրադարձ

Ռազմիկ Բաղդասարեանի Ելոյթին Առիթով

Հոկտեմբեր 14, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?