ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ
Քաղաքական վերլուծաբան
Խօսքը, այո՛, ազրպէյճանա-արցախեան հակամարտութեան կարգաւորման ընթացքի մասին է, աւելի ճիշդ` կարգաւորման տեղապտոյտի մասին: Քանզի որպէս ընթացք` այն առ այս պահը յստակ տեսանելի չէ, երբ պատմութեան թափանիւն արդէն հատել է հին ու նոր տարիների` 2018 եւ 2019 թուականների օրացուցային ջրբաժանը եւ հակադիր զօրքերի շփման գծի, երեւի թէ աւելի ճիշդ կը լինի ասել` ճակատային գծի երկու կողմում էլ մարդիկ, խաղաղ քաղաքացի, թէ զինուորական` էական չէ, տօնական բաժակ են բարձրացրել եւ, անկասկած, որպէս կենսական առաջնահերթութիւն, խաղաղութեան կենացը նշել Ամանորի իրենց շնորհաւորանքում: Թէկուզ նրանցից ոչ մէկին էլ` այստեղ, թէ այնտեղ, երեւի թէ անգամ հակամարտ կողմերի առաջնորդներին, իսկ եթէ աւելի հեռուն նայենք` հակամարտութեան կարգաւորումը միջնորդող ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահներին ու նրանց երկրների ղեկավարներին նոյնիսկ ստոյգ յայտնի չէ, թէ երբ գէթ վճռական առաջ կը շարժուի բանակցային գործընթացը:
Տեւական անորոշութիւնը հերթական անգամ վերահաստատեցին նաեւ Հայաստանի եւ Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարների վերջերս` յունուարի 16-ին, Փարիզում կայացած բանակցութիւնները եւ դրանց արդիւնքների հիման վրայ համանախագահների հրապարակած համատեղ յայտարարութիւնը: Անգամ այն հանգամանքը, որ միջազգային միջնորդները յայտարարութեան մէջ հակամարտող կողմերին յորդորում են իրենց երկրների ժողովուրդներին նախապատրաստել տեւական խաղաղութեան, դարձեալ նշոյլ իսկ սփոփանք չի հաղորդում: Առաւել եւս` մշտապէս խաղաղութեան ջատագով հայերիս: Քանզի խոստացուող խաղաղութեան ենթադրելի գինն աւելի շատ մտահոգութիւնների տեղիք է տալիս, քան հիմնախնդրի արդարադատ լուծման ինչ-ինչ յոյսեր կարող է ներշնչել:
Ասել է թէ` կարգաւորման սայլը դեռ երկար պիտի շարունակի իր միալար տեղապտոյտը` ակամայ յիշեցնելով 19-րդ դարի ռուս անուանի առակագիր Իվան Կրիլովի «Կարապը, խեցգետինը եւ գայլաձուկը» յայտնի առակի իրավիճակը, երբ իրար հակոտնեայ լծկաններից իւրաքանչիւրն իր ուզած ուղղութեամբ է ձգում լուծը` այսպիսով իսկ սայլի անիւներն էլ աւելի մխրճելով ճահճի կպչուն տիղմի մէջ:
Այո՛, հէնց այդպէս եւ ոչ այլ կերպ կարելի է պատկերացնել կարգաւորման գործընթացի առկայ վիճակը:
Բանն այն է, որ Արցախը, եւ նրա հետ միասին` որպէս հակամարտութեան մէջ ներգրաւուած կողմ` Հայաստանը, պահանջում են հիմնախնդրի պատմաքաղաքական եւ իրաւաքաղաքական արդարացի լուծում: Արցախը հայ ժողովրդի հինաւուրց բնօրրան է` պատմական Հայաստանի 10-րդ նահանգը, որը 20-րդ դարի երրորդ տասնամեակում` 1921թ. յուլիսի 5-ին, Ռուսաստանի պոլշեւիկեան կուսակցութեան կովկասեան պիւրոյի, այսինքն` երրորդ կողմի ոչ պետական կառոյցի կամայական որոշմամբ ապօրինաբար բռնակցուել է Խորհրդային Ազրպէյճանին: Նոյն դարավերջին ազգային-ազատագրական պայքարի, աւելին` 90-ականների սկզբներին Ազրպէյճանի կողմից սանձազերծած պատերազմում նուաճած յաղթանակի շնորհիւ` Արցախի հայութիւնը թօթափել է շուրջ եօթ տասնամեայ գաղութային լուծը եւ ահա գրեթէ երեք տասնամեակ է, ինչ հայրենի հողում կերտում, կայացնում ու ամրապնդում է իր անկախ, ինքնիշխան պետականութիւնը` կեանքի կոչելով ինքնորոշման իր անքակտելի իրաւունքը` համաձայն համընդունելի միջազգային իրաւական սկզբունքի` ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի: Առաւել եւս, որ հակամարտութիւնը որպէս այդպիսին ծագել է ամենեւին էլ ոչ արցախցիների մեղքով: Այն նախաձեռնել է Ազրպէյճանը` 91-ի աշնանը լայնածաւալ պատերազմ սանձազերծելով արցախահայութեան դէմ, պատերազմ, որի կրակոցներն այսօր անգամ` հրադադարի հաստատումից շուրջ քառորդ դար անց, շարունակում են մարդկային կեանքեր խլել հակադիր զօրքերի շփման գծում:
Իր հերթին Ազրպէյճանը ոչ միայն վիճարկում է Արցախի, անգամ Հայաստանի տարածքի պատմական պատկանելութիւնը հայ ժողովրդին, այլեւ մերժում է ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի միջազգային հրամայականը` որպէս գերակայութիւն պնդելով տարածքային ամբողջականութեան սկզբունքը: Ընդ որում, Պաքուն անտեսում է, որ Լեռնային Ղարաբաղը` Արցախը, տասնամեակներ շարունակ ինքնավար մարզի կարգավիճակով գտնուել է Ազրպէյճանական ԽՍՀ-ի, այլ ոչ թէ ներկայիս Ազրպէյճանի Հանրապետութեան կազմում: Պատմականօրէն այն երբեք չի գտնուել նաեւ Ազրպէյճանի առաջին հանրապետութեան կազմում, որի իրաւաժառանգորդն է 1991թ. աշնանն իրեն հռչակել նորանկախ Ազրպէյճանը` սկզբունքօրէն հրաժարուելով ԱդրԽՍՀ իրաւաժառանգութիւնից, այսպիսով կամայ-ակամայ իր իսկ համար մէկընդմիշտ իրաւական փակուղի մտցնելով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անհիմն ու անիմաստ տարածքային նկրտումները: Աւելի՛ն. միամտաբար կարծելով, թէ ահաւոր որ է լուծւում է իր իրաւաենթակայութեան ներքոյ Արցախի վերադարձի հարցը, Պաքուն միաժամանակ ընդլայնում է իր աշխարհագրական նկրտումների շրջագիծը` բացայայտ աչք տնկելով նաեւ Հայաստանի Հանրապետութեան տարածքի վրայ, ինչի մասին պարբերաբար բարձրաձայնում է տարբեր ամպիոններից:
Ինչ վերաբերում է կարգաւորման սայլի երրորդ լծկանի` ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութեան դիրքորոշմանը, որը ՄԱԿ-ի լիազօրմամբ միջնորդական առաքելութիւն է իրականացնում հակամարտութեան գօտում, ապա հարկ է նշել, որ ի տարբերութիւն խնդրի նկատմամբ հակամարտ կողմերի մօտեցումների, այն աչքի չի ընկնում սկզբունքայնութեան որեւէ լիարժէք յատկանիշով: Միջազգային միջնորդները, անկախ համանախագահութեան դեսպանների անհատական կազմի փոփոխութիւններից, հիմնախնդրի լուծումը տեսնում են ոչ թէ հակամարտութեան պատճառահետեւանքային համալիր կապի մէջ, որի էական բաղկացուցիչներն են պատմաքաղաքական, իրաւաքաղաքական հիմունքները, նախորդ ու ներկայիս զարգացումները` մեծ ու փոքր մակընթացութիւններով ու տեղատուութիւններով հանդերձ, այլ ընթացիկ, այսրոպէական արդիւնքների պարունակում: Համանախագահների համար կարծես թէ ամենեւին անհանգստութեան տեղիք չեն տալիս Ազրպէյճանի եռանդուն սպառազինութիւնն արդիական ու գերարդիական զինատեսակներով, ինչն ուղեկցւում է ռազմատենչ յոխորտանքներով ու սպառնալիքներով, նրա հրաժարումը բանակցային գործընթացի տարբեր փուլերում բանաւոր, թէ գրաւոր ձեռք բերուած պայմանաւորուածութիւններից, կոշտ դիրքորոշումը նոյնիսկ երկրորդային կամ երրորդային բնոյթի հարցերում: Ահաւասիկ, մասնաւորապէս աւելի քան երկուսուկէս տարի է անցել Վիեննայի եւ Ս. Փեթերպուրկի գագաթնաժողովներից, որոնք, ինչպէս յիշում էք, անցկացուել են ապրիլեան պատերազմի թարմ հետքերով: Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահների մասնակցութեամբ կայացած այդ բանակցութիւններում առանցքային թեմաներ էին հակամարտ կողմերի միջեւ վստահութեան մեքանիզմների մշակման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենեակի կազմի եւ լիազօրութիւնների ընդլայնման, հետաքննական մեքանիզմների ձեւաւորման հարցերը: Իսկ մինչ այդ համանախագահները կողմերին շարունակաբար յորդորում էին շփման գծից հանել դիպուկահարներին:
Եւ ի՞նչ: Չնայած ձեռք բերուած բոլոր պայմանաւորուածութիւններին` դրանցից եւ ոչ մէկն էլ առ այսօր չի իրագործուել: Ընդ որում, չի իրագործուել Ազրպէյճանի մեղքով: Պաքուին, հասկանալի է, ձեռնտու չէ հրաժարուել լծակներից, որոնք նա կիրառում է` փորձելով ճնշում գործադրել ինչպէս հայկական կողմի, նոյնպէս եւ միջնորդական առաքելութեան վրայ: Նոյն բարձիթողի վիճակն է նաեւ հակամարտութեան կարգաւորման, այսպէս կոչուած, Մատրիտեան սկզբունքների առնչութեամբ: Չնայած քանիցս փոփոխման ենթարկուած այդ տխրահռչակ փաստաթղթի դրոյթները, իրենց ընդհանուր տրամաբանութեան մէջ Ազրպէյճանի շահերից են բխում, այնուամենայնիւ, Պաքուն դարձեալ դժգոհ է, քանզի ակնկալում է մեծապէս շատ աւելին, քան առաջարկուող փոխզիջումային լուծումներն են: Նա պահանջում է ամբողջը, ընդ որում` ամբողջը միանգամից, լկտիաբար յայտարարելով, թէ բանակցային գործընթացին հէնց միայն իր մասնակցութիւնն ինքնին ազրպէյճանական կողմի փոխզիջում է նշանակում: Եւ դա այն դէպքում, երբ նոյն կերպ հայկական կողմը, որպէս հակակշիռ, աւաղ, չի բարձրաձայնում Ազրպէյճանի լծի տակ մնացած արցախեան տարածքների վերադարձի մասին: Այո՛, խօսքը վերաբերում է Մարտակերտի եւ Մարտունու շրջանների առանձին հատուածներին, Շահումեանի շրջանին` Գետաշէնի ենթաշրջանով հանդերձ, Հիւսիսային Արցախին իր Գետաբակ, Շամխոր, Թարթառ, Քարհատ, Խանլար շրջաններով, Գանձակի հայկական թաղամասին, մի խօսքով` մինչեւ աջափնեայ Կուրը ձգուող հայոց Արեւելից կողմանց պատմական հողերին, որտեղ 80-ականների վերջերին շուրջ 90 հազար հայ էր ապրում, որոնք ծայր առած ջարդերի ու կոտորածների պատճառով ստիպուած են եղել լքել նախնիներից ժառանգած վայրերը` ապաստանելով Հայաստանում եւ Արցախում, սփռուելով աշխարհի տարբեր ծագերում, առայսօր դառը կարօտով երազելով հայրենի եզերքը:
Այսօր Արցախը, փաստօրէն, զրկուած է կարգաւորման բանակցային գործընթացին լիարժէք, իրաւահաւասար մասնակցութեան իրաւունքից, չնայած միջազգայնօրէն, որոշակիօրէն, ԵԱՀԿ Պուտափեշտի 1994թ. գագաթնաժողովի եզրափակիչ աքթում սեւով սպիտակի վրաամրագրուած է նրա` որպէս հակամարտութեան հիմնական կողմերից մէկի իրաւունքը: Այո՛, Մինսքի խմբի համանախագահները տարածաշրջանային այցերի ընթացքում որպէս կանոն այցելում են նաեւ Ստեփանակերտ, հանդիպումներ ունենում ու բանակցում Արցախի իշխանութիւնների հետ: Բայց, անշուշտ, այդ հանդիպումները հազիւ թէ բաւարար կարող են համարուել բանակցային գործընթացի արդիւնաւէտութիւնն ապահովելու համար: Ի դէպ, հարցն այդ շեշտադրութեամբ հերթական անգամ շօշափուել է անցեալ տարուայ հոկտեմբերի 30-ին` Ստեփանակերտում, աշխատանքային այցով տարածաշրջան ժամանած ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ կայացած հանդիպմանը: Պաշտօնական Ստեփանակերտը, վերահաստատելով հաւատարմութիւնն ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութեան հովանու ներքոյ, վերստին ընդգծել է բանակցային լիարժէք ձեւաչափի վերականգնման անհրաժեշտութիւնը եւ Արցախի մասնակցութիւնը հակամարտութեան կարգաւորման բոլոր փուլերում: Միեւնոյն ժամանակ` նախագահ Բակօ Սահակեանը նշել է հրադադարի պահպանմանն ուղղուած մեքանիզմների ներդրման անհրաժեշտութիւնը` որպէս տարածաշրջանում կայունութեան եւ խաղաղութեան ապահովման առանցքային բաղադրիչներից մէկը:
Չնայած Մինսքի խմբի միջնորդական առաքելութեան դեսպանները թէ այդ հանդիպմանը եւ թէ այլ տարբեր առիթներով քանիցս դրականօրէն են արձագանգել խնդրին, սակայն նրանց այդպէս էլ չի յաջողւում կոտրել Ազրպէյճանի անհիմն յամառ ու կամակոր դիմադրութիւնը, որը, ինչպէս յայտնի է, կտրականապէս դէմ է պաշտօնական Ստեփանակերտի ներկայութեանը բանակցային սեղանի շուրջ:
Հարց է ծագում. իսկ ուր մնաց միջազգային հանրութեան, որոշակիօրէն` Մինսքի խմբի համանախագահ երկրների` Միացեալ Նահանգների, Ֆրանսայի եւ Ռուսաստանի առաջնորդների ազդու, ուղղորդող խօսքը: Երեւի թէ այստեղ են ասել, թէ` «վարունգը ծուռ է բուսնում»: Նշանակում է` կարգաւորման գործընթացում նրանք կամ այնքան էլ միակամ չեն, թէկուզ նրանց լիազօր դեսպանները քանիցս բարձրաձայնել են իրենց միակարծութեան մասին, եւ կամ նրանցից իւրաքանչիւրն առաջին հերթին իր երկրի շահերին է հետամուտ տարածաշրջանում, որոնք քիչ է ասել, թէ չեն համապատասխանում միւս գործընկերների շահերին: Յետոյ ի՞նչ, թէ այդ անողնաշար կեցուածքից աւելորդ ձգձգւում է խաղաղութեան հաստատման գործընթացը, իսկ խաղաղութեան բացակայութիւնից տուժում են ժողովուրդները, աւելին` շփման գծում երկուստեք երիտասարդ զինուորներ են զոհւում: Ի հարկէ, ցանկացած պարագայում միջնորդական առաքելութիւնն ունի իր վաղուց յղկուած ու պատրաստի արդարացումը, որ ամէն անգամ, երբ իրավիճակը սրւում է շփման գծում, շտապում են բարձրաձայնել, այն է` վճռական որոշումներ ընդունելու համար հակամարտ կողմերի ղեկավարների մօտ բացակայում է հարկ եղած քաղաքական կամքը: Համահարթեցման այդ միտումն է ահա, որի արդիւնքում ԵԱՀԿ-ի եւ, մասնաւորապէս, Մինսքի խմբի համանախագահութեան քաղաքականութիւնը շատ յաճախ գլուխն աւազների մէջ թաքցրած ջայլամի պահուածք է յիշեցնում:
Ու մինչ միջազգային միջնորդ կառոյցն արդարամիտ իմաստունի կեցուածքով մտմտում է Մատրիտեան սկզբունքներ կոչեցեալ փաստաթղթում հերթական ինչ-ինչ կէտադրական նշաններ փոխելու մասին, Պաքուն զանգուածային ոչնչացման նոր զինատեսակներ է ներկրում Պիելոռուսիայից եւ Իսրայէլից, Փաքիստանից եւ Թուրքիայից, այլ երկրներից` զուգահեռաբար նոր սպառնալիքներ հնչեցնելով Հայաստան-Արցախի հասցէին:
Այս համապատկերում, կարծում եմ, կը համաձայնէք, առնուազն քմծիծաղ է յարուցում ԵԱՀԿ նախագահութիւնը ստանձնած Սլովաքիայի մտադրութիւնը` իր նախագահութեան ընթացքում նպաստել ղարաբաղեան հակամարտութեան շուրջ բանակցային գործընթացում նկատուող դրական պահի զարգացմանը` հարցի կարգաւորումն առաջ տանելու համար: Կարելի է ենթադրել, որ Սլովաքիայի արտաքին գործերի եւ եւրոպական հարցերով նախարար Միրոսլաւ Լայչաքը, ով ի պաշտօնէ պէտք է մէկ տարի ժամկէտով գլխաւորի միջազգային այդ կառոյցը, շատ աւելի համեստ բնաւորութեան տէր դիւանագէտ է եւ չի հետեւել այդ պաշտօնում իր որոշ նախորդների օրինակին, որոնք ԵԱՀԿ մշտական խորհրդում պաշտօնի ստանձնման արարողութեանը շտապում էին անհիմն վստահութեամբ ժամկէտներ նշել` յայտարարելով, որ անպայման կը լուծեն ղարաբաղեան հիմնախնդիրը: Թէ ի՛նչ աստիճան ճշմարտացի են նման կարգի հաւաստիացումները` ինքներդ դատէք: Յամենայն դէպս կարգաւորման սայլի տեղապտոյտը հակառակն է ապացուցում: Միւս կողմից էլ լաւ է, որ սայլը դեռ կայ: Այո՛, հէնց դա է, որ փոքր ի շատ սփոփում է. օր կ՛անցնի, թէ ամիս, գուցէ եւ տարի, ի վերջոյ, մի գեղեցիկ օր կը պոկուի տեղից եւ կը շարունակի դէպի արդար խաղաղութիւն տանող իր ճամբան:
Արցախ