Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 16-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, շաբաթ օր ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը Պհամտունի դաշտին վրայ արձանագրեց բաւական կարեւոր յաղթանակ մը` 1-0 արդիւնքով պարտութեան մատնելով Նահտա Պար Էլիասը: Մրցումին միակ կոլը նշանակեց Սեմի Պիայ` 74-րդ վայրկեանին:
Այս յաղթանակը ՀՄԸՄ-ի համար եղաւ տարեշրջանի չորրորդը, որուն շնորհիւ խումբը ապահովեց տարեշրջանի իր 13-րդ կէտը:
Ինչպէս ծանօթ է բոլորին, ՀՄԸՄ երթի իր մրցումները աւարտած էր չորս կէտով` արձանագրելով յաղթանակ մը, հաւասարութիւն մը եւ կրելով 9 պարտութիւն:
Սակայն դարձի մրցումներուն, խումբի մարզիչի պաշտօնը վստահուեցաւ ՀՄԸՄ-ի անցեալի ֆութպոլիստ եւ նախկին մարզիչ Վաչէ Սարգիսեանին, որ կազմին մէջ յաջողեցաւ նոր շունչ մը բերել, եւ ատոր շնորհիւ ՀՄԸՄ դարձի հինգ մրցումներուն արձանագրեց երեք յաղթանակ:
Երէկ Վաչէ Սարգիսեանի հետ հեռաձայնային հաղորդակցութեան մը ընթացքին տեղեկացանք, որ խումբը գտած է իր ճիշդ ուղին եւ հակառակ իր ունեցած քանի մը բացականերուն, կարելի եղած է երեք կէտ խլել մրցակիցէն, որ պէտք է ըսել, թէ լաւ խումբ մը կը նկատուի եւ կը գտնուի վերին դիրքերուն վրայ:
Սարգիսեան աւելցուց, որ ՀՄԸՄ-ի մարզիկներուն մօտ եղող պայքարի կորովին եւ ոգիին միշտ ներկայ ըլլալուն շնորհիւ, խումբը յաղթական դուրս եկաւ այս ճակատումէն:
Սարգիսեան եզրափակեց, որ այժմ պիտի նայինք արձանագրուելիք յաջորդ յաղթանակին, որպէսզի այդ ընթացքը կանգ չառնէ:
Ստորեւ` դասաւորման պատկերը.
| ՅԱՂԹ. | ՀԱՒ. | ՊԱՐՏ. | ԿԷՏ | |
| 1.- Պըրժ | 12 | 3 | 1 | 39 | 
| 2.- Շապապ Պըրժ | 11 | 2 | 3 | 35 | 
| 3.- Ահլի Սայտա | 10 | 2 | 4 | 32 | 
| 4.- Նահտա Պար Էլիաս | 5 | 7 | 4 | 22 | 
| 5.- Իժթիմահի | 6 | 3 | 7 | 21 | 
| 6.- Ահլի Նապաթիէ | 5 | 6 | 5 | 21 | 
| 7.- Շապապ Արապի | 5 | 4 | 7 | 19 | 
| 8.- Մապարրա | 4 | 6 | 6 | 18 | 
| 9.- Սաժես | 4 | 6 | 6 | 18 | 
| 10.- Իսլահ Պըրժ Շիմալի | 4 | 3 | 9 | 15 | 
| 11.- ՀՄԸՄ | 4 | 1 | 11 | 13 | 
| 12.- Նասեր Պար Էլիաս | 4 | 1 | 11 | 13 | 
 
			


