Փանթուրքիզմի Սպառնալիքը Առարկայական Է
Լոյս է տեսել Ս. Մկրտչեանի գրչին պատկանող «Փանթուրքական Հոսանքները Ժամանակակից Իրանում» գիրքը: Գիրքը հրատարակուել է ՀՀ սփիւռքի նախարարութեան դրամաշնորհով եւ ԵՊՀ Արեւելագիտութեան գիտական խորհրդի որոշմամբ: Գրքի հրատարակման առիթով «Ապառաժ»ը զրուցել է հեղինակ Սարգիս Մկրտչեանի հետ, ով ծնուել է Իրանում, 1968 թուականին: 2001ից ապրում է Հայաստանում: Բազմաթիւ առիթներով հանդէս է եկել յօդուածներով, զեկոյցներով, ինչպէս նաեւ հայերէնից պարսկերէն է թարգմանել Ա. Մանասեանի «Լեռնային Ղարաբաղ. Ինչպէս Է Դա Եղել…» գիրքը:
«ԱՊԱՌԱԺ».- Պարոն Մկրտչեան, վերջերս լոյս է տեսել ձեր հեղինակած «Փանթուրքական Հոսանքները Ժամանակակից Իրանում» աշխատութիւնը: Ի՞նչ կարող է ստանալ գիտական շրջանակների ընթերցողը ձեր գրքից:
ՍԱՐԳԻՍ ՄԿՐՏՉԵԱՆ.- Աշխատութիւնում ես ներկայացրել եմ այն վտանգներից մէկը, որը գոյութիւն ունի մեր տարածաշրջանում եւ սպառնում է ո՛չ միայն Հայաստանի եւ հայութեան ազգային անվտանգութեանը, այլ նաեւ Իրանի: Բոլորս էլ ականատես ենք, թէ ինչ է տեղի ունենում մեր շուրջը՝ Իրաքում, Սիրիայում եւ այլուր: Իրանի մասնատման հարցը նոր գաղափար չէ: 20րդ դարում արտաքին ուժերը մի քանի անգամ դա փորձել են: Ներկայիս այն նոր որակի է բարձրացել արդի ժամանակաշրջանի հաղորդակցական միջոցների զարգացման պատճառով: Անկախ այն բանից, որ խօսքը հիմք կամ բովանդակութիւն ունի կամ ոչ, համացանցի ընձեռած հնարաւորութիւնների միջոցով գրւում է եւ ասւում է, եւ պարզ է, որ այդ խօսքը մթնոլորտ է ստեղծում եւ ազդում է մի խումբ մարդկանց մտքերի վրայ: Հայ ոչ գիտական շրջանակը գիրքն ընթերցելով կարող է ծանօթանալ այդ ամբողջին, տեղեկանալ մեր երկրի դիմագրաւած մարտահրաւէրներից մէկին եւ մտածել ելքեր որոնել այդ վտանգը կանխելու համար:
«ԱՊԱՌԱԺ».- Ինչո՞վ են առանձնանում Իրանում գործող փանթուրքական գաղափարախօսութեան կրողները Թուրքիայի եւ Ադրբեջանի իրենց գաղափարակիցներից:
ՍԱՐԳԻՍ ՄԿՐՏՉԵԱՆ.- Բովանդակային առումով՝ ոչնչով: Նպատակը նոյնն է: Ստեղծել փանթուրքական հսկայ կայսրութիւն:
Աշխատութիւնում ես բազմիցս նշել եմ, որ այդ փանթուրքական կազմակերպութիւնների գաղափարական ակունքներն ու սկզբունքները նոյնն են: Բոլորն էլ սերում են փանթուրք միեւնոյն տեսաբանների ու քաղաքական գործիչների մտքերից: Պարզապէս ամէն մէկը իր պայմանների հիման վրայ է աշխատում: Եթէ Իրանում բացայայտ կերպով չեն կարողանում ասել, որ իրենք հետապնդում են փանթուրքական նպատակներ, դա անում են մայրենի լեզուի դասաւանդման, մշակութային իրաւունքների եւ նմանատիպ այլ հարցեր արծարծելով: Թաւրիզի Տրակտորաշինական ֆուտբոլի ակումբի խաղերը վերածում են փանթուրքական գաղափարների արծարծման իւրօրինակ հարթակի: Բայց, միւս կողմից, Ադրբեջանի կամ Թուրքիայի Հանրապետութիւններում, օրինակ, կան կազմակերպութիւններ, որոնք բացայայտօրէն խօսում են այդ նպատակների ու գաղափարների մասին: Հետեւաբար, երեք երկրներում աշխատող փանթուրքական կազմակերպութիւնները իրարից ա-ռանձնանում են աշխատելաձեւով, բայց ոչ նպատակներով ու բովանդակութեամբ:
«ԱՊԱՌԱԺ».- Արդեօք Իրանում փանթուրքական հոսանքների ազդեցութիւնը աշխարհագրական կոնկրետ ընդգրկում ունի՞:
ՍԱՐԳԻՍ ՄԿՐՏՉԵԱՆ.- Ինչպէս աշխատութիւնում գրել եմ, այդ հոսանքները քարոզչական լայնածաւալ աշխատանքի արդիւնքում այն տպաւորութիւնն են ստեղծում, որ իրենց թիւը շատ է, որ այդ գաղափարները համատարած են, որ ժողովրդի մեծամասնութիւնը հետեւում է իրենց եւ այլն: Իրականում, դրանք շատ նեղ ու փոքր շրջանականեր են, որոնց ղեկավարութիւնը սնւում է Իրանի դէմ թշնամական վերաբերում ունեցող ուժերից եւ երկրներից, իսկ մի մասն էլ այդ քարոզչութեան զոհն է: Չեմ ժխտում, որ մարդիկ էլ կան, որ համոզուած են այդ հարցերում: Համացանցային կայքերի եւ ընկերային ցանցերի միջոցով ազդում են յատկապէս երիտասարդների վրայ: Սակայն ամենակարեւոր երեւոյթներից մէկը, որի վրայ պէտք է շեշտ դնեմ, այն է, որ Իրանը թիրախ ընտրած փանթուրքական կազմակերպութիւնների ու գործիչների դէմ հէնց առաջին օրուանից պայքարել են Իրանի Ատրպատականի մտաւորականներն ու գործիչները: Այսօր էլ նոյն վիճակն է: Եւ սա վկայում է այն մասին, որ ինչպէս արհեստածին է Ադրբեջանի Հանրապետութիւնը, արհեստածին է նաեւ այսպէս ասած «Հարաւային Ադրբեջան» հասկացութիւնը: Այդ գաղափարները Իրանում ժողովրդական յենարան չունեն, սակայն վտանգը կայ, որ քարոզչական հնարքների ազդեցութեան ներքոյ կարող է լուրջ սպառնալիքի վերածուել:
«ԱՊԱՌԱԺ».- Աշխատութեան հրապարակումը կարելի է համարել փանթուրքական հոսանքների դէմ պայքարի դրսեւորում. արդեօք նախատեսւո՞ւմ է աշխատութիւնը թարգմանել այլ լեզուներով:
ՍԱՐԳԻՍ ՄԿՐՏՉԵԱՆ.- Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի միջոցով գրքի նախաբանն արդէն թարգմանուել է թուրքերէն եւ տեղադրուել կենտրոնի կայքում: Առաջարկ կայ, որ գիրքն ամբողջութեամբ թարգմանուի թուրքերէն եւ պարսկերէն: Կը փորձենք դա անել: Սակայն ինձ հետաքրքրում է խնդրի մէկ այլ կողմը՝ բազմաթիւ աղբիւրներ եւ նիւթեր կան, որոնք տեղ չեն գտել գրքում, նախ որովհետեւ ժամանակը սուղ էր եւ չհասցրեցի դա անել, եւ երկրորդ՝ չգիտէի աւելի մեծ ծաւալի գիրքը կը հետաքրքրի ընթերցողին, թէ ոչ: Պիտի ասեմ, որ առնուազն իմ տպաւորութեամբ աշխատութեան նկատմամբ մեծ հետաքրքրութիւն է առաջացել թէ՛ Հայաստանում եւ թէ Հայաստանից դուրս: Բազմաթիւ մարդիկ ինձ հետ կապուել են եւ հետաքրքրուել՝ ինչպէս կարող են գիրքը ձեռք բերել: Գիտական շրջանակներ, որոնք կարդացել են գիրքը, ինձ խորհուրդ են տուել շարունակել աշխատանքը: Ներկայիս ես աշխատում եմ այդ ուղղութեամբ՝ աւելի ամբողջական աշխատութիւն հրատարակել: Մեզ համար կարեւոր է Իրանը ճանաչել ոչ միայն իր հազարաւոր տարիների քաղաքակրթութեամբ, մշակոյթով, գրականութեամբ եւ այլն, այլ նաեւ ու մանաւանդ այսօրուայ ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակով, մարտահրաւէրներով ու դրանց լուծման ուղիներով, որովհետեւ, կրկնում եմ, Իրանի անվտանգութեան հարցը չափազանց մեծ կարեւորութիւն ունի Հայաստանի անվտանգութեան համար: