Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողութեանը մասնակցելու եւ Արցախի իշխանութեան ներկայացուցիչների հետ հանդիպելու առիթով այս օրերին Արցախում էր Հայ մարմնակրթական ընդհանուր միութեան Կենտրոնական վարչութեան ատենապետ Գառնիկ Մկրտչեանը: «Ապառաժ»-ի հետ հարցազրոյցում Գառնիկ Մկրտչեանը նշել է, որ տարիների երազ էր Արցախում ՀՄԸՄ-ի մասնաճիւղ ունենալը: «Արցախի անկախացումից յետոյ սկզբնական շրջանում սկսել էինք աշխատել Արցախում, բայց դրանից յետոյ ՀՄԸՄ-ի գործունէութիւնը դադարեց, որից յետոյ զանազան պատճառներով հնարաւոր չեղաւ վերականգնել: ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչութիւնը Արցախի նախագահների, վարչապետների, նախարարների հետ շփումներում միշտ էլ հետամուտ է եղել այս հարցի լուծմանը, բայց հնարաւոր չի եղել իրագործել արտօնութիւն ստանալու` նաեւ սկաուտական կազմակերպութեան հնարաւորութիւններին չհաւատալու պատճառներով: Հիմա կարող եմ ասել, որ Արցախի իշխանութիւնների հետ մեր աշխատանքի եւ շրջանի մարմինների աշխատանքի արդիւնքում մենք կարողացանք մեր առաջին պաշտօնական կորիզը ստեղծել», ասել է ՀՄԸՄ-ի ԿՎ ատենապետը` յոյս յայտնելով, որ այն լաւագոյն թթխմորը պիտի դառնայ Արցախում լուրջ գործունէութիւն տանելու համար:
Հայ մարմնակրթական ընդհանուր միութիւնը ստեղծուել է 1918թ. Կ. Պոլսում: Այնուհետեւ Հայաստանի Ա. Հանրապետութեան լուսաւորութեան նախարար Նիկոլ Աղբալեանի հրաւէրով սկսել է գործել Հայաստանում: 1921թ. խորհրդային կարգերի հաստատումից յետոյ դարձել է սփիւռքեան կազմակերպութիւն: Սկզբնական շրջանում Միջին Արեւելքի երկրներում է լայն աշխատանք տարել, որից յետոյ սկսել է Միջին Արեւելքից տարածուել, նաեւ, հայերի տեղաշարժի հետ կապուած, հասել Եւրոպա, Ամերիկա, Աւստրալիա: Միութեան անդամների թիւն այժմ հասնում է 28.000-ի: ՀՄԸՄ-ի ՀԱՍԿ-ը (Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպութիւն) Սկաուտական շարժման միջազգային կազմակերպութեան անդամ է եւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետութիւնը:
«Ամբողջ աշխարհում այսօրուայ դրութեամբ ՀՄԸՄ-ն առանց Արցախի 110 մասնաճիւղ ունի, 111-րդը պիտի դառնայ Արցախի մասնաճիւղը: Արդէն նշանակուել է վարչութիւն, որի միջոցով սկսելու ենք մեր գործունէութիւնը: Երիտասարդ գործիչ է գործուղուել այստեղ, ում օգնութեամբ միութիւնը ծիլեր կ՛արձակի եւ կը սկսի բերք տալ», մանրամասնել է Գառնիկ Մկրտչեանը` աւելացնելով, որ ՀՄԸՄ-ի գործունէութիւնն աշխարհով մէկ տարածուած է սկաուտական եւ մարզական ուղղութիւններով, որոնց աշխատանքները համակարգում են վարչութիւնները, յանձնախմբերը: «Մայիս ամսին հիմնեցինք երիտասարդական բաժին, որտեղ համախմբւում են 18-30 տարեկան երիտասարդներ, որոնք նախկինում խմբապետներ, մարզիկներ կամ անդամներ են եղել», յաւելել է մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է Արցախի շրջաններում մասնաճիւղեր բացելու հնարաւորութեանը, ապա ՀՄԸՄ-ի ատենապետը նախ անհրաժեշտ է համարում Ստեփանակերտում ամուր հիմքերի վրայ դնել կառոյցը, որից յետոյ կարող են մտածել շրջաններում տարածուելու մասին: «ՀՄԸՄ-ն ունի բրգաձեւ կառավարման համակարգ: Ներքեւի խաւը անդամներն են, անդամներից յետոյ` վարչութիւնները, յանձնախմբերը, այնուհետեւ` Շրջանային վարչութիւնները եւ բարձրագոյն օղակը` Կենտրոնական վարչութիւնը: Կենտրոնական վարչութեան նստավայրը Լիբանանն է, իսկ անդամներն ընտրւում են տարբեր շրջաններից: Այժմ Կենտրոնական վարչութիւնն ունի 13 անդամ», ասել է Գառնիկ Մկրտչեանը:
Անդրադառնալով Արցախում մասնաճիւղ բացելու կարեւորութեան մասին հարցին` ՀՄԸՄ-ի ատենապետը նշել է, որ յատկապէս սփիւռքահայութեան համար Արցախը իւրայատուկ նշանակութիւն ունի. «Մեր ժողովրդի հայրենիքի հետ ամենազգացական կապուածութիւնը Արցախն է: Հայաստանն արդէն անկախ է, բայց Արցախն ուրիշ պատմութիւն է: Արցախում մասնաճիւղ չունենալը մեծ վէրք էր, վիրաւորանք: Տարբեր քաղաքների, երկրների հայ համայնքների հետ հանդիպումների ժամանակ միշտ այս հարցն էին բարձրացնում: Պատասխանում էի, որ հարցն ընթացքի մէջ է, որովհետեւ չէի կարող ուրիշ պատասխան տալ: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ Արցախի կարեւորութիւնը ՀՄԸՄ-ի համար առանձնայատուկ է»:
«Հաւատում եմ, որ ՀՄԸՄ-ի դերակատարութիւնը մեծ կը լինի Արցախում, մանաւանդ` սկաուտական շարժումը: Մարզական բաղադրիչը կարող է այստեղի երիտասարդութեանն այնքան էլ չհետաքրքրել, որովհետեւ դպրոցներին կից կան մարզական խմբակներ, մարզական ակումբներ: Իսկ սկաուտութիւնը, իմ կարծիքով, հեռանկարներ ունի: Հայ պատանին, երբ 3 տարեկանից անդամագրւում է ՀՄԸՄ-ին, այնուհետեւ տարիների ընթացքում դառնում խմբապետ, իր հագուստը, դաստիարակութիւնը նրան պատրաստում է` որպէս իսկական հայ, զինուոր` կարգապահութեան, վարք ու բարքի իմաստով», խօսելով հեռանկարների մասին` ասել է Գառնիկ Մկրտչեանը:
«Մենք ծերացած կազմակերպութիւն չենք, մեր եղբայրներից մէկի խօսքով, մենք 1 դար ու 1 տարեկան ենք: Ունենք հազարաւոր երիտասարդ, խանդավառ աղջիկներ եւ տղաներ: Իսկ արդէն 101-ամեայ ՀՄԸՄ-ի համար Արցախի մասնաճիւղն ամենամեծ նուէրն է», եզրափակել է Գառնիկ Մկրտչեանը:
ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՋԱՆԵԱՆ