«Դատարաններու Ելումուտքը Փակելու Վարչապետի Կոչը Խիստ Վտանգաւոր Է Իրաւական Համակարգի Անվտանգութեան Ու Կայունութեան Համար»
Հայաստանի մարդու իրաւունքներու պաշտպան Արման Թաթոյեան յայտարարութիւն հրապարակած է Հայաստանի վարչապետին ուղղած կոչին` երկրի բոլոր դատարաններու ելքերն ու մուտքերը փակելու վերաբերեալ:
«Մարդու իրաւունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Հայաստանի վարչապետի` երկրի բոլոր դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելու կոչին` արձանագրելով.
1.- Հայաստանի Հանրապետութիւնում պէտք է երաշխաւորուած լինի պետական իշխանութեան իրականացումը Սահմանադրութեանը եւ օրէնքներին համապատասխան` օրէնսդիր, գործադիր եւ դատական իշխանութիւնների բաժանման ու հաւասարակշռման հիման վրայ: Այդ իշխանութիւններից կամ դրանք ներկայացնող պաշտօնատար անձանցից իւրաքանչիւրն անվերապահ պարտականութիւն ունի` յարգանքով վերաբերուելու միւսին եւ առաջնորդուելու միայն իրեն վերապահուած կարգավիճակի հրամայականով ու սահմաններով:
2.- Հայաստանի Հանրապետութիւնում դատարանների գործունէութեանը եւ նրանց կողմից արդարադատութեան իրականացմանը որեւէ միջամտութիւն արգելւում է:
3.- Երկրում դատական արդիւնաւէտ իշխանութեան պահանջը ենթադրում է դատարանի եւ դատաւորի լիարժէք անկախութիւն ինչպէս օրէնսդիրից ու գործադիրից, ցանկացած այլ մարմնից կամ պաշտօնատար անձից, այնպէս էլ միջամտութեան բացարձակ արգելք դրանցից դուրս ոեւէ այլ մէկից կամ անձից:
4.- Այս պահանջները պատահական չեն: Դատարանները կոչուած են երաշխաւորելու երկրի իրաւական անվտանգութիւնը եւ իրաւական համակարգի կայունութիւնը: Նրանց գործունէութիւնն ուղղուած է մարդու իրաւունքների պաշտպանութեան անխափան ապահովմանը: Դատարաններն իրենց ամէնօրեայ գործունէութեամբ պարտաւոր են ապահովել մարդու անձնական ազատութեան, արդար դատաքննութեան եւ միւս իրաւունքների իրացումը:
5.- Հայաստանի դատական համակարգում, ի հարկէ, կան խնդիրներ, այդ թւում` կապուած դատարանների արտաքին ու ներքին անկախութեան, դատարանի նկատմամբ քաղաքացու վստահութեան պակասի, արդար դատաքննութեան լիարժէք երաշխաւորման հետ: Աւելի՛ն. Մարդու իրաւունքների պաշտպանին հասցէագրուող բողոքները վկայում են, որ առկայ են դէպքեր, երբ առանձին դատաւորներ իրենց վարքագծով վնասում են դատական համակարգի հեղինակութիւնը: Այս ամէնը նաեւ չքաղած դասերի ու այն բանի հետեւանք է, որ նախկինում պատշաճ ուշադրութիւն չի դարձուել ոլորտի խնդիրներին: Այս թեմաներին մանրամասն անդրադարձեր են կատարուած Մարդու իրաւունքների պաշտպանի հաղորդումներում ու զեկոյցներում:
Սակայն այս ամէնով հանդերձ, առկայ խնդիրների լուծմանը պէտք է հասնել բացառապէս իրաւական եղանակներով:
6.- Այդ ողջ գործընթացում միեւնոյն է` գլխաւոր եւ բնոյթով բացառիկ յանձնառութիւնը պէտք է լինի դատական իշխանութեան անկախութեան բարձր արժէքի երաշխաւորումը, որն էլ ուղիղ ազդեցութիւն է ունենում արդար դատաքննութեան եւ միւս սահմանադրական իրաւունքների վրայ:
7.- Այստեղից է բխում սահմանադրական ուղիղ պահանջն այն մասին, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտօնատար անձինք պարտաւոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողութիւններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատաւորի անկախութիւնը:
8.- Ուստի, Հայաստանի վարչապետի կոչը կամ յայտարարութիւնը կապուած առանց բացառութեան հանրապետութեան բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու եւ ոեւէ մէկի դատարան ներս չթողնելու հետ, խիստ վտանգաւոր է երկրի իրաւական համակարգի անվտանգութեան ու կայունութեան համար:
9.- Բոլոր այն անձանցից, ովքեր զբաղեցնում են պետական կամ հանրային այլ պաշտօն, խստօրէն պահանջում եմ անյապաղ դադարեցնել դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչերը կամ պահանջները:
Դուք պարտաւոր էք կատարել բացառապէս այն գործառոյթները, որոնք ձեզ վերապահուած են Սահմանադրութեամբ, օրէնքով կամ այլ իրաւական աքթով:
Դուք ունէք իրաւական յստակ կարգավիճակ ու սահմանափակուած էք այդ կարգավիճակով: Ցանկացած շեղում կարող է յանգեցնել պատասխանատուութեան:
10.- Հայաստանի բոլոր քաղաքացիներին խնդրում եմ ձեռնպահ մնալ դատարանների շէնքերն արգելափակող գործողութիւններից. պէտք է բացառել ցանկացած լարուածութիւն:
Ընկերային ցանցերի դիտարկումը վկայում է, որ քաղաքացիներն իրար նկատմամբ ցուցաբերում են բարձր անհանդուրժողականութիւն, վիրաւորում ու սպառնում են միմեանց: Սա վտանգաւոր է նաեւ երկրում մարդու իրաւունքների պաշտպանութեան համակարգի տեսանկիւնից:
Խնդրում եմ ձեզ բոլոր հարցերի քննարկումն ապահովել համերաշխութեան մթնոլորտի ու փոխադարձ հանդուրժողականութեան պայմաններում` իրաւունքի գերակայութեան նկատմամբ բարձր յարգանքով:
11.- Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմն աշխատելու է վաղ առաւօտից` ապահովելով բոլոր գործընթացների անաչառ դիտարկում»:


