ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Հաւանաբար մանկութիւնս վերապրելու յուսահատ փորձն էր, որ ինձ ստիպեց ձեռքս վերցնել մօտ մէկ տասնեակ գրքեր ու որոշել, թէ նախկինում կարդացած գրքերիցս որի՛ն պիտի անդրադառնայի: Լսելով մարմնիս աղաղակներին, թէ` բաւական է պատռուես, մի փոքր դադար վերցրու վիրահատութիւնից յետոյ, որոշեցի համարակալել գրքերը. առաջինը` «Պապ թագաւոր», «Սամուէլ», «Ապուշը», «Պատերազմ եւ խաղաղութիւն», եւ այլն… Յանկարծ աչքս ընկաւ «Խաչագողի յիշատակարանը» վէպի վրայ: Չնայած` գիտէի բովանդակութիւնը, բայց ի զարմանս ինձ, մտաբերեցի, որ չեմ կարդացել այդ գիրքը: Յիշեցի նաեւ, թէ ինչո՛ւ: 7-րդ կամ 8-րդ դասարանում «Լենֆիլմ» կինոստուդիայից պատուիրակութիւն էր ժամանել Երեւան` պատմական արկածային մի ժապաւէն նկարելու: Յանձնաժողովի անդամներն այդ օրը եկել էին մեր 114 դպրոց ու ընտրում էին ապագայ շարժապատկերի հերոսներին: Ես հիւանդ էի այդ օրը, եւ բարձր ջերմութիւնը մի տեսակ անտարբերութիւն էր տուել արտաքինիս, երբ ընտրող յանձնաժողովը մտաւ մեր դասարան: Կարճահասակ ակնոցաւոր ռուս կինը դանդաղ զննում էր բոլորին: Ես էլ էի կարճահասակ այն ժամանակ, այդ պատճառով դասարանի առաջին նստարաններից մէկը ինձ էր յատկացուել տարուայ սկզբին: Բայց այդ օրը նպատակադրուած` վերջին նստարանին էի նստել, քանի որ կոկորդս խիստ ցաւում էր, իսկ 38 աստիճան ջերմութիւնը թոյլ չէր տալիս աչքերս կարգին բացել: Վերջին նստարանը ամենայարմարն էր. այնտեղ ծոյլիկներն էին թաքնւում սովորաբար, բայց այդ օրը նրանք մեծահոգաբար ինձ էին զիջել իրենց «պատուաւոր» տեղը, քանի որ հիւանդ էի: Երբ գլուխս դրեցի սեղանին, ռուս կինը մօտեցաւ ինձ: «Իսկ դու չե՞ս ուզում ժապաւէնում նկարուել», հարցրեց: «Ո՛չ», կտրուկ, բայց բարեացակամ պատասխան տուեցի: «Ինչո՞ւ», հարցրեց: Չհասցրի արձագանգել: «Ա՛յ տղայ, Խաչի՛կ, մի ոտքի՛ կանգնիր», հեռուից որոտաց ուսմասվար Պօղոսեանի ձայնը… «Հիւանդ եմ, ընկեր Պօղոսեան, հիւա՛նդ», վերջին բառը իւրատեսակ վառօդ էր կրում իր մէջ ու բանաստեղծական տարօրինակ երանգով արտաբերեցի: «Ա՛յս տղային եմ ընտրում», հաստատակամօրէն պնդեց ռուս կինը: Այդ օրուայ դասը Րաֆֆու «Խաչագողի յիշատակարանը» գրքին նուիրուած մի քանի շաբաթուայ ծանօթութեան մասին էր: Ինձ մօտաւորապէս մէկ տարով «զբաղեցրին» նկարահանումների պատճառով, ու ես այդ ամբողջ ժամանակուայ ընթացքում դպրոցից յետ մնացի: «Խաչագողի յիշատակարանը»-ի վէպի մասին հետագայում շատ լսեցի հպանցիկ խօսակցութիւնների ու քննարկումների ժամանակ, բայց այդպէս էլ չկարդացի այն: Ու ինչ լաւ է, որ հիմա ուշադրութիւն պիտի դարձնէի այդ վիպակի վրայ: Աւելի շուտ` քաւոր Պետրոսի կերպարի վրայ: Գիրքն կարդալիս մի տարօրինակ զգացում էր ինձ ուղեկցում: Ասես` տեսել էի քաւոր Պետրոսին երէկ, առաջին օրը, մէկ, տաս, քսան տարի առաջ: Յետոյ միայն հասկացայ, որ մեր ազգի հնարաւոր դժբախտութեան պատճառներից մէկը (գուցէ եւ` գլխաւորը) քաւորպետրոսական հոգեբանութեան ներկայութիւնն է շատ-շատերի մէջ: Ես յիշեցի, որ քաւոր Պետրոսին հանդիպել եմ հայաստանցիների, լիբանանահայերի, պոլսահայերի, պարսկահայերի եւ գրեթէ միւս բոլոր տեսակի հայերի մէջ: Քաւորպետրոսութիւնը առաջին հայեացքից պարզ պատեհապաշտական մի կերպար է, որ չի ճանաչում ոչ մի սահմանափակում իր նպատակներին հասնելու համար: Խնդիրը բարդանում է նրանով, որ շատ քաւոր Պետրոսներ ունեն նաեւ բազմաթիւ դրական յատկանիշներ, ու հէնց այդ է պատճառը, որ սովորական մարդուն կարող է մոլորեցնել: Այդ կերպարի մէջ մերթ ընդ մերթ վառւում է հայրենասիրութեան պոռթկումը, խեղճին տէր կանգնելու անյագ ձգտումն ու գերմարդկային փորձերը, փիլիսոփայական խորը միտքը եւ այլն: Բարդ ու հակասական կերպար է քաւոր Պետրոսը: Բարդ է, քանի որ ի վերջոյ խիստ բացասական կերպար լինելով` նա կարող է գայթակղել անփորձ ու ոչ խորաթափանց մարդուն` նրան ներշնչելով, թէ այս աշխարհը գայլ ու գառի աշխարհ է, ու պիտի անյապաղ որոշում կայացնել, խժռողի՞, թէ՞ կերակուրի դերն է քեզ բաժին ընկած թատերաբեմում: Ես յիշեցի կեանքումս հանդիպած մի քանի քաւոր Պետրոսներին: Շրջապատում նրանց համարում էին «բաշարող» ձեռներէցներ:
Մի քաւոր Պետրոս ամառային մի առաւօտ մեր բնակարանի դուռը ծեծեց: Հայրս` վարպետ Զաւէնը, քաղաքում յարգուած արհեստաւորի համբաւ ունէր: Հագուստների վրայ մանրաթելերով պատկերներ էր կերտում: Այսօր նրան տիզայներ կ՛անուանէին, բայց այն օրերին արհեստաւոր էր: Գծում էր, ջնջում, նորից գծում, յետոյ օճառափոշով իր ստեղծածը նախշում էր հագուստի վրայ, որից յետոյ «Զինգեր» յատուկ մեքենայով տարբեր գոյների նախշեր էր կարում: Կաշուէ երկար բաճկոն հագած քաւոր Պետրոսը ներս մտաւ: «Պապան տա՞նն է», հարցրեց: «Մի 10 րոպէից կը գայ, ներս եկէք»: «Ինչ էլ քաղաքավարի ես. անունդ ի՞նչ ա», հարցրեց: «Խաչիկ», տարակուսած պատասխանեցի: «Խչօ ջա՞ն, ըստեղ քեզ բան ման ասող հօ չկա՞յ», հարցրեց: «… Չէ, ինչի՞ պիտի ասեն», զարմացայ: «Դէ տես հա, յանկարծ մէկը նեղացնի, կ՛ասես էսինչի մօտիկն ես, էսինչն էլ ախպորս տղեն ա»: «Էսինչ»-ը մեր թաղի խուլիկաններից էր, ու նրա հետ նոյնիսկ չէի շփւում: Ես նրա համար հետաքրքիր չէի կարող լինել, դպրոցից տուն, տնից դպրոց, կիթառը ձեռքիս… Ես ու իմ նմանները նրա համար կերակուր էինք: Հայրս ներս մտաւ: «Վարպետ Զաւէն, ինձ Ժոռան ա ուղարկել, ձեր ցեխի վարիչը: Մոսկուա ապրանք պիտի ուղարկեմ, ուզում եմ քո նախշերը վրան դնես, որ իւրայատուկ լինի: Ի՞նչ կ՛արժենայ աշխատանքդ», հարցրեց: Չեմ յիշում, թէ հայրս ի՛նչ պատասխանեց: Դրսից լսուեց դռան թակոց: Բաց արեցի դուռը: Ե՛ւս 4 յաղթանդամ սեւ բաճկոնաւորներ էին կանգնած: «Կարա՞նք ներս գանք, ապեր», հարցրեց: Անմիջապէս կռահեցի, որ առաջինի թիկնապահներն էին: «Ներս եկէք», արդէն տխուր ձայնով պատասխանեցի: «Արա՛, էս երեխու մազին կպնող եղաւ, վերջդ եկել ա», հրամայեց առաջնորդը: «Արա»-ն զարմանքից քարացաւ ու մի պահ չհասկացաւ, որ այս թատրոնում իրեն էլ է էպիզոդիկ դեր յատկացուած: «Եղաւ, շեֆ ջան», պատասխանեց: «Հմի ի՞նչ ես ասում, վարպե՛տ Զաւէն, մի շաբաթուայ մէջ կը հասցնե՞ս»: «Ինչպէ՞ս հասցնեմ, ձեռքիս տակ ուրիշ գործեր կան», նեարդային ձայնով արձագանգեց հայրս: «Վարպե՛տ, էդ միւսներին կ՛ասես, որ ե՛ս եմ ասել, ու թող սպասեն: Իսկ փողդ կրկնակի կը տամ», ասաց ու աջ ձեռքը մեկնեց, հօրս ուսին դրեց միւս ձեռքը ու ինձ աչքով արեց: Ես գլուխս կախեցի: Հաւանաբար հասկացաւ, որ ենթագիտակցաբար արդէն հակակրանք էի զգում, ու աւելացրեց. «Տես հա՛, ասածս ուժի մէջ ա, քեզ նեղացնողի աչքերը կը հանեմ»: Հեռացան: Հայրս, օր ու գիշեր լուսացնելով` կատարեց պատուէրը: Քաւոր Պետրոսը եկաւ մէկ շաբաթից, հմայուեց հօրս ձեռքի աշխատանքով, վերցրեց ապրանքը ու դուրս գալիս ասաց. «Փողդ Ժոռային եմ տուել»:
Չէ՛ր տուել, խաբե՛ց: Ցեխի վարիչ Ժոռան յաջորդ օրն եկաւ, ու ամօթից կարմրած` հօրս մեկնեց խոստացուած գումարի կէսը: Հայրս չվերցրեց: Ժոռան դրամը դրեց սեղանին ու, ինչպէս ժողովուրդն է ասում, մկան ծակին տաս շահի տալով` հեռացաւ: Անցան տարիներ: Պատահաբար լսեցի, թէ քաւոր Պետրոսը Ղարաբաղում զոհուել է, պաշտպանական կռիւների ժամանակ: Նրա «ախպոր տղայ էսինչը» թաղի տղերքից մէկին ասել էր, թէ կամաւոր էր մեկնել ռազմաճակատ, չնայած, որ արդէն 40-ն անց կը լինէր այդ տարիներին: Յիշեցի մեր հանդիպումը, հօրս խաբելու դէպքը: Մէկ ուրիշը կարող էր ուրախանալ նրա մահուան լուրը լսելով, իսկ ես տխրեցի…
Բազմաթիւ քաւոր Պետրոսների եմ հանդիպել իմ կեանքում: Կրթուած, անկիրթ, խելացի, յիմար, յանդուգն, հաշուենկատ, հայրենասէր, անհայրենիք, նոյնիսկ` բարի: Բայց նրանց միաւորում էր մի յատկանիշ` վայրկեանի ազդեցութեան տակ նրանք մտածում էին առաւելագոյն անձնական շահ կորզել, թքած ունէին, թէ դրանից ի՛նչ դուրս կը գայ շրջապատի, մարդկութեան, աշխարհի վրայ ունեցած ազդեցութեան առումով:
Իրաքահայ վարպետ Վանը Նորթ Հոլիվուտում հեծանիւ վերանորոգելու փոքր խանութ ունէր: Ժամանակ առ ժամանակ համարեա անթիք հեծանիւս տանում էի իր մօտ: Հաճոյք էի ստանում նրա հետ զրուցելիս: Աշխարհ տեսած ու իմաստուն մարդ էր: Գործին վերաբերւում էր չափազանց յարգանքով: Մի խնդիր լուծելիս անպայման մի քանիսն էլ էր տեսնում եւ առանց յաւելեալ վարձատրութեան` վերանորոգում էր: «Մեր հայ տղան ես, ինչո՞ւ ոչ»:
Ես երբեք չէի սակարկում իրեն հետ, քանի որ վստահում էի Վանին: Մի այցելութեան ժամանակ նկատեցի, որ չափազանց վրդովուած էր: «Ի՞նչ կայ, վարպե՛տ», հարցրի: «Ի՞նչ պիտի լինի. մի հայ տղայ եկաւ մօտս, երեխայի հեծանիւը խնդիր ունէր, ասացի` կը վերանորոգեմ: Հարցրեց, թէ որքա՞ն պիտի վճարի: Ասացի 25 տոլար: «20-ով չե՞ս անի», հարցրեց: «Լա՛ւ, 20-ով կը համաձայնուեմ, մի ժամից արի», ասացի: Մի ժամից եկաւ, դրամը տուեց, հեծանիւը վերցրեց ու դուրս եկաւ խանութից: Ես յետեւից գնացի, որ օգնեմ հեծանիւը ինքնաշարժի մէջ դնել: Երանի չգնայի: Գալիք տարուայ թանկարժէք «Մերսետես»-ի դուռը բաց արեց, ուրախ ժպտալով, հեծանիւը տեղադրեց ինքնաշարժի մէջ, խրոխտ քայլերով նստեց ղեկին ու հեռացաւ: Կարեւորը գիտե՞ս ինչն էր: Նա իրեն յաղթող էր զգում այդ պահին: Ինձ յաղթե՛ց 5 տոլարով գինը իջեցնելու պահին»: Տարիներ առաջ էր այս դէպքը: Եթէ այսօր լինէր, վարպետին կ՛ասէի` մի՛ նեղուիր, Վա՛ն, քաւոր Պետրոսին ես հանդիպել:
Կանայք էլ կան քաւոր Պետրոսների շարքերում, ու դրանց թիւը գնալով աւելանում է: Մեր ընկերներից մէկին խոստացել էին խոշոր տոկոսներ վերադարձնել, եթէ գումար ներդրուէր ինչ-որ նախագծում: Հիմա դրանց Փոնզի Սքիմ են անուանում: Առաջարկողը կին էր: Մի քանի տասնեակ մարդկանցից 50, 200, 500, 800 հազար տոլար վերցնելով` կինն անհետացել էր: Երբ իրաւապահ մարմիններն էին միջամտել գործին, պարզուել էր, որ քաւոր Պետրոսը իրաւաբանական առումով ամէն ինչ նախապատրաստել էր: Անհրաժեշտ փաստաթղթեր էր թխել ու միամտացած զոհերին հիփնոսացնելով` ստիպել էր ստորագրել: Վերջիններս ոչինչ չստացան` որպէս վնասի փոխհատուցում:
Քաւոր Պետրոսներից մէկն էլ ատամնաբուժ էր, ում հանդիպեցի մօտ 25 տարի առաջ: Կրթուած, սակաւախօս մարդ էր: Գործը լաւ գիտէր, ասում էին: Կլենտէյլի իր ատամնաբուժարանում նախնական քննութիւնը անցնելուց յետոյ պարզեցի, որ մէկ ատամը բուժելու վերականգնելու համար մօտ 1900 տոլար պիտի վճարէի, չնայած որ ապահովագրութիւն ունէի: «Ապահովագրութիւնը շատ քիչ է վճարում այս աշխատանքի համար», ինձ ասաց: Ճիշդ էր ասում: Դրանում համոզուեցի, երբ մօտ 20 րոպէ խօսեցի ապահովագրական ընկերութեան ներկայացուցչի հետ: Շատ լաւ, եթէ կարգն այդ է, ուրեմն պիտի վճարէի: Քրետիտ քարտս մեկնեցի ընդունարանում աշխատող աղջկան: Երկու թէ երեք այցելութեան ընթացքում ատամս վերականգնուեց: Նոյնիսկ 6 ամիս էլ չէր անցել, երբ սովորական հաց ծամելիս այն կոտրուեց: Երբ այցելեցի ատամնաբուժին, ընդունարանում նստած միեւնոյն աղջիկը ինձ շատ սառը դիմաւորելուց յետոյ իմաց տուեց, թէ ոչինչ չի կարող անել, որ չգիտի, թէ ի՛նչ պայմաններում է նորոգուած ատամը կոտրուել, եւ պէտք է նոր այցելութիւն կատարեմ: Հերթագրուեցի: Յաջորդ շաբաթ եկայ ատամնաբուժի մօտ: «Իրօք որ ոչինչ չեմ կարող անել, պարտաւոր ես նորից վճարել», ասաց: «Դեռ վճարում եմ առաջին վերանորոգման համար ու, ազնիւ խօսք, ոչ մի կարծր ուտելիք չեմ կերել», ասացի: Նայեց ինձ վրայ ու քմծիծաղ տուեց. «Գիտեմ ձեր տուած ազնիւ խօսքը, երեւի ոսկոր ես կերել կամ չորացած մի բան», չասաց, բայց քմծիծաղը կարելի էր այդպէս մեկնաբանել: Գլխիկոր դուրս եկայ ու երդուեցի այլեւս երբեք այդ ատամնաբուժարանը չգնալ` ինձ հետ տանելով նաեւ կնոջս ու երկու զաւակներիս թղթածրարները: Նոր ատամնաբուժին հանդիպելուց յետոյ նրա հետ ընկերացայ, քանի որ մարդ է մեծատառով, ու իր կեանքի կարգախօսի մէջ դրամ, շահ, ստախօսութիւն, պատեհապաշտութիւն հասկացութիւնները տեղ չունեն: Քաւոր Պետրոս չէ՛:
Յաջորդ քաւոր Պետրոսը եկեղեցական էր: Ծանօթներիցս մէկը ինձ պատմեց, թէ ինչպիսի՛ տեսարան էր սարքել նա, երբ հոգեհացի սեղանին դրուած աղանդերները իր սպասածից աւելի համեստ էին եղել: «Հոտել էր,- ու մի քանի րոպէն մէկ կրկնում էր,- սեղա՞ն է սա»: Մարդկանց վշտի նկատմամբ ինչպիսի կարեկցանք, ասացի: «Դրանք բոլորն էլ էդ են», իմաստնաբար յայտարարեց ծանօթս, իսկ ես զգացի, թէ խօսակցութիւնը ի՛նչ ուղղութեամբ է շարունակուելու: «Չհամարձակուե՛ս,- ասացի,-մէկ երկու յիմարի պատճառով կարիք չկայ հոգեւորականներին, եկեղեցուն, հաւատքին փնովել: Ամէն մարդ ինչ անում է, ինքն իրե՛ն է անում»:
Նայէք ձեր շուրջը ու մտաբերէք, թէ քանի՛ անգամ էք հանդիպել տղամարդ, կին, պարսկահայ, հայաստանցի, լիբանանահայ, յունահայ, ֆրանսահայ եւ միւս բոլոր հայ քաւոր Պետրոսներին: Միգուցէ կ՛ասէք, թէ քաւոր Պետրոսներ կան միւս բոլոր ազգերի մէ՞ջ էլ: Ի հարկէ կան, ու մենք դրա մենաշնորհը (փառք Աստծոյ) չունենք: Այսօր, երբ վերջապէս մաքուր օդ է ներխուժել հայրենեաց հողը, ու նոր շունչ է ստացել բոլոր հայերի մէջ գրեթէ խամրող յոյսն այն մասին, թէ մեր երկիրն էլ մի օր արդար ու ազատ երկիր կը դառնայ վերջապէս, շատ կարեւոր է նկատել ու ճանաչել քաւոր Պետրոսներին: Վաղ դպրոցական հասակից իւրաքանչիւր ծնող պիտի սովորեցնի իր զաւակներին, թէ որքա՛ն վտանգաւոր է քաւոր Պետրոսի երեւոյթը, երբ այն ծուարում է մարդու ներքնաշխարհում: Նոյնիսկ եթէ այդ ծնողը ի՛նքն էլ քաւոր Պետրոս է, մի պահ կանգ պիտի առնի ու փորձի տեսնել մեծ պատկերը: Պատեհապաշտութիւնը, ամէն գնով նիւթական շահ ապահովելը, սրա նրա վրայով քայլելը, ամէն գնով օգտուելը, օգտուելը, օգտուելը` երկսայր սրեր են, որ վերջում կախուելու են գլխիդ, եթէ բանական մարդ ես: Բողոքում են վարչապետից` «Ոչինչ չի փոխուել, դեռ մի բան էլ աւելի վատացել է»: Մի վարչապետով ի՞նչ կարող է փոխուել, երբ տասնամեակներ շարունակ քաւոր Պետրոսի յատկանիշները գովաբանուել են, նրան համարել են կեանք տեսած ու իմաստուն մարդ` առանց հասկանալու, որ քաւոր Պետրոսը իր րոպէական անձնական շահը գերադասելու է հանրային, համամարդկային արժէքներից, եթէ դրանք նշոյլ անգամ հակադրուեն իրար: Ուզո՞ւմ էք լաւ գործ անել Հայաստանի, հայութեան, մարդկութեան, աշխարհի համար` ճանաչէք քաւոր Պետրոսին, ու գոնէ աստիճանաբար ձերբազատուէք նրա կենդանական յատկանիշներից` հասկանալով, որ այս աշխարհը գայլի ու ոչխարի աշխարհ չէ, որքան էլ որ ձեզ փորձեն հակառակը ապացուցել մարդիկ, իրավիճակները, իրականութեան այս կամ այն խեղաթիւրումները, հանգամանքները: Ասում են` վերջին շնչի պահին մարդը յիշում է, թէ քանի՛ կեանքի է դիպչել իր անցած ճանապարհին: Այսօր եմ լսել, պատահաբար հեռուստաալիքը փոխելիս, երբ հեռուստացոյցը կանգնեց Օփրայի հարցազրոյցի ալիքի վրայ, եւ ոչ մի կերպ չէի կարողանում շրջանցել այն: Յետոյ պարզեցի, որ մարտկոցը փոխելու ժամանակն էր: Բայց Օփրայի հասարակ միտքն ինձ մտածելու տեղիք տուեց: Այո՛, քանի՞ մարդկանց կեանքերի ենք դիպչել մեր գիտակից կեանքի ճանապարհին: Գիտակից բառը ուզում եմ շեշտել, քանի որ երիտասարդական ու չկանխամտածուած սխալները ուղղելու բազմաթիւ հնարաւորութիւններ են տրւում բոլորիս, բազմաթիւ անգամներ:
Եւ վերջում, պարզապէս ապշում եմ, թէ Րաֆֆին ինչպէ՛ս է կարողացել կերտել քաւոր Պետրոսի հաւաքական կերպարը, ինչպիսի՛ մարգարէութեամբ է նա ահազանգել, թէ ո՛ւր կը հասցնի մեզ խաչագողի գծած ճանապարհը: Ի՜նչ լաւ է, որ առիթ ունեմ կարդալու Րաֆֆիի բոլոր, նոյնիսկ աննշան համարուող գործերը…
Լոս Անճելըս