Եօթ Օր Կորսուած Դրախտում

ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑԵԱՆ

Երեւան-Պէյրութ թռիչքի տեւողութիւնը երկու ժամից մի քիչ պակաս է: Պէյրութը բարեբախտաբար դեռ հայահոծ է, իսկ մի ժամանակ բնակչութեան մէկ երրորդը հայեր էին: Հէնց այդ երանելի տարիներին էր, որ Պէյրութը «Արեւելքի Փարիզ» տիտղոսն էր կրում, եւ կէս լուրջ, կէս կատակ ասում էին. «Այն ինչ առաւօտեան Պէյրութն էր հագնում ու կրում, Փարիզը` երեկոյեան, կամ էլ յաջորդ առաւօտեան էր հագնում ու կրում»: Մեղաւորնե՞րը. դէ, ի հարկէ, Պէյրութի նշանաւոր հայ դերձակներն ու կօշկակարներն էին, անզուգական հայ ոսկերիչներն ու ադամանդագործները: Բայց դէ Փարիզի անունն էր թնդում, իսկ Պէյրութը համեստաբար «Արեւելքի Փարիզ» տիտղոսով էր բաւարարւում: Վերջերս էլ մի թուրք լրագրող էր ի լուր աշխարհի յայտարարել.  «Եթէ հայերին չհանէինք Վանից, Վանը հիմա «Արեւելքի Փարիզը կը համարուէր…»:

Ափսոս, երկարատեւ պատերազմները Պէյրութում էլ խաթարեցին հայութեան կեանքն ու երազները: Պատերազմի վէրքերը թէեւ սպիացել են հիմա, բայց հայութեան նահանջը, պակասը բաց վէրքի պէս մնացել է քաղաքի դէմքին:

Ինքնաթիռը փափուկ վայրէջք կատարեց Պէյրութի օդակայանում: Կողքիս նստածը, որն ամբողջ թռիչքի ընթացքում քնած էր, արթնացաւ, խաչակնքեց ու մրմնջաց.

– Փա՛ռք Տիրոջ, տեղ հասանք:

Իսկ ես դեռ տեղ չէի հասել, Պէյրութում կէս օր մնալուց յետոյ առաւօտեան ուղեւորուելու էի Հալէպ:

Ինչպէս միշտ, ինձ դիմաւորողը Տօնիկն էր: Բարեւելուց, ողջագուրուելուց յետոյ հարցրի.

– Դեռ չե՞ս ամուսնացել:

– Գալ տարի,- մեղաւոր ժպիտով պատասխանեց Տօնիկը:

– Ամէն տարի նոյն պատասխանն ես տալիս:

– Ինչպէ՞ս է հայրենիքը,- Տօնիկի անսպասելի հարցը աւելի շատ թեման փոխելու համար էր` կռահեցի:

– Խօսքը կտուր մի՛ գցի, որ ամուսնանաս, հայրենիքը կ՛ամրանայ:

–  Գալ տարի,- այս անգամ աւելի ժպտերես էր. չէ՞ որ այս տարուան հաշուած օրեր են մնացել…

Պէյրութը, երեւի, աշխարհի ամենածանրաբեռնուած փողոցներով քաղաքներից է: Կէսօրից յետոյ գրեթէ անհնար է երթեւեկել: Ինչքան էլ մեր վարորդը լաւ գիտէր քաղաքը, միեւնոյնն է, մինչեւ հիւրանոց հասանք, Պէյրութ-Երեւան ինքնաթիռը արդէն հասցրել էր Զուարթնոցում վայրէջք կատարել:

– Վաղը, լոյսը չբացուած, Հալէպ տանող թաքսին հիւրանոց կը գայ: Ընկեր Անդրանիկն ու Լորիկն էլ կը միանան ձեզ,- ասաց Տօնիկը:

– Քանի՞ ժամից կը հասնենք Հալէպ:

– Եօթ-ութ ժամ,- ենթադրեց Տօնիկը:

… Եօթ-ութ ժամ: Յիշեցի խաղաղ տարիներին Երեւանից-Հալէպ թռիչքը ընդամէնը մէկ ժամ էր տեւում. հիմա պատերազմը փակել է Հալէպ տանող բոլոր ճանապարհներն ու մի կենտ ցամաքային` երկրային ճանապարհ է մնացել, այն էլ` կրնկի վրայ բացուած կիսաբաց դրան պէս, որն ամէն պահի կարող է փակուել: Վերջին անգամ Հալէպում 2011 թուականին էի եղել, եօթ տարի առաջ… Յետոյ պատերազմ, որն ամէն օր թւում էր, թէ վաղը-միւս օրը կ՛աւարտուի… Եօթ տարի ձգուեց ու հիմա կէս դուռ-կէս բերան խաղաղութիւն, այնքան փխրուն, որ ամէն ժամ հնարաւոր է` փշրուի…

Թուրքերը մեծ ախորժակ ունեն Սիրիայից պատառ փախցնելու, քրտերը նոյնպէս: Ռուսները առայժմ զսպում են թուրքերին, ու թէեւ թուրքն ու ռուսը սիրախաղ են սկսել, մեղրալուսնի մէջ են, բայց մէկ-մէկու չեն վստահում, երկուսն էլ անհաւատարիմ կնոջ համբաւ ունեն հին ժամանակներից: Ամերիկացիներն էլ իրենց առաքելութիւնն իբր աւարտած, ձեւ են անում, թէ դուրս են գալիս Սիրիայից` դէմ-դիմաց թողնելով քրտերին ու թուրքերին: Թուրքն ու քիւրտը, քիւրտն ու թուրքը հին հաշիւներ ունեն:

Մտաբերեցի տարիներ առաջ Հալէպում ապրող քիւրտ ծանօթիս. «Կիլիկիա» պանդոկում մատուցող էր աշխատում: Նրա համար ես միշտ թանկ ու սպասուած հիւր էի, մանաւանդ որ Հայաստանից էի: Ո՛չ խմում էր, ո՛չ ծխում, բայց երբ հայկական ծխախոտ ու քոնեաք էի տանում, անպայման պիտի փորձէր, համտեսէր: Այդ օրը, երեւի, հայկական քոնեաքն էր մեղաւորը, որ անկեղծացաւ ու իր պապերի անունից փորձեց ներողութիւն խնդրել, որն աւելի շատ ապաշխարանք-խոստովանութեան էր նման.

«Մեզ թուրքը խաբեց, ասեց` հայերի ոսկին, հարստութիւնը ձերն է, մաքրէք ու տիրացէք նրանց հողին, ունեցուածքին… Մաքրեցինք… Թուրքը մեզ ո՛չ հող տուեց, ո՛չ էլ հայերի ունեցուածքից բաժին հանեց… Խաբեց թուրքը… Մենք մեր ձեռքով մեր աչքը հանեցինք… Առանց հայի` քիւրտը Թուրքիայում քոռ է, միաչքանի…»:

Մի քանի ամիս անց, երբ կրկին անգամ Հալէպում էի, քիւրտ ծանօթիս չգտայ: «Կիլիկիա» պանդոկի տիրոջն հարցրի.

«- Ո՞ւր է մեր քիւրտը»:

«- Լեռները գնաց… Թուրքի հետ կռիւ ունէր… ասում են զոհուել է…,- շշուկով ասաց պանդոկի տէրը»:

Ուշացած մի խոստովանութիւն էլ յիշեցի, Եւրոպայի շուրթերից թռած. «Հայերը Թուրքիայի համար կախարդական ոսկէ ձուեր էին ածում, թուրքերն իրենց ձեռքով մորթեցին ածուին…»:

… Ընթրեցինք: Տօնիկը դեռ տպարան պիտի հասնէր «Ազդակ»-ի հերթական համարի տպագրութեան հետեւելու: Հրաժեշտ տուինք: Մինչեւ լուսաբաց բան չէր մնացել, որոշեցի ընթերցանութեամբ կարճել գիշերն ու սպասել Հալէպ տանող թաքսուն:

***

Լոյսը չբացուած` Պէյրութ-Հալէպ երթուղին անթերի սերտած Հայրոյի հետ (Հայրապետ) ճանապարհ ընկանք: Ուխտագնացութեան նման էր մեր ճամբորդութիւնը, եւ այդ անսովոր ուղեւորութեանը, ինչպէս արդէն Տօնիկն էր ասել, միացել էին Լորիկ Սապունճեան-Ծատուրեանն ու Անդրանիկ Մսըրլեանը: Լորիկը Պէյրութի «Վանայ Ձայն» հանրաճանաչ ձայնասփիւռի խօսնակն է, Անդրանիկը` նշանաւոր Պուրճ Համուտի նախկին քաղաքապետը: Երկուսն էլ` Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Կենտրոնական վարչութեան անդամ: Գնում ենք Հալէպ` մասնակցելու Համազգայինի 90-ամեակին նուիրուած տօնակատարութեանը: Աշխարհի տարբեր երկրներում նշուել է հայապահպան այդ փառահեղ միութեան 90-ամեակը: Մեկնարկը տրուել էր Երեւանից, յետոյ` Միացեալ Նահանգներ, Քանատա, Ֆրանսա, Յունաստան, Կիպրոս, Աւստրալիա, Արաբական Էմիրութիւններ, Լիբանան…

Բարակ անձրեւ էր մաղում: Լուսադէմին արդէն հատել էինք լիբանանեան սահմանն ու մօտեցել սիրիականին: Պատերազմի մէջ գտնուող երկրի սահմանները միանգամից տարբերւում են լիբանանեան թափանցիկ անցակէտերից: Սիրիա մտնող հէնց առաջին անցակէտում երկար սպասեցինք: Անձրեւը յորդանում էր, գնալով սաստկանում եւ մութուլուսի մէջ հազիւ ուրուագծւում էր Հայրոն` մեր անձնագրերը ձեռքին անձրեւի տակ այս ու այն կողմ վազվզելիս: Վերջապէս եկաւ, թրջուած, դժգոհ նստեց ղեկին ու անձնագիրս մեկնելով ինձ` ասաց.

– Մինչեւ մականունդ (ազգանուն) գրեց, հոգին բերանը եկաւ:

***

Լոյսն արդէն բացուել էր: Ամբողջ ճանապարհին աւերուած գիւղերի, բնակավայրերի, քանդուած մզկիթների տեսարաններ են:

– Ասոնք ամէնը չերքեզական գիւղեր են,- ասաց Հայրոն ու աւելացրեց,- խեղճ ու կրակ մարդիկ… ո՞րն էր անոնց մեղքը…

Հայրոյի խղճահարութիւնը այնքան անկեղծ ու մարդկային էր, որ ես էլ ցաւ ապրեցի…

Բնակավայրերը մեծ մասամբ կաւեղէն տուն-կացարան էր յիշեցնում. միակ առանձնացող շինութիւնները հաւատի տներն էին` մզկիթները: Ժամանակը այստեղ կանգ էր առել: Բնակավայրերի, գիւղերի անունները յուշող ոչ մի ցուցանակ, ոչ մի ուղեցոյց, բայց Հայրոն անգիր գիտէր բոլորի անունները:

– Գիւղի անունն ի՞նչ է,- հարցրի Հայրոյին:

– Սալամիէ:

Մտածեցի, որ այն երեւի սալամ-բարեւ, ողջոյն է նշանակում:

– Թարգմանաբար երեւի մեր բարեւն է…

– Գուցէ, չգիտեմ… բայց ո՞ւմ բարեւես, ո՞ւմ ողջոյն ասես… մեռելներո՞ւն… աւերակներո՞ւն…

Ամբողջ ճանապարհին մեզ էր միացել աներեւոյթ, անտեսանելի մի ուղեւոր եւս` պատերազմի ուրուականը: Մեռելահոտ գիւղեր, շէներ… թւում էր, թէ ողբերգական այս տեսարաններն ինչ-որ տեղ կ՛ընդհատուեն, ու անկոչ ուղեւորը` պատերազմի ուրուականը կը չքանայ… Աւա՜ղ, վերջ չկար…

Յաջորդ անցակէտին հասանք: Դրսում, կրակի շուրջ հաւաքուած զինուորներից մէկը առանձնացաւ ու նշան արեց, որ կանգ առնենք: Հայրոն հերթական անգամ հաւաքեց մեր անձնագրերն ու դուրս եկաւ մեքենայից: Դռան բաց ու խուփից անապատի պաղ քամին ներս սողոսկեց: Տէր Զօրի անապատներից փչող պաղ ցրտի մէջ մահուան հոտ կար:

Կրակի շուրջ հաւաքուած զինուորները բարեկամաբար ողջունեցին Հայրոյին ու առանց ձգձգելու` բարի ճանապարհ մաղթեցին… «Բարի ճանապարհ… բարի երթ…»: Շռայլութի՞ւն. մե՞ղք չէ արդեօք մահուան դժոխքի ճանապարհին նման մաղթանքը…

Յաջորդ անմարդաբնակ դարձած գիւղի անունը Խանասոր էր.

– Խանասո՞ր,- զարմացաւ Լորիկը:

– Այո՛, բայց մեր իմացած Խանասորը չէ… Չերքեզներինն է…

Անշունչ, աւեր բնակավայրի մեռելային լռութիւնը խախտուեց ուշացած աքլորականչով`

– Միակ կենդանի շունչը,- եզրակացրեց Անդրանիկը…

Բարի լոյսի աքլորականչ չէր ափսոս… այլ ուրացումի… երրորդ աքլորականչը գուցէ…

***

Ճանապարհին կանգուն մնացած միակ ցուցանակ-ուղեցոյցին երկու քաղաք էր նշուած` դէպի աջ` Ռաքքա, ուղիղ` Հալէպ: Ասում են Ռաքքայից միայն անունն է մնացել. պատերազմը աւերել, քարակոյտերի է վերածել այն:

– Երկու ժամից Հալէպ կը հասնենք,- յուսադրող թոնով ասաց Հայրոն: Ով առիթ է ունեցել մինչ պատերազմը Պէյրութից կամ Դամասկոսից ցամաքային ճանապարհով Հալէպ հասնել, կը յիշի անշուշտ, զօր ու գիշեր բաց խորտկարանների ու սրճարանների առատութիւնը: Հիմա կանգ ենք առել կիսաշէն սրճարան-խորտկարան յիշեցնող միակ շինութեան առաջ, մի պահ գոնէ հանգստանալու, սուրճի կամ թէյի ակնկալիքով: Թէկուզ աղքատիկ, կիսաշէն, բայց խորտկարանը կեանքի նշոյլ խորհրդանշող տարածք էր: Իսկ եթէ նման վայրում պատի տակ մրափած շուն էլ կայ, ուրեմն կարող ես հանգիստ լինել. ուտելու բան էլ կը ճարուի… Սրճարան-խորտկարանի տիրոջ աչքերում ուրախութիւն կար. վերջապէս յաճախորդներ ունէր: Անդրանիկը սուրճ, թէյ ու արաբական հաց-պանիր պատուիրեց: Թարմ սուրճի բոյրը յուշում էր, որ Հալէպը մօտ է:

***

… Կէսօրին վերջապէս հասանք Հալէպ: Պէյրութից մեզ ուղեկցող անձրեւը այստեղ էլ չէր դադարել: Եղանակի տխրութիւնը, մռայլութիւնը էլ աւելի կրկնապատկուեց, երբ քաղաքի մուտքից սկսած աւեր ու ռմբահար շէնքերի համայնքապատկերն էր բացւում աչքերիդ առաջ: Հինաւուրց, կենսուրախ քաղաքին սեւ չանչի պէս նստել էր պատերազմի ուրուականը: Հայրոն, որ գրեթէ ամէն օր այս ճանապարհով յաճախորդներ է տանում ու բերում, արդէն ընտելացել է նման տեսարաններին: Պատմում է քաղաքի անողոք թալանի մասին ու զարմացած ասում.

– Ոչ ոք չկրցաւ թալանի դէմն առնել. կարծես յատուկ կազմակերպուած գործ էր: Օրը ցերեկով բեռնատարները կանգնում էին գործարանների, ֆապրիքաների առաջ, քանդում ունեցած-չունեցածը, բարձում ու հանգիստ, անարգել հեռանում…

– Ո՞ւր էին տանում,- հարցրի:

– Թուրքիա, էլ ո՞ւր:

– Հայերը շա՞տ տուժեցին:

– Թալանուած ֆապրիքաների, արտադրամասերի տէրերը մեծ մասամբ հայեր էին… ու մի քանիսի անունները թուարկեց:

– Թուրքե՞ր էին տանողները,- հարցրեց Անդրանիկը:

– Թալանչիների մեծ մասը տեղացիներ էին` թուրքմէններ, քրտեր, արաբներ… նախօրօք պայմանաւորուածութիւններ ունէին սահմանից այն կողմ իրենց ընկերների հետ: Թալանը անարգել հասցնում էին Թուրքիա, յետոյ գտնում տիրոջը ու առաջարկում կրկնակի գնով յետ առնել, փրկագնել իրենց իսկ ունեցուածքը: Մի երկուսը միամտաբար, խաբուած հասան Թուրքիա, փրկագնելու ունեցուածքը, մինչ այսօր չեն վերադարձել…

– Նոյն պատմութիւնը, նոյնը` ինչ 1915-ին էր կատարւում:

– Է՜,- յուսախաբ ձայնով միջամտեց Անդրանիկը,- աշխարհը նոյնն է մնացել, ոչինչ չի փոխուել. ո՛չ թուրքը, ո՛չ քիւրտը, ո՛չ ռուսը, ո՛չ հրեան, ո՛չ հայը…

– Հայն ուր ոտք է դրել շէնացնելու, թուրքը կրնկակոխ հետեւել է նրան ու յարմար առիթին սպասել… Հիմա էլ ռսի թեւի տակ մտած` սողոսկել է Սիրիա… Տուժողն էլի մենք ենք…

Յիշեցի պատերազմի առաջին տարիներին Հայաստան տեղափոխուած հալէպահայերին: Մի մասին թւում էր, թէ շաբաթների հարց է, կը խաղաղուի, կը վերադառնան: Մի մասն էլ համոզուած էր, որ այս խմորը դեռ շատ ջուր կ՛առնի, ու գլխի ճարը տեսնել է պէտք:

Քաղաքի մուտքին, չգիտեմ` ինչո՞ւ, մտաբերեցի  «Անի՜, Անի՜, քո քանդողի տունը քանդուի…» տողերն ու վերադարձրի Հալէպին` «Հալէ՜պ, Հալէ՜պ, քո քանդողի տունը քանդուի…»:

Սփոփա՞նք, թէ՞ անզօրութիւնից ծնուած անէծք…

Չգիտեմ…

***

Համազգայինի  90-ամեակին նուիրուած յոբելեանական երեկոյին դեռ ժամանակ կար: Ինձ յատկացուած հիւրատանը իրերս տեղաւորելուց յետոյ որոշեցի շրջել Հալէպի ծանօթ ու հին փողոցներով: Գիտէի, որ շատ բաներ չեմ գտնելու, ծանօթ ու հարազատ դէմքերի չեմ հանդիպելու: Նրանց մի մասը քանատաներում, ամերիկաներում, շուէտներում են արդէն, մի մասն էլ երկնքից` այս մաղող անձրեւի պէս ուղեկցելու է ինձ… Խճճուել եմ իրականութեան ու յուշերի մէջ: Պատերազմը իր դաժան զիկզակ սահմանագիծն է քաշել փողոցներում նստած ծանր ու թեթեւ պեթոնապատերի տեսքով: Մի քայլ այն կողմ յուշերն են` գունեղ հրավառութիւն յիշեցնող Հալէպը, մի քայլ այս կողմ իրականութիւնը` պաղ, սահմռկեցուցիչ:

Կարոն առաջարկեց իր ինքնաշարժով պտտել քաղաքը: Հրաժարուեցի: Առաջարկեցի քայլելով շրջել:

– Քո տեսած Հալէպը չէ,- փորձեց համոզել Կարոն:

– Գիտեմ, բայց ուզում եմ քայլել. 8 ժամից աւել նստած ճանապարհ եմ եկել, յոգնել եմ նստելուց:

– Այդ ուրիշ,- համոզուեց Կարոն:

Քայլելով` Հալէպի նշանաւոր բերդին հասանք: Հազարամեայ ամրոցի տարածքը, որ միշտ լեցուն էր զբօսաշրջիկներով, ամրոց մտնելու համար հերթերով, հիմա հատուկենտ վերականգնուած սրճարաններ ու խանութներ կան միայն ու նրանց առջեւ կանգնած տղեկներ, որոնք գնացող-եկողին ներս են հրաւիրում… Արեւելքի հին սովորոյթ. ամէն խանութ, ամէն սրճարան իր «Էստի համեցէք…» կանչողն ունէր:

Բերդի վնասուած մի հատուածը քարակոյտերի էր վերածուել ու ասես` ոչ թէ այդ քարեղէն հսկան է վիրաւորը, այլ` Մարդկային Յիշողութիւնը:

Վնասուած բերդի մի հատուածը փորձել են վերականգնել, բայց այն աւելի շատ կարկտանի էր նմանուել: Հազարամեակների, քաղաքակրթութեան մի շերտ էլ Հալէպի «Ներսի շուկա»-ն էր, որ ջնջուել էր քաղաքի յիշողութիւնից: «Ներսի շուկան» քաղաք էր քաղաքի մէջ, փլատակների կոյտ է հիմա… Յիշեցի տասնամեակներ առաջ գունեղ ժխորի մէջ մի ձայն, որն «Ամօ՜, ամօ՜…» կանչելով վազում էր մեր ետեւից: («Ամօ»-ն արաբերէնից թարգմանած հօրեղբայր է նշանակում): Ընկերոջս` Խաչիկ Ճոզիկեանի հետ էինք: 10-12 տարեկան երեխան մի սեւ բան ձեռքին մեր ետեւից էր վազում: Պարզուեց` գրպանիցս ընկած դրամապանակն էր գտել ու մեզ էր կանչում… «Ներսի շուկայում» մի հնավաճառ բարեկամ էլ ունէի` Ճեմալ անունով: Աջ այտին մեծ խալ ունէր: Հայագիր, հայատառ ինչ հին իր գտնէր, յատուկ պահում էր ինձ համար: Վերջին անգամ Թուրքիայից արծաթէ մասունքատուփ էր բերել, Աղթամարի վանքի պատկերով: Մի անգամ էլ ցաւով պատմեց, թէ ինչպէս է հայաստանցի մի յաճախորդ արծաթեայ գօտիներ ու զարդեր առաջարկել ջրի գնով…

– Քեզ համար յատուկ անակնկալ ունեմ… Թուրքիայում եմ գտել. յաջորդ անգամ կը բերեմ,- վերջին անգամ խորհրդաւոր ասաց Ճեմալը: Չհանդիպեցինք: Պատերազմը Հալէպ էր հասել…

Քաղաքների կենսագրութիւնը, պատմութիւնը գրում, կերտում են մարդիկ:

– Յիշո՞ւմ ես, այստեղ Պարսումեանի նշանաւոր խանութն էր, – ասում է Կարոն` ցոյց տալով ամայի տարածքը:

– Քիչ այն կողմ Կարպիսի խանութը չէ՞ր…

– Դերձակեանի՞,- ուզում է ճշդել Կարոն:

Այսպէս անուններ տալով, յիշելով, ասես ներկայ-բացակայ անելով` շրջում էինք Հալէպի փլատակներում… Բացակաները, ցաւօք, շատ էին…

Երանի երազ լինէր, վատ երազ… Մի հրաշքով արթնանայինք այս մղձաւանջից ու երազային Հալէպը ծփար իր գունեղ ժխորով… Երանի՜…

***

… Երեկոյեան հալէպահայութիւնը հաւաքուել էր` նշելու Համազգայինի 90-ամեակը: Հալէպահայերը սիրում են կոկիկ ու ճաշակով հագնուել, յատկապէս երբ տօնը ազգային է, համահայկական: Նրանց դէմքերին ո՛չ հոգս կը տեսնես, ո՛չ անյուսութիւն: Ընթերցողը հիմա երեւի կը մտածի, այսքան տխուր տեսարաններ նկարագրելուց յետոյ ի՞նչ խանդավառութեան մասին է խօսքը: Ափսոսում եմ, որ ինձ հետ չէիք, իսկ ես էլ չեմ կարողանում բառերով պատմել տեսածս ու ապրածս: «Եսայեան» սրահի վեց հարիւր տեղանոց դահլիճը լեփ-լեցուն ու տօնական էր:

Հալէպահայութիւնը մեր կորսուած երկրի խճանկարն է: Հարիւր ու աւելի տարիներ առաջ Սասունից, Մուշից, Վանից, Կարինից, Տիգրանակերտից, Մարաշից, Ուրֆայից, Այնթապից, Զէյթունից, Սվազից, Խարբերդից, Արաբկիրից Տէր Զօրի մահուան անապատներից հրաշքով փրկուած, արեան վտակների պէս հոսել, հասել են Հալէպ, ու թէ փորձես փորփրել հալէպահայութեան Յիշողութիւնը, ամէն մէկն իր արեան ակունքին կը հասնի, կը յիշի, յիշողութեան գանձատուփը կը բանայ ու հեքիաթի պէս կը պատմի՜, կը պատմի՜…

Պատերազմները սրբում են մարդկային յիշողութիւնն ու վերացնում քաղաքակրթութիւնները: Սիրիան` պատմական Ասորիքը, աշխարհի հնագոյն ցեղերի ու ժողովուրդների քաղաքակրթութիւնների խառնարան է: Պատմութեան վաղ արշալոյսին ցեղերը, ժողովուրդները այստեղ են իրենց պատմութիւնը սրով գրել, սրով խազել ու քաշել իրենց սահմանները: Մենք մի քիչ շտապեցինք` ժամանակից շուտ սուրը` գրիչ, արիւնը` մելան կարծելով… Շտապեցինք առաջինը հաւատալով, երկրպագելով խաչուած ու համբարձուած Առաքեալին, առաջինը հաւատացինք «Սիրիր մերձաւորիդ, ներիր թշնամուդ» պատուիրանին, «մի այտիդ ապտակողին միւս այտդ դէմ տուր» յորդորին…

Հալէպում ուրֆացի Յովհաննէսը ինձ վաղուց մի պատմութիւն էր պատմել, որն հիմա արժէ վերյիշել: Նրա մեծ պապի անունն էլ էր Յովհաննէս, բայց Տէր Յովհաննէս էին ասում: Յաղթանդամ, բարետես հոգեւորական էր: Մի օր երկու թուրք կանգնեցնում են նրան ու փորձում կողոպտել: Թուրքերից մէկը արհամարհական քաշքշում է Տէր Յովհաննէսի մօրուքից ու հետն էլ հարցնում.

– Ճի՞շդ է, որ ձեր Ղուրանում գրուած է. «Երբ մի երեսիդ ապտակում են, միւսը դէմ տուր»:

– Ճիշդ է,- պատասխանում է հոգեւորականը:

– Դէ որ այդպէս է, բեր ապտակեմ,- ասում է թուրքն ու շռնդալից ապտակում:

Տէր Յովհաննէսը անմռունչ տանում է վիրաւորանքը` լաւ հասկանալով շարունակութիւնը:

–  Դէ, հիմա էլ միւս երեսդ շուռ տուր,- քահ-քահ հռհռալով` ասում է միւս թուրքը:

Միւս երեսն է դէմ անում Տէր Յովհաննէսն ու թուրքի երկրորդ ապտակն է իջնում:

Իրենց արածից գոհ, ոչ մի դիմադրութեան չհանդիպելով` թուրքերն աւելի են ոգեւորւում, ու մտածում, որ որսն իրենց ձեռքում է արդէն:

– Սպասէք,- հանգիստ, անխռով ասում է Տէր Յովհաննէսը,- մէկ է ունեցածս ձեզ եմ տալու, բայց խնդրում եմ լսէք. մեր Ղուրանում չգրուած մի պատուիրան էլ կայ…

– Ո՞րն է,- զարմացած հարցնում է թուրքը:

Տէր Յովհաննէսը ձեռքը դանդաղ տանում է, վեղարի տակ թաքցրած զէնքը, հանում ու դէմ տալիս թուրքի ճակատին, միւս ձեռքով էլ բռնում փախուստի փորձ անող ընկերոջ շլնքից:

Թուրքերն աղաչանք-պաղատանք են անում, խնդրում, որ բաց թողնի, որ կատակ են արել, Ալլահի սիրուն` ների… Տէր Յովհաննէսը անվրդով գնդակը մեխում է թուրքի ճակատին, միւսին էլ ցած նետելով կամրջից` հեռանում:

Սա է Սբ. Գրքի ամենակարեւոր չգրուած ու չկարդացուած պատուիրանը… Երանի թէ, Տէր Յովհաննէսները շատ լինէին…

***

Սիրիահայ օգնութեան խաչի (ՍՕԽ) ատենապետուհի Հռիփ (Հռիփսիմէ) Կանանեանի հետ Քառասուն Մանկանց եկեղեցի այցելեցինք: Պատերազմի տարիներին յատուկ նշանառութեամբ, մի քանի անգամ ռմբահարուել էր եկեղեցին ու հիմա վերաշինւում, վերընձիւղւում էր աւելի քան հինգհարիւրամեայ եզակի կառոյցը: Այն ոչ միայն հայութեան, այլեւ Հալէպի պարծանքներից է: Վերականգնման աշխատանքները ղեկավարող Կարպիսը մէկ-մէկ բացատրում էր, թէ որը-որից յետոյ են անելու:

– Մինչ յունուար` Սբ. Ծնունդ կը հասցնէ՞ք,- հարցրեց Հռիփը:

– Յուսամ,- մի քիչ երկմտալով ասաց Կարպիսը ու շարունակեց ցոյց տալ փլատակների տակից բացուած եկեղեցու նոր դուռը, որը դարերով փակ` գաղտնի էր մնացել: Յայտնաբերուել էր եկեղեցու տակով մինչեւ Հալէպի բերդ ձգուող թունելը, որն ահաբեկիչները ռազմամթերքով էին լցրել ու բարեբախտաբար չէին հասցրել պայթեցնել:

– Եթէ պայթէր, ոչ միայն եկեղեցին, այլ այս ամբողջ թաղամասը օդը կը հանէր,- ասում է Կարպիսը:

Պատերազմի հէնց սկզբից եկեղեցու գանձերը` ձեռագիր գրքեր, մատեաններ… տեղափոխուել են ապահով վայր, իսկ այն, ինչը հնարաւոր չէր տարհանել, խնամքով թաքցրել են քողարկող պատերով, որ կողոպուտի, աւարի բաժին չդառնայ:

– Ի՞նչ միջոցներով են վերականգնման աշխատանքները կատարւում:

– Կիլիկիոյ կաթողիկոսարանի, նաեւ` Սիրիայի նախագահի անմիջական յատկացումներով:

Մինչեւ Սբ. Ծնունդ հիմնական աշխատանքները կ՛աւարտուեն ու Արամ Ա. կաթողիկոսի ձեռամբ կը վերաօծուի Քառասուն Մանկանցը:

Յիշեցի տարիներ առաջ, իսկ աւելի ստոյգ` 2000 թուականի ապրիլի 26-ն էր, Քառասուն Մանկանց եկեղեցու 500-ամեակն էր նշւում: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած պատուիրակներ, տարբեր համայնքների հոգեւոր դասի բարձրաստիճան սպասաւորներ, գիտնականներ, զբօսաշրջիկներ, խուռներամ բազմութիւն… Եկեղեցու 500-ամեակին նուիրուած յատուկ դրամանիշ էր թողարկուել նաեւ…

Ապրիլեան այդ տաք ու խնկաբոյր օրուայ յուշերը խառնուել էին դեկտեմբերեան ցուրտ, անհրապոյր ներկային, ու միակ մխիթարանքը Կարպիսի յուսադրող խօսքերն էին` «Վերականգնումից յետոյ Քառասնից Մանկանցը աւելի գեղեցիկ ու վեհաշուք է լինելու»:

Եկեղեցու ներսում աշխատանքային եռուզեռ է: Նայում էի գործաւորներին ու մտածում` մարդու երկու տեսակ կայ, մէկը քանդում է, միւսը` արարում: Մէկը հրամայում է կրակել, միւսը, Կարպիսի պէս, «հրամայում» է արարել… Որտեղ էլ լինենք, Հալէպում թէ Լոսում, Ղազախստանի շեղաչ տափաստանում, թէ ցրտաշունչ Քանատայում, մեզ` հայերիս, հրամայուած է ապրել ու արարել…

Եկեղեցուց դուրս շրջակայ տարածքը անճանաչելի էր: Հռիփի հետ հաշւում ենք իրար ետեւից շարուած, աւեր ու թալանուած խանութները, արհեստանոցները, յիշում նրանց տէրերին: Առաջնորդարանի բակում երկու գրատուն կար.   «Օշական»-ը եւ Զաւէն Սապունճեանի «Օմար Խայեամ»-ը: Յետոյ Պոսնոյեանների հայաստանեան յուշանուէրների խանութը, քիչ այն կողմ` Արոյեանների յայտնի արծաթէ իրերի խանութ-արհեստանոցը…

– Յիշո՞ւմ ես, այստեղ էլ անթիք իրերի խանութ էր,- ասում է Հռիփն ու ցոյց տալիս հերթական աւերուած շինութիւնը:

– Այն մէկն էլ Մովսէս Ֆաքեչեանի արհեստանոցը չէ՞ր…

– Ճիշդ ես, Մովսէսինն էր,- հաստատում է Հռիփը:

– Սա էլ Հրաչինն էր,- յիշում եմ:

– Ո՞ր Հրաչինը:

– Կաղ:

– Հրա՞չ, թէ՞ Պօղոս,- փորձում է ճշդել Հռիփը:

– Պօղոսի խանութը Նոր Գիւղում էր…

Պօղոսն էլ կաղ էր, բայց` երկու ոտքերից:

– Չեմ յիշում: Այնքան շատ էին: Ո՞ր մէկին յիշես,- յուսահատ ասում է Հռիփն ու շարունակում,- ո՞վ կը մտածէր, որ այս օրերին կը հասնենք… Այս երկրի, քաղաքի համար մենք ամէն ինչ արինք, զինուորներ, նահատակներ տուինք ու դժուար է բաժնուիլը… Այս երկիրն էլ մեզ ոչինչ չխնայեց…

Պատերազմի ամբողջ ընթացքում ոչ մի օր Հալէպը չլքած այդ փոքրամարմին կնոջ մէջ անորոշութեան մտահոգութիւն էր, որ առաջին անգամ երեւի բարձրաձայնեց:

Հալէպից բաժանուելն, իրօք, դժուար է…

Իր քանդուած տուն ու տեղը թողած` Հայն այստեղ էլ առաջինը եկեղեցին ու դպրոցն է նորոգում: Զաւարեան դպրոցի տանիքն ընկած ռումբը բարեբախտաբար թէեւ չէր պայթել, բայց Հալէպի նշանաւոր կրթօճախը անմասն չէր մնացել պատերազմի պատահած արհաւիրքից:

Երեկոյեան անմոռանալի մի արարողութեան մասնակիցը դարձանք. կրթօճախի պատին տեղադրուած Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան 90-ամեակը խորհրդանշող յուշաքարի բացումը: Լսել էի, որ գաղթի տարիներին, այնթապցիները, որպէս մասունք ու յիշողութիւն, իրենց հետ հնամեայ զանգ են բերել նաեւ ու նուիրել Զաւարեան դպրոցին, պայմանով, սակայն, որ նրա ղօղանջների տակ սկսուեն ու աւարտուեն դասաժամերը:

Երբ հրաժեշտ էինք տալիս, դպրոցի տնօրէնին խնդրեցի հնչեցնել Զանգը:

– Սիրո՛վ, ինչո՞ւ չէ,- ասաց նա ու միասին բարձրացանք ուսուցչանոց:

Զանգն իր տեղում էր: Այնթապից Հալէպ հասած Զանգի ղօղանջները յարութեան, խաղաղութեան ղօղանջներ էին ասես, որ հետս հասցրել եմ Հայաստան ու տանելու եմ Արցախ…

2018 թ. դեկտ.-2019 թ. յունուար
Պէյրութ-Հալէպ-Երեւան

 

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )